«Մեր նպատակն է՝ զարգացնել խնայողությունները կապիտալի շուկաներ ուղղելու մշակույթը»

28.06.2010 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Արդեն կես տարի է, ինչ «Արմենբրոկը» գործարկել է իր ուսումնական կենտրոնը, որը նախատեսված է միջազգային ֆոնդային շուկաներ մուտք գործել ցանկացողների համար: Ի՞նչ են սովորեցնում դասընթացները եւ ինչպիսի՞ն է նրանց պահանջվածությունը:

- Դասընթացների նպատակն է կրթել մեր պոտենցիալ հաճախորդներին եւ զարգացնել Հայաստանում խնայողությունները կապիտալի շուկաներ ուղղելու մշակույթը:

Անցկացնում ենք անվճար եւ վճարովի դասընթացներ: Անվճարներն ունեն ընդհանուր բնութագրական բնույթ եւ բաղկացած են 2 մասից. ներդրումային գործունեություն միջազգային ֆոնդային շուկայում եւ գործունեություն արժույթի միջազգային շուկայում (Forex):

Եթե անվճար դասընթացի մասնակցի մոտ հետաքրքրություն է առաջանում ուղղություններից որեւէ մեկի հանդեպ, ապա նա կարող է շարունակել կրթվել մեզ մոտ արդեն վճարովի հիմունքներով եւ մասնագիտանալ ֆոնդային շուկաներում ներդրումային գործում կամ Forex շուկայում: Առաջիններին մենք սովորեցնում ենք, թե ինչպես իրականացնել առեւտուր, կատարել ներդրումներ միջազգային լավագույն արժեթղթերում, երկրորդներին՝ ինչպես գործել արժութային շուկայում՝ սկսած հեջավորումից, վերջացրած սպեկուլյացիայով:

Վճարովի դասընթացներն ունեն պրակտիկ բնույթ. մասնակիցները հնարավորություն են ստանում անել առաջին քայլերն այս գործում:  

Նշեմ, որ դասընթացներին նախընտրում են մասնակցել ֆիզիկական անձիք, հիմնականում՝ երիտասարդները:

- Կիսվու՞մ է արդյոք «Արմենբրոկը» միջազգային ֆոնդային եւ արժութային շուկաներում իր փորձով դասընթացների մասնակիցների հետ:

- Այո, մենք գործում ենք նաեւ միջազգային ֆոնդային շուկայում՝ ներդնելով ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ բարձր ռիսկ պարունակող գործիքներում: Մեր փորձը ցուցադրվում է պրակտիկ դասընթացների ժամանակ:

Օրինակ, կարել է նշել, որ 2009թ-ին աշխարհի առաջատար ընկերությունների արժեթղթերի եւ ինդեքսների գների տատանումները շատ բարձր եկամուտ ապահովեցին այդ գործիքներում ներդրումներ կատարած անձանց համար: Հատկանշական է, որ ռուսական РТС ինդեքսն աճեց 130%-ով, ММВБ-ն` 115%-ով, Google-ի բաժնետոմսերի գինն աճեց 93%-ով, Apple-ինը 132%-ով, իսկ Сбербанк-ի ու ВТБ-ի բաժնետոմսերի գները` համապատասխանաբար 260% և 103%-ով:

Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ մենք չենք իրականացնում սպեկուլյատիվ գործունեություն. դա չի համապատասխանում մեր ընկերության սկզբունքներին: Մեր ուղղությունն է  պորտֆելային ներդրումները:

- Աճու՞մ է արդյոք միջազգային ֆոնդային շուկաներում հայաստանյան խաղացողների թիվը: Գու՞ցե կապիտալի միջազգային շուկայում ներդրումներ իրականացնելու մշակույթի զարգացման հետ մեկտեղ խթանվի նաեւ տեղական կապիտալի շուկան: Օրինակ՝ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերով իրականացվում է երկկողմանի գնանշում, թողարկողը վճարում է շահութաբաժիններ, բայց երկրորդային շուկան մնում է պասիվ…    

- «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերն իրոք լավ ներդրումային գործիք են: Իհարկե մեզ համար ավելի նախընտրելի է, որ բնակչության խնայողություններն ուղղվեն կապիտալի տեղական շուկա: Դա եղել եւ մնում է մեր ընկերության գործունեության հիմնական ուղղությունը: Այնուամենայնիվ, միջազգային ներդրողի տեսանկյունից Հայաստանում ցուցակված ընկերության բաժնետոմսերը համարվում են առավել ռիսկային եւ մեր կողմից ընձեռած հնարավորությունը՝ ներդնել աշխարհի ամենաապահով արժեթղթերում, ժամանակի ընթացքում կարտացոլի տեղական ներդրումային ներուժը:

Հայաստանում այսօր մրցակությունը սուր է Forex շուկայում, իսկ պորտֆելային ներդրումների ծավալը դեռեւս փոքր է:

- Ի դեպ, բարձր ռիսկային գործիքների մասին. NASDAQ-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների հարթակ, որոնց բաժնետոմսերը սկզբնական շրջանում առավել ռիսկային են եւ ենթարկվում են կտրուկ տատանումների: Հայաստանում կան բազմաթիվ սկսնակ ՏՏ ընկերություններ, որոնց համար խիստ կարեւոր են վենչուրային ներդրումները: Որքա՞ն կարժենա նման ընկերությունների համար բորսայում ցուցակվելը:

- Անհրաժեշտ է նշել, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ցուցակվելն ու ցուցակումը պահպանելը ինքնին մեծ ծախսեր չպահանջող գործընթաց է եւ հայաստանյան ցանկացած խոշոր, առողջ եւ թափանցիկ կազմակերություն կարող է իրեն թույլ տալ ցուցակվել ֆոնդային բորսայում առանց մեծ ծախսերի:

Այլ հարց է, թե ինչ հնարավոություններ է տալիս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» իր մոտ ցուցակված ընկերություններին. որքանով են ապահովված ռեսուրսների առկայությունը, հոսքերը, իրացվելությունը, գործիքակազմը եւ այլն:

Իսկ եթե ընկերությունը մինչ այժմ չէր գործում թափանցիկ եւ մտադիր է իրականացնել լիարժեք IPO, այն պետք է հաշվի առնի, որ այս գործընթացի վրա ծախսվող գումարը կազմելու է կապիտալի շուկայից ներգրավվելիք միջոցների շուրջ 5%-ը; եւ դա այն դեպքում, երբ միջոցները ներգրավվեն թողարկող ընկերությունների համար առավել հարմար պայմաններով:

Միեւնույն ժամանակ, որ իմ համոզմամբ, տեղական այն ընկերությունները, որոնք ցանկանում են իրենց արժեթղթերը ցուցակել արտասահմանյան հարթակներում, առաջին հերթին պետք է ստեղծեն որոշակի ազատ շրջանառվող արժեթղթերի զանգված տեղական ֆոնդային շուկայում, ինչից հետո միայն ցուցակվեն օտարերկրյա հարթակներում:

Դիտում՝ 17416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai