Հիփոթեքային հիմնադրամը կսկսի գործել Հայաստանում երկրորդ եռամսյակից

18.01.2010 | 03:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- 2010թ.-ից ՀՀ կառավարությունը նախատեսում էր գործարկել երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման հարցում օժանդակության ծրագիր: Սկսե՞լ է արդյոք գործել այս ծրագիրը:

- Ծրագրի հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ պետությունն իր վրա վերցնի երիտասարդ ընտանիքների կողմից բնակարանի ձեռքբերման վրա ծախսվող գումարի մի մասը:

Ի սկզբանե մենք քննարկում էինք համաշխարհային փորձից բխող 2 տարբերակ, թե ի՞նչ սկզբունքով է աշխատելու պետական աջակցությունը:

Ըստ առաջին մոտեցման, պետբյուջեն իր վրա էր վերցնելու հիփոթեքային վարկ ստանալու համար վճարվող  կանխավճարի 30%-ը եւ սուբսիդավորելու է վարկային տոկոսադրույքները:

Երկրորդ մոտեցման համաձայն, որն էլ ընտրվեց մեր կողմից, նախատեսվում է ստեղծել հիփոթեքային հիմնադրամ, որը կվերաֆինանսավորի տվյալ ծրագրի շրջանակներում տրված վարկերը, եւ 2 տոկոսային կետով կսուբսիդավորի վարկային տոկոսադրույքները:

Հիմնադրամը 5,5% տոկոսադրույքով վերաֆինանսավորում կհատկացնի բանկերին երիտասարդ ընտանիքներին տրված հիփոթեքային վարկերի դիմաց, ինչի արդյունքում ծրագրի ներքո տրված հիփոթեքային վարկերը մոտ 4 տոկոսային կետով ցածր են լինելու միջին շուկայական տոկոսադրույքից:

Գումարած դրան, հիմնադրամը 2 տոկոսային կետով կսուբսիդավորի այս վարկերի տոկոսադրույքները: Այսպիսով, եթե այսօր հիփոթեկային վարկի միջին շուկայական տոկոսադրույքը 14-16% է, ապա պետական ծրագրի շահառուների համար տոկոսադրույքները կկազմեն 8-10%: 

Հիփոթեքային հիմնադրամը կդառնա այն գործիքը, որով կառավարությունը ուզում է օժանդակել այն երիտասարդներին, որոնց համար սոցիալական խնդիրները հիմնական խոչընդոտ են հանդիսանում ընտանիք կազմելու ճանապարհին` փորձելով զերծ պահել երիտասարդներին Հայաստանից արտագաղթելու մտքից:

- Ի՞նչ պահանջների պետք է համապատասխանեն երիտասարդ ընտանիքները` ծրագրին մասնակցելու համար:

- Ծրագրին կարող են մասնակցել 30 տարեկանը չլրացած միայնակ ծնողները, ինչպես նաեւ ամուսնական զույգերը, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 65 տարին, ընդ որում, եթե ամուսիններից մեկի տարիքը ցածր է 30-ից, մյուսինը չպետք է գերազանցի 35 տարին:

Ձեռքբերվող բնակարանի գինը Երեւանում չպետք է գերազանցի 16 մլն դրամը, իսկ մարզերում` 10 մլն-ը: Վարկի մարման նվազագույն ժամկետը պետք է կազմի 10 տարի, քանի որ հակառակ դեպքում ամսական վճարների բեռը կլինի ավելի ծանր:

Ո՞րքան եկամուտ պետք է ունենա երիտասարդ ընտանիքը պետական ծրագրի ներքո հիփոթեքային վարկ ստանալու համար: Բերեմ օրինակ. եթե երիտասարդ ընտանիքը ուզում է ձեռքբերել 16 մլն դրամ արժողությամբ բնակարան եւ պատրաստ է վճարել 35%-անոց կանխավճար, ապա վարկի փաստացի գումարը կկազմի 10-11 մլն դրամ: Եթե ենթադրենք, որ վարկը տրամադրվել է 10 տարի մարման ժամկետով եւ 10% տարեկան տոկոսադրույքով, ամսական մարումների միջին չափը կլինի 160 000 դրամի սահմաններում:

Քանի որ բանկային համակարգում ընդունված պրակտիկայի համաձայն, վարկի մարումներին պետք է ուղղվի վարկառուի ամսեկան եկամտի 40%-ից ոչ ավելին, հետեւաբար ընտանիքի ամսական եկամուտը պետք է կազմի առնվազն 250-260 հազար դրամ:

- Ե՞րբ է սկսելու գործել հիփոթեքային հիմնադրամը:

- Նախատեսվում է, որ հիմնադրամը պիլոտային ռեժիմով կսկսի գործել ընթացիկ տարվա II եռամսյակի սկզբից: Հիմնադրամը կսկսի գործել պետական միջոցներից հատկացված 3 մլրդ դրամ կանոնադրական կապիտալով:

Հիմնադրամի վերջնական լրամշակված հայեցակարգը գտնվում է կառավարությունում: Նախատեսվում է, որ հայեցակարգը կընդունվի առաջիկա նիստերից մեկում, իսկ մոտակա 1-2 ամիսներին կկանոնակարգվեն բոլոր տեխնիկական հարցերը:

- Որքա՞ն է տեւելու ծրագրի փորձնական փուլը:

- Նախատեսվում է, որ փորձնական փուլը կանցկացվի 2010թ. ողջ ընթացքում, որի արդյունքում կպարզվի ծրագրի արդյունավետությունը եւ կնախանշվեն ծրագրի ընդլայնման եւ խորացման ուղղությունները:

Ըստ մեր գործընկերների տեղեկատվության, այսօրվա դրությամբ վերը նշված չափանիշներին բավարարում են մոտ 250-300 ընտանիքներ, որոնց համար էլ նախատեսված է հիմնադրամի նախնական կապիտալի 3 մլրդ դրամը:

Եթե պահանջարկը գերազանցի առաջարկը, իսկ մեխանիզմը ապացուցի իր արդյունավետությունը, մենք կսկսենք աշխատել նոր միջոցների ներգրավման ուղղությամբ:

- Հայաստանում արդեն գործում է Ազգային հիփոթեկային ընկերությունը, որը վերաֆինանսավորում է բանկերի կողմից տրված հիփոթեկային վարկերը: Ինչու՞ չորոշվեց հիմնադրամն ընդգրկել արդեն գործող վերաֆինանսավորման ինստիտուտի կազմում, այլ ստեղծել առանձին կառույց:

- Նոր կառույցի ստեղծման որոշումը պայմանավորված է սուբսիդավորման եւ սոցիալական տարրերի առկայությամբ: Եթե այն լիներ հիփոթեկային ընկերության շրջանակներում, այն կխեղաթյուրեր շուկայական պատկերը, քանի որ հիփոթեքային ընկերությունն ամբողջովին աշխատում է շուկայական մեխանիզմներով:

Ընդ որում, հիփոթեքային հիմնադրամի կազմավորման գործընթացում ԿԲ-ն համագործակցում է նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ հետ, որը եւս կողմ է առանձին կառույցի գոյացմանը:

- Եթե ծրագրի փորձնական փուլի արդյունքներով որոշում ընդունվի վարկավորման պայմանների խստացման կամ մեղմացման ուղղությամբ, ազդելու՞ է դա արդյոք ծրագրին առաջին մասնակցողների վրա:

- Կարծում եմ, որ փորձնականից հիմնական փուլին անցնելիս ծրագրի մեջ էական փոփոխություններ չեն լինելու: Եթե հիմնական ծրագրին անցնելիս նոր վարկառուները հայտնվեն ավելի բարենպաստ պայմաններում, քան ծրագրի առաջին մասնակիցները, կստեղծվի անառողջ միջավայր: Այս պատճառով մենք կփորձենք անփոփոխ պահել ծրագրի առաջարկային մասը: Փոփոխություններ կարող են արվել հիմնադրամի գործունեության մեխանիզմների կատարելագործման մասով:

Տարբերակված մոտեցում ապագայում կարող է ցուցաբերվել միայն երիտասարդ ծնողների նկատմամբ: Փորձնական փուլի ընթացքում երեխաների գործոնը դեռեւս բացակայում է: 2010թ. ընթացքում այս հանգամանքը չի քննարկվելու, բայց այն հաշվի է առնվելու ծրագրի կատարելագործման ընթացքում:

- 2009-ին նախատեսվում էր մշակել նաեւ նորաստեղծ ընտանիքների համար ավտովարկերի մատչելիության բարձրացման հայեցակարգ: Ի՞նչ է ենթադրում այս հայեցակարգը եւ ե՞րբ է նախատեսվում այն կյանքի կոչել:

- Ավտովարկավորման հայեցակարգն ըստ էության չի տարբերվելու հիփոթեքային ծրագրի սկզբունքներից: 

Այստեղ մենք բախվել ենք բյուջետային միջոցների սահմանափակության հետ, ինչը ստիպեց մեզ հետաձգել ավտովարկավորման պետական ծրագրի քննարկումը մինչեւ 2011թ:

Դիտում՝ 25313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai