Հայաստանի հետ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը ամրապնդելու նպատակով Դուբայի առեւտրի պալատը հոկտեմբերի 22-23-ին Երեւանում կազմակերպել էր «Բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ» վերնագրով բիզնես ֆորում։Banks.am-ը զրուցել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսիի հետ:- Դուբայը հաճախ ներկայացվում է որպես կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Ինչպե՞ս է Դուբայի առեւտրի պալատը օգնում միջազգային բիզնեսներին, այդ թվում՝ հայկական ընկերություններին, դուրս գալ գլոբալ շուկաներ։- Իրականում շատ կարեւոր է հասկանալ, թե Դուբայի առեւտրի պալատը («Դուբայի պալատներ» կառույցի ներքո գործող երեք պալատից մեկը,- հեղ) ինչպես կարող է օգնել հայկական բիզնեսներին միանալ աշխարհի շուկաներին։ Մենք աշխատում ենք մեր ամենամոտ գործընկերների եւ տարածաշրջանային լոգիստիկայի խոշորագույն խաղացողների՝ DP World-ի (միջազգային լոգիստիկ եւ նավահանգիստների կառավարման խոշորագույն ընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում,- հեղ) եւ Emirates-ի (Դուբայի ազգային ավիաընկերություն,- հեղ.) հետ։Արաբական միացյալ էմիրությունները (ԱՄԷ) կազմում է Մերձավոր Արեւելքից իրականացվող ընդհանուր արտահանման եւ վերաարտահանման 41%-ը, ինչը ցույց է տալիս ԱՄԷ-ի եւ Դուբայի լոգիստիկ ընկերությունների ուժը եւ այն կապերը, որոնք ունենք մյուս շուկաների հետ։ Միայն DP World-ը աշխարհում ունի ավելի քան 90 նավահանգիստ։ Այս նավահանգիստները մեծ դեր ունեն տարբեր բիզնեսների՝ տարբեր շուկաներ հասնելու գործում։ Դիտարկենք Աֆրիկայի օրինակը՝ այնտեղ DP World-ը ղեկավարում է ավելի քան 20 նավահանգիստ։ Հետեւաբար, հայկական բիզնեսները կարող են օգտվել Դուբայից՝ որպես լոգիստիկ կենտրոն, այս շուկա հասնելու համար։ Սալեմ Ալ Շամսին Լուսանկարը՝ «Դուբայի պալատներ» Իսկ ավիաուղիների մասով՝ Flydubai-ն եւ Emirates-ը սպասարկում են աշխարհի ավելի քան 200 ուղղություն, ներառյալ՝ Երեւանը։ Սա օգնում է բիզնեսներին հեշտությամբ ճանապարհորդել ամբողջ աշխարհով. եւս մեկ պատճառ, թե ինչու է ԱՄԷ-ն այսքան ուժեղ գլոբալ բիզնես կապերի ստեղծման գործում։Ինչ վերաբերում է Դուբայի առեւտրի պալատին, մենք ներկայացնում ենք քաղաքի բիզնես համայնքը, նաեւ կապում ենք միջազգային բիզնեսները տեղական շուկայի հետ։ Օրինակ, եթե Հայաստանից որեւէ գործարար ցանկանում է մուտք գործել շուկա, տրամադրում ենք ուղեկցող ծառայություն (concierge service), որն օգնում է կապ հաստատել տեղական բիզնես համայնքի հետ՝ անվճար։ Մենք նաեւ կապում ենք նրանց բիզնես գործընկերների հետ՝ լինի դա համատեղ ձեռնարկությունների (JV) ստեղծման, թե ներդրողների որոնման նպատակով։ Օգնում ենք գրանցվել Դուբայում եւ ընդլայնվել դեպի այլ շուկաներ՝ մեր 37 գրասենյակների միջոցով։ - Որո՞նք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ներուժն եք տեսնում հայկական եւ Դուբայում գործող ընկերությունների միջեւ համագործակցության համար:- Սա մեր առաջին շփումն է Հայաստանի բիզնես համայնքի հետ։ Անշուշտ՝ վերջինը չի լինելու։ Այս այցելությունն անվանում ենք «ուսումնասիրական առաքելություն» եւ նպատակ ունենք հասկանալ Հայաստանի բիզնես համայնքի դինամիկան։ Դուբայից մեզ հետ այստեղ է եկել 9 ոլորտ ներկայացնող շուրջ 15 բիզնես պատվիրակություն: Սպասում ենք նրանց հետադարձ կապին: Թե հայկական շուկայից, թե մեզ հետ եկած պատվիրակություններից ստացած ողջ տեղեկատվությունը կտանենք Դուբայ, կվերլուծենք, եւ գուցե հետագայում վերադառնանք նոր գաղափարներով։ Լուսանկարը՝ «Դուբայի պալատներ» Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար շատ խոստումնալից ոլորտներ կան՝ ինչպիսիք են մանրածախ առեւտուրը, հագուստի արդյունաբերությունը եւ ՏՏ (ICT) ոլորտը։ Նկատել ենք, որ Հայաստանում աճում է հետաքրքրությունը ՏՏ ոլորտի եւ ստարտափների նկատմամբ։ Սա շատ խոստումնալից է, քանի որ համահունչ է նրան, ինչ ունենք Դուբայում։ Ընդհանրապես տարբեր գաղափարներ ենք կիսել տեղի շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես կարող ենք օգնել ստարտափ համայնքին օգտվել Դուբայում առկա հնարավորություններից, օրինակ՝ Expand North Star-ի միջոցով, որն աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն է։ Սա արդեն քննարկել ենք շահագրգիռ կողմերի հետ։ Այսինքն՝ Դուբայի առեւտրի պալատը հետաքրքրված է աջակցել եւ օգնել, որպեսզի հայկական բիզնեսները կարողանան Դուբայից դուրս ընդլայնվել դեպի այլ շուկաներ։- Դուբայը հայտնի է նորարարական տնտեսությամբ։ Ի՞նչ դասեր կամ լավագույն փորձ կարող են հայկական բիզնեսները վերցնել Դուբայի փորձից։- Այստեղ նախ պետք է նշեմ, որ ոչ միայն մենք սովորեցնելու բան ունենք, այլ մենք եւս ցանկանում ենք սովորել հայկական բիզնես համայնքից։ Այստեղ հիանալի գործարարներ կան։ Ինչ վերաբերում է մեր բիզնես համայնքի գիտելիքներով հայ գործընկերների հետ կիսվելուն, կարծում եմ, սա կարելի է ապահովել երկու կողմից բիզնես պատվիրակությունների փոխանակումը ավելացնելով։ Սա հենց այն է, ինչին Դուբայի առեւտրի պալատը եւս նպաստում է։ Որքան շատ բիզնեսներ այցելեն երկու ուղղություններով, այնքան ավելի լավ կհասկանան միմյանց դինամիկան, նաեւ այն, թե ինչպես է Դուբայը հաջողության հասել իր բիզնես ռազմավարություններով։ - Իսկ ինչպե՞ս եք գնահատում մեր տարածաշրջանը, հատկապես Հայաստանն՝ իր առեւտրային եւ ներդրումային գործընկերությունների ընդլայնման ռազմավարության շրջանակում։- Հայաստանը ռազմավարական դիրք ունի: Այն աշխարհագրորեն շատ հաջող է տեղակայված՝ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Այս համաժողովը դիտարկում ենք որպես հնարավորություն՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող ենք ընդլայնել փոխգործակցությունը եւ ինչպես կարող են Դուբայի բիզնեսները օգտվել Հայաստանի աշխարհագրական դիրքից։ Սալեմ Ալ Շամսին Լուսանկարը՝ «Դուբայի պալատներ» Համաժողովի ընթացքում նկատեցինք, որ հայաստանյան բիզնես համայնքը մեծ պատրաստակամություն եւ հետաքրքրություն ունի եւ սպասում է Դուբայում բիզնեսը զարգացնելու հնարավորություններին։ Անհամբեր սպասում եմ միջոցառմանը հաջորդող քայլերին:- Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա տարիներին Հայաստանի եւ Դուբայի բիզնես հարաբերությունների զարգացման առումով։ - Իհարկե, կուզենայի իմանալ՝ ապագայում ինչ կլինի, բայց, անձամբ ես, դրական եմ տեսնում իրավիճակը։ Ինչպես արդեն նշեցի՝ Հայաստանում բիզնես անելու հնարավորություններ կան։ Որպես Դուբայի առեւտրի պալատի ներկայացուցիչ՝ պատրաստ եմ նպաստել դրանց զարգացմանը։ Հուսով եմ՝ առաջիկա տարիներին կտեսնենք բիզնեսների թվի աճ երկու ուղղությամբ՝ Դուբայի բիզնեսները Հայաստանում եւ հայկական բիզնեսները Դուբայում։ Լուսանկարը՝ «Դուբայի պալատներ» Այս տարի միայն Հայաստանից բիզնեսների աճը կազմել է 38%։ Միայն 2025-ի առաջին 6 ամիսներին մեզ միացել է 79 ընկերություն։ Այս պահին Դուբայի առեւտրի պալատում ունենք 500 ակտիվ հայկական անդամ։ Հավանական է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում այս թիվը կհասնի 5000-ի։ Սա այն է, ինչին սպասում եմ։Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 5986