Արա Աբրահամյան. Թվային փոխակերպումը ռազմավարական առաջնահերթություն է
24.03.2025 | 12:12
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /




Առանցքային է կառավարության կողմից խթանների հատկացումն ու կարգավորման հստակությունը, որոնք ստեղծում են իրավական աջակցող շրջանակ ֆինթեք ստարտափների եւ օտարերկրյա ներդրողների ներգրավման համար։ Այս գործընթացում անհրաժեշտ է նաեւ տաղանդների շարունակական զարգացում ու սփյուռքի ներգրավվածություն։
Ապրիլի 3-ին Երեւանում կայանալիք Doing Digital ֆորումին ընդառաջ զրուցել ենք Թվային փոխակերպման առաջնորդ, անկախ խորհրդատու եւ Arca-ի («Արմենիան Քարդ») Խորհրդի անդամ Արա Աբրահամյանի հետ։
- Ֆինանսական ծառայությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում ավելի քան 25-ամյա Ձեր փորձով գլխավորել եք թվային փոխակերպման խոշոր նախաձեռնություններ այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Deutsche Bank-ը եւ Erste Group-ը: Որո՞նք էին հիմնական մարտահրավերներն ու քաղած դասերը ավանդական բանկային ոլորտում լայնածավալ նորարարություններ իրականացնելիս։
- Որպես հիմնական մարտահրավեր կնշեի կազմակերպչական իներցիան․ ավանդական բանկային հաստատությունները հաճախ հակված չեն ռիսկի դիմելու, մեկուսացված են եւ կապված են հնացած համակարգերին: Մեկ այլ խոչընդոտ է մշակույթը. թիմերը սովորաբար «թվայինը» դիտարկում էին որպես ՏՏ նախագիծ եւ ոչ թե ամբողջ բիզնեսի վերափոխում: Ճկունության եւ տարբեր ստորաբաժանումների միջեւ համագործակցության կարեւորության գիտակցումն առանցքային նշանակություն ունեցավ մտածելակերպի փոփոխության համար: Այս խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ էր կազմակերպության առաջնորդների աջակցությունը, հատկապես գործադիր տնօրենի եւ տնօրենների խորհրդի մակարդակով։ Վերեւից եկող աջակցությունը, երբ ավագ գործադիրներն առաջ էին մղում թվայնացման նախաձեռնությունները, էական տեղաշարժեր բերեց փոփոխությունների մասշտաբայնության հարցում։
Այս ամենից զատ, մենք բախվեցինք նաեւ նորմատիվային կարգավորման բարդությունների, որոնք պահանջում էին սերտ համակարգում այդ ստանդարտներին համապատասխանության նպատակով, որպեսզի ունենայինք երաշխիքներ, որ նորարարությունը չէր վտանգում ռիսկերի կառավարումը:
Քաղած դասերից առաջինը ղեկավար կազմի՝ գործադիր տնօրենի եւ նախագահի միասնական տեսլականի ու հանձնառության ստանձնումն է, որը հաջողության հիմքն է։ Երկրորդը՝ մշակույթի փոփոխության անհրաժեշտությունն ու գիտակցումը, որ թվային փոխակերպումը ռազմավարական առաջնահերթություն է եւ ոչ առանձին տեխնոլոգիական նախաձեռնություն: Գործընթացների ճկունության ապահովումն ու այլ ստորաբաժանումների հետ համակարգված իրականացումն առանցքային դեր են խաղում այս գործընթացում մեկուսացումից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է կարգավորումների ինտեգրմանը, ապա դա պետք է դիտարկել ավելի վաղ փուլերում՝ ներգրավելով գործընկերներին, որոնք կհետեւեն պահանջներին համապատասխանությանը՝ ձգձգումներից եւ ծրագրային վերամշակումից խուսափելու համար։
Այսպիսով, վերեւից ներքեւ թվային ապագայի հստակ ռազմավարական տեսլականի համատեղումը ներքեւից վերեւ նորարարության եւ շարունակական ուսուցման հետ լայնածավալ փոփոխությունների հաջող իրականացման բանալին է:
- Որպես թվային փոխակերպման առաջատար մասնագետ, ի՞նչն եք համարում ֆինանսական ծառայությունների ապագան ձեւավորող ամենակարեւոր տեղաշարժը: Ո՞ր տեխնոլոգիաները կունենան ամենամեծ ազդեցությունը:
- Հայեցակարգային մակարդակում կա մի քանի հիմնական միտում. ամենաէական տեղաշարժերից մեկն ավանդական բանկային համակարգի սահմանների վերացումն է, քանի որ ֆինանսական ծառայություններ մատուցող, բայց բանկ չհամարվող կառույցներն ու ֆինթեք ընկերություններն առաջարկում են անխափան եւ խիստ անհատականացված փորձառություն: Դրան ի պատասխան՝ գործող ղեկավարները պետք է որդեգրեն «էկոհամակարգային մտածելակերպ»՝ համագործակցելով տեխնոլոգիական նորարարների հետ, որ մրցունակ մնան:
Հաջորդ տեղաշարժն իրական ժամանակում հավաքվող տվյալներն ու դրանց վերլուծությունն է, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել գերանհատականացված պրոդուկտներ, շատ արագ կայացնել վարկային որոշումներ եւ ակտիվ կառավարել ռիսկերը:
Տեխնոլոգիական տեսանկյունից, իհարկե, գեներատիվ արհեստական բանականությունը վերափոխում է մեր փոխգործակցությունը հաճախորդների հետ՝ առաջարկելով ավտոմատացված խորհրդատվություն, ավելի խելացի չաթ-բոտեր եւ իրական ժամանակում համապատասխանության ստուգումներ։
Ինչ վերաբերում է ամպային հաշվարկներին, ապա դրանք մասշտաբայնության, տվյալների փոխանակման եւ նորարարությունների արագացման հիմքում են, իսկ կիբեռանվտանգության մեջ ներդրումները միայն աճ կգրանցեն, քանի որ հարձակումներն ավելի խրթին են դառնում։
Միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, կրիպտոն, բլոկչեյնը եւ թվային ակտիվները դեռեւս իրենց լայն կիրառության վաղ փուլերում են։ Նրանք ներուժ ունեն փոխակերպելու ամեն ինչ՝ անդրսահմանային վճարումներից մինչեւ ակտիվների թոքենավորում՝ չնայած կարգավորումների հստակությունն ու լայն սփռումը շարունակում են մնալ կենսական նշանակության հարց։
Ի վերջո, կհաղթեն նրանք, ովքեր այս զարգացող տեխնոլոգիաների շուրջ կկառուցեն ճկուն, հաճախորդակենտրոն գործառնական մոդելներ՝ միաժամանակ ապահովելով վստահություն, տվյալների ամբողջականություն եւ կարգավորումներին համապատասխանություն։
- Թվային արժույթներն ու բլոկչեյն տեխնոլոգիաներն ի՞նչ դեր կխաղան ապագայի համաշխարհային ֆինանսական ծառայությունների ոլորտում, եւ ինչպե՞ս կարող է Հայաստանը դիրքավորվել այս փոխակերպման գործընթացում:
- Սրանք երկու տարբեր հարցեր են. թվային արժույթները, հատկապես հստակ արժեքով կրիպտոներն (stablecoin) ունեն ներուժ՝ վերափոխելու համաշխարհային ֆինանսները՝ խթանելով ավելի արագ ու էժան միջսահմանային գործարքները, ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու նպաստելով ակտիվների նոր դասերի ստեղծմանը, ինչպիսիք են թոքենավորված արժեթղթերը: Ինչպես նշում է Միջազգային հաշվարկների բանկը, կենտրոնական բանկերի թվային արժույթներն (CBDC) ավելի դանդաղ են ստեղծվում՝ փոխակերպելով փողի թողարկման եւ կարգավորման եղանակը: Բայց, կարծում եմ, առաջընթացը դեռ բավականին դանդաղ է, եւ CBDC-ները դեռ չեն ապացուցել իրենց օգտակարությունն ավելի լայն հանրության համար: Ըստ իս՝ ԿԲ թվային արժույթների ընդունումը կարճաժամկետ հեռանկարում կառաջարկվի մեծածախ խաղացողների կողմից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հնարավորությունները ստեղծվում են յուրաքանչյուր նորարարություն վաղ որդեգրելու դեպքում։ Կառավարության կողմից հիմնական քայլերը պետք է լինեն խթանների հատկացումն ու կարգավորման դաշտի հստակության ապահովումը։ Դա էլ իրավական աջակցող միջավայր կստեղծի ֆինթեք ստարտափների եւ օտարերկրյա ներդրողների ներգրավման համար։
Տաղանդների շարունակական զարգացումը եւս շատ կարեւոր է, ինչը պահանջում է համագործակցություն համալսարանների եւ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ զարգացնելու բլոկչեյնի ուսումնասիրմանն ուղղված ծրագրերն ու հետազոտությունները: Բացի այդ, սփյուռքի ներգրավվածությունը կարեւոր դեր կարող է խաղալ, ինչը հնարավորություն կտա օգտագործել հայկական գլոբալ ցանցի կապիտալը, առաջնորդական պոտենցիալն ու շուկաներին հասանելիությունը։
Համատեղելով տեխնոլոգիական տաղանդը հեռանկարային կարգավորումների հետ՝ Հայաստանը կարող է տեղ գրավել արագ զարգացող ԱԲ լուծումների եւ թվային էկոհամակարգի մեջ՝ խթանելով նորարարությունը, օտարերկրյա ներդրումները եւ ընդհանուր ֆինանսական հատվածի արդիականացումը:
- Դուք դասախոսում եք «Թվային փոխակերպում եւ առաջնորդություն» MBA եւ ղեկավար մարմինների մասնագիտական զարգացման ծրագրերում։ Ձեր կարծիքով՝ որո՞նք են ամենակարեւոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են այսօրվա առաջնորդներին հաջողությամբ իրականացնելու թվային հեղափոխություն։
- Իմ դասախոսությունների եւ վարպետության դասերի առանցքային ուղերձներից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը սա է. «անկախ նրանից, թե որքան կիրթ, տաղանդավոր, խելացի, աշխատասեր ու սառնասիրտ եք դուք… կարեւոր է, թե ինչպես եք վերաբերվում ձեզ շրջապատող մարդկանց, որն ամեն ինչ պատմում է ձեր մասին ու սահմանում ձեր հաջողությունը»: Սա իմ տեսակետի կարճ տարբերակն է: Ավելի երկար տարբերակը ակտիվ լսելու, կոնֆլիկտները կարգավորելու, կարծիքներ ընդունելու եւ հետադարձ կապն ապահովելու, հանձնարարություններ պատվիրակելու, պարգեւատրելու եւ այլնի ձեր կարողությունն է, բայց որպեսզի այս ամենը դուք իրականացնեք, պետք է մասնակից լինեք։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ ավելի քան 2000 մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Այս տարի ֆորումը կանցկացվի երրորդ անգամ ու կկրի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։
Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը Բլոկչեյն գործընկերն է, Fastbank-ը Ֆինանսական գործընկերը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: