Ներկայացնում ենք Citibank-ի նախկին գլխավոր տնտեսագետ եւ Անգլիայի Բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի նախկին անդամ Վիլեմ Բյութերի եւ Citigroup-ի գլոբալ մակրոտնտեսության նախկին ղեկավար Էբրահիմ Ռահբարիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Եվրոպական կենտրոնական բանկը շատ հաճախ հայտնվում է իրադարձությունների «կորի հետեւում», եւ մենք կարծում ենք, որ մեղավորը որոշումների կայացման գործընթացն է, այլ ոչ ինստիտուցիոնալ կառուցվածքը կամ աշխատակազմը: Ինչպես բացահայտեց ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը 2023 թվականի դեկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսում. «Մենք ընդհանրապես չքննարկեցինք տոկոսադրույքների իջեցումը... բարձրացման եւ իջեցման միջեւ տոկոսադրույքի պահպանման մի ամբողջ սարահարթ է, մի ամբողջ լողափ»:Այս հայտարարությունը ոչ միայն տարօրինակ էր, այլեւ անօգուտ: Այն պահին, երբ Լագարդն անում էր այն, եվրոգոտու վեցամսյա տարեկան հիմնական գնաճը (առանց հաշվի առնելու սննդամթերքի եւ էներգիայի գները) արդեն մի քանի ամիս, ի զարմանս բոլորի, իջնում էր եւ ըստ ԵԿԲ տվյալների՝ կազմում էր 2,5%: Թեեւ ԵԿԲ-ի Կառավարման խորհրդի գրեթե բոլոր անդամներն այժմ պնդում են, որ դրամավարկային քաղաքականությունը սահմանափակող է, գնաճի եւ տնտեսական ակտիվության տվյալների ամբողջությունը՝ կոշտ եւ մեղմ, համընկնող եւ առաջատար, պետք է քննարկում առաջացնեին, թե արդյոք այն չափազանց սահմանափակող չէ:Լագարդի մեկնաբանությունը, այնուամենայնիվ, ուսանելի է, քանի որ ցույց է տալիս, որ ԵԿԲ-ն կապում է տոկոսադրույքի պոտենցիալ իջեցման ժամանակը վերջին բարձրացման հետ, այսինքն՝ անցյալի հետ: Նշանակում է՝ ԵԿԲ-ի որոշումների կայացման գործընթացը ոչ միայն չափազանց դանդաղ է (բացառությամբ ճգնաժամերից), այլեւ չափազանց հետահայաց: Լուսանկարը՝ REUTERS Բազմաթիվ օրինակներ վերջերս հաստատում են այս եզրակացությունը: Մեկը վերջին խստացման շրջանի ուշ մեկնարկն էր: ԵԿԲ-ի ակտիվների մաքուր գնումներն ավարտվեցին միայն 2022-ի հունիսին, իսկ տոկոսադրույքների բարձրացման ցիկլը սկսվեց միայն 2022-ի հուլիսին: Մեկ այլ օրինակ է տոկոսադրույքներ բարձրացնելու ԵԿԲ-ի անսպասելի որոշումը 2023-ի սեպտեմբերին, երբ գնաճն արդեն մի քանի ամիս արագ անկում էր ապրում: Եվս մեկ օրինակ է 2023-ի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը, որ ԵԿԲ-ն կնվազեցնի համաճարակի շտապ գնումների ծրագրի (PEPP) պորտֆելի վերաներդրումը 2024-ի երկրորդ կիսամյակի ընթացքում, իսկ մինչեւ տարեվերջ կդադարեցնի վերաներդրումները:ԵԿԲ-ի իներցիայի երեք պատճառ կա. չափից ավելի կենտրոնացում Կառավարման խորհրդի շրջանակներում համաձայնության հասնելու վրա, ուշացած տվյալներին անհամաչափ կարեւորություն տալը եւ քաղաքականության «ներկառուցված» համառությունը։Լագարդի՝ համաձայնության վրա կենտրոնացած մոտեցումը մասամբ չեզոքացնում է իր նախորդի՝ Մարիո Դրագիի պաշտոնավարումը, որի օրոք ԵԿԲ-ն աննախադեպ պառակտված էր, եւ նա գովասանքի է արժանի այդ պառակտումը հաղթահարելու համար: Բայց ԵԿԲ-ի Կառավարման խորհրդում դրամավարկային քաղաքականության մասին տեսակետները հաճախ շատ տարբեր են՝ եվրոգոտու անդամ երկրներում տնտեսական տարաձայնությունների եւ գնաճի նկատմամբ տարբեր վերաբերմունքի պատճառով: Նման պայմաններում կոնսենսուսի վրա հիմնված որոշումների կայացումը մշտապես կկատարվի ժամանակի եւ արդյունավետության հաշվին: Լուսանկարը՝ REUTERS ԵԿԲ-ն նաեւ կարծես նվազեցրել է իր որոշումներում կանխատեսումների կարեւորությունը: Այս փոփոխությունը եւս հասկանալի է՝ հաշվի առնելով վերջին տարիների կանխատեսումներում տեղ գտած մեծ սխալները: Սակայն համընկնող ցուցանիշների կամ անցյալի միտումների վրա հիմնված «միամիտ» կանխատեսումները դժվար թե ավելի լավն են: Դա այն դասական դեպքն է, երբ նոր պատերազմում օգտագործվում է նախորդ պատերազմի զենքը: Դիտարկենք ԵԿԲ-ի տարվածությունը հիմնական գնաճի նվազումով եւ աշխատավարձերի աճով: Եթե աշխատավարձ-գին պարույրի հստակ նշաններ չկան (իսկ ներկայում դրանք չկան), աշխատավարձերը, հատկապես պայմանագրային աշխատավարձերը, գնաճային գործընթացի ամենաուշացած ցուցանիշներից են։:Եվ վերջապես, ԵԿԲ-ի քաղաքականությունը շատ համառ է: Տոկոսադրույքների եւ ակտիվների գնումների վերաբերյալ նրա որոշումները պարբերաբար պարունակում են լայնածավալ, ժամանակից կախյալ հեռանկարային ուղեցույց, որը ձգվում է տարիներ: Նման հաստատակամ քաղաքականությունը երբեմն կարեւոր էր անցյալում, օրինակ՝ 2015 թվականին մեկնարկած ակտիվների գնման սկզբնական ծրագրի կամ երկարաժամկետ վերաֆինանսավորման գործառնությունների սկզբնական շարքի դեպքում: Բայց երբ պայմաններն արագ փոխվում են, հետեւողական քաղաքականությունը ԵԿԲ-ին կանգնեցնում է հեռանկարային ուղեցույցի եւ համապատասխան պետական քաղաքականության միջեւ փոխզիջման առջեւ:Այս երեք գործոնները միասին վերցրած ԵԿԲ-ին կառուցվածքային առումով հետ են գցում: Բարեբախտաբար, կան երեք հնարքներ, որոնք կարելի է կիրառել՝ պատեհաժամ քաղաքական որոշումներ կայացնելու համար: Նախ եւ առաջ, ԵԿԲ-ի որոշումները պետք է խարսխված լինեն հեռանկարային տեղեկատվության վրա: Հաշվի առնելով ԵԿԲ-ի պաշտոնական մակրոտնտեսական կանխատեսման գործընթացի անճկունույթունը, շահեկան կլինի դրանցում ներառել այլընտրանքային կանխատեսումներ, սցենարներ եւ ապագա միտումների որակական քննարկումներ:ԵԿԲ-ն արդեն իսկ անում է անհրաժեշտ բարձրորակ եւ արդիական վերլուծություններ: ԵԿԲ գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնը, ի թիվս այլոց, առաջիններից էր, որ ներկայացրել է իր աշխատանքը (2023-ի մարտին կայացած ECB Watchers համաժողովում), ըստ որի եվրոգոտու գնաճը կարող է արագ նվազել: Այսօր ԵԿԲ-ն վերլուծում է գնաճի միտումները տպավորիչ եւ պատշաճորեն տարանջատված մանրամասնությամբ:Երկրորդը, Լագարդը պետք է առաջնահերթությունը տա պատեհաժամությանը, այլ ոչ կոնսենսուսին կամ քաղաքականության վերջին փոփոխություններին: Այստեղ էլ խոստումնալից ազդակներ կան, որ փոփոխության կարելի է հասնել համեմատաբար հեշտությամբ։ ԵԿԲ-ի գործադիր խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը վերջերս մեղմացրել է իր դիրքորոշումը լրացուցիչ տոկոսադրույքների բարձրացման վերաբերյալ՝ մեջբերելով Ջոն Մեյնարդ Քեյնսի հայտնի կատակը. «Երբ փաստերը փոխվում են, ես փոխում եմ իմ կարծիքը: Ի՞նչ եք անում Դուք, պարո՛ն»։ Լուսանկարը՝ REUTERS Երրորդը, ժամանակից կախյալ հեռանկարային ուղեցույցը պետք է սահմանափակվի միայն այն դեպքերով, երբ դրա արժանիքներն ակնհայտ են եւ էական: Անորոշ ժամանակներում այդպիսի դեպքեր հազվադեպ են լինելու։ ԵԿԲ-ին ոչինչ չի խանգարում կատարել այս փոփոխությունը։ Այն երբեմն շատ արագ եւ վճռական է գործում, ինչպես օրինակ՝ 2020-ի մարտին PEPP-ի գործարկման ժամանակ, 2022-ի մարտին ակտիվների գնումների համար ծայրահեղ ուղեցույցը չեղարկելու ժամանակ, 2022-ի հուլիսին Փոխանցման պաշտպանության գործիքը հայտարարելու ժամանակ: Այդ իրավիճակներում նպատակն ավելի կարեւոր էր կոնսենսուսից եւ առկա ուղեցույցից: Բայց ծայրահեղ իրավիճակը պատեհաժամ որոշումների համար անհարկի բարձր նշաձող է: Տնտեսական հեռանկարները մնում են հեղհեղուկ, այդ թվում՝ գլոբալ եւ եվրոգոտու գնաճի համար: Անկասկած, մեզ դեռ անակնկալներ են սպասում: Անորոշ ժամանակները պահանջում են առաջնորդություն եւ ճարպկություն. պատրաստակամություն եւ կարողություն ճկուն եւ պատշաճ կերպով արձագանքելու հանգամանքների անկանխատեսելի փոփոխություններին, նույնիսկ երբ անմիջական ճգնաժամ դեռ չկա: Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2023.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2041