Ամերիկյան եւ եվրոպական բանկերի անցյալի մեղքերն ու այսօրվա խնդիրները

18.01.2024 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք NatWest Group-ի նախագահ, անցյալում՝ Անգլիայի բանկի նախկին փոխկառավարիչ Հովարդ Դեյվիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Հովարդ Դեյվիս

Ավելի քան 15 տարի է անցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բարձրակետից, որը ի թիվս այլոց կործանեց Lehman Brothers-ը, Bear Stearns-ը եւ Շոտլանդիայի թագավորական բանկը: Այն ժամանակ մեծ բանկերն արժանի էին իրենց բաժին հասած անարգանքին եւ պատշաճ կերպով ընդունեցին կապիտալի պահանջների հսկայական ավելացումը, շահաբաժինների վրա դրված արգելքները, բաշխումների եւ վճարումների նկատմամբ այլ վերահսկողությունը: Ընդամենը մի քանի տարի առաջ նրանք, ովքեր համարձակվում էին գլուխները բարձրացնել եւ ասել, որ արդեն բավական է, իրենց ականջների մոտ փամփուշտների սուլոց էին լսում:

Բայց արդյո՞ք տրամադրությունը վերջապես փոխվե՞լ է։ Արդյո՞ք բանկերի քաղաքական համբավը վերականգնվել է հիմա, երբ անցյալում են ֆինանսական ճգնաժամի ավերածությունները եւ համաճարակը, որի ժամանակ նրանք օգնեցին լուծել խնդիրը, ոչ թե առաջացրին այն: Նման հարցերի պատասխանը մեծապես կախված է աշխարհագրությունից։

Եթե դուք, օրինակ, Միացյալ Նահանգներում եք, 2023-ին երեք նշանավոր բանկերի՝ Silicon Valley Bank-ի, First Republic-ի եւ Signature Bank-ի սնանկացումից հետո գուցե ակնկալեիք, որ բանկերը հալածյալ են դարձել: Բայց դա չխանգարեց ԱՄՆ բանկերին ագրեսիվ արձագանքել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) առաջարկներին՝ խստորեն իրականացնելու Բազել 3-ի կապիտալի բարեփոխումների վերջին մասը:


Կարգավորողներն այս բարեփոխումներն անվանել են «Բազել 3.1», ինչը ենթադրում է, որ դրանք պարզապես կազմակերպչական վարժություն են՝ մի քանի անավարտ հարցեր լուծելու համար: Սակայն ԱՄՆ բանկերը նախընտրում են «Բազելյան վերջնախաղ» բառակապակցությունը, որն այլ ենթատեքստ ունի:

Չեմ կարող ասել, թե արդյո՞ք միտումնավոր է այս հղումը Սամուել Բեքեթի ապոկալիպտիկ պիեսին, բայց այն, անշուշտ, զգալիորեն բարձրացնում է խաղադրույքները: Բանկային քաղաքականության ինստիտուտը (Bank Policy Institute)՝ բանկային ոլորտի առեւտրային խումբը, ցուցադրում է գովազդներ, որոնք նախազգուշացնում են, որ այս առաջարկները կհանգեցնեն ընտանիքների եւ փոքր բիզնեսի համար ավելի բարձր փոխառության ծախսերի կամ նույնիսկ անհասանելի կդարձնեն վարկերը:


Դեռ վաղ է ասել, թե արդյոք ԴՊՀ-ին կհուզի այս քարոզարշավը: Բայց Եվրոպայում նման բան դժվար է պատկերացնել։ Խիստ կասկածում եմ, որ եվրոպական բանկերը այնքան ինքնավստահություն ունենան, որ կապիտալի պահանջների վերաբերյալ իրենց փաստարկները (իսկ դրանք կան) հանձնեն հանրության դատաստանին, որտեղ երդվյալ ատենակալները շարունակում են խիստ կողմնակալ լինել իրենց դեմ:

Քանի որ տոկոսադրույքները բարձրացել են, մի քանի բերքազուրկ տարիներից հետո բանկերի շահութաբերությունն աճել է: Տեսնելով այն եկամուտները, որոնք առաջացել են հարկերի բարձրացումից եվրոպական շատ երկրներ բանկային հատվածում հատուկ հարկային ռեժիմներ են կիրառել: Իսպանիան հարկ է մտցրել ոչ միայն շահույթի, այլեւ եկամուտների վրա, Սլովակիան էլ վերջերս նման բան հայտարարեց։ Իտալիայի նոր հարկային ռեժիմը խրթնիմաստ է, սակայն լրացուցիչ եկամուտ կբերի: Իսկ Բելգիան թողարկել է մանրածախ պետական պարտատոմսեր, որոնց բացահայտ նպատակն է ավանդները դուրս բերել բանկային հատվածից, որտեղ, կառավարության կարծիքով, պատշաճ կերպով չեն վարձատրվել: Արդյունքը նման էր կառավարության կողմից հովանավորվող ավանդների դուրսբերմանը:

Զարմանալի չէ, որ ինչպես ձախակողմյան (Իսպանիայում), այնպես էլ աջակողմյան (Իտալիայում) կառավարությունները նման եզրահանգման են եկել բանկային գործի վերաբերյալ: Սոցիալիստ ընտրողները երբեք չեն սիրել բանկիրներին, իսկ Եվրոպայի ծայրահեղ աջ թեւը մշտապես սիրախաղ է վարել բանկիրների դավադրությունների մասին հռետորաբանության հեղինակների հետ:

Ինչպես միշտ՝ Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ է: Թեեւ հարկերի նոր նպատակային բարձրացում չի եղել, արդեն ավելի քան մեկ տասնամյակ գոյություն ունի հատուկ բանկային գանձում: Վերջին շրջանում քաղաքական ճնշումների մեծ մասը կենտրոնացած էր այն ընկալման վրա, որ բանկերը չէին շտապում բարձրացնել ավանդատուների տոկոսադրույքները: Հետեւաբար, Անգլիայի բանկի սեփական Բազել 3.1 ծրագրերը ավելի խիստ են, քան Եվրոպայում:

Այնուամենայնիվ, կառավարությունը ձեռնարկել է մի միջոց, որն անկասկած կուրախացնի (մի քանի) բանկիրների. վերացրել է բոնուսների սահմանափակումը: 2014 թվականին Եվրոպական բանկային մարմինը սահմանեց բանկիրների բոնուսները հիմնական աշխատավարձի 100%-ի չափով կամ 200%-ի չափով՝ բաժնետերերի բացահայտ հավանությամբ: Անգլիայի բանկն դեմ արտահայտվեց այդ քաղաքականությանը՝ պնդելով, որ ներդրումային բանկիրների եւ թրեյդերների աշխատավարձի ֆիքսված մասնաբաժնի ավելացումը ավելի խոցելի կդարձնի նրանց հաստատությունները տնտեսական անկման ժամանակ:


Վերացնելով շեմը, Մեծ Բրիտանիան ԱՄՆ բանկերը Լոնդոնում ավելի գրավիչ կդարձնի նոր աշխատակիցների համար, քան նրանց եվրոպական գործընկերները: Barclays-ը կլինի Միացյալ Թագավորության միակ բանկը, որը հատկապես կտուժի, քանի որ այն միակն է, որը դեռեւս զգալի ներդրումային գործունեություն է ծավալում: Հետեւաբար, կարելի էր ակնկալել, որ ԵՄ բանկերը կպնդեն, որ շեմը պետք է հանվի ողջ մայրցամաքում: Բայց նրանք առայժմ լեզուները կծել են։ Եվրամիությունում բանկիրների նկատմամբ թշնամանքը դեռ մեծ է, իսկ հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններն են: ԱՄՆ գովազդային արշավը, որը պահանջում է յոթանիշ բոնուսներ ծանր կացության մեջ հայտնված ածանցյալ գործիքների թրեյդերների համար, կարող է ցանկալի արձագանք չառաջացնել:

Այսպիսով, եվրոպական բանկերը կարծես թե կմնան չսիրված եւ անազատ, մինչդեռ ԱՄՆ բանկերը շարունակում են գրավել Եվրոպայի շուկայի մասնաբաժինը, իսկ նրանց բաժնետոմսերի գները (հաշվեկշռային արժեքի համեմատ) զգալիորեն ավելի բարձր կլինեն, քան ԵՄ-ի կամ Մեծ Բրիտանիայի բանկերինը: Կատարյալ իրավիճակ չէ: Քանի որ Եվրոպայի տնտեսությունը դժվարությամբ է թափ առնում COVID-19-ից եւ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, նրան անհրաժեշտ է մրցունակ բանկային համակարգ: Եվրոպայի կարգավորող եւ հարկային միջավայրը պետք է որոշվի ռացիոնալ վերլուծությամբ, ոչ թե անցյալի մեղքերի հիշողություններով: Մարիո Դրագին, որին Եվրահանձնաժողովը հանձնարարել է ուսումնասիրել մրցունակության բարձրացման ուղիները, պետք է սա հաշվի առնի:

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai