Արտաքին պարտքի խնդիրն ահռելի է, իսկ այն լուծելու համակարգը չի գործում

19.12.2023 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք The New York Times-ում հրապարակված The Debt Problem Is Enormous. Experts Say the System for Fixing It Is Broken հոդվածի հայերեն թարգմանությունը:

Տնտեսագետներն այլընտրանքներ են առաջարկում ֆինանսական երաշխիքներին, որոնք ստեղծվել էին դեռ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը գերտերություն էր, իսկ կլիմայի փոփոխություն օրակարգում չկար:

Մարտին Գուսմանը 2001 թվականին Արգենտինայի ազգային «Լա Պլատա» համալսարանի առաջին կուրսի ուսանող էր, երբ պարտքային ճգնաժամի պատճառով տեղի ունեցավ դեֆոլտ, խռովություններ եւ ավերիչ ֆինանսական անկում: Միջին խավը սնանկացավ, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պնդեց, որ կառավարությունը ֆինանսական օգնության դիմաց բյուջեի ցավագին կրճատումներ կատարի:

Մարտին Գուսմանը


Արգենտինայի տնտեսության փլուզումը տեսնելով՝ Մարտին Գուսմանը որոշեց փոխել մասնագիտությունը եւ տնտեսագիտություն սովորել: Մոտ երկու տասնամյակ անց, երբ կառավարությունը կրկին սնանկացավ, հենց նա, որպես ֆինանսների նախարար, բանակցեց ԱՄՀ-ի պաշտոնյաների հետ, որպեսզի վերակազմավորվի 44 մլրդ դոլար պարտքը, որն առաջացել էր նախկին անխոհեմ ֆինանսական օգնության արդյունքում:

Այսօր նա այն ականավոր տնտեսագետներից եւ համաշխարհային առաջնորդներից մեկն է, որոնք պնդում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված հավակնոտ համակարգը, որի նպատակն էր պաշտպանել տնտեսական աճն ու կայունությունը ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի առաջնորդությամբ, ձախողում է իր առաքելությունը։

Ներկայիս համակարգը «նպաստում է անարդար եւ անկայուն գլոբալ տնտեսությանը», - ասում է Մարտին Գուսմանը, որն անցյալ տարի Արգենտինայի կառավարության ներսում պառակտման պատճառով հրաժարական տվեց:

Պարտքի վճարումը, որի համար Գուսմանը բանակցել է, 22-րդ պայմանավորվածությունն էր Արգենտինայի եւ ԱՄՀ-ի միջեւ: Երկրի տնտեսական անկումը, այնուամենայնիվ, միայն արագացավ. ավելի քան 140 տոկոս տարեկան գնաճ, անվճար ճաշարաններում աճող հերթեր եւ նոր, ինքնահռչակ «անարխո-կապիտալիստ» նախագահ Խավիեր Միլեյը, որը նախորդ շաբաթ 50 տոկոսով արժեզրկեց ազգային արժույթը։

Խավիեր Միլեյը


ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը իրենց ստեղծման պահից դժգոհություններ են առաջացրել թե՛ աջից, թե՛ ձախից: Սակայն վերջին քննադատությունները ավելի խոր հարց են առաջ քաշում. արդյո՞ք ութ տասնամյակ առաջ ստեղծված տնտեսական կառուցվածքը համապատասխանում է այսօրվա տնտեսությանը, երբ նոր աշխարհաքաղաքական հակամարտությունները բախվում են հաստատված տնտեսական հարաբերություններին, իսկ կլիմայի փոփոխությունը անմիջական վտանգ է դարձել:

21-րդ դարի գաղափարների այս բախումը, թե ինչպես կարելի է շտկել 20-րդ դարի համար ստեղծված համակարգը, ամենակարեւորն է համաշխարհային տնտեսության համար:



ԱՄՀ-ը ստեղծվել է 1944 թվականին Բրետոն Վուդսի (Նյու Հեմփշիր նահանգ) կոնֆերանսի ժամանակ եւ նպատակ ուներ փրկել դժվար ֆինանսական իրավիճակում հայտնված երկրները, մինչդեռ Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում էր աղքատության կրճատումը եւ սոցիալական զարգացման ներդրումները: Այն ժամանակ Միացյալ Նահանգները նշանակալի տնտեսական գերտերություն էին, իսկ Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ զարգացող երկրները դեռ անկախություն չէին ձեռք բերել: Հիմնարար գաղափարախոսությունը (որը հետագայում հայտնի դարձավ որպես «Վաշինգտոնի կոնսենսուս») ասում էր, որ բարգավաճումը կախված է անարգել առեւտրից, ապակարգավորումից եւ մասնավոր ներդրումների առաջնահերթությունից:

«Մոտ 80 տարի անց համաշխարհային ֆինանսական այս կառույցը հնացած է, անգործունակ եւ անարդար», - ասել էր ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը այս ամառ Փարիզում կայացած գագաթնաժողովում: «Նույնիսկ սովի եւ աղքատության դեմ պայքարի ամենահիմնական նպատակները տասնամյակների առաջընթացից հետո հետընթաց են ապրել»:

Անտոնիո Գուտերիշը


Աշխարհն այսօր աշխարհաքաղաքական առումով մասնատված է։ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի ներկայիս երկրների ավելի քան երեք քառորդը Բրետոն Վուդսում չէին: Չինաստանի տնտեսությունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում լիովին փլուզված էր, այժմ աշխարհում երկրորդ տեղում է, գլոբալ աճի շարժիչ է եւ արդյունաբերական մեքենաների ու մատակարարման շղթայի կարեւոր հանգույցը: Հնդկաստանը, որն այն ժամանակ դեռ բրիտանական գաղութ էր, հիմա աշխարհի առաջատար հինգ տնտեսություններից մեկն է:

Երբեմնի գովերգված «Վաշինգտոնի կոնսենսուսը» հեղինակազրկվել է, քանի որ մենք ավելի լավ ենք գիտակցում, որ անհավասարությունը եւ կանանց նկատմամբ խտրականությունը խոչընդոտում են տնտեսական աճին, եւ կլիմայի վերաբերյալ հավաքական գործողությունների անհրաժեշտություն կա:

Հաստատության եւ դրա առաքելության միջեւ անհամապատասխանությունը վերջին տարիներին սրվել է: COVID-19-ի համաճարակի, ուկրաինական պատերազմի հետ կապված սննդամթերքի ու էներգառեսուրսների աճող գների, ինչպես նաեւ բարձր տոկոսադրույքների հետեւանքով ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրները խրվել են պարտքերի մեջ: Համաշխարհային տնտեսության մասշտաբը եւ խնդիրների շրջանակը չափազանց մեծացել են, սակայն ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորումը այդ տեմպին չի համապատասխանում:

Պարտքային ճգնաժամերի լուծումը բարդացել է նաեւ այն պատճառով, որ ներգրավված են Չինաստանը եւ անթիվ մասնավոր վարկատուներ, այլ ոչ թե մի քանի արեւմտյան բանկեր:

Համաշխարհային բանկի սեփական վերլուծություններն ուրվագծում են տնտեսական խնդիրների չափը: «Արտաքին պարտքը գրեթե կաթվածահար է արել ամենաաղքատ երկրներին», - ասվում է զեկույցում: Հանրային առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանման մեջ ներդրումներ անելու փոխարեն երկրները ստիպված են գումար ծախսել տոկոսավճարների վրա:

Այդ պարտքի մեջ չեն մտնում այն տրիլիոնավոր դոլարները, որոնք զարգացող երկրները պետք է ծախսեն կլիմայի փոփոխության վնասները մեղմելու համար:

Լարվածություն կա նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի եւ նրա դաշնակիցների միջեւ: Դժվար է լուծել պարտքային ճգնաժամեր կամ ֆինանսավորել խոշոր ենթակառուցվածքներ՝ չառերեսվելով անվտանգության խնդիրներին: Օրինակ, երբ Համաշխարհային բանկը չինական հեռահաղորդակցական հսկա Huawei-ին պայմանագիր շնորհեց, որը խախտում էր ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը, կամ երբ Չինաստանը դիմադրեց պարտքի վերակազմավորման համաձայնագրերին:

«Կանոնների վրա հիմնված գլոբալ համակարգը չի ստեղծվել լուծելու առեւտրային կոնֆլիկտներ, որոնց հիմքում ազգային անվտանգության հարցերն են», - ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը՝ ելույթ ունենալով Կոլումբիայում Միջազգային տնտեսական ասոցիացիայի առջեւ: «Երկրներ կան, որոնք ռազմավարական մակարդակում մրցում են՝ առանց արդյունավետ մրցավարի, չձեւավորված կանոններով»:

Գիտա Գոպինաթը


Համաշխարհային բանկը եւ ԱՄՀ-ը փոփոխություններ են կատարել: ԱՄՀ-ը մեղմացրել է ֆինանսական օգնության իր մոտեցումը՝ խիստ խնայողությունը փոխարինելով կայուն պարտքի գաղափարով: Համաշխարհային բանկն այս տարի զգալիորեն ավելացրել է կլիմայի հետ կապված ծրագրերին ուղղվող գումարները: Սակայն քննադատները պնդում են, որ այս շտկումները բավարար չեն:

«Նրանք զարգացել եւ հարմարվել են շատ ավելի դանդաղ, քան զարգացել եւ հարմարվել է համաշխարհային տնտեսությունը», - ասում է Մարտին Գուսմանը:

«Ժամանակն է վերանայել Բրետոն Վուդսը»

Եթե Արգենտինան՝ Հարավային Ամերիկայի երկրորդ խոշոր տնտեսությունը, համաշխարհային տնտեսական համակարգի տխրահռչակ կրկնակի ձախողումն է, ապա Բարբադոսը՝ Կարիբյան ծովում փոքրիկ կղզի-պետությունը, դարձավ փոփոխության տուրբոշարժիչը:

Երկու տարի առաջ վարչապետ Միա Մոթլին Գլազգոյի կլիմայի փոփոխության գագաթնաժողովում, այնուհետեւ «Bridgetown Initiative»-ում ելույթ ունեցավ առաջարկով վերանայել, թե ինչպես են հարուստ երկրներն օգնում աղքատ երկրներին հարմարվել կլիմայի փոփոխությանը եւ խուսափել ուժերից վեր պարտքերից:

«Այո՛, ժամանակն է վերանայել Բրետոն Վուդսը», - ասաց նա իր ելույթում անցյալ տարի Եգիպտոսում տեղի ունեցած կլիմայի գագաթնաժողովին:

Միա Մոթլին


Տիկին Մոթլին պնդում է, որ վաղեմի պայմանավորվածությունը աղքատ եւ հարուստ երկրների միջեւ (որոնցից շատերը հարստությունը դիզել են նախկին գաղութները շահագործելով), «հիմնավորապես խախտվել է»: Ամենաառաջադեմ արդյունաբերական երկրները նաեւ արտադրում են արտանետումների մեծ մասը, որոնք տաքացնում են մոլորակը եւ աղքատ երկրներում առաջացնում հսկա ջրհեղեղներ, անտառային հրդեհներ եւ երաշտներ:

Գանայի Տնտեսական վերափոխման աֆրիկյան կենտրոնի գործադիր փոխնախագահ Մավիս Օվուսու-Գյամֆին ասում է, որ պարտքերի հետ կապված նույնիսկ «2020-ի ընդհանուր շրջանակային համաձայնագրի» նման փաստաթղթերը ստեղծվել են առանց զարգացող երկրների մասնակցության:

«Մենք պետք է ձայն ստանանք ու սեղանի շուրջ նստենք», - ասաց տիկին Օվուսու-Գյամֆին՝ խոսելով ԱՄՀ-ի կողմից Գանային տրված 3 մլրդ դոլար արժողությամբ ֆինանսական օգնության մասին:



Թեեւ ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը զբաղվում են տնտեսական խնդիրներով, դրանք ըստ էության քաղաքական ինստիտուտներ են, որոնք արտացոլում են այն երկրների կամքը, որոնք ստեղծել, ֆինանսավորում եւ կառավարում են դրանք:
Իսկ այդ երկրները չեն ուզում զիջել իշխանությունը։ Միացյալ Նահանգները՝ վետոյի իրավունք ունեցող միակ անդամը, ձայների ամենամեծ մասնաբաժինն ունի մասամբ իր տնտեսության եւ ֆինանսական ներդրումների պատճառով: ԱՄՆ-ը չի ցանկանում, որ իր ազդեցության նվազի, իսկ մյուսներինը, հատկապես Չինաստանինը, աճի:

Արտաքին պարտքի «մեծ բացը»

Այդուհանդերձ, ինչպես ասաց Մարտին Գուսմանը, «նույնիսկ եթե կառավարման մեջ փոփոխություններ չլինեն, դրանք հնարավոր են քաղաքականության մեջ»:

Զարգացող երկրներին հսկայական գումարներ են պետք հանրային առողջապահության, կրթության, տրանսպորտի եւ կլիմայի փոփոխության ոլորտներում ներդրումների համար: Բայց նրանց վրա ծանրացել են փոխառության բարձր ծախսերը, քանի որ շուկան հաճախ չափազանցնում է ռիսկը, որը նրանք ներկայացնում են որպես փոխառուներ:



Եվ քանի որ նրանք սովորաբար ստիպված են դոլարով կամ եվրոյով վարկ վերցնել, նրանց վճարումները կաճեն, եթե Դաշնային պահուստը եւ այլ կենտրոնական բանկեր բարձրացնեն տոկոսադրույքները գնաճի դեմ պայքարելու համար, ինչպես արեցին 1980-ականներին եւ կորոնավիրուսի համաճարակից հետո:

Մասնավոր վարկատուների թվի աճը եւ վարկային պայմանագրերի բազմազանությունը անհավանականորեն բարդացրել են պարտքի բանակցությունները, սակայն միջազգային իրավական դատավոր գոյություն չունի:

Երեք տարի առաջ Զամբիան արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարեց, բայց դրա շուրջ համաձայնություն դեռեւս չկա, քանի որ ԱՄՀ-ն, Չինաստանը եւ պարտատոմսատերերը հակաճառություններ ունեն:

Միջազգային կառավարման մեջ «մեծ բաց» կա, երբ խոսքը վերաբերում է պետական պարտքին, ասում է Լոնդոնի «Քուին Մերի» համալսարանի Գլոբալ քաղաքականության ինստիտուտի տնտեսագետ Պաոլա Սուբաչին, քանի որ կանոնները չեն տարածվում մասնավոր վարկերի վրա՝ լինի դա հեջ-ֆոնդից, թե Չինաստանի կենտրոնական բանկից: Այս պարտատերերը հաճախ շահագրգռված են ձգձգելու գործընթացը՝ ավելի լավ գործարք կնքելու ակնկալիքով:

Մարտին Գուսմանը եւ այլ տնտեսագետներ կոչ են արել ստեղծել միջազգային իրավական արբիտր, որը կքննի պետական պարտքի հետ կապված վեճերը:

«Յուրաքանչյուր երկիր ընդունել է սնանկության մասին օրենք,- ասում է Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Ջոզեֆ Շթիգլիցը,- բայց միջազգային մակարդակով մենք այդպիսին չունենք»:

Միացյալ Նահանգները, սակայն, բազմիցս դեմ է արտահայտվել այդ գաղափարին`պնդելով, որ այն ավելորդ է:

Ֆինանսական օգնությունը նույնպես խնդրահարույց է: ԱՄՀ-ի ծայրահեղ պայմանների վարկերը կարող են ի վերջո վատթարացնել երկրի բյուջետային խնդիրները եւ խանգարել տնտեսական վերականգնմանը, քանի որ տոկոսադրույքներն այժմ շատ բարձր են, եւ վարկառուները նույնպես պետք է զգալի վճարներ կատարեն:

Պարոն Գուսմանի եւ տիկին Մոթլիի նմանները, որոնք փոփոխություն են պահանջում, պնդում են, որ պարտք ունեցող երկրներին անհրաժեշտ են զգալիորեն ավելի շատ դրամաշնորհներ եւ երկար մարման ժամկետով ցածր տոկոսադրույքներ, ինչպես նաեւ մի շարք այլ բարեփոխումներ:

«Մարտահրավերներն այսօր այլ են», - ասում է Մարտին Գուսմանը: «Քաղաքականությունը պետք է ավելի համահունչ լինի առաքելությանը»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Դիտում՝ 1676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai