Մեսրոպ Հակոբյան. «Փիղը պետք է ուտել փոքր կտորներով»

11.12.2023 | 00:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, նախքան բանկի ղեկը ստանձնելը, տեղեկատվական համակարգերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ եք ունեցել: Ինչպե՞ս է այս հանգամանքը անդրադառնում Ձեր առօրյա կյանքի վրա, միաժամանակ, ինչպե՞ս չդառնալ թվային դարաշրջանի «գերի»:

- Մինչ Յունիբանկի վարչության նախագահի պաշտոնը ստանձնելը, երկար տարիներ եղել եմ բանկի Oպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրենը, ինչն, իհարկե, միանշանակ օգնում է, քանի որ ներկայիս ժամանակակից բանկերն առաջին հերթին տեխնոլոգիաներ են, իսկ տեխնոլոգիաների տիրապետումն էլ ավելի է հեշտացնում որոշումների կայացումը, աշխատակիցների հետ կոմունիկացիան, քանի որ ՏՏ նախագծեր իրականացնելիս նրանց հետ կարողանում ես «նույն լեզվով» խոսել: Այնպես որ, տեղեկատվական համակարգերից թոփ մենեջմենթ գալը միայն դրական է ազդել:

Մեսրոպ Հակոբյանը


Իսկ թվային դարաշրջանի գերի չդառնալու համար պետք է գրքեր կարդալ, սպորտով զբաղվել, ճանապարհորդել, տեսնել աշխարհը... Չպիտի թողնել, որ հեռախոսը դառնա մեր կյանքի իմաստը, այլ մնա ուղղակի կյանքի ուղեկից:

- Ի՞նչ կրթություն եք ստացել եւ ինչու՞ ընտրեցիք բանկը: Ասում են՝ կրթությունը օգնում է գոյատեւել, իսկ հաջողության բանալին ինքնակրթության մեջ է: Ձեր դեպքում՝ այդպե՞ս է:

- Սովորել եմ Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում, մասնագիտությամբ շինարար-տնտեսագետ եմ: Մասնագիտությունն ընտրել եմ ավելի շատ որպես ընտանեկան ավանդույթ: Հայրս, մայրս նույն մասնագիտությանն են տիրապետում, կրտսեր եղբայրս՝ նույնպես: Իսկ բանկային բնագավառում հայտնվեցի բավականին պատահական: 19-ամյակիս հայրս բանկային դասընթացի մասնակցելու սերտիֆիկատ նվիրեց, մասնակցեցի եւ այդպես առաջացավ իմ հետաքրքրությունը բանկային աշխատանքի հանդեպ: Զուտ պատահականություն էր, թե չէ ինչպես եւ խորհրդային շրջանի բոլոր երեխաները, ես էլ երազում էի տիեզերագնաց դառնալու մասին (ծիծաղում է-խմբ.):

- Ղեկավար-ենթակա փոխհարաբերություններում ղեկավարը միշտ ճի՞շտ է: Առհասարակ, թիմն առաջ տանելու համար ի՞նչ անձնային հատկանիշներ պետք է ունենա ղեկավարը:

- Եթե ղեկավարը կրում է որոշման ամբողջական պատասխանատվությունը, փորձեր չի կատարում հնարավոր սխալների դեպքում մեղավորությունը գցել ինչ-որ մեկի վրա, կարողանում է պաշտպանել իր կայացրած որոշումը, ուրեմն՝ ճիշտ է:

Մեսրոպ Հակոբյանը


Բնականաբար, լինում են սխալներ, առանց դրանց հնարավոր չէ, բայց առաջինը պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները եւ աշխատել դրանք չկրկնել:

Ինչպես ասում են, ճիշտ է սովորել ուրիշների սխալների վրա, բայց ուրիշի սխալի վրա երբեք ոչ ոք չի սովորում, միշտ բոլորը սովորում են սեփական սխալների վրա: Կարեւոր է հետեւություններ անել, եթե որեւէ որոշում ես կայացրել, փորձես ճկուն լինել, սխալն ընդունել եւ ուղղել:

Անձնային հատկանիշներից շատ կարեւոր է հումորի զգացումը, առանց դրա երբեք չես կարող լավ ղեկավար լինել: Այն թույլ է տալիս ճանապարհը թեթեւ անցնել, ճիշտ պահին կատակել, ինչ-որ դժվարություններ հումորով ընդունել: Բանկային աշխատանքը լի է սթրեսով: Որոշ հանգամանքներում պետք է հումորի զգացումը քեզ օգնի, առանց դրա ուղղակի հնարավոր չէ: Ի դեպ՝ հայաստանյան բանկերում բոլոր ղեկավարները շատ լավ հումորի զգացում ունեն:

- Իսկ ինչպե՞ս շարժվել առաջ, երբ մարտահրավերները մեր օրերում հաջորդում են մեկը մյուսին: Լինում են պահեր, երբ անգամ կարճաժամկետ ծրագրեր կազմելը ապարդյուն է դառնում: Ինչպե՞ս վարվել այս դեպքերում:

- Իմ կարգախոսներից մեկն է՝ «փիղը պետք է ուտել փոքր կտորներով»: Այսինքն՝ ցանկացած խնդիր կարող ես լուծել, եթե ունես պլան, գործողությունների հերթականություն, պատկերացնում ես՝ ինչ պետք է անել: Պարզ է, հնարավոր չէ ամեն ինչ պլանավորել, բայց առնվազն երեք-չորս քայլ պետք է պլանավորել եւ լուծել խնդիրները ըստ առաջացման հերթականության:

Մեսրոպ Հակոբյանը


Իհարկե, կան գլոբալ խնդիրներ, բայց մանր տակտիկական խնդիրները, որոնք ամենօրյա բնույթ են կրում, չպետք է խանգարեն հիմնական նպատակին: Եթե նպատակ ունես, որին պետք է հասնել, պետք է կարողանաս խնդիրների կարեւորության դասակարգում անել:

- Երջանիկ է այն մարդը, ով առավոտյան ցանկանում է աշխատանքի գնալ, իսկ երեկոյան՝ տուն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք կամ կվերաձեւակերպեք այս հայտնի ասացվածքը:

- Երջանկությունը ընտանիքիդ, մտերիմներիդ, ընկերներիդ առողջ եւ բարեկեցիկ տեսնելն է: Դժվար է երջանիկ լինել միայնակ: Եթե քեզ լավ ես զգում, պետք է փորձես քո դրական էներգիան բաժանել, այսինքն` կիսվել քո երջանկությամբ:

Մեսրոպ Հակոբյանը


Լիարժեք երջանիկ լինելու համար կարեւոր է նաեւ թե ինչպես ես վերաբերում աշխատանքին՝ արդյո՞ք ունես սիրելի աշխատանք, որքանով է այն քեզ դուր գալիս: Կարեւոր դեր է խաղում նաեւ հոբբի առկայությունը եւ դրանով զբաղվելու հնարավորությունը: Երջանիկ զգալու համար իմ նախասիրությունների մեջ է մտնում ճանապարհորդելը, ֆուտբոլ խաղալն ու դիտելը, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի վաղեմի երկրպագու եմ: Նախասիրություններիս ցանկում է նաեւ խոհարարությունը, սիրում եմ ոչ միայն համեղ ուտել, այլ նաեւ պատրաստել բարդ եւ օրիգինալ ուտեստներ: Սիրում եմ անեկդոտներ հավաքել եւ պատմել, ասում են` լավ է ստացվում (ծիծաղում է-խմբ.):

Երջանիկ լինելու համար պետք է փորձել ճիշտ պահել հավասարակշռությունը ընտանիքի, աշխատանքի եւ հոբբիների միջեւ:

- Ի՞նչ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում սպորտը. Յունիբանկն առողջ ապրելակերպի ջատագովներից մեկն է, այժմ ակտիվ զարգացնում է Unisport ակումբը: Դուք նաեւ բանկի ֆուտզալի թիմի կազմում դարձաք ֆինանսաբանկային համակարգի չեմպիոն:

- Իմ ողջ գիտակից կյանքում ֆուտբոլն ու ֆուտզալը մեծ դեր են ունեցել: Ինչպես ասացի, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու եմ: Երբ երիտասարդ էի, բավականին լավ դարպասապահ էի, հիմա էլ՝ չնայած զբաղվածությանը եւ ավելորդ քաշին, շաբաթը առնվազն մեկ-երկու անգամ սպորտով զբաղվում եմ: Աշխատում եմ, որ երեխաներիս համար էլ սպորտը նրանց կյանքի անբաժան մաս լինի:



Արդեն ավելի քանի 15 տարի Յունիբանկն ունի իր ֆուտզալի թիմը: Կարծում եմ, որ թիմային ցանկացած խաղ մեծ ազդեցություն է թողնում մարդու բնավորության ձեւավորման վրա: Նույնն էլ բանկում՝ թիմբիլդինգի տեսանկյունից սպորտային թիմային խաղերը հնարավորություն են տալիս մոտիկից ճանաչել աշխատակիցներին, գործընկերներին, հասկանալ նրանց էությունը:

Unisport ակումբը ստեղծվել է Յունիբանկի հովանավորությամբ եւ միավորում է տարբեր մարզաձեւերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների. ֆուտզալ, ըմբշամարտ, հրաձգություն, ուժային եռամարտ (պաուերլիֆթինգ): Ակումբի նպատակն է նպաստել տարբեր մարզաձեւերի առաջխաղացմանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը եւ հասցեական աջակցություն ցուցաբերել մեր տաղանդավոր մարզիկներին:

Ի դեպ՝ Յունիբանկը վերջերս դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր: Վստահ ենք, որ գալիք Օլիմպիական խաղերին փայլուն արդյունքներ ենք ունենալու:

- Մեզ հետ զրույցներից մեկում նշել էիք, որ Յունիբանկի ավտոմեքենաները փոխարինվել են էլեկտրամոբիլների, տվյալների մշակման կենտրոնն անցում է կատարել արեւային էներգիային: Իսկ բանկից դուրս՝ առօրյա կյանքում, պահպանում ենք ապրելակերպի «կանաչ» սկզբունքները:

- Յուրաքանչյուրս պետք է ձգտի մեր մոլորակի նկատմամբ ավելի պատասխանատու լինել եւ «կանաչ» գաղափարախոսության կրողը լինել: Կարծում եմ՝ ժամանակակից պատանիները շատ ավելի պատասխանատու են այդ «կանաչ» գաղափարախոսության հարցում, քան մեր սերունդը: Մենք որոշակի բացթողում ունենք այս հարցի հետ կապված, որը պետք է լրացնել:

Որդիներս բավականին ուշադիր են ապրելակերպի «կանաչ» սկզբունքներին: Օրինակ, նրանց համար կարեւոր է՝ տվյալ արտադրանքը վերամշակված ապրանքի՞ց է պատրաստված, թե՞ ոչ:

Մեսրոպ Հակոբյանը


Յունիբանկում մենք հետեւողականորեն ներդնում ենք ESG սկզբունքները եւ մեծ ենք աշխատանք տանում այդ ուղղությամբ, որը նաեւ իր դրական ազդեցությունն է թողնում մեր ողջ անձնակազմի վրա: Ես հաճախ նշում եմ, որ «կանաչ» գաղափարախոսության տարածման հիմնական ուղղությունը կրթությունն է՝ այլ ճանապարհ չկա:

- Եվ վերջում՝ Ձեր կարծիքը փողի մասին: Ինչպե՞ս տնօրինել փողը: Ի վերջո` փողը միջո՞ց է, թե՞ նպատակ։

- Փողը նպատակ է նրանց համար, ովքեր չունեն, միջոց՝ նրանց համար, ովքեր ունեն: Շատ փող աշխատելը կարող է նպատակ լինել, բայց ինչ-որ մի փուլ է գալիս, երբ կյանքում այդ նպատակը դառնում է ընդամենը միջոց:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 17414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW