ESG-տրանսֆորմացիայի (ESG - Еnvironmental, Social, Governance) ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հայկական բանկերը, հարկավո՞ր է արդյոք ներդնել կայուն զարգացման ռազմավարություն եւ ինչպե՞ս կազդեն ապագայում ESG սկզբունքները բիզնեսի վրա: Այս մասին զրուցել ենք «Յունիբանկ» ԲԲԸ Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հետ։- Որքանո՞վ են հայկական բանկերը հավատարիմ ESG-օրակարգին: Ինչպե՞ս կգնահատեք բանկային ոլորտի դիրքորոշումն այս ուղղությամբ:- Մեր բոլոր բանկերն այս կամ այն չափով հետեւում են ESG չափանիշներին։ Մենք, ինչպես ցանկացած այլ խոշոր բիզնես, հասկանում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում չենք կարող հաջողությամբ զարգանալ, եթե անջատ լինենք սոցիալական պատասխանատվությունից եւ շրջակա միջավայրից: Բանկը՝ որպես իր երկրի «քաղաքացի», պետք է նպաստի այն հասարակության զարգացմանը, որտեղ ապրում եւ աշխատում է։Իհարկե, Հայաստանում դեռեւս տարածված չէ այս ոլորտում հաշվետվողականության պրակտիկան, էկոլոգիական հավաստագրումը, ESG վարկանիշների շնորհումը, չկա համապատասխան գործիքների լայն շրջանակ։ Բայց, միաժամանակ, մենք տեսնում ենք, թե ինչպես է ESG-օրակարգը թափ հավաքում, եւ բիզնեսն աստիճանաբար, դանդաղ, բայց «կանաչում» է։ Դրան նպաստում են փոփոխվող սոցիալական արժեքները, նոր սերնդի մտածողությունը, որը խթանում է պատասխանատու սպառումը, ռեսուրսների ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործումը, շրջակա միջավայրի եւ հասարակության հանդեպ հոգածությունը: Դա բիզնեսի վարման ավելի շատ ռիսկ-կողմնորոշված, եւ ես կասեի՝ բարոյական մոտեցում է։ Բացի այդ, ցանկացած բանկի կամ ընկերության բիզնես գործընթացներում ESG-ի սկզբունքների ներդրումը մեծացնում է նրա ներդրումային գրավչությունը եւ թույլ է տալիս ներգրավել ավելի մատչելի ֆինանսավորում: Միջազգային շուկայում ուղիղ կապ կա արժեթղթերի եկամտաբերության եւ ընկերության ESG վարկանիշի միջեւ։Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, բանկերը ոչ միայն իրենք են իրականացնում «կանաչ» ծրագրեր եւ հետեւում շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությանը, պահպանում են բիզնեսի վարման կորպորատիվ եւ սոցիալական բարձր չափանիշներ, այլ կարող են եւ պետք է ուղղորդեն իրենց հաճախորդներին դեպի ESG:- Այսինքն՝ գործնականում բանկե՞րն են ESG-ի զարգացման շարժիչ ուժը։- Բանկերն ունեն դրա բոլոր հնարավորությունները։ Հետաքրքիր տվյալներ է ներկայացրել CDP միջազգային կազմակերպությունը. բանկերն անուղղակիորեն պատասխանատու են ֆինանսավորվող ձեռնարկությունների վնասակար արտանետումների համար, որոնք 700 անգամ գերազանցում են հենց իրենց՝ բանկերի ուղղակի արտանետումները։ Եթե մենք գնահատենք հաճախորդների ռիսկերն ու բիզնես չափանիշները ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլեւ ESG-ի չափորոշիչներով, եւ համապատասխան գործիքներ բերենք շուկա, կկարողանանք բիզնեսը ներգրավել «կանաչ» օրակարգում:Նույնը վերաբերում է մանրածախ հաճախորդներին: Մենք կարող ենք նպաստել ESG-ի առաջմղմանը, փոխել սպառողների վարքագիծը եւ ներդնել պատասխանատու մոտեցում ծառայությունների ընտրության հարցում՝ ֆինանսական գրագիտության բարձրացման ճանապարհով:Անցյալ տարի Յունիբանկի աջակցությամբ Երեւանում կայացավ Fintech360 միջազգային համաժողովը։ Առանձին պանելային քննարկում նվիրված էր կայուն զարգացման թեմային, որտեղ մենք քննարկեցինք «կանաչ» ֆինանսների զարգացման հեռանկարները եւ փորձեցինք պատասխանել հարցին՝ ESG-ն հա՞յփ է, թե՞ կայուն միտում: Արդյունքում տարբեր երկրների փորձագետներ եկան այն եզրակացության, որ բաժնետերերի շահերն առաջնային պլան մղող մոդելը սկսում է իր տեղը զիջել stakeholder management-ին, որն ընդգրկում է շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակ։ Այս միտումն արդեն գալիս է Հայաստան։ Բանկերը եւ այլ խոշոր ընկերությունները, որոնք չեն կարողանա բավարարել ներդրողների ակնկալիքներն ESG-ի վերաբերյալ, կենթարկվեն ռիսկի՝ կորցնել մուտքը դեպի կապիտալի շուկաներ եւ միջազգային համագործակցություն:- Ի՞նչ աշխատանք է կատարում Յունիբանկը ESG-ի պահանջներին համապատասխանելու համար:- Մենք համաչափ զարգացնում ենք ESG-ի բոլոր երեք ոլորտները՝ էկոլոգիան, սոցիալական քաղաքականությունը եւ կորպորատիվ կառավարումը:Ելնելով բանկային գործունեության առանձնահատկություններից՝ բանկում առաջին հերթին շեշտը դրվել է սոցիալական եւ կառավարչական պատասխանատվության վրա, ինչը նշանակում է հոգ տանել հաճախորդների, աշխատակիցների, գործընկերների մասին... Մեր կորպորատիվ սկզբունքները հիմնված են միջազգային չափանիշների վրա։Սոցիալական եւ կառավարման ռիսկերի գնահատումը նույնպես արդեն ինտեգրված է մեր ընդհանուր ռիսկերի կառավարման համակարգում: Դրանք ներառում են աշխատանքային պայմանների բարելավումը, բոնուսային, մոտիվացիոն համակարգերի առկայությունը, աշխատավարձերի ինդեքսավորումը, առողջության ապահովագրությունը, diversity կառավարումը եւ գենդերային սահմանափակումների բացակայությունը: Մենք նպաստում ենք կանանց ձեռներեցության զարգացմանը, ակտիվորեն վարկավորում ենք վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության ոլորտի նախագծերը, արտադրության արդիականացումը՝ թափոնների նվազեցման նպատակով:Այժմ մեզ համար արագ մեծանում է environmental ուղղության նշանակությունը։ Բանկն արդեն ներդրել է Բնապահպանական եւ սոցիալական կառավարման համակարգ (ESMS), որը մշակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությամբ: Դեկարբոնիզացիայի նպատակով Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը տեղափոխվել է արեւային էներգիայից սնուցման: Մեր ավտոմեքենաները փոխարինվել են էլեկտրական մեքենաների, մենք ներդնում ենք էկոլոգիապես մաքուր գրասենյակային պարագաներ։ Յունիբանկում թվային տեխնոլոգիաների շնորհիվ մենք զգալիորեն կրճատել ենք թղթի սպառումը եւ բանկի ներքին հաղորդակցություններում անցել ենք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը։Մենք ակտիվորեն աջակցում ենք սոցիալական եւ «կանաչ» ծրագրերին, որոնք ուղղված են էկոլոգիայի բարելավմանը: Վերջին ամենախոշոր ծրագրերից մեկը, որին Յունիբանկը, բոլոր առեւտրային բանկերի, Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության հետ մասնակցել է՝ «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ, 50 հա տարածքով նոր անտառի հիմնումն է Լոռու Ջրաշեն եւ Ուրասար համայնքներում։ Խոսքը 160.000 ծառ տնկելու մասին է։Մեր հաջորդ քայլը «կանաչ» պարտատոմսերի թողարկումն է։ Մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք Unibank Green Bond Framework հայեցակարգի մշակումը: ESG-ի ոլորտում առաջատար Sustainalytics ընկերությունը ներկայացրել է երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ եւ հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին եւ Green Bonds Principles 2021-ի պահանջներին: Ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում էներգաարդյունավետության, գյուղատնտեսության մեջ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ջրային ռեսուրսների մաքրման, թափոնների կառավարման ոլորտներում նախագծերի ֆինանսավորմանը։Այս տարի մենք նախատեսում ենք ինտենսիվ աշխատանք ռազմավարական փաստաթղթերի եւ քաղաքականության ձեւավորման ուղղությամբ, ինչը թույլ կտա ավելի կանոնակարգված ծավալել մեր գործունեությունն այս ուղղությամբ։ - Այս փոլում Յունիբանկը հաշվի առնո՞ւմ է ESG-ի սկզբունքներին վարկառուների համապատասխանությանը: - Յունիբանկի վարկային պորտֆելն այսօր կազմում է մոտ 130 մլրդ դրամ, որից ավելի քան 85%-ը համապատասխանում է «կանաչ» ֆինանսավորմանը։ Հաճախորդի գործունեությունը գնահատելիս, ավանդական ֆինանսական վերլուծության հետ մեկտեղ, մենք սկսեցինք ներմուծել պարամետրեր, որոնց միջոցով հաշվի ենք առնում բիզնեսի սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Վարկառուներին խրախուսելու համար՝ իրենց բիզնեսը կազմակերպել ESG սկզբունքների հիման վրա, մենք ներառել ենք տոկոսադրույքների տարբերակումը բանկի վարկային ծրագրերում՝ կախված ESG պարտավորությունների մակարդակից: Սա դեռ համատարած բնույթ չի կրում, փորձնական փուլում է։ ESG գործիքների շուկան Հայաստանում նոր է ձեւավորվում: Եվ այս փուլում կարեւոր է սահմանել ընդհանուր «կանաչ» չափորոշիչներ՝ գրինվոշինգից խուսափելու համար։Բիզնեսում ESG-ին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը միայն կաճի. ժամանակակից հասարակությունը պատրաստ է «քվեարկել» դրա օգտին իր դրամապանակով: Դա հաստատում են PwC-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է աշխարհի 325 ներդրողների շրջանում։ Հարցված ներդրողների գրեթե կեսը՝ 49%-ը, ասել է, որ պատրաստ է դադարեցնել ներդրումներն այն ընկերություններում, որոնք անտեսում են ESG խնդիրները։ Tweet Դիտում՝ 48124