Դալմա Գարդեն մոլի նորարար լուծումներն օգնում են փոփոխվող աշխարհին զուգահեռ քայլել

07.12.2023 | 20:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Դալմա Գարդեն մոլում աշխատում ենք մարդու բոլոր զգայարանների հետ. մանրակրկիտ ընտրում ենք մոլի բույրը, երաժշտությունը, պլանավորում լուսավորության աղբյուրները: Մեր նպատակն ամենա-«shopping friendly» մոլ դառնալն է», - ասում է Դալմայի ներքին եւ արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը:

2023թ.-ի ընթացքում Դալմա Գարդեն մոլը մի շարք նորամուծություններ է ունեցել, որոնց մասին Մարիամը պատմել է Banks.am-ին:

Ամեն օր փոխվող աշխարհին զուգահեռ քայլել

Մոլերն այսօր ոչ միայն գնումների, այլեւ առօրյա հոգսերից կտրվելու, մի քիչ ցրվելու ու ժամանակ անցկացնելու վայրեր են: Էլեկտրոնային առեւտրի ակտիվացմանը զուգահեռ շատ էին քննարկումները, որ մոլերը կորցնելու են ակտուալությունը: 2020թ.-ին կորոնավիրուսի համավարակն ու լոքդաունը ցույց տվեցին, որ այս երկու երեւույթներն իրար հակադրել պետք չէ: Այդ շրջանում մարդիկ միայն օնլայն գնումներ էին կատարում, էլեկտրոնային առեւտրի հարթակները գերծանրաբեռնված էին, պատվերներն օրերով ուշանում էին: Սա ապացուցեց, որ օֆլայն շոփինգն իրեն չի սպառել: Հիմա ամեն ինչ բալանսավորվել է եւ մոլերն իրենց կայուն աճն ունեն, էլեկտրոնային առեւտրի հարթակներն՝ իրենց:

Մոլում, գնումներից բացի, մարդը որոշակի փորձառություն է ունենում: Մեզ համար առաջնահերթ է, որ Դալմա Գարդեն մոլում այդ փորձառությունը հաճելի եւ առավելագույնս հարմարավետ լինի:



Աշխարհը շատ արագ է փոխվում: Կարեւոր է, որ ընկերությունները ճկուն լինեն, կարողանան դիմակայել մարտահրավերներին ու մի քանի քայլ առաջ նայեն: Սա հաշվի առնելով՝ Դալմա Գարդեն մոլը փոխել է ընդհանուր ռազմավարությունը, առաքելությունն ու տեսլականը: Մենք ուզում ենք լինել Հայաստանի ամենա- «shopping friendly» մոլը, որում մարդն իրեն առավելագույնս հարմարավետ կզգա: Նրան կշրջապատի հաճելի բույրը, ճիշտ նախագծված լուսավորությունը, հաճելի երաժշտությունը, գովազդները կլինեն չափի մեջ ու չեն «խեղդի»: Վերջերս մոլը նորոգվել է, պարբերաբար փոխում ենք դեկորացիաները:

Դալմա Գարդեն մոլում փորձում ենք աշխատել մարդու բոլոր զգայարանների հետ եւ դրական էմոցիաներ փոխանցել:

Նոր կայանատեղին եւ շոփինգը հեշտացնող ծառայությունը

Մարդու կյանքը փորձում ենք հեշտացնել դեռ մինչեւ մոլ այցելելը:  Այսօր Երեւանում մեծագույն խնդիր է մեքենայի կայանատեղի գտնելը: Այս հարցը լուծելու համար մոլի հետնամասում կառուցել ենք նոր կայանատեղի: Առաջիկայում դրա ազատ տեղերի մասին հնարավոր կլինի տեղեկանալ իրական ժամանակում մեր հավելվածի միջոցով:

Բացի այդ, շուտով  հավելվածում հասանելի կլինի ծառայություն, որը շոփինգն առավել հեշտ է դարձնում: Այն հնարավորություն է տալիս ներբեռնել ձեր ցանկալի պրոդուկտի, հագուստի կամ կոշիկի լուսանկար, եւ ցույց է տալիս, թե մոլի որ խանութներում եւ ինչ արժեքով կարող եք գտնել նման տարբերակներ:  Ծառայությունից հնարավոր կլինի օգտվել նաեւ մոլում տեղադրված էկրանների միջոցով:

Դալին եւ Մալին, որ կուղեկցեն ձեզ մոլում

Դալմա Գարդեն մոլ գալուց հետո ձեզ կդիմավորեն մեր ռոբոտները՝ Դալին եւ Մալին: Նրանց վրա տեղադրված էկրանների միջոցով եւս, ինչպես կայքում կամ հավելվածում, հնարավոր է ստանալ մոլի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:



Բացի այդ, եթե այցելուն չի հիշում այս կամ այն խանութի տեղը, կարող է խնդրել, որ ռոբոտներն ուղեկցեն իրեն: Սա հետաքրքիր փորձառություն է հատկապես երեխաների համար, քանի որ Դալիի եւ Մալիի հետ ճանապարհն ուրախ է անցնում (ժպտում է – հեղ.): Ռոբոտներն այնպես են ծրագրավորված, որ ուղեկցելու ընթացքում կարող են զրուցել հաճախորդների հետ, տարբեր պատմություններ պատմել կամ երգել:

«Փոխհատուցել» բնությանը՝ տեսակավորելով աղբը

Դալմա Գարդեն մոլում շատ ենք կարեւորում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը: Արդեն մի քանի ամիս է՝ մոլում տեղադրված են տեսակավորված աղբի թափոնամաններ: Հասկանում ենք, որ միայն դրանց տեղադրմամբ հարցը չի լուծվում եւ պետք է աշխատել մարդկանց հետ: Այնպես որ, նախատեսում ենք այս ոլորտում նաեւ իրազեկման, կրթական նախաձեռնություններ իրականացնել:



Անձամբ մոտ 9 տարի տեսակավորում եմ աղբը եւ դա իմ կենցաղի անբաժան մաս է դարձել: Կարծում եմ՝ այս մոտեցումը մեր փոքր ներդրումն ու «փոխհատուցումը» պետք է լինի բնությանը, որին այդքան վնասում ենք:

Եթե մոլի օրինակով նայենք, մեզ մոտ միայն ֆուդկորտում ահռելի ծավալով պլաստիկ է գեներացվում: Շատ կարեւոր է գոնե որոշ չափով պակասեցնել հասցվող վնասը: Ուրախ ենք, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր նախաձեռնություններին աջակցում է Երեւանի քաղաքապետարանն ու Եվրամիությունը:

Նորաձեւությանն ու շոփինգին նվիրված «Դալմա» ամսագիրը

Տարվա նորություններից սուբյեկտիվորեն իմ ամենասիրելին մեր «Դալմա» ամսագիրն է (ժպտում է – հեղ.):

Մարիամ Չաքարյանը


Երկար տարիներ սպասել եմ՝ երբ Հայաստանում կլինի նորաձեւությանն ու շոփինգին նվիրված որակյալ ամսագիր: Արդեն լույս է տեսել ամսագրի առաջին՝ աշնանային համարը: Այն հասանելի է Դալմա Գարդեն մոլի ինֆոկետերում, խանութներում, ինչպես նաեւ քաղաքի այլ վայրերում: Մարդիկ կարող են անվճար վերցնել իրենց օրինակը: Նախատեսում ենք ամեն տարի ամսագրի 4 համար թողարկել՝ գարնանը, ամռանը, աշնանն ու ձմռանը եւ այն հասանելի դարձնել առավել շատ վայրերում՝ քաղաքի մարզասրահներում, գեղեցկության սրահներում, սրճարաններում եւ հյուրանոցներում:



Կարեւոր է, որ ամսագրի բովանդակությունը միայն մոլի մասին չէ: Փորձել ենք այն առավել օգտակար եւ հետաքրքիր դարձնել ընթերցողների համար: Օրինակ՝ առաջին համարում ունենք հարցազրույց նորաձեւության վրա արհեստական բանականության ազդեցության մասին: Անդրադառնում ենք աշնանը մաշկի խնամքին, սպասվող ֆիլմերին: Մոլի նորությունների համար առանձնացված է «Dalma news» բաժինը: Նախատեսում ենք նաեւ ամսագրի ամեն համարում պատմել մոլում ներկայացված բրենդներից մեկի պատմությունը: Այս անգամ ամսագրում կարող եք կարդալ՝ ինչպես է ստեղծվել Benetton-ը:

Այս տարի Դալմա Գարդեն մոլն առավել մեծ ուշադրություն է դարձրել մշակույթին: Հաջողված համագործակցություն ունենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Փորձում ենք մշակութային ոլորտի հետ գործակցելու նաեւ այլ՝ առավել նորարար մոտեցումներ գտնել: Օրինակ՝ «Դալմա» ամսագրի առաջին համարում հրապարակվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում նկարահանված գեղեցիկ ֆոտոշարք: Նորաձեւության եւ մշակույթի միքսը վաղուց ընդունված է աշխարհում: Ինչո՞ւ չանել դա, հատկապես, որ Հայաստանում չափազանց գեղեցիկ դահլիճներ ու մշակութային այլ վայրեր ունենք:



Առհասարակ Դալմա Գարդեն մոլն ամեն նոր ծրագրով փորձում է գերազանցել նախկինում իրականացվածները: Ինքներս մեզ հետ շատ բարդ մրցավազքի մեջ ենք (ժպտում է – հեղ.):

Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է: Մոլում աշխատանքներն ու նորարար լուծումները կլինեն շարունակական: Արդեն մի քանի հետաքրքիր գաղափար ունենք 2024թ. համար:

Վերջին տարիներին բոլորս բազմաթիվ տագնապներ ունենք: Ամեն տարի քննարկում ենք՝ տեղի՞ն է մոլում, օրինակ, Ամանորի միջոցառում անցկացնելը: Այնպես որ, ամենակարեւորը մեր երկրի խաղաղությունն է, որպեսզի մարդիկ առանց տագնապների ապրեն ու անընդհատ չկանգնեն նման երկընտրանքների առաջ:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 3701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai