Enerex-ն էլեկտրաէներգիայի դիմաց ավելի քիչ վճարելու հնարավորություն է տալիս

04.12.2023 | 22:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Դարոյնք» #«Հիտեքս Պլաստիկ» #Enerex
«Դարոյնք»-ը եւ «Հիտեքս Պլաստիկ»-ը ընդամենը երկուսն են այն բազմաթիվ ընկերություններից, որոնք էլեկտրաէներգիա են գնում ոչ թե ՀԷՑ-ից, այլ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում գործունեություն ծավալող եւ փաստացի առաջին վաճառքն իրականացրած ընկերությունից՝ Enerex-ից։

Ավելի քիչ գումար՝ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց

2022թ․ փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկան ազատականացվել է։ Շուկայում վերացել է մենաշնորհը, այսինքն` նախկին մեկ գնորդ եւ մեկ վաճառող մոդելն այլեւս չի գործում։ Ազատականացված շուկան, նախ, մեծ դռներ բացեց բարձր լարման սպառողների համար, եւ խոշոր ընկերություններից շատերը սկսեցին վերագնահատել իրենց էներգետիկ ռազմավարությունը:  

«էլեկտրաէներգիայի այն սպառողները, որոնք անմիջապես միացված են հաղորդման ցանցին կամ արտադրողին, կարողացան օգտվել նոր շուկայի հնարավորությունից։ Շուկայի ազատականացումն առհասարակ բոլորին տալիս է մրցակցային հնարավորություններ։  Սպառողի տեսանկյունից շուկայի ազատականացումը բերում է ավելի էժան սակագնի, քան առաջարկվում էր նախկինում»,- ասում է Enerex ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը։

Ինչո՞ւ օգտվել էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայից

Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Դարոյնք» ընկերությունն, օրինակ, 2023թ. մայիսից սկսեց ավելի քիչ վճարել էլեկտրաէներգիայի դիմաց․

«Էլեկտրաէներգիայի համար ավելի քիչ վճարելուց բացի նաեւ կարեւոր է որակյալ ծառայությունների փաթեթ ստանալը։ Այո՛, դա հնարավոր եղավ նոր մատակարար ընտրելուց հետո»,-ասում է ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանը։

Երեւանում գործող «Հիտեքս Պլաստիկ» ՓԲԸ-ն էլ, որը պլաստմասե տարաների եւ շշերի նախատիպեր արտադրող խոշորագույն ընկերություն է, բիզնեսի զարգացման համար առաջնահերթ լուծեց ինչպես անխափան ու մատչելի էլեկտրաէներգիա ունենալու, այնպես էլ դրա որակյալ մատակարարման հարցերը։ Ընկերությունը նույնպես չի երկմտել նոր շուկային միանալիս, քանի որ դիտարկել է շուկայի ճկունությունը, նոր հնարավորություններն ու խնայողություն ունենալու հեռանկարը:

«Մենք վաղ թե ուշ պետք է օգտվեինք Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայից, քանի որ համարվում ենք 24/7 սպառող։ Հասկանալով նաեւ, որ ընկերության արտադրության հիմքը լայնածավալ մեքենաների եւ գործիքների ճիշտ ու անխոչընդոտ աշխատանքն է՝ գնից բացի, որակը նույնպես կարեւոր էր, ինչը, ըստ էության, կարողացավ լիարժեք ապահովել Enerex-ը»,- ասում է «Հիտեքս պլաստիկ» ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Սաֆարյանը։

Նոր շուկա՝ չեզոքացված ռիսկեր

Ցանկացած ընկերություն, որը փորձում է նոր շուկա մուտք գործել, նախ, շուկայի վերլուծություն է կատարում ու գնահատում ռիսկերը։ «Հիտեքս պլաստիկը» դարձավ Enerex-ի հաճախորդ նախեւառաջ այն բանի համար, որ մատակարար ընկերությունը մշակեց ռիսկերը չեզոքացնող աշխատանքային քարտեզ: «Շատ բաներ մեզ համար ռիսկային էին թվում, օրինակ՝ նոր մատակարար ընտրելով՝ կունենա՞նք արդյոք  անխափան էլեկտրաէներգիա, թե ոչ, կամ եթե էլեկտրաէներգիայի խափանում լինի, ո՞վ է լուծելու այդ հարցը՝ նոր մատակարա՞րը, ՀԷ՞Ց-ը, թե՞ այլ օղակ եւ այլն։ Շուկային միանալուց հետո, հավատացե՛ք, նման խնդիրների առջեւ դեռեւս չենք կանգնել, քանի որ Enerex-ը ամբողջությամբ տվել է մեր բոլոր հարցերի պատասխաններն ու լուծման տարբերակները»,- փաստում է Դավիթ Սաֆարյանը։

Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Enerex-ի վրա

Ընկերությունները մատակարար ընտրելիս  առաջնորդվել են այնպիսի գործոններով, ինչպիսիք են մատակարար ընկերության հուսալիությունն ու համբավը, առաջարկվող գնառաջարկի ճկունությունը, որակյալ ու ամբողջական շղթան ապահովող ծառայությունը եւ այլն։ Ըստ «Դարոյնքի» տնօրեն Գեւորգ Խաչատրյանի՝ անցումը այլ մատակարարի շատ սահուն ստացվեց, քանի որ վերջինս ներկայացրել է ծառայությունների ամբողջական փաթեթ։

Փաստաթղթավորման ամբողջ գործընթացով զբաղվել է Enerex-ը՝ «Դարոյնքին» ազատելով բյուրոկրատական թղթաբանությունից: «Հնից հրաժարվելու եւ նոր մատակարարից էլեկտրաէներգիա գնելու գործընթացը չափազանց հեշտ, առանց խոչընդոտների անցավ։ Ավելին՝ ստանում ենք այնպիսի առավելություններ, որոնք մենաշնորհային շուկայում հնարավոր չէր ապահովել։ Արդյունքում՝ նույն էլեկտրաէներգիան ենք օգտագործում, միայն թե ավելի մատչելի արժեքով»,- նշում է ընկերության տնօրենը։

Ծառայության որակը՝ շուկայի զարգացման հեռանկար

Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայից օգտվելիս որակյալ ծառայություն ստանալը նույնքան արժեքավոր է, որքան ֆինանսական կորուստներ չունենալը, ինչն էլ իր հերթին շուկայի զարգացման նոր հեռանկարներ է բացում: «Մենք այս կարճ ժամանակահատվածում գրանցել ենք հաջողություններ թե՛ ֆինանսական խնայողությունների, թե՛ որակյալ էլեկտրաէներգիա ստանալու եւ թե՛ կորուստներ չունենալու առումով։ Enerex-ի ծառայությունների փաթեթը՝ սկսած էլեկտրաէներգիայի մատակարարումից, մինչեւ խորհրդատվություն, էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի զարգացման համար հիմնարար քայլեր են»,- եզրափակեց Դավիթ Սաֆարյանը։

Նպաստել մենաշնորհի վերացմանը

«Դարոյնքի» ու «Հիտեքս պլաստիկի» մուտքը էլեկտրաէներգիայի ազատականացված շուկա օրինակ է, թե ինչպես է հնարավոր առանց խոչընդոտների ու ռիսկերի էլեկտրաէներգիա գնել մատակարար ընկերությունից, էականորեն կրճատել ծախսն ու նպաստել մենաշնորհային շուկայի վերացմանն ու ազատականացված շուկայի կայացմանը։

««Դարոյնք», «Հիտեքս պլաստիկ» եւ տասնյակ այլ ընկերությունների հետ բանակցություններում մենք առաջնահերթ ներկայացրել ենք ազատականացված շուկայի այն առավելությունները, որոնց շնորհիվ ձեւավորվում է էլեկտրաէներգիայի ճկուն արժեքը: Հենց այդ մեխանիզմի շնորհիվ է, որ խոշոր սպառողները կարողանում են ավելի մատչելի էլեկտրաէներգիա սպառել»,- ասում է Enerex ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը։

Ի դեպ, էլեկտրաէներգիայի մատակարարման հայաստանյան շուկայում այդ մեխանիզմին տիրապետում է միայն Enerex-ը, որը Shtigen Group-ի մաս է կազմում։

Թե ինչպես է ձեւավորվում էլեկտրաէներգիայի մատչելի արժեքը, կարդացե՛ք այստեղ. https://enerex.am/articles/flexible-electricity-tariff/:  

Արեւիկ Ասատրյան
Դիտում՝ 3166
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai