Վերափոխել տարածքները՝ ստեղծելով նոր հնարավորությունների կենտրոններ, որոնք իրենց հերթին կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին եւ զարգացմանը: Ահա այսպիսի առաքելությամբ է իր գործունեությունը սկսել նորաբաց Green Rock Management Group ընկերությունը: Green Rock-ի տեսլականի, իրականացվող նախագծերի եւ դրանց սոցիալական ազդեցության մասին Banks.am-ը զրուցել է ընկերության հիմնադիր Մարետա Գեւորկյանի հետ:- Տիկին Գեւորկյան, Green Rock ընկերության անունը հասարակության լայն շերտերին դեռեւս ծանոթ չէ: Խնդրում եմ, ներկայացրեք` ինչո՞վ է զբաղվում ընկերությունը եւ ո՞րն է ընկերության առաքելությունը:- Green Rock Management Group-ը միջազգային ընկերություն է, որն իր գործունեությամբ ցանկանում է աշխարհին ներկայացնել Հայաստանի նոր կերպարը, ցույց տալ երկիրը եւ նրա համայնքները բոլորովին անծանոթ կողմից։ Հենց այդ նպատակով էլ Green Rock-ն իրականացնում է բիզնես եւ սոցիալական մի շարք նախագծեր, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական աճի խթանմանը, սոցիալական բարեկեցությանը եւ շրջակա միջավայրի պահպանմանը: Լուսանկարը՝ Green Rock Management Group «Ձեւավորելով գերազանցության միջավայր», սա մեր կարգախոսն է, ինչն էլ համառոտ պատմում է մեր առաքելության մասին. վերափոխել տարածքները՝ ստեղծելով նոր հնարավորությունների կենտրոններ, պահպանել տեղի մշակույթը եւ միջավայրը, ներկայացնել նոր բիզնես գործընթացներ, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսական աճին։Այս պահին ընթացիկ մի շարք նախագծեր ունենք, որոնցից որոշներն իրականացվում են Երեւանում, որոշները՝ Դիլիջանում: Բոլոր նախագծերի գլխավոր նպատակը Հայաստանի կայուն զարգացմանը նպաստող բազմաֆունկցիոնալ միջավայրի ձեւավորումն է: - Նշեցիք, որ նախագծերի հիմնական մասն այս պահին կապված են Դիլիջանի հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված։- Կարծում եմ՝ Դիլիջանը Հայաստանի այն քաղաքն է, որը հնարավորությունների տեսանկյունից դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ: Թվում է՝ վերջին տարիներին Դիլիջանի զարգացման համար գրեթե բոլոր հնարավոր պայմանները ստեղծվել են, բայց մեր ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ տարբեր ենթակառուցվածքների մասով քաղաքը բացահայտելու եւ ներկայացնելու դեռ բավական անելիք կա: Մենք որոշել ենք հանձն առնել դա: Անձնական մոտիվներ էլ են եղել. ես ծնվել եւ մեծացել եմ Դիլիջանում, բայց, իհարկե, այստեղ առաջնային դեր է խաղացել այն ներուժը, որն ունի Դիլիջանը:- Ձեր նախագծերից Դիլիջանի մարզահամալիրի վերակառուցումն արդեն ավարտվել է եւ դեկտեմբերի 9-ին կհանձնվի քաղաքի բնակիչներին: Ինչպե՞ս ծագեց միտքը քաղաքին նման նվեր անելու եւ ինչո՞վ էր պայմանավորված մարզադպրոցի ընտրությունը:- Ցանկացած համայնքում մարզադպրոցի առկայությունը շատ կարեւոր քայլ է տվյալ մարզի սպորտային կյանքի զարգացման համար: Այն խթանում է առողջ ապրելակերպը, կրթությունը, ինչպես նաեւ մարզի երեխաներին օգնում հասնել շատ բարձունքների այս բնագավառում: Հենց այս նպատակներից ելնելով էլ մեր ընկերությունը որոշեց հանձն առնել մարզադպրոցի վերակառուցումը: Լուսանկարը՝ Green Rock Management Group Շինությունը բավական անբարեկարգ վիճակում էր գտնվում, իսկ այս պահին դիլիջանցիներին ունեն նորագույն տեխնոլոգիաներով հագեցած եւ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոց: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են համայնքի հետ արդյունավետ համագործակցությամբ, ինչի համար շնորհակալ եմ մարզպետարանին եւ քաղաքապետարանին:Ներկայում դպրոցում պրոֆեսիոնալ սպորտով կարող են զբաղվել մինչեւ 500 հոգի: Ժամանակին այնտեղ միայն ուժային մարզաձեւերով էին զբաղվում, իսկ աղջիկների ներգրավվածությունը նվազագույն է եղել կամ ընդհանրապես չի եղել: Մեր համառ ջանքերի շնորհիվ դպրոցում գործող ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի խմբակներին ավելացել է նաեւ գեղարվեստական մարմնամարզության խմբակը, ինչը կապահովի նաեւ երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը: Նշեմ, որ խմբակներն անվճար են բոլորի համար: Լուսանկարը՝ Green Rock Management Group Լիահույս ենք, որ մարզադպրոցն ապահով ձեռքերում է, քանի որ տնօրենը եւս դիլիջանցի է եւ մաքսիմալ հոգատար ու սրտացավ կլինի դպրոցի աշխատանքի նկատմամբ:- Տիկին Գեւորկյան, աշխարհում անկայուն իրավիճակ է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Դա հսկայական ազդեցություն ունի բազմաթիվ բիզնեսների վրա: Ինչպե՞ս է Green Rock-ը որոշել ռիսկի դիմել նման պայմաններում:- Չնայած անկայուն իրավիճակին՝ մեր ընկերությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որը ձգողականության գործոնով կհրավիրի գործարար համայնքի եւ զբոսաշրջիկների ուշադրությունը մեր երկրի վրա: Մենք ձգտում ենք սահմանել նշաձող սոցիալական ազդեցության ոլորտում, ապահովել մարզերի համապարփակ զարգացումը՝ տարածելով նորարարության մշակույթը, տեղական առաջնորդից վերածվել տարածաշրջանում եւ միջազգային հարթակներում ճանաչված ուժի։Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 10672