Healthy Box-ն արդեն 10 տարի օգնում է օրը սկսել եւ ավարտել առողջ սննդով

06.07.2023 | 22:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Healty Box
Առավոտյան 07։00-ին Healthy Box-ի աշխատակիցները սկսում են առաքումները։ Պայուսակ-սառնարաններում առողջ, համեղ ու բազմազան սնունդ է՝ նախատեսված ողջ օրվա համար։ Սննդակարգը կազմված է հաճախորդի նախասիրություններին, օրգանիզմի կարիքներին համապատասխան։ Առաքումներն ավարտելուց անմիջապես հետո պլանավորվում է հաջորդ օրվա աշխատանքը։ Տարվա ընթացքում Healthy Box-ը չի գործում միայն 5 օր՝ Ամանորի օրերին, կազմակերպությունում ասում են՝ առողջ սնվողների, քաշ գցող կամ ավելացնողների համար հանգստյան օրեր չկան։
 
Healthy Box ընկերությունը հիմնադրվել է 10 տարի առաջ՝ 2013 թվականին։ Հիմնադիրներ Անահիտ Յուզբաշյանն ու Լիլիթ Մարգարյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել են աշխատանքի 24-ժամյա ցիկլի, առողջ սննդի եւ տարին գոնե մեկ անգամ օրգանիզմին «նվեր անելու» կարեւորության մասին։

Նիհարել առանց սահմանափակումների

Անահիտ Յուզբաշյան․ Healthy Box ընկերության համահիմնադիր

Տասը տարի առաջ մարդիկ չէին պատկերացնում, որ իրենց ամբողջ օրվա սննդակարգը կարող է որոշել եւ պատրաստել այլ մարդ, հիմա սա լավագույն լուծում է նրանց համար, ովքեր ուզում են առողջ սնվել կամ հրաժարվել ավելորդ կիլոգրամներից։

Անահիտ Յուզբաշյանը


Ես եւ Լիլիթը միշտ փորձել ենք հետեւել մեր սննդին, դրա համար էլ որոշեցինք հիմնել առողջ սննդի առաքման ծառայություն։ Մինչեւ առաջին առաքումները նախապատրաստական երկար աշխատանքներ էինք արել՝ պայմանագրեր էինք կնքել արտասահմանյան բժշկական համալսարանների հետ, սննդակարգեր ձեռք բերել, վերամշակել եւ հարմարեցրել հայերի քիմքին։ Հետազոտական խումբ էինք ստեղծել, որի անդամներն ամեն օր ստանում էին առողջ սննդի իրենց չափաբաժինը։ Կարեւոր էր, որ համտեսեին եւ կարծիք հայտնեին սննդի մասին, բայց առավել կարեւոր էր, որ քաշ կորցնեին, միայն այս կերպ կհասկանայինք՝ ձեռք բերված ծրագրերն արդյունավե՞տ են, թե՞ ոչ։ Ժամանակի հետ համոզվեցինք դրանց արդյունավետության հարցում եւ ներկայացանք սպառողներին։



Կազմակերպության առաջին անվանումը «Առողջ սնունդ» էր եւ այն նպաստում էր ճանաչողական առումով, որովհետեւ մեկ-երկու տարի պահանջվեց մարդկանց բացատրելու համար, թե ով ենք եւ ինչով ենք զբաղվում, մեր ծառայությունից օգտվելիս ինչ կարող են ստանալ։ Որդեգրեցինք կարգախոս՝ «Նիհարում ենք ուտելով», ասելիքն այն էր, որ մարդիկ կարող են քաշ կորցնել առանց սահմանափակումների, պարզապես բալանսավորված սնվելով։

Լիլիթ Մարգարյան․ համահիմնադիր, տնօրեն, բժիշկ սննդաբան

Սննդի արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ զարգացել են նաեւ ներկանյութերի, հավելումների արդյունաբերությունը, որոնցով լցված է սնունդը եւ կախվածության մեջ է դնում սպառողին՝ երեխաներին, դեռահասներին ու մեծահասակներին։ Այնպես է ստացվում, որ մարդն օրվա ընթացքում ավելի շատ կալորիա է ստանում, քան օրգանիզմը հասցնում է ծախսել։ Նստակյաց կյանքը, ժամանակի սղությունը, կիսաֆաբրիկատները, պատրաստի սնունդը, քաղցրավենիքի տեսականու գայթակղությունը նպաստում են ավելորդ քաշի խնդրին։

Լիլիթ Մարգարյանը


Երբ մտածում էինք այս բիզնեսը հիմնելու մասին՝ մտքերի փուլում ես ու Անահիտը հասկացանք, որ որեւէ մեկիս շրջապատում չկա գեթ մեկ մարդ, որն իր կյանքի որեւէ փուլում ավելորդ կիլոգրամների խնդիր ունեցած չլինի, այդ պատճառով շուկային ներկայացանք քաշի նվազեցման ծրագրերով, իսկ այժմ տարբեր բնույթի 22 ծրագիր ունենք։

Օգնել օրգանիզմին՝ բեռնաթափվել

Լիլիթ Մարգարյան․ Մեր սննդակարգերից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել հատուկ գրանցման փուլ, որը նախատեսում է մի շարք հարցեր։ Դրանց օգնությամբ մասնագետները հասկանում են, թե ինչ ծրագիր է անհրաժեշտ առաջարկել, որ տեսակի սննդակարգն ավելի արդյունավետ կլինի։ Մեր հիմնական ծրագրերի կառուցվածքը բալանսավորված սննդակարգն է։ Մարդու քաշից ելնելով տալիս ենք սպիտակուց, ճարպ, ածխաջրածինների քանակ եւ ստեղծելով կալորիաների դեֆիցիտ, կարողանում ենք հասնել իր ուզած արդյունքին՝ քաշի նվազեցման։ Նախապես հաճախորդին բացատրում ենք՝ ինչ է սպասվում իրեն, ինչպիսի սնունդ է ստանալու եւ ինչ կարող է ակնկալել։



Հաճախորդներին նաեւ առաջարկում ենք 1, 3 եւ 7-օրյա դետոքս ծրագրեր։ Ես՝ որպես բժիշկ, փաստում եմ, որ չկա սննդային որեւէ զարմանահրաշ բաղադրիչ, որով հնարավոր է դետոքս անել, փոխարենը պետք է իմանալ, որ դետոքս անում է մեր լյարդը՝ մյուս օրգանների հետ միասին։ Դետոքս ծրագրերի առաքելությունը լյարդին եւ մեր ամբողջ օրգանիզմին աջակցելն է, մաքսիմալ էներգիա, վիտամիններ եւ բեռնաթափման հնարավորություն տալը։

Լիլիթ Մարգարյանը


Ծրագրերի ընթացքում կապ ենք հաստատում հաճախորդների հետ, պարզելու նրանց ինքնազգացողությունը, քաշի կորուստը կամ ավելացումը։ Բացի այն, որ հաճախորդը ծրագրի ավարտից հետո ստանում է էլեկտրոնային հարցաթերթիկ, որը պետք է լրացնեն եւ իրենց կարծիքը հայտնեն ծառայության մասին, ամեն օր իրենց մենյուի թերթիկի հակառակ կողմում կարող են գնահատել մեր ծառայության բոլոր օղակների աշխատանքը։ Ամիսը մեկ անգամ այդ թերթիկներով օնլայն խաղարկություն ենք անում եւ ունենում ենք նվերներ։ Ունենք բոնուսային համակարգ, երկարատեւ օգտվողները նաեւ զեղչերի հնարավորությունից են օգտվում։

Օրը սկսել եւ ավարտել առողջ սննդով

Անահիտ Յուզբաշյան․ Մեր կայքում ներկայացված ծրագրերի կեսը ստանդարտ է, բայց նույնիսկ դրանք գրանցման համար մոտ կես ժամ են խլում, այնուհետեւ տեղեկատվությունը վերլուծում ենք։ Երբեմն, մարդկանց թվում է՝ կարող են առավոտյան 9-ին պատվեր գրանցել եւ նույն օրը ստանալ։ Մեզ մոտ առաքումների ավարտից հետո արդեն գիտենք, թե որքան եւ ինչ մթերք է անհրաժեշտ հաջորդ օրվա համար, այդ պատճառով հնարավոր չէ նոր պատվեր գրանցելու կամ հաջորդ օրվա սննդակարգից հրաժարվելու համար դիմել։ Ցերեկվա ընթացքում սնունդը մշակվում է, գիշերը խոհարարներն աշխատում են, առավոտ ծեգին գալիս են պայուսակ հավաքողները եւ դրանից հետո առաքիչները հերթով տանում են պայուսակ-սառնարանները։ Սա թիմային աշխատանքի մեծ ցիկլ է, եթե բոլոր փուլերն իրենց հերթականությամբ այսօր չհասնեն ավարտին, ապա վաղն առավոտյան պայուսակը հասցեատիրոջը չի հասնի։

Անահիտ Յուզբաշյանը


Պայուսակներում կա թերթիկ, որի վրա մեծ աշխատանք է տարվում, գրանցման ընթացքում քննարկում ենք նաեւ մարդու ռեժիմը, ընդմիջումները, յուրաքանչյուրի համար կազմում ենք մենյու եւ համարակալում տարաները։

Մեր ամենապահանջված ծրագրով պատվիրատուն օրը սկսում է թարմ քամած հյութով եւ նախաճաշով առաքումներն անում ենք առավոտյան 7-11-ը, դրանից հետո առաքում չենք անում, որովհետեւ մարդը չի կարող առողջ սնվել ժամը 11-ից հետո։ Քաշը կորցնելու ընթացքում նաեւ քնի ռեժիմն է պետք կարգավորել։ Նախաճաշից մեկ-երկու ժամ հետո առանց շաքարի քաղցրավենիք ուտելու ժամն է, ցերեկը՝ ապուրի, աղցանի, մսային ուտեստի, 17։00-18։00-ն՝ մրգի, երեկոյան՝ կախված անհատական ծրագրից, հաճախորդը աղցան կամ մսային ուտեստ է ունենում։ Քանի որ բալանսավորված սննդակարգի մասին ենք խոսում՝ պայուսակի մեջ կա ամեն ինչ կաթնամթերք, մսամթերք, ձուկ, բանջարեղեն, միրգ։ Հաճախորդներին չենք զրկում որեւէ սեզոնային մրգից։



Ծրագրերն այնքան բազմազան են, որ 14 օրվա կտրվածքով ուտեստները չեն կրկնվում, բացառությամբ մրգերի։ Երբ մարդ ուզում է 1-2 կգ քաշ կորցնել, կարող է մի քանի օր սահմանափակում անել սննդակարգում, ինքն իր համար ուտելիք պատրաստել, բայց եթե որեւէ մեկն ավելորդ քաշի լուրջ խնդիր ունի եւ նիհարելու համար երկար ժամանակ է պահանջվելու, ապա ամբողջ օրը խոհանոցում անցկացնել չի կարող, դրա համար էլ մարդիկ ի վերջո մոնոդիետաներ են անում, վերջում էլ բարկանում ու սկսում ամեն ինչ ուտել։

«Տարիների ընթացքում սխալ սնվելու արդյունքը երեք օրում շտկել հնարավոր չէ»

Լիլիթ Մարգարյան․ Մեր պայուսակը մոտ 1-1,5 կգ սնունդ է պարունակում, դրանք փորձում ենք համադրել մարդու անհատական ցանկությունների, նախասիրությունների եւ խնդիրների հետ։ Միայն մթերք ենք գնում, ուտեստները, հացը, հյութերը պատրաստում են մեր խոհարարները։ Մեզ համար կարեւոր է ճիշտ հաշվարկել սննդի սպիտակուցները, ածխաջրերը։ Տանը մարդիկ կարող են մոտավոր հաշվարկներով առաջնորդվել, մենք՝ ոչ, դրա համար խոհանոցի բոլոր սեղաններին կշեռքներ են դրված։

Լիլիթ Մարգարյանը


Ծրագրերը մեզ մոտ զանազան են, իսկ դրանց թիվն աճել է ըստ պահանջարկի։ Եթե մարդն օգտվում է քաշի նվազեցման, ավելացման կամ բալանսավորված սնվելու ծրագրից, ապա պետք է գոնե 14-20 օր շարունակի։ Տարիների ընթացքում սխալ սնվելու արդյունքը երեք օրում շտկել հնարավոր չէ, ժամանակ է պետք, որ օրգանիզմում փոփոխություններ լինեն, ռեժիմ ձեւավորվի։ Մարդիկ, իհարկե, կարող են երեք օր օգտվել մեր սննդակարգից, որպեսզի ծանոթանան ծրագրին, հասկանան՝ իրենց քիմքին, ռեժիմին հարմա՞ր է այդ տեսակ սնվելը, թե՞ ոչ։

Healthy Box-ի սննդից օգտվող մարդիկ կարգավորում են իրենց նյութափոխանակությունը եւ չարաշահումների արդյունքում շատ արագ չեն վերադարձնում հին կիլոգրամները, որովհետև ամեն ինչ ստանալով են նիհարել։



Եթե մտովի հետ գնանք դեպի անցած տասը տարիներ, ապա կարող եմ ասել, որ մարդկանց գիտակցությունը, վերաբերմունքը սննդին, առողջ սնվելուն շատ է փոխվել։ Մենք էլ մեր ներդրումն ունենք այդ հարցում։ Մեր ծրագրից օգտվելուց հետո մարդիկ նաեւ փորձում են հիմնական կենսակերպ դարձնել, որովհետեւ սեփական քաշից, արտաքին տեսքից գոհ լինելը շատ ավելի երկարատեւ հաճելի վիճակ է, քան ամեն օր ուտել մի փոքր թեկուզ շատ համեղ քաղցրավենիք եւ հետո տանջվել դրա պատճառով։

Երբ նոր էինք սկսում այս գործը, ավելի շատ միջին կամ ավագ սերնդի ներկայացուցիչներն էին մեզ դիմում, որոնք ունեին քաշի կամ առողջական խնդիրներ, այժմ երիտասարդները եւս շատ ակտիվ դիմում են։ Մարդիկ բծախնդիր են դարձել իրենց արտաքինի հարցում, անգամ 1-2 կիլոգրամից ազատվելու համար կարող են օգտվել մեր ծրագրերից։

Անահիտ Յուզբաշյան․ Եթե սկզբում զուտ ծառայություն էինք ներկայացնում, հաճախորդների գրանցած արդյունքների մասին խոսում, հիմա հաճախորդների հետ խոսելիս շատ ենք ասում, որ չպետք կենտրոնանալ քաշի վրա, որովհետեւ ծառայությունից օգտվելու օգտակարությունը շատ ավելի կարեւոր է, քան 2-3 կիլոգրամ կորցնելը։ Մեր օրգանիզմն ունի խնամքի կարիք, ցանկացած մարդ կարող է դա անել ինքնուրույն կամ մեզ դիմելով։ Տարվա ընթացքում 1-2 անգամ օրգանիզմին այսպիսի նվեր անելը առողջության եւ երկարակեցության համար մեծ ներդրում կլինի։ Մեր ծրագրերից օգտվողներն ասում են, որ 3-4-րդ օրն արդեն էներգիայով լի են լինում, փոխվում է մաշկի որակը, բարձրանում է աշխատունակությունը։

«Հայաստանում առողջ սնունը կապվում է մեր անվան հետ»

Անահիտ Յուզբաշյան․ Անցած տասը տարիների ընթացքում չեմ հիշում մեկ օր, որ մեզ մոտ թեկուզ փոքրիկ փոփոխություն եղած չլինի։ Զարգանալը մեզ շատ է առաջ տանում։ Մեր բիզնեսի ամենահանգուցային մասը խոհանոցն է եւ անցած տասը տարիներին երեք անգամ ընդլայներ ենք խոհանոցը, անվերջ տեխնիկական ներդրումներ ենք անում։ Առաջիկա տարիներին մեր նպատակն է ավելի շատ հաճախորդներ սպասարկել, ավելի քիչ սխալներով եւ շուկայում ավելի տեսանելի լինելով։

Անահիտ Յուզբաշյանը


Ծրագրային մեծ ներդրումներ ենք անում։ Հուսով ենք կընդլայնվենք, կկարողանանք Հայաստանի շրջաններ եւս առաքումներ անել։ Այժմ կարողանում ենք Գյումրի, Վանաձոր, Կոտայքի մարզ առաքումներ կազմակերպել, բայց ոչ մեծ ծավալներով։ Հուսանք՝ դա եւս հնարավոր կլինի ապագայում։

Վերջերս EBRD-ի ֆինանսավորմամբ մեծ մարքեթինգային հետազոտություն արեցինք եւ հազարից ավելի հարցվողների մեծ մասն ասաց, որ Հայաստանում առողջ սնունը կապվում է մեր անվան հետ։ Դաշտը մեծ է, մրցակիցները շատ են, բայց լավագույն գնահատականը այս տարիներին վերադարձող հաճախորդներն են։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ Healthy Box-ի
Դիտում՝ 14437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai