InTech Armenia 2023. Թվայնացումը, ՏՏ անվտանգությունն ու խնդիրները, որոնց կբախվենք վաղը

31.03.2023 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#InTech Armenia 2023
Տեղեկատվական տեխնոլոգիաները բոլորիս կյանքի անբաժան մասն են: Մենք դրանց միջոցով շփվում ենք, կատարում բանկային գործարքներ, լուծում առողջապահական հարցեր, որպես քաղաքացի՝ կապ պահում պետության հետ: Ոլորտները, որոնցում այսօր կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաներն հնարավոր չէ թվարկել: Թվայնացման նման մեծ մասշտաբների պայմաններում կարեւորագույն մարտահրավեր է դարձել ՏՏ անվտանգությունը. ոչ ոք չի վստահի բանկին, որը չի կարողանում պաշտպանել սեփական թվային ենթակառուցվածքները:



ՏՏ ոլորտում եղած մարտահրավերներն ու այս առումով Հայաստանում բիզնեսի կարիքները քննարկելու նպատակով Noventiq Armenia ընկերությունը կազմակերպել է InTech Armenia 2023 «From Trend to Standard: Digitalization as a Key Development Factor» համաժողովը: Դրան մասնակցել են այնպիսի գլոբալ ընկերությունների բիզնես ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ CheckPoint, Lenovo, Veeam, Vonage, NVIDIA, RSA եւ այլն։

Banks.am-ը ներկա է եղել համաժողովին ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները:

Սարգիս Հարությունյան, Noventiq Armenia ընկերության գլխավոր տնօրեն

Noventiq ընկերությունը Հայաստանում գործում է 15 տարի: Այն ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում: Ծառայություններ ենք մատուցում ՏՏ ոլորտի գրեթե բոլոր ուղղություններում՝ սկսած ծրագրային ապահովումից ու սարքավորումների վաճառքից, մինչեւ բարդ նախագծերի ներդրում: Հայաստանում մեծ փորձ ունենք նաեւ ՏՏ անվտանգության առումով:  

Սարգիս Հարությունյանը


Թվայնացնումն այսօր մեր կյանքի անբաժան մասն է ու այս գործընթացը պետք է ապահով լինի: Այսօր չկա որեւէ ոլորտ, որում տեղեկատվական տեխնոլոգիաները չեն արագացնում կամ չեն էժանացնում բազմաթիվ գործընթացներ: Այսօրվա համաժողովը նախաձեռնել ենք, որպեսզի քննարկենք հենց այս միտումները: Այստեղ ներկա են համաշխարհային խոշորագույն ընկերություններ, որոնք ավտոմատացման, անվտանգության ապահովման հարցում ունեն ասելիք ու կարող են մի շարք լուծումներ առաջարկել հայաստանյան բիզնեսներին:

Անահիտ Պարզյան, «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրեն

«Նորք» տեխնոլոգիական կենտրոնը թվային հարթակներ է մշակում պետության համար՝ զբաղվածության ու սոցիալական ծառայությունների ոլորտներում: Այսօրվա պայմաններում սա բավականին բարդ է, քանի որ բիզնես ծառայություններն առաջարկում են բազմաթիվ ինտերակտիվ թվային հարթակներ ու պետությունը պետք է փորձի մրցել դրանց հետ: Մենք փորձում ենք մշակել այնպիսի տեխնոլոգիաներ ու լուծումներ, որ քաղաքացին ցանկանա դրանց միջոցով շփվել պետության հետ:

Անահիտ Պարզյանը


2020թ.-ից հետո մեր հարթակները վերափոխման փուլում են: Ընդ որում, մենք տարբերակում ենք վերափոխումն ու ավտոմատացումը, քանի որ սոցիալական ծառայությունների ոլորտում շատ բարդ է իրականացնել ավտոմատ գործընթացներ: Սա ոլորտ է, որն առնչվում է մարդանց, նրանց կյանքին ու ընտանիքներին, որոնք բարդ իրավիճակում են: Անցյալ տարի մենք ներդրել ենք վերլուծական պորտալ, որն աշխատում է արհեստական բանականության հիման վրա: Այս տեխնոլոգիական լուծումը մշակել է վերջին 6 տարվա տվյալներ ու դրանց հիման վրա կատարել վերլուծություն, թե պետական որ ծրագրերն են առավել արդյունավետ ու կիրառվող: Սա շատ լավ հնարավորություն է եղած գործընթացները կատարելագործելու համար:

Գրիգորի Պրյալուխին, Lenovo ընկերության պրոդուկտ մենեջեր

Ես եւ Lenovo ընկերության իմ գործընկերները եւս պետության հետ աշխատելու մեծ փորձ ունենք: ԱՊՀ երկրներում արդեն իսկ իրականացրել ենք պետական ամպային ծառայությունների նախագծեր, աշխատել ենք նաեւ որոշ այլ ծառայությունների մշակման ուղղությամբ: Իհարկե, մեծ փորձ ունենք նաեւ բիզնեսի հետ աշխատանքում:

Գրիգորի Պրյալուխինը


Այսօր շատ ենք լսում պետական ծառայությունների թվայնացման, ավտոմատացման ու ամպային տեխնոլոգիաների կիրառման մասին: Պետք է հասկանալ, որ այս բոլոր բառերի թիկունքում բազմաթիվ մարդկանց հսկայածավալ աշխատանքն է: Նրանք նախագծում են այդ լուծումները, ներդրում դրանք ու հետեւում, որ առանց խափանումների աշխատեն: Մենք հասկանում ենք, որ բոլոր պետական կառույցների ու նույնիսկ՝ մասնավոր ընկերությունների վրա ազդում են որոշակի պահանջներ, կան անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող օրենքներ ու այս բոլոր խնդիրների մասին պետք է մտածել, այդ թվում՝ դիմակայել տեղեկատվական անվտանգության մարտահրավերներին: ՏՏ անվտանգությունն այսօր լրջագույն խնդիր է: Իզուր չէ, որ պարբերաբար լսում ենք վտանգավոր հարձակումների կամ տվյալների արտահոսքի մասին:  

Շավարշ Ոսկանյան, Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների  բաժնի պետ

Տվյալների պաշտպանությունն իսկապես չափազանց կարեւոր է: Մենք այս հարցը լուծում ենք հիբրիդային եղանակով. տվյալները, որոնք գաղտնի են, վերաբերում են հաճախորդին, պահում ենք սեփական, լոկալ «ամպում», իսկ ենթակառուցվածքային տվյալները պահելու համար կիրառում ենք միջազգային ամպային տեխնոլոգիաներ: Տեխնոլոգիաներն ու այս ոլորտում եղած մարտահրավերները շատ արագ են փոխվում: Այսօր մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ծագելու են 3-5 տարի հետո:

Շավարշ Ոսկանյանը


Այս առումով կարեւոր է սեփական աշխատակիցների շարունակական կրթությունը: Բանկում առանձին «Learning and development» թիմ ունենք, որը զբաղվում է անձնակազմի կրթության շարունակականությամբ: Շատ ենք խրախուսում նաեւ ինքնակրթությունը:

Յուլիա Մեդվիդ, Vonage ընկերության գործընկերների հետ աշխատանքի գծով ավագ մենեջեր

Այսօր շուկայում կարեւոր է լինել այնտեղ, որտեղ մեր հաճախորդն է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմա մարդկանց մեծ մասը տեղափոխվում է չաթեր, մարդիկ զանգերի փոխարեն նախընտրում են տեքստային հաղորդակցությունը, հետեւաբար՝ ընկերությունները եւս պետք է լինեն այստեղ: Մեր խնդիրն է ստեղծել հնարավորություն, որ հաճախորդը հեշտ շփվի բիզնեսի հետ:

Յուլիա Մեդվիդը


Կյանքն այսօր շատ ավելի արագ է եւ մարդը չի ցանկանում զանգահարել կոնտակտային հեռախոսահամարով ու կես ժամ սպասել պատասխանի: Կարծում եմ՝ ապագայում բիզնեսին ու շուկային սպասվում են ոչ թե պարզապես բոտեր, որոնք կասեն՝ «սեղմեք 1 ու սպասեք», այլ բոտեր, որոնք կլսեն ձեր ձայն ու կպատասխանեն եղած հարցերին: Վստահաբար շատերն այստեղ գիտեն ChatGPT-ի մասին, կարծում եմ՝ հենց այսպիսի տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա մեզ առավել մոտ լինել հաճախորդներին:

Վյաչեսլավ Ալիսեևիչ, Noventiq ընկերության կիբերանվտանգության տնօրեն Կենտրոնական Ասիայիում եւ Արեւելյան Եվրոպայում

Թվային փոխակերպումը բերել է բիզնեսում որոշակի փոփոխությունների ու նոր «գլխացավանքներ» է առաջացել ընկերությունների ՏՏ անվտանգության պատասխանատուների համար: Կամայական թվայնացված ենթակառուցվածք պաշտպանության կարիք ունի: Ամեն աշխատակից, որն անցնում է հեռավար աշխատանքի, մեծացնում է կիրառվող անվտանգության միջոցառումների մասշտաբը:



Շատ կարեւոր է նաեւ ամպային լուծումների պաշտպանությունը, քանի որ այսօր բազմաթիվ տեխնոլոգիաներ են «ամպեր» կիրառում:
Եվ, իհարկե, լրջորեն աճել է արհեստական բանականության կիրառումը, որը միշտ չէ, որ «բարի» կողմից է աշխատում: Այսօր նույն ChatGPT-ին կարող է հարձակման սխեմա գեներացնել:

Ալեքսեյ Վոյնով, Noventiq ընկերության ծառայությունների գծով տնօրեն Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում

Երկու տարի առաջ նման միջոցառման ընթացքում մենք քննարկում էին՝ ինչ է թվային փոխակերպումը, այսօր տեսնում ենք, որ այն մեր կյանքի անբաժան մասն է: Որպես օրինակ՝ շատերը խոսեցին ChatGPT-ի մասին: Ես եւս կենցաղային առումով «բզբզացել» եմ այն: Տանը քիչ եմ լինում, քանի որ շատ եմ մեկնում գործուղումների: Այնպես է ստացվել, որ մարտի 8-ին եւս տանը չէի ու չէի շնորհավորել կնոջս: Արդյունքում խնդրեցի ChatGPT-ին գրել այնպիսի նամակ, որ կինս ինձ ների: Նրան, իհարկե, չպատմեցի, որ տեքստի հեղինակը ես չեմ ու նա ինձ ներեց:  

Ալեքսեյ Վոյնովը


Որպես Noventiq ընկերության ներկայացուցիչ՝ ցանկանում եմ ասել, որ մենք միշտ պետք է լինենք իրադարձությունների կենտրոնում ու մեր հաճախորդներից մեկ քայլ առաջ: Այսօր պետք է հասկանանք՝ ինչ խնդիրների եք դուք բախվելու վաղն ու առաջարկենք լուծումներ: Սա բարդ մարտահրավեր է ու դրան դիմակայելու համար ընկերությունում փշուր-փշուր հավաքում ենք համաշխարհային փորձը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 13701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai