Իրինա Սեյլանյան. Ինձ շատ հարմարավետ եւ անկաշկանդ եմ զգում բանկային համայնքում

08.03.2023 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#HSBC Հայաստան #Իրինա Սեյլանյան
Մարտի 8-ը հարմար առիթ է բացահայտելու հայաստանյան բիզնես միջավայրում գործող կին ղեկավարներին: Մենք շարունակում ենք մեր արդեն ձեւավորված ավանդույթը եւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր անկեղծ զրույցը HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ:
 
- Տիկին Սեյլանյան, Դուք ղեկավար պաշտոն եք զբաղեցնում բանկային համակարգում: Այն հիմնականում ընկալվում է որպես «տղամարդկանց տարածք»։ Ի՞նչ մարտահրավերների եք բախվել այս առումով:

- Ինչպես Հայաստանի գործարար միջավայրում ընդհանուր առմամբ, այնպես էլ բանկային համակարգում, դեռեւս գերակշռում է ղեկավար պաշտոններ զբաղեցնող տղամարդկանց թիվը: Գաղտնիք չէ, որ կին պաշտոնյաներն առօրյայում ավելի հաճախ են մարտահրավերների բախվում, քանի որ ստիպված են լինում պայքարել նաեւ հասարակության ընկալումների դեմ:

Այս առումով ես ինձ բավականին հաջողակ եմ համարում. աշխատանքային գործունեությունս սկիզբ է առել եւ շարունակվել է աշխարհի առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկում, որտեղ խրախուսվում է բազմազանությունը: Այս տեսանկյունից աշխատավայրում երբեք չեմ հանդիպել խոչընդոտների, թեեւ կարիերայիս սկզբնական շրջանում ֆինանսական ոլորտում ընկալումների հաղթահարումը  մարտահրավեր էր ինձ համար: Սեփական փորձից կարող եմ ասել, որ կարիերայի որոշակի փուլերում կանանցից ավելի մեծ ջանք է պահանջվում իրենց տեսակետը լսելի եւ ընդունելի դարձնելու համար:

Ներկայումս ես ինձ շատ հարմարավետ եւ անկաշկանդ եմ զգում բանկային համայնքում եւ հիանալի հարաբերություններ ունեմ իմ գործընկեր ղեկավարների հետ: Հավելեմ, սակայն, որ ըստ իս, ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թվի ավելացումը միայն առավելություններ կարող է ընձեռել մեր ֆինանսական ոլորտին:

- Կհստակեցնեք` որո՞նք են բիզնեսում կանանց ներգրավելու առավելությունները:

- Իմ կարծիքով, հարցը պետք է դիտարկենք ոչ միայն կանանց ներգրավման տեսանկյունից, այլեւ ընդհանրապես, կազմակերպության ներսում բազմազանության ապահովման տեսանկյունից։ Բազմազանությունն աշխատավայրում երաշխավորում է բազմակարծություն, ստեղծում է առողջ միջավայր եւ նպաստում է, որպեսզի աշխատակիցները շարունակաբար աճեն եւ իրացնեն իրենց ներուժը:

Բնականաբար, տղամարդիկ եւ կանայք ունեն տարբեր մտածելակերպ, տարբեր է նրանց փորձառությունն ու անցած ճանապարհը: Հենց այս գործոններն են ձեւավորում նրանց մոտեցումները բիզնեսում եւ ազդեցություն են ունենում իրենց ղեկավարման ոճի եւ որոշումների կայացման գործընթացի վրա: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն կազմակերպությունները, որոնց ղեկավար կազմում եւ տնօրենների խորհուրդներում ավելի շատ կանայք են ներգրավված, միջին հաշվով, ավելի լավ ֆինանսական արդյունքներ են ցուցաբերում: Այդ կազմակերպություններում ավելի շատ են կիրառվում նորարար լուծումներ, իսկ անվճարունակ դառնալու հավանականությունը պակասում է:



- Ինչպիսի՞ն է արդյունավետ առաջնորդության Ձեր մոտեցումը

- Արդյունավետ առաջնորդության շատ սահմանումներ կան, սակայն ես կառանձնացնեմ ինձ համար կարեւոր մի քանի հատկանիշներ:

Առաջնային եմ համարում ընդհանուր նպատակին հասնելու համար մարդկանց ոգեշնչելն ու մոտիվացնելը: Արդյունավետ առաջնորդը պետք է ձեւավորի հմուտ մասնագետներից բաղկացած թիմ, որոնք իրենց բնագավառում մասնագետ լինելուց բացի նաեւ գիտակցեն, որ միասին ճանապարհ ունեն անցնելու ընդհանուր նպատակին հասնելու համար՝ լի հաջողություններով եւ մարտահրավերներով: Կարեւոր է, որ այդ ճանապարհին թիմն ունակ լինի լրացնել եւ միաժամանակ առողջ կերպով քննադատել միմյանց, ինչը  կնպաստի ընդհանուր նպատակի իրագործմանը: Էական նշանակություն ունի նաեւ վճռականությունն ու ժամանակին փոփոխություններ ու շտկումներ կատարելու ունակությունը սխալ ուղղությամբ ընթանալու կամ անկանխատեսելի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում:

Երկրորդ, արդյունավետ առաջնորդորդը պետք է անկեղծ լինի, անկեղծ ինչպես մարդկանց հետ շփվելու, այնպես էլ իրենց հեղինակությունը օգտագործելու եւ հաղորդակցվելու ժամանակ։ Ընդհանուր առմամբ, առաջնորդի համար ժամանակին եւ արդյունավետ հաղորդակցությունը պետք է առաջնահերթություն լինի։

Կարեւորում եմ նաեւ աշխատակիցների համար «հոգեբանական անվտանգության» ապահովումը: Դա ենթադրում է այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ մարդիկ կարող են ազատ խոսել եւ արտահայտել իրենց մտքերը, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, իսկ սխալվելու դեպքում՝ ընդունել դրանք՝ առանց անհարմար զգալու կամ վախենալու պատժվելու հավանականությունից:

Ի վերջո, կարծում եմ, որ էներգիան եւս կարեւոր է: Վստահ եմ, որ թե՛ դրական եւ թե՛ բացասական էներգիան ազդեցություն ունի ձեզ շրջապատող մարդկանց վրա: Այդ պատճառով կարեւորում եմ դրական միջավայր ստեղծելը, որտեղ բոլորն իրենց զգում են եռանդով լի, արժեւորված եւ գնահատված:

- Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի գլխավոր տնօրենի պաշտոնում Ձեր պաշտոնավարման սկիզբը համընկավ համաճարակի դժվարին շրջանի հետ։ Որքանո՞վ էր բարդ Ձեզ համար հաղթահարել այդ մարտահրավերները:

- Կարծում եմ՝ հաջողության են հասնում այն ղեկավարները, որոնք կարիերայի ընթացքում կարողանում են առաջնորդի հմտություններ դրսեւորել բարդ իրավիճակներում: Արդյունավետ առաջնորդության մասին խոսելիս նշածս հատկանիշներից մի քանիսը առավել կարեւոր են հենց նման բարդ իրավիճակներում եւ, կարծում եմ, որ կարողացել եմ դրանք կիրառել։

Հպարտությամբ ասեմ, որ ի հեճուկս բոլոր դժվարություններին՝ մենք կարողացանք հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները՝ շնորհիվ մեր բիզնեսի շարունակականությունն ապահովող ծրագրերի եւ մեր պրոֆեսիոնալ թիմի, որն իր միասնականությամբ, արդյունավետ հաղորդակցմամբ եւ համագործակցությամբ կարողացավ կիրառել այդ ծրագրերը՝ ժամանակին հարմարեցնելով դրանք արագ փոփոխվող միջավայրին:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք ցանկանում են հաջող կարիերա ստեղծել:

- Առաջին հերթին, խորհուրդ կտամ ընտրել այն մասնագիտությունը, որն իսկապես սիրում եք: Դուք վստահաբար կհաջողեք, եթե զբաղվում եք սիրելի աշխատանքով:

Անտեսե՛ք կարծրատիպերը եւ պաշտպանե՛ք ձեր սեփական գաղափարները: Վստահությունը հաջողության հիմնական գրավականներից մեկն է: Պետք չէ վախենալ սխալներ թույլ տալուց, սակայն թույլ տալու դեպքում պետք է դրանցից դասեր քաղել: Ձախողման վախը կարող է ամենամեծ խոչընդոտներից լինել հաջողության հասնելու ճանապարհին: Եվ վերջապես, պետք չէ զոհաբերել կանացի այլ դերերը՝ հանուն աշխատանքի:

- Մեր հարցազրույցը տեղի է ունենում Կանանց միջազգային օրվա նախօրեին։ Որպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն` ի՞նչ նշանակություն ունի այս օրն անձամբ Ձեզ համար:

- Կանանց միջազգային օրը նրանց սոցիալական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական ձեռքբերումների մասին նշելու պատեհ առիթ է: Այն նաեւ ահազանգ է կանանց իրավահավասարության ապահովման գործընթացն արագացնելու մասին:

Հայաստանում, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, ժամանակի ընթացքում օրը դարձավ «գարնան, սիրո եւ կանացիության» տոն։ Ինձ համար օրը խորհրդանշում է վերոնշյալի համադրությունը: Ավելին, այն հիանալի առիթ է երախտագիտություն հայտնելու մեր կյանքի բոլոր կանանց՝ լինի գործընկեր, ընկեր, մայր, կին կամ դուստր՝ մեր կողքին լինելու, հիանալի մարդ լինելու, ինչպես նաեւ բազմաթիվ դերեր ստանձնելու եւ գործնական ու անձնական պարտականությունները հմտորեն համատեղելու համար:
Դիտում՝ 72341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW