Ստեփանակերտի «սմարթ» ջերմոցը՝ ընդդեմ շրջափակման եւ անորոշության

25.02.2023 | 09:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Արցախում եզակի «սմարթ» ջերմոցներից մեկը, որը գտնվում է Ստեփանակերտի ծայրամասում, պատրաստվում է շաբաթներ անց տեղական վարունգ մատակարարել շրջափակման ծանր պայմաններում գոյատեւել շարունակող տեղական շուկային:

Գործընկերներ Սերգեյ Գրիգորյանն ու Արմեն Գարաքյանը միասին են սկսել գործը՝ դեռ պատերազմից առաջ մտածելով Արցախի պարենային անվտանգության ու տեղական ապրանքի սակավության խնդիրների սեփական լուծումներն առաջարկելու շուրջ:



Թեեւ ջերմոցը դեռ 2019-ին են հիմնել, սակայն համատեղ բիզնեսը կայացման բոլոր փուլերի միջով անցել է պատերազմից հետո, երբ հստակ որոշել են, որ հետքայլ չեն անելու եւ շարունակելու են սկսած գործը: Ընկերները հիշում են՝ 2020-ի շոկային նոյեմբերից ընդամենը երկու ամիս էր անցել, երբ առաջին ջերմոցում տեղադրեցին ջեռուցման համակարգը: Այժմ երկրորդ ջերմոցն էին փորձում ոտքի կանգնեցնել, սակայն շրջափակման հետեւանքով դրա համար անհրաժեշտ շինանյութը այդպես էլ Արցախ չի հասել: Հաջողելու դեպքում երկրորդում նախատեսում են լոլիկ աճեցնել՝ արդեն հիդրոպոնիկ եղանակով:

Տարիներ շարունակ Հայաստանից Արցախ բանջարեղենի ու մրգի ներկրմամբ զբաղվող Արմեն Գարաքյանն ու իր տնտեսագետ ընկերը՝ Սերգեյ Գրիգորյանը մի օր անխուսափելիորեն պիտի իրենք իրենց տային հետեւյալ հարցը՝ «Մենք ինչո՞ւ տեղում նույնը չենք անում»:



Ստեփանակերտում ծնված եւ մեծացած Արմենը նախկինում թեեւ հողագործության փորձ գրեթե չուներ, սակայն գաղափարի մեջ ընկղմվելն ու նոր դերին ադապտացվելը շատ կարճ ժամանակ է պահանջել նրանից: Շատ խոսել չի սիրում Գարաքյանը, ջերմոց մտնելուն պես վարունգի եւ պղպեղների սածիլներին, նրանց հետ «խոսում», կես բառից հասկանում:

«Այ էս մի պղպեղը սա է ուզում, սրան սա է հարկավոր, մյուսին՝ սա», - ու այդպես շարունակ ընկղմված շարունակում իր «զրույցը» սիրելի բույսերի հետ:

Արմեն Գարաքյանը


Չի թաքցնում՝ գրեթե ամեն օր են իրեն փորձում հետ համոզել ստանձնած գործից, զարմանում, թե անկայունության պայմաններում ինչպես է նման ռիսկային քայլի դիմել: Հարցին, թե ինչպե՞ս է հաղթահարում նման խոսակցություններից առաջացած բացասական լիցքերն ու վանում անորոշ ապագայի հանդեպ տարակուսանքները, Արմեն Գարաքյանը շատ կարճ է պատասխանում՝ «Աշխատանքով», իսկ ընկերները փաստում են՝ Արմենը պատերազմից հետո գիշեր-ցերեկ դուրս չի եկել ջերմոցից ու անդադար ջանացել:

Սերգեյ Գրիգորյանը


Գարաքյանի գաղափարին միացել է նաեւ նրա տնտեսագետ ընկեր Սերգեյ  Գրիգորյանը, ով, ինչպես ինքն է ասում, ապահովել է նախագծի տեսական մասը՝ ոլորտի մանրակրկիտ ուսումնասիրությունից մինչեւ ջերմոցում օգտագործվելիք տեխնոլոգիաների ընտրություն եւ գործարկում:  

2019-ին Գրիգորյանի գիտական ուսումնասիրության արդյունքներով, որը հրապարակվել է 2020-ին, Արցախում սպառվող ջերմոցային բանջարեղենի միայն 7 տոկոսն էր տեղում արտադրվում:



Ըստ Գրիգորյանի՝ բացի պարենային անվտանգությունից, ոլորտի զարգացումը նաեւ տեղի տնտեսության համար կարեւոր խթանիչ ուժ է եւ ունի առավել շահավետ արտադրության մի շարք այլընտրանքներ: Օրինակ՝ ջերմոցն Արցախում կարողանում են հաճախ նաեւ փայտով տաքացնել, ինչը դրական առումով ազդում է նաեւ բերքի ինքնարժեքի վրա:

«Ճիշտ է, այն ժամանակվա տվյալները մինչպատերազմյան շրջանին են վերաբերվում, բայց պարենային անվտանգության ու շահավետության առումով դրական կողմերը մնում են նույնը: Ավելին՝ հիմա ավելի արդիական է այս ամենի զարգացումը, եւ՛ բլոկադան, եւ՛ պատերազմի հետեւանքով տարածքների խիստ նվազումը գյուղատնտեսության այս ճյուղն ավելի պահանջված են դարձնում: Պիտի զարգացնենք: Արդեն ստեղծել ենք Արցախի ջերմային տնտեսությունների զարգացման ասոցիացիա եւ այժմ փորձում ենք շատերին միավորել այդտեղ, որպեսզի լինի եւ՛ փորձի փոխանակում եւ՛ կարողանանք դրսից մասնագետներ հրավիրելով վերապատրաստման ծրագրեր իրականացնել, նաեւ՝ մեր անդամներին ուղարկել Արցախից դուրս վերապատրաստումների: Ասոցիացիայի իմաստը հենց նրանում է, որ մենք կարողանանք մեկս մյուսին սովորեցնենք, փոխանակվենք գիտելիքներով ու փորձով: Նպատակն այն է, որ մենք բոլորս միասին կարողանանք մեր պարենային անվտանգության հարցը լուծել: Այսինքն՝ խնդիր չպետք է դրվի, թե քանի քառակուսի մետր ջերմոց կա, այլ թե քանի տոննա ապրանք ենք կարողանում տալ այդքանից մեր բնակչությանը»:



Սերգեյ Գրիգորյանը փաստում է, որ պատերազմից հետո Արցախի գյուղատնտեսության նախարարությունն աջակցում է ջերմոցային տնտեսությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի, սակայն դրանք հիմնականում ուղղված են ջերմոցների մակերեսի ավելացմանը: Հիմնական ծրագրերը ջերմոցների կառուցմանն են վերաբերում, սակայն, ինչպես Գրիգորյանն է նշում.



«Կառուցելն այլ բան է, բանջարեղեն աճեցնելն ու դրա տեխնիկային տիրապետելը՝ լրիվ այլ: Մեզ մոտ դեռ այդքան էլ չի զարգացել այդ մշակույթը: Շատերը դեռ կարծում են, որ ջերմոցային տնտեսությունը դա զուտ հողագործություն է, բայց դա այդքան էլ այդպես չէ: Այն ավելի շատ «գործարան» է, արդյունաբերություն է: Այս գործը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաներ եւ միշտ նոր գաղափարներ, պետք է կարողանաս ամեն ինչ ճիշտ անել, որ քո ուզած բերքը ստանաս: Այդ համագործակցության արդյունքում ծնված ամեն մի բերք մեր բոլորի հաղթանակը պիտի լինի»:

Ջերմոցում կա նաեւ հեռակա կառավարման հնարավորություն, որը թույլ է տալիս է՛լ ավելի արդյունավետ օգտագործել ժամանակն ու սուղ միջոցները:



Ցանկացած ջերմոցային տնտեսության առաջ դրված հիմնական խնդիրը՝ նաեւ ձմռանը բերք տալը բնականաբար պահանջում է համապատասխան ջեռուցման պայմաններ, ինչը Արցախում ջերմոցների զգալի մասի համար նույնպես լուրջ խնդիր է: Արդյունքում շատ տնտեսվարողներ բերքի իրացման դժվարություններ են ունենում, մանավանդ, երբ սեզոնին դաշտային եւ ջերմոցային ապրանքները խառնվում են եւ գնի առումով դառնում պարզապես անշահավետ:



Ադրբեջանի «գազային տեռորին» արդեն լավ ծանոթ լինելով, գործընկերները այս տարի ջերմոցների ջեռուցման համար նախապես մշակել են իրենց «Պլան Բ»-ն եւ նախապես ձեռք բերել համապատասխան քանակությամբ փայտ, որը մինչ շրջափակումն ավելի մատչելի էր, քան ներկայում: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անցկացրած ծանր ձմեռն այսպիսով չի անդրադառնա նրանց բերքի ինքնարժեքի վրա: Սերգեյ Գրիգորյանը, սակայն, փաստում է, որ նախապես նման ներդրում անելու հնարավորություն ոչ բոլոր տնտեսվարողներն ունեն եւ սա մնում է լուրջ խնդիր Արցախում այս բիզնեսով զբաղվողների համար:



Մյուս խնդիրը, որի մասին պարբերաբար նշում է տեղացի արտադրողը, իրացման խնդիրն է: Գրիգորյանն այս հարցում ունի իր կարծիքը. վստահ է՝ որակի ապահովման դեպքում արցախցի գնորդը գրեթե միշտ կնախընտրի տեղականը:

«Իրացման խնդիրը գալիս է մասամբ նաեւ որակի խնդիրներից: Շատ դեպքերում տեղական տնտեսվարողները գանգատվում են, թե՝ Հայաստանից ապրանքը շատ են բերում, մենք մերը չենք կարողանում իրացնել: Սակայն եթե դու լավ ապրանք ես տալիս, կարող ես այն իրացնել ոչ միայն այստեղ, այլեւ Հայաստանում ու նույնիսկ արտահանես այլ երկրներ», - համոզված է Սերգեյ Գրիգորյանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ պետության համապատասխան կարգավորումները հստակ լուծումներով կարող են թույլ տալ, որպեսզի տնտեսվարողը առավելապես մտածի բերքն աճեցնելու, ոչ թե միայն իրացնելու խոչընդոտների մասին:



Երկու ընկերները ջերմոցային տնտեսությունը հիմնելիս թեեւ պետական վարկերից ու աջակցման ծրագրերից ինչ-ինչ պատճառներով չեն օգտվել, սակայն պետության հետ փոխգործակցության, նոր մտքերի ու առաջարկների փոխանակման ու Արցախում պարենային անվտանգության ուժեղացման ուղղությամբ համատեղ քննարկումների համար բաց են:

Գրիգորյանն ու Գարաքյանը խոստովանում են՝ շատերն են իրենց խենթ համարում, երբ տեսնում են, թե պատերազմից հետո որքան գումարներ են ներդնում Արցախում բիզնես զարգացնելու նպատակով:

«Իրականում եւ՛ ես եւ՛ Արմենը կարող ենք զբաղվել մեր այլ գործերով, ֆինանսապես մնալ ինքնաբավ, բայց սա մեզ համար չէ, որ արվում է: Արցախում մարդիկ պետք է հավատան, օրինակներ տեսնեն, մնան այստեղ ապրելու՝ չմտածելով, որ վաղն այստեղ իր երեխան գուցե ուտելու բան չունենա», - հավելում է Գրիգորյանը:

Սոֆիա Հակոբյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյան
Դիտում՝ 23138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW