ԱՆԻՖ-ի համատեղ ծրագրերի արդյունքը եւ «Ազդեցության գնահատականի» առաջին զեկույցը

13.12.2022 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ԱՆԻՖ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) դեկտեմբերի 12-ին հրապարակել է «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը, որտեղ ներառված են 2021-2022 թթ. ընթացքում ֆոնդի կողմից իրականացված ծրագրերի տնտեսական,  ֆինանսական եւ ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական) ազդեցության ցուցանիշները։  

ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ծրագրերը եւ գործընկերները համագործակցությունը սկսելուց մինչեւ 2022 թվականի երրորդ եռամսյակի ավարտը` ներառյալ իրենց գործունեության 3-12 ամիսների համար, ներկայացրել եւ վճարել են, ընդհանուր առմամբ, մոտ 470 մլն դրամի հարկեր եւ պետական տուրքեր: Բոլոր ծրագրերը միասին նպաստել են 2021-2022 թվականներին շուրջ 800 աշխատատեղի ստեղծմանը եւ պահպանմանը։

Banks.am-ն առանձնացրել է զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկումից հատվածներ:

«ԱՆԻՖ-ն արդեն կայացման հիմնական փուլն անցել»

Դավիթ Փափազյան, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն

Այսօր բիզնեսը եւ ներդրումները ոչ միայն տնտեսական եւ ֆինանսական արդյունքներ պետք է ապահովեն, այլեւ պետք է նպաստեն նոր բիզնես եւ կորպորատիվ մշակույթի, նոր ԲՍԿ չափանիշների ներդրմանը: Տեղական գործընկերներից շատերն առաջին անգամ են գնահատում իրենց նախագծերի որոշ ասպեկտներ, այդ թվում՝ԲՍԿ տեսանկյունից: Մեր գործընկերներից չենք ակնկալել կատարելություն։ Բայց կարեւորը գործընթացի սկիզբն է: Մենք նպատակ ունենք ամեն տարի հետադարձ հայացք գցել մեր նախագծերին եւ տեսնել դրական փոփոխություններ մեր գործունեության բոլոր ոլորտներում՝ միեւնույն ժամանակ պարտավորվելով բարելավել այդ արդյունքները գալիք տարվա համար:

Դավիթ Փափազյանը


Հայաստանում, ցավոք, ԲՍԿ նորմերի մեջ ներդրումը դեռեւս ծախս է համարվում, բայց եթե ծախսը չարվի հիմա, ապագայում կզրկվենք որեւէ բիզնես հաջողության հնարավորությունից: Ավելին, ԲՍԿ մեջ այսօրվա արած ներդրումը, ներդրում է ապագայի մեջ: Կարեւոր դեր ունեն չափանիշաստեղծ ներդրումները, որի վառ օրինակ է Fly Arna հայկական ազգային ավիաուղիները, Hard Rock Café Yerevan-ը, «Այգ-1» ֆոտովոլտային կայանը:



ԱՆԻՖ-ի հաջորդ քայլը կլինի Կայունության զեկույցի ներկայացումը 2023 թվականին, որտեղ ավելի մանրամասն անդրադարձ կլինի նախագծերին եւ ֆոնդի սեփական ԲՍԿ վարքագծին:

Տիգրան Ավինյան, ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ

ԱՆԻՖ-ի գործունեության հիմքում ներդրումային միջավայրում նոր մշակույթ ստեղծելու ամենակարեւոր հանձնառությունը: 2019 թվականին, երբ ստեղծվում էր ԱՆԻՖ-ը, կարեւորագույն բաղադրիչներից մեկն այն էր, որ ֆոնդը չլինի միայն պետական սուվերեն հիմնադրամ, որը միայն աջակցելու է նոր բիզնես նախաձեռնությունների ստեղծմանը: Հարթակը մեկ այլ կոնկրետ գործառույթ ուներ. պետք է լինեին ռազմավարական ոլորտներին վերաբերվող ներդրումներ, եւ  ամենակարեւորը՝ նոր ստանդարտներ եւ մշակույթ՝ Հայաստանի ներդրումային միջավայրում:

Տիգրան Ավինյանը


Երեք տարվա գործունեության ընթացքում վստահորեն եւ հպարտորեն կարող եմ ասել, որ ԱՆԻՖ-ն արդեն կայացման հիմնական փուլն անցել է եւ ունի մեծ ձեռքբերումներ: Բոլոր այն ներդրումները, որոնք իրականացրել է հիմնադրամը, նոր չափորոշիչներ են սահմանում՝ ամեն մեկը իր ոլորտում՝ գյուղատնտեսություն, ավիահաղորդակցություն, արեւային կայաններ եւ այլն:

Հիմնադրամի ցանկացած ծրագրի համար հաջողակ եւ եկամտաբեր բիզնես ստանալը առաջնայինը չէ, այլ ամենակարեւորը, թե ինչ ազդեցություն կունենա այդ բիզնեսը տվյալ ոլորտի վրա՝ բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական առումով:

Կայուն ավիաընկերության ստեղծումը

Էնթոնի Փրայս, Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն

Մեզ համար հիմնական ուշադրության կենտրոնում կայուն ավիաընկերության ստեղծումն է: Ըստ այդ, երբ զուտ գործադիր տնօրենի տեսանկյունից ես մոտենում խնդրին, փորձում ես տնտեսապես կայուն բիզնես ձեւավորել եւ առաջին հերթին դիտարկում ես սոցիալական եւ բնապահպանական խնդիրները: Սրանք ավիացիայի երեք հենասյուներից երկուսն են, որոնք շատ կարեւոր են: Մյուս հենասյունը տնտեսականն է: Կայունության, կենսունակության, տնտեսական արդյունավետության տեսանկյունից ունենք պլանավորում, թե ուր ենք ուզում հասնել:

Էնթոնի Փրայսը


Մեզ հաջողվել է գործունեության 5 ամսվա ընթացքում ունենալ բավականին լուրջ առաջընթաց: Ունենք 87 աշխատակից, եւս 15 հոգի աշխատում է մեր գործակալությունում, որն ապահովում է տոմսերի վաճառքը: Աշխատակիցների թվում 55% տոկոսը կանայք են:

Ակնկալում ենք, որ տարբեր երկրներում աշխատող հայ օդաչուներին կկարողանանք վերադարձնել Հայաստան: Այս ընթացքում մեզ հաջողվել է Հայաստան բերել Վիետնամում եւ Մերձավոր Արեւելքում աշխատող հայ օդաչուների: Հուսով ենք, որ սա կնպաստի նաեւ Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը:

Ժամանակ՝ սպառողի ընկալման համար

Արսեն Հովհաննիսյան,  «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության գործադիր տնօրեն

Ռեստորանային բիզնես մտնելը շատ հեշտ է, կարող ես հեշտությամբ կրկնօրինակել, բայց հետո գալիս է դժվար մասը՝ ինչպես սովորեցնել մարդկանց, որպեսզի կարողանան աշխատել այդ ոլորտում: Մենք սա շատ ենք կարեւորում, դրա համար գումարներ ենք ներդնում՝ մարդկանց պատրաստելու եւ վերապատրաստելու համար:

Հատուկ վերապատրաստում ունենք մենեջերների համար: Hard Rock Café Yerevan-ում, եթե համեմատենք շուկայի մյուս դերակատարների հետ, մենեջերների թիվն ավելի մեծ է: Հատուկ ուշադրություն ենք հատկացնում նրան, որ իրենք սովորեն պահպանել անձնակազմը: Այսինքն՝ մոտիվացնեն նրանց, շարունակական վերապատրաստում ապահովեն, հղկեն եւ լավարկեն նրանց հմտությունները:

Արսեն Հովհաննիսյանը


Hard Rock Café Yerevan-ը համակողմանի եւ մի քիչ բարդ կոնցեպտ ունի, քանի որ այն սովորական սրճարան չէ: Պետք է ընտրել եւ կառավարել երաժշտական խմբերը, երգացանկ ընտրել: Ժամանակ էր պետք այս բաղադրիչները համադրելու, ինչպես նաեւ այս կոնցեպտը սպառողին հասանելի դարձնելու համար: Այս առումով, կարող եմ ասել, որ արդեն հաջողել ենք:

Տիրան Հակոբյան, «Էկոֆրեշ մաշրումս» ընկերութան հիմնադիր տնօրեն

Սնկի արտադրությունը սկսել ենք 9 տարի առաջ: Արտադրանքն իրացվում է Հայաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Տիրան Հակոբյանը


Այսօր մեր գլխավոր նպատակներից մեկը ոչ միայն մրցունակ տեղական արտադրանքի ծավալների ավելացումն է, այլեւ Երեւանից դուրս՝ գյուղական համայնքների կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծումը: Ինչ վերաբերում է աշխատանքային մշակույթին, ապա փորձում ենք ձեւավորել այն ընտանիքի մոդելով, որտեղ կլինեն ոչ միայն գործատուներ եւ աշխատողներ, այլեւ ընտանիք՝ միմյանց օգնող, փորձ փոխանցող:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 33240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai