Ծառերի «որդեգրումն» ու ոչ ֆորմալ կրթությունը՝ ՍՁ մրցույթի հաղթող գաղափարներում

16.11.2022 | 22:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Թվային անտառ», «Իրական երազանք», «Ժամկետանց հացի նախագիծ», «Դասավանդիր ազատ». սրանք այն սոցիալական ձեռնարկատիրությունների (ՍՁ) գաղափարներն են, որոնք հաղթել են այս տարվա Social Impact Award-ում եւ ստացել սաղմնային փուլի դրամաշնորհ՝ գաղափարների իրականացման մեկնարկի համար:

Banks.am-ը պատմում է ամենամյա մրցույթի եւ հաղթող գաղափարներից երկուսի մասին:

Ծանոթացում սոցիալական ձեռնարկատիրությանը

Նաիրի Մելքոմ Մելքոմյան, Social Impact Award Armenia-ի համակարգող

Social Impact Award-ը 2019 թվականից Հայաստանում իրականացվում է Impact Hub Yerevan-ի կողմից: Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդների շրջանում խրախուսելն է սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի ճանաչումը եւ այն որպես կարիերայի ճանապարհ ընտրելը: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարի: Այս տարի SIA 2022-ն էր, որն ավարտվեց հոկտեմբերի 3-ին:

Նաիրի Մելքոմ Մելքոմյանը


Մրցույթը մի քանի հիմնական փուլից է բաղկացած, որից առաջինը կոչվում է discovery phase՝ բացահայտման փուլ: Դրա ընթացքում սոցիալական ձեռնարկատիրության թեմայով հանրային ինտերակտիվ աշխատարաններ են տեղի ունենում 15-30 տարեկանների համար: Նման հանդիպումները շատ կարեւոր են, որպեսզի երիտասարդներն ավելի լավ պատկերացնեն, թե ինչ է ՍՁ-ն: Երբեմն մարդիկ ունեն այն տպավորությունը, որ ՍՁ-ն պարզապես հասարակական կազմակերպություն է կամ հիմնադրամ, որը զբաղվում է սոցիալական խնդիրներով, մինչդեռ բիզնես բաղադրիչն այստեղ շատ կարեւոր է:



Հիմնական ներկայացումից հետո մասնակիցների մոտ արդեն ծնվում են բիզնես գաղափարներ, որոնք նաեւ միտված են որեւէ սոցիալական խնդրի լուծմանը: Այս գործընթացում փորձում ենք հնարավորինս նաեւ մարզաբնակներին ներգավել:

Աշխատանք գաղափարների հետ

Նաիրի Մելքոմ Մելքոմյան. Հաջորդը դիմումների ընդունման փուլն է, որի ժամանակ մեկ ամսվա ընթացքում ցանկացողները ներկայացնում են իրենց ՍՁ գաղափարները: Մենք դրանք ընդունում ենք ամենապարզ մակարդակում՝ դեռեւս զուտ գաղափարի փուլում: Առաջնային զտումից հետո պրոֆեսիոնալ ժյուրին ընտրում է մինչեւ 10 լավագույն գաղափար, որոնք էլ մասնակցում են ծրագրի ինկուբացիոն փուլին:

Հենց ինկուբացիոն փուլում է կատարվում հիմնական աշխատանքը: Այն տեւում է 2-12 շաբաթ, որի ընթացքում երիտասարդները մասնակցում են դասընթացների, ինչպես նաեւ անհատական մենտորների օգնությամբ հղկում իրենց գաղափարները, մշակում բիզնես պլան: Այս փուլի ավարտին էլ մասնակիցները ներկայացնում են իրենց առավել մշակված գաղափարները ժյուրիի անդամներին, որոնք էլ ընտրում են հաղթող թիմերին 3 հիմնական սկզբունքով՝ ինչքանով է սոցիալական, ինչքանով է նորարարական եւ ինչքանով է իրականանալի: Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականի արժանացած 3 թիմեր դառնում են հաղթող, եւ եւս մեկ հաղթող էլ ընտրվում է բաց համայնքային քվեարկության միջոցով: Ծրագրի հաղթողները ստանում են սաղմնային փուլի ֆինանսավորում 1500 եվրոյի չափով, ինչպես նաեւ յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից հնարավորություն է ստանում մասնակցելու SIA-ի միջազգային գագաթնաժողովին, որտեղ հավաքվում են բոլոր երկրների հաղթողներն ու ստանում միմյանց հետ շփվելու, համագործակցության եզրեր գտնելու հնարավորություններ:



Հաղթողները նաեւ միանում են SIA-ի շրջանավարտների խմբին, որի շնորհիվ նոր հնարավորությունների մասին մշտապես լինում են տեղեկացված:

Ծառերի որդեգրումը՝ որպես փոխհատուցում բնությանը

Արսեն Սահակյան, «Digital Forest» թիմի անդամ

Ես Գյումրիից եմ, 16 տարեկան: «Digital Forest» գաղափարի թիմում են նաեւ Անժելա Ձվակերյանը, Միշա Պողոսյանը եւ Գյումրու «Սքայ» ակումբի այլ անդամներ:

«Digital Forest»-ի գաղափարը ծագել է բնապահպանական թեմայով քննարկումների ժամանակ, երբ տեղեկացանք Հայաստանում անտառների պակասի լուրջ խնդրի մասին: Ըստ Փարիզյան պայմանագրի՝ մինչեւ 2050 թվականը Հայաստանը պետք է իր տարածքի 20%-ն անտառածածկ դարձնի, հիմա անտառածածկ է տարածքի միայն 11-12 %-ը, իսկ անտառներն էլ շատանալու փոխարեն նվազում են: Դրա համար որոշեցինք նախաձեռնել մի ծրագիր, որը կնպաստի անտառատնկմանն ու նաեւ սոցիալական բնույթ կունենա: Գաղափարը փոքր-ինչ հղկելուց, բնապահպանների եւ ՏԻՄ ներկայացուցիչների հետ զրույցներից հետո այն ներկայացրինք SIA 2022-ին:

«Digital Forest»-ը հարթակ է, որը հնարավորություն է տալու մարդկանց որդեգրել ծառեր տարեկան վճարի դիմաց: Դրա համար նրանք այցելելու են կայք, տեսնելու են անտառի մակետը, ընտրելու են հստակ ծառը անտառի իրենց ուզած հատվածում: Որդեգրելուց հետո թե´ կայքում, թե´ ֆիզիկական անտառում արդեն կտեսնեն, որ տվյալ ծառը կրում է իրենց անունը:

Արսեն Սահակյանը եւ Անժելա Ձվակերյանը


Ի սկզբանե տնկվելու է անտառ, որտեղի ծառերը կորդեգրվեն, ինչի շնորհիվ էլ հնարավոր կդառնա անտառի հետագա մեծացումը: Ծառի որդեգրման վճարը ներառելու է նաեւ ծառի խնամքը, իսկ չաճելու դեպքում տնկվելու է նորը:

Վստահ ենք, որ այս մոդելը կաշխատի, որովհետեւ այսօր շատ են մարդիկ, որոնք սկսել են մտահոգվել բնության վրա իրենց թողած ազդեցությամբ: Ծրագիրը խթանելու համար ունենալու ենք նաեւ դեսպաններ, որոնք տարբեր հարթակներում արշավներ են կազմակերպելու ու խրախուսելու են մարդկանց ծառեր որդեգրել:



Այսօր ինքնաթիռի տոմս գնելիս մարդը կարող է տեսնել, թե իր այդ ճանապարհորդությունից ինչքան ածխաթթու գազ է արտանետվում օդ եւ դրան համապատասխան փոխհատուցել բնությանը: Հույս ունենք ապագայում հասնել նրան, որ նման փոխհատուցումների հարթակների շարքում լինի նաեւ «Digital Forest»-ը:

Ապագա անտառը՝ Շիրակի մարզում

Արսեն Սահակյան. Անտառը նախատեսում ենք տնկել Շիրակի մարզի երեք գյուղերից մեկում՝ Հացիկ, Մարմաշեն կամ Բենյամին: Այժմ քննարկումներ ենք ունենում ՏԻՄ ներկայացուցիչների հետ՝ տեղանքն ավելի հստակ որոշելու համար:

Անտառին կից գործելու է նաեւ տնկարան, որտեղ արտադրվելու են այնպիսի ծառատեսակների տնկիներ, որոնք համապատասխանում են Շիրակի մարզի կլիմայական պայմաններին: Անտառը կազմակերպելու ենք ագրոանտառային տնտեսության ձեւով, որի շնորհիվ թեթեւ ոռոգման արդյունքում ջուրը ավելի երկար կմնա անտառում: Բացի այդ, ծառերի մի մասը կլինի պտղատու, որոնց բերքի վաճառքից ստացված գումարը եւս կծառայի անտառի պահպանմանը:



SIA-ի շրջանակում մենտորների հետ աշխատանքի շնորհիվ կարողացանք ավելի լավ մշակել գաղափարի բիզնես բաղադրիչը: Ծրագրի հաղթող դառնալու շնորհիվ այժմ կկարողանանք ֆինանսավորումն ուղղել կայքի պատրաստմանը եւ ֆիզիկական անտառի ստեղծման նախնական որոշ աշխատանքների: Հույս ունենք հաջորդ տարվա սկզբին արդեն պատրաստ ունենալ կայքը, իսկ առաջնային անտառի տնկման աշխատանքները կատարել գալիք տարվա գարնանը: Դրա համար մասնակցում ենք այլ ծրագրերի ու գործընկերներ փնտրում՝ նոր ներդրումներ ներգրավելու համար:

Մարմաշենի պատանիների երազանքը

Անդրանիկ Պապոյան, «Իրական երազանք» թիմի անդամ

Ծնունդով Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից եմ: Ինչ-որ ժամանակ Երեւանում էի աշխատում, հետո նաեւ Գեղարքունիքի մարզում: Վերջին մեկ տարին վերադարձել եմ գյուղ, որովհետեւ ցանկանում էի այստեղ ինչ-որ բան սկսել: Ես եւ Նունե Համբարյանը Մարմաշենում պատանիների ու երիտասարդների խումբ հավաքեցինք ու սկսեցինք ոչ ֆորմալ ակումբներ նախաձեռնել տարբեր թեմաներով՝ բնապահպանություն, կամավորություն, խաղարկային կրթություն: Մեզ միանալ ցանկացողները շատ էին, իսկ մենք տարածքի խնդիր ունեինք ու չէինք կարող բոլորին ընդունել: Այդտեղից առաջացավ գաղափար՝ գյուղում ունենալ կրթահամայնքային կենտրոն:



Գաղափարն անվանեցինք «Իրական երազանք», որովհետեւ ունենալ մի վայր, որը որեւէ մեկինը չէ, բոլորինն է եւ յուրաքանչյուրի համար կարող է ինչ-որ բան նախաձեռնելու հարթակ հանդիսանալ, իսկապես երազանք է: Գուցե շատերի համար դա պարզունակ հնչի, բայց մեր գյուղի պատանիների համար երազանք է: Այն իրականացնելուց հետո ավելի մեծ երազանքների կանցնենք:


 
«Իրական երազանք» կրթահամայնքային կենտրոնում կաշխատենք երիտասարդների հետ ոչ ֆորմալ կրթության բնագավառում, կնախաձեռնենք տարբեր հանդիպումներ ինքնաճանաչողության, կամավորության, մասնակցության եւ այլ թեմաներով: Դրանից զատ՝ նախատեսում ենք ունենալ դասապատրաստում, տարբեր առարկաների պարապմունքներ, որոնք կլինեն վճարովի, որպեսզի կարողանանք ապահովել կենտրոնի շարունակական գործունեությունը: Անապահով ընտանիքների համար դասերը կլինեն անվճար:

Մեխանիզմն աշխատում է

Անդրանիկ Պապոյան. Գյուղն ունի մոտ 1400 բնակիչ, իսկ դպրոցական տարիքի երեխաների թիվը 250 է: Սոցիալական հարցումներ ենք իրականացրել՝ կատարելով կարիքի գնահատում: Հարցվածներից բոլորը ցանկացել էին գյուղում ունենալ կրթահամայնքային կենտրոն, առաջարկել էին, որ գյուղում տարբեր տոներ նշվեն, եւ այն ունենա նաեւ մշակութային ուղղվածություն: Հարցումների ընթացքում նաեւ մոտավոր արժեք ենք ճշտել եւ պարզել, որ մարդկանց մեծ մասը դասերի համար պատրաստ է վճարել 5000-7000 դրամ:

Կենտրոնի ռեսուրսներով կկարողանանք նաեւ վերապատրաստել տեղի մասնագետներին, որոնք մեզ մոտ աշխատանք կստանան:

World Vision Armenia-ից տեղեկացանք, որ նրանք գյուղում մի փոքրիկ տնակ են վերանորոգել եւ տրամադրել տեղի քահանային: Վերջինիս հետ համաձայնության եկանք տարածքն օգտագործել մեր թիմի հանդիպումների համար:

Այս տարվա SIA-ում հաղթելը շատ կարեւոր էր մեզ համար հատկապես երեխաների ոգեւորության տեսանկյունից: Նրանք շատ էին ուրախացել: Մինչ այդ միշտ տեսական ենք խոսել, որ լավ աշխատելու դեպքում այս կամ այն արդյունքը կարելի է գրանցել, իսկ հիմա նրանք այդ ամբողջը պրակտիկորեն տեսան, հասկացան, որ մեխանիզմն աշխատող է, ուստի պետք է ավելի շատ ջանք դնել՝ դեպի երազանք գնալու համար:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 16758
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW