Վարդան Ջհանյան. Պարտատոմսերի թողարկման նոր ռեկորդ կարող ենք գրանցել

16.10.2022 | 22:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտել է Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը՝ ամբողջությամբ մարվել են ԶՊՄԿ-ի պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն դոլար եւ 2.5 մլրդ դրամ ծավալներով:

Banks.am-ը ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ զրուցել է պարտատոմսերի մարման գործարքի, դրանց բաշխվածության եւ ֆինանսավորում ներգրավելու տարբերակների մասին:

- Պարոն Ջհանյան, ինչպե՞ս կգնահատեք պարտատոմսերի մարման այս գործարքը:

- Պարտատոմսերը թողարկվել էին 2019 թվականին եւ սեպտեմբերի 30-ին՝ ժամկետին համաձայն, մարեցինք դրանք: Իսկապես այն շատ մեծ գործարք էր Հայաստանի ֆինանսական պատմության մեջ, քանի որ իր չափերով $50 մլն-ից ավելի թողարկում ոչ պետական պարտատոմսերի չէր եղել:

Վարդան Ջհանյանը


Համեմատության համար կարող եմ նշել, որ երկրորդ այդպիսի խոշոր պարտատոմսերի թողարկումը եղել է շուրջ երեք տարի առաջ եւ կազմել է մոտ $15 մլն: Այս գործարքը 3 անգամ ավելի մեծ թողարկում էր, ինչով էլ այն իսկապես աննախադեպ էր:

- Ամերիաբանկի կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյան ասել է, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը «ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար»: Հատկապես ինչո՞ւ էր աննախադեպ:

- Ինչպես արդեն նշեցի, իր խոշորությամբ: Աննախադեպ էր նաեւ այն առումով, որ այդ թողարկմանը մասնակցեցին եւ պարտատոմսեր գնեցին միջազգային ֆինանսական մեծ կազմակերպություններ, ինչով էլ մեր բանկային համակարգը, եւ ընդհանրապես, պարտատոմսերի թողարկման համակարգը ցույց տվեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վստահություն կա մեր տնտեսության, ֆինանսական շուկայի նկատմամբ:

- Իսկ ինչպե՞ս է բաշխվել տեղացի եւ օտարերկրյա ներդրողների մասնակցությունը:

- Մոտավորապես 30 մլն դոլարի չափով օտարերկրյա խոշոր ներդրողներ են մասնացել թողարկմանը, ինչպիսին է, օրինակ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Բաշխվածության մնացած մասը տեղական է եղել, որոնց թվում ե՛ւ բանկեր, ե՛ւ ֆիզիկական անձինք կան:

- Ֆինանսական միջոցների ներգրավման ի՞նչ ծրագրեր ունի ԶՊՄԿ-ը: Մասնավորապես, նախատեսո՞ւմ եք նոր պարտատոմսեր թողարկել:

- Հանրության մեջ կարծիք կա, որ խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունները, այսպես ասած, փողի կարիք չունեն, բայց իրականում լիկվիդայնության կարիք կա՝ երկու պատճառով: Առաջինը՝ տարիներ են լինում, երբ շահութաբերությունն ընկնում է եւ լիկվիդայնությունը նվազում է եւ այդ պատճառով կարիք կա ֆինանսավորում որոնելու: Երկրորդը՝ քանի որ հանքարդյունաբերական ընկերությունները հիմնականում խոշոր կազմակերպություններ են, շատ դեպքերում լինում են խոշոր կապիտալ ծախսերի պահանջներ, իսկ դրանք շատ դժվար է ներքին ֆինանսավորման աղբյուրներից հայթայթելը: Հենց այս պատճառներով էլ պետք է դուրս գանք ֆինանսական շուկաներ, այդ թվում՝ միջազգային շուկաներ:

Վարդան Ջհանյանը


Հաջորդ տարի եւ առաջիկա մի քանի տարվա ընթացքում կոմբինատը իր արտադրողականությունն ավելացնելու պլաններ ունի, ինչի հետեւանքով էլ ֆինանսավորման մեծ պահանջներ կլինեն, քանի որ մեծ կապիտալ ծախսեր ենք պլանավորում:

Ֆինանսավորում ներգրավելու տարբերակներից մեկն, իհարկե, պարտատոմսերի թողարկումն է: Վերը նշված լավ փորձն արդեն ունենք, սրա վրա հիմնվելով եթե գնանք՝ նոր ռեկորդ կգրանցենք եւ ավելի մեծ թողարկում կիրականացնենք: Բայց սա դեռ քննարկման փուլում է:

- Պարտատոմսեր թողարկելուց բացի՝ ֆինանսավորում ներգրավելու ի՞նչ այլ տարբերակներ կան:

- Հայաստանի բանկերը, հատկապես՝ վերջին տարիներին, իրենց դիրքերն ավելի են ամրապնդել, եւ մենք, որպես երկրորդ հիմնական տարբերակ, բանկային վարկավորումն ենք դիտարկում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 75386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW