Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միջազգային լրատվամիջոցների հիմնական թեմաներից են։ Հայաստանում թեման նույնպես անտեսված չէ, սակայն հանրությունը լավ տեղյակ չէ, թե ինչ ռիսկեր կարող են ունենալ այս պատժամիջոցները Հայաստանի տնտեսության համար, վտանգավո՞ր է արդյոք այն, որ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվող մարդիկ հաշիվներ են բացում հայկական բանկերում, եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Երեւանը այս իրավիճակում։Banks.am-ը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Լոնդոնի King & Spalding միջազգային իրավաբանական ընկերության գործընկեր Եղիշե Ջազոյանի հետ։ Հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի է ռուսերենով։ Առաջնային եւ երկրորդային պատժամիջոցներԵրկրորդային պատժամիջոցներն իրականում արտատարածքային ազդեցություն ունեն։ Այսինքն՝ ամերիկյան կառավարությունը արգելում է իր քաղաքացիներին գործ ունենալ կոնկրետ «վատ տղաների» հետ, իսկ փաստացի ասում է երրորդ երկրներին եւ այն անձանց, ովքեր պատժամիջոցների տակ չեն. «առաջնային պատժամիջոցների տակ գտնվող վատ տղաների հետ գործ չունեք, այլապես ինքներդ երկրորդայինների ներքո կհայտնվեք»։ Տվյալ դեպքում խոսքը քրեական հետապնդման մասին չէ, սակայն Ամերիկան կարող է դե ֆակտո եւ դե յուրե արգելել այդ երկրներին, ընկերություններին եւ անհատներին գործ ունենալ ամերիկյան ֆինանսական համակարգի հետ։Եթե դուք, օրինակ, հայկական բանկ եք, ապա վտանգ կա, որ դոլարային գործառնությունների առումով ձեր «օդը կփակեն», իսկ որտեղ դոլարը, այնտեղ էլ եվրոն եւ ֆունտը՝ փորձը ցույց է տալիս, որ եվրոգոտու եւ Բրիտանիայի բանկերը պատրաստ են հետեւել ամերիկյան օրինակին։ Ստացվում է, որ դե յուրե ձեր երկիրը կամ բիզնեսը պատժամիջոցների ներքո չեն, բայց դուք գտնվում եք մուրճի ու զնդանի արանքում։ Այս ռիսկը նվազագույնի հասցնելու համար Հայաստանի նման երկրները պետք է որակյալ իրավաբաններ ունենան, որպեսզի վերջիններս կարողանան անհապաղ արձագանքել ճիշտ իրավիճակներում (օրինակ՝ որոշակի օտարերկրյա պետական մարմին դիմելու հարցում՝ պատժամիջոցների կիրառելիության կամ ծավալի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման համար): Հակառակ դեպքում դա նույնն է, ինչ սպասես գազային գրոհի՝ չունենալով հակագազ։Հայաստանը պետք է հստակ ուղերձ հղիԵրկրորդային պատժամիջոցները շատ դժվար է կանխատեսել, եւ այդ պատճառով իրավիճակը պետք է մշտապես դիտարկվի։ Ըստ իմ դիտարկումների՝ Հայաստանի մասնավոր հատվածը հասկանում է խնդիրը եւ արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում։ Դա հիմնականում վերաբերում է բանկային ոլորտին։ Այնտեղ գիտակցում են, որ «առաջին գծում» են, եւ ավելի լավ է հիմա պայմանականորեն 10 հազար դոլար ծախսեն որակյալ իրավաբաններից իրավական եզրակացություն ստանալու համար, քան հետո տասնյակ միլիոններ կորցնեն՝ օրինակ, արեւմտյան բանկային հաշիվների արգելափակված միջոցների տեսքով։ Եղիշե Ջազոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հասկանալի է, որ մասնավոր հատվածը չի կարող գոյատեւել վակուումում եւ պետք է փոխգործակցի պետության հետ։ Անկեղծ կարող եմ ասել, որ այս իրավիճակում Հայաստանը նախանձելի վիճակում չէ, բայց դա չի նշանակում, որ խնդրի հետ հնարավոր չէ աշխատել։ Ավելին, հնարավոր է եւ անհրաժեշտ է։ Եթե խոսենք կոնկրետ քայլերի մասին, ապա հստակ ուղերձը շատ կարեւոր է։ Իմ կարծիքով, Հայաստանի իշխանության գործողությունները, համենայն դեպս, հանրային տիրույթում, բավարար չեն։ Կան ակնհայտ ճշմարտություններ, փաստեր, որոնցից պետք է սկսել։ Առաջին փաստն այն է, որ պատժամիջոցները երկարաժամկետ են, իրավիճակը կտեւի տարիներ, նույնիսկ եթե ուկրաինական հակամարտության թեժ փուլն ավարտվի մի քանի ամսվա ընթացքում։Երկրորդը երկրորդային պատժամիջոցների ռիսկն է։Երրորդը՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ ունի համապատասխան պարտավորություններ այս կազմակերպության շրջանակներում։Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտներին, ովքեր փետրվարի 24-ից հետո տեղափոխվում են Հայաստան, այստեղ բանկային հաշիվներ են բացում, ապա կան խոսակցություններ այն մասին, որ իբր դա դուր չի գալիս արեւմտյան գործընկերներին եւ կա ոչ պաշտոնական ճնշում Հայաստանի Կենտրոնական բանկի վրա, որն էլ, դարձյալ ըստ լուրերի, բացատրական զրույցներ է վարում առեւտրային բանկերի հետ։Չեմ զարմանում, որ դժգոհության կա այս գործընթացներից։ Բայց ինչ, Հայաստանը չպե՞տք է կատարի իր պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Ռուսաստանից ժամանում է ֆիզիկական անձ, ով ոչ մի պատժամիջոցների տակ չի գտնվում եւ ցանկանում է բանկային հաշիվ բացել։ Եթե Հայաստանի օրենսդրությամբ ամեն ինչ օրինական է, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։Վերադառնալով Հայաստանի կառավարությանը, կարծում եմ, որ պետք է հստակ ուղերձ հղել Արեւմուտքի գործընկերներին, որ «մենք ձեզ հարգում ենք, բայց պարտավորություններ ունենք եւ պետք է դրանք կատարենք, չենք ուզում վիրավորել որեւէ մեկին եւ ուզում ենք բոլորի հետ ընկեր մնանք»։ Ուղերձը պետք է լինի նաեւ Ռուսաստանի համար, բայց այս առումով Հայաստանի համար ավելի հեշտ է, քանի որ մենք գտնվում ենք նույն տնտեսական տարածքում։ Եղիշե Ջազոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ռուսաստանը «մեծ փիղն» է սենյակում, բայց կա ավելի փոքր «փիղ», որի նկատմամբ «պատժամիջոց» բառը կիրառվում է արդեն 40 տարի` դա Իրանն է։ Եվ այս առումով Հայաստանն իր «տնային աշխատանքը» վաղուց պետք է կատարած լիներ։ Հայաստանը՝ որպես պետություն եւ նրա բիզնեսը պետք է լավ իմաստով «վարժվեր» Իրանի հարցում՝ իր քաղաքականությունը եւ օրենսդրությունը կառուցելու առումով, որպեսզի մի կողմից նվազագույնի հասցներ պատժամիջոցների ռիսկերը, իսկ մյուս կողմից՝ առավելագույնի հասցներ առեւտրատնտեսական կապերը մեր հարավային հարեւանի հետ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դա մեզ համար ամենակարեւոր առեւտրատնտեսական եւ ռազմավարական գործընկեր եւ բոլոր իմաստներով առանցքային երկիր է՝ ուզենք, թե չուզենք։Եթե 3 000 տարվա պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, ապա մենք պետք է հստակ հասկանանք, որ Հայաստանի նման փոքր երկրից քիչ բան է կախված, բայց մենք պետք է առավելագույնս անենք այն ամենը, ինչ կախված է մեզանից, քանի որ ոչ ոք, նույնիսկ ամենամոտ դաշնակիցները մեր փոխարեն մեր «տնային աշխատանքը» չեն անելու։Ռիսկերը հայկական մասնավոր բիզնեսի համար եւ չօգտագործված կարեւորագույն ռեսուրսըՊատժամիջոցների ռիսկի առումով հայկական ֆինանսական ընկերությունները առաջնագծում են, եւ ես զգում եմ, որ նրանք արդեն զգաստ են: ՏՏ ոլորտում ռիսկերը ավելի քիչ են, քանի որ ոլորտն ավելի ճկուն է եւ ավելի քիչ կանոնակարգված, սակայն ռիսկը միշտ կա, գոնե այնքանով, որքանով ՏՏ ընկերությունների գործառնությունները դոլարով են: Ռիսկեր ունեն նաեւ շինարարական ընկերությունները՝ դարձյալ դոլարային գործարքների մասով։ Չեմ կարծում, որ նյութերի եւ սարքավորումների գնման առումով պատժամիջոցային մեծ ռիսկ կա, թեեւ կոմերցիոն տեսանկյունից ամեն ինչ թանկացել է, այդ թվում՝ լոգիստիկան։ Եղիշե Ջազոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը կարող է ապրանք ներկրել միայն երեք ուղղություններով. ռուսական Վերին Լարսը, Իրանը եւ Սեւծովյան Փոթի նավահանգիստը։ Իրանի պարագայում Հայաստանը պետք է մշտապես վերահսկի միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը, քանի որ դրանից է կախված պատժամիջոցների ու Իրանի հետ առեւտրի ճակատագիրը։ Ինչ վերաբերում է մյուս երթուղիներին, ապա դրանք անցնում են Վրաստանի տարածքով։ Հետաքրքիր է, որ այս երկիրը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ այդպիսով ներառված չէ Ռուսաստանի Դաշնության ոչ բարեկամ երկրների ցանկում։ Իմ կարծիքով, Թբիլիսին բավականին պրագմատիկ եւ ճիշտ դիրքորոշում է որդեգրել, ինչը շատ լավ է Հայաստանի համար, քանի որ մեր վրացի գործընկերների հետ լավ հարաբերությունները չափազանց կարեւոր են։ Եղիշե Ջազոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Իմ կարծիքով, մենք դատապարտված ենք լինել ճկուն, եւ որոշ առումներով նույնիսկ ցինիկ. պարզապես այլ ճանապարհ չունենք գոյատեւելու որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, հատկապես ճգնաժամերի ներկա դարաշրջանում: Բայց Հայաստանն ունի շատ կարեւոր ռեսուրս, որը պետք է ճիշտ օգտագործել՝ սփյուռքը։ Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի տարբեր երկրներում սփյուռքին ներգրավելու եւ այդ երկրների իշխանությունների ու ընկերությունների հետ տեղի հայերի ու սփյուռքի կառույցների միջոցով շփվելու համար, այդ թվում՝ պատժամիջոցների եւ հակապատժամիջոցների հարցում իր դիրքորոշումը փոխանցելու համար։ Այս ռեսուրսը չափազանց կարեւոր է, եւ ցավալի է տեսնել, որ սփյուռքը կամ ընդհանրապես ներգրավված չէ, կամ անարդյունավետ է ներգրավված:Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 75757