Ալյումինե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների տեղական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը եւ այժմ ներկայանում ավելի խոշոր՝ GROUP-ի կարգավիճակով: Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում բիզնես ղեկավարելու, կյանքում բեկումնային որոշումներ կայացնելու, PROFAL-ում գործունեություն սկսելու եւ ընկերության նոր տեսլականի ու ռազմավարության մասին: - Պարոն Ավետիսյան, արդեն մի քանի տարի է` խոշոր բիզնեսի ղեկավար եք: Պատմեք Ձեր անցած ուղու մասին, ինչպե՞ս հայտնվեցիք բիզնես ոլորտում: - Դեռեւս տասը տարեկանից բիզնես միջավայրում եմ մեծացել։ Հայրս մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է. 1990-ականներն էին, երբ նա թողեց բժշկությունը եւ իր 2 ընկեր-համախոհների հետ որոշեց զբաղվել բիզնեսով: Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած եւ պահանջված մասնագետ էր, բայց բոլորին էլ միավորում էր Հայաստանի զարգացման համար որեւէ բան անելու գաղափարը: Հայաստանում ամենաբարդ ու դժվարին ժամանակներն էին, բիզնես ոլորտ գոյություն չուներ, չկար մրցակցություն, համապատասխան միջավայր ու մշակույթ, բայց նրանք ռիսկի դիմեցին: Իհարկե, հեշտ չէր սկիզբ դնել ու ձեւավորել միանգամայն նոր ուղղություն, բայց շնորհիվ համառության եւ քրտնաջան աշխատանքի հաջողվեց Հայաստանում զարգացնել արտադրության ոլորտն ու հստակ քայլերով առաջ գնալ: Գլխավոր տնօրենը եւ հիմնադիրները Լուսանկարը՝ PROFAL - Կարելի է ենթադրել, որ ձեր ընտանիքում շրջադարձային որոշում է եղել բիզնեսով զբաղվելը: Ո՞րն է նման շրջադարձային պահը Ձեզ համար եւ ինչո՞ւ էր այն բեկումնային: - Երբ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնի մագիստրատուրան ավարտելուց հետո 2013 թվականին մեկնեցի ԱՄՆ՝ HULT միջազգային դպրոցում MIB ծրագիր անցնելու: Արտերկրում ապրելն ու սովորելը, հատկապես այդ տարիքում, բեկումնային եղան ինձ համար: Հենց ԱՄՆ-ում ես հասկացա, որ առանց որեւէ մեկի աջակցության կարող եմ ինչ-որ բան անել: HULT միջազգային դպրոցից հետո նաեւ Stanford-ի համալսարանում High Performance Management ծրագիրն եմ անցել։ - ԱՄՆ-ում սովորելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցիք վերադառնալ Հայաստան: Ինչո՞ւ։ - Այդ ընթացքում մի քանի կազմակերպությունից արդեն աշխատանքի առաջարկ ունեի, մնում էր փորձաշրջան անցնել եւ հասկանալ, թե որտեղ եմ աշխատելու: Ուսումն ավարտելուց հետո կարճ ժամանակով Հայաստան եկա` ընտանիքիս տեսակցության, բայց ԱՄՆ վերադառնալու նպատակով, նույնիսկ հետադարձի տոմսն ունեի: Մտածում էի, որ նոր բիզնես միջավայրում կհայտնվեմ, մեծ բարձունքներ կնվաճեմ: Հետո սկսեցի գիտակցել, որ օտար միջավայրում հնարավորություն չեմ ունենալու իմ գաղափարները կյանքի կոչել: Իսկ այստեղ ես ունեի բոլոր նախապայմաններն իմ գիտելիքներն ու փորձը մեր երկրի, ոլորտի զարգացման գործում ներդնելու համար: Հայաստանում մնալու որոշումս շատ արագ կայացրեցի եւ մինչեւ հիմա հիշում եմ հորս՝ զարմանքից եւ ուրախությունից փայլող աչքերը: - 2014 թվականից PROFAL-ում եք: Այստեղ ինչպիսի՞ ճանապարհ եք անցել։ Մարտահրավերներ եղե՞լ են։ - Մինչեւ ԱՄՆ մեկնելն արդեն աշխատում էի PROFAL-ի ֆինանսական բաժնում, վերադառնալուց հետո ստեղծեցի եւ ղեկավարեցի զարգացման բաժինը: PROFAL-ում էլ մարտահրավերների պակաս չեմ ունեցել, բայց ինձ համար ամենակարեւորն ու նշանակալին այն է, որ ինձ հաջողվեց ընկերությունը դուրս բերել ճգնաժամից: Ընտանիքիս, ընկերներիս աջակցության եւ, երեւի թե, իմ համառության ու «պնդաճակատ բնավորության» (ժպտում է-խմբ.) շնորհիվ հաջողվեց «փրկել» երկար տարիների ջանքերի, նվիրումի ու քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեւավորված ընկերությունը: Էդգար Ավետիսյանը եւ Սոսի Դեմիրճյանը Լուսանկարը՝ PROFAL Այժմ PROFAL-ը դարձել է կարեւորագույն իմաստներից մեկը, առանց որի էլ չեմ պատկերացնում կյանքս: Այդուհանդերձ, PROFAL-ում ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է. այստեղ եմ ծանոթացել կնոջս հետ, ով մեր մարքեթինգի բաժնի ղեկավարն է: Եթե անգամ օրերից մի օր չլինի որեւէ բիզնես, միեւնույն է, աշխարհում ամենաթանկի՝ ընտանիքի համար պարտական եմ լինելու PROFAL-ին: Հայկական արտադրող լինելն իր դժվարություններն ունի, որովհետեւ գործունեություն ես ծավալում փոքր, բայց մրցակցային խիտ շուկայում: Վայելում ես սպառողների վստահությունը, բայց ներկայացվող պահանջներն էլ խիստ են, իրավունք չունես թերանալու: Սա էլ հնարավորություն ու խթան է՝ անընդհատ կատարելագործվելու եւ առաջ գնալու: Հաջողելու հնարավորություն այս կյանքում բոլորին է տրվում, պետք է կարողանալ ժամանակին օգտվել դրանից ու ճիշտ ռեալիզացնել դա։ Ներկայում իմ առաքելությունը PROFAL-ում այն միջազգային բրենդ, իսկ բարձրորակ հայկական արտադրանքը միջազգայնորեն մրցունակ դարձնելն է: - Պարոն Ավետիսյան, խոսենք հետագա անելիքների եւ PROFAL-ի նոր բիզնես տեսլականի մասին: - Իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում PROFAL-ը ձեւավորել է ծառայությունների լայն շրջանակ, դարձել պահանջված՝ տեղական եւ միջազգային շուկաներում: Այժմ ընկերությունը ներկայանալու է GROUP-ի կարգավիճակով: Սա նշանակում է, որ բացի մեր հիմնական վեկտորները զարգացնելուց, մենք դառնում ենք հովանի տարբեր բրենդերի համար եւ զարգացնում ենք միանգամից մի քանի ուղղություն: GROUP-ի կարգավիճակը հնարավորություն է տալիս անցնել որակապես նոր մակարդակի՝ բարձրացնել կառավարման եւ արտադրության արդյունավետությունը, իրականացնել տեխնիկական հզոր ու արդիական վերազինում եւ ռեսուրսներն օգտագործել նպատակաուղղված: Էդգար Ավետիսյանը Լուսանկարը՝ PROFAL PROFAL GROUP-ը միավորում է PROFAL-ը, PROFAL HOME-ը, O2 Gardens, Օ2 Café & Bar, ElectriX ընկերությունները, ինչպես նաեւ Վրաստանում գործող ARGO դուստր ձեռնարկությունը: ElectriX-ը նախկինում ներկայացնում էր Gewiss, Raychem համաշխարհային հայտնի էլեկտրամոնտաժային պարագաների բրենդների արտադրանքը, այժմ եւս երեք բրենդ է միավորում՝ HS Electro, IQWatt, Werkell բրենդերը, ինչը հնարավորություն կտա տարբեր սեգմենտների համար համապատասխան արտադրանք ներկայացնել։ O2 Gardens-ը մեր նոր, կանաչապատման ուղղության, ամբողջ Հայաստանի ու տարածաշրջանի համար եզակի մեգանախագիծն է, որի կայացման դեպքում մենք մի շարք ոլորտների զարգացում եւ նոր մշակույթի ձեւավորում կապահովենք։ Նախագծի շրջանակում, ընդհանուր առմամբ, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել։ GROUP դառնալն իր մարտահրավերներն ունի. պետք է կարողանալ ճիշտ համակարգել աշխատանքները, ունենալ հմուտ ու կատարելագործված թիմ: Նոր կարգավիճակը նաեւ աշխատանքի մասշտաբների փոփոխություն է ենթադրում: Հիմա մենք շարունակում ենք ընդլայնվել եւ նախատեսում ենք նոր գործարան կառուցել, որն իր հնարավորություններով ու ծավալով տարածաշրջանում եզակի է լինելու: Նախատեսում ենք ավելի մեծացնել մեր թիմը՝ հասցնելով մինչեւ 500 աշխատակցի: Առաջիկա 2 տարվա ընթացքում պլանավորում ենք իրականացնել առավել քան 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում նոր գործարանի կառուցման, ինչպես նաեւ արտադրամասերը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։ Վստահ եմ, որ կհասնենք մեր բոլոր նպատակներին, որովհետեւ ունենք սրտացավ, նվիրված եւ ուժեղ թիմ, ինչը շատ կարեւոր գործոն է։ Այսօր PROFAL-ի ղեկավար օղակում հիմնականում երիտասարդ մասնագետներ են, որոնք հետեւում են քսան տարի շարունակ ձեւավորված արժեքներին եւ անում ամեն հնարավորը, որպեսզի ընկերությունը շարունակի զարգանալ։ Մեր հավակնությունները շատ մեծ են ընդհուպ, որ PROFAL GROUP-ը դառնա Հայաստանի ամենամեծ, հազարավոր աշխատատեղեր ունեցող կազմակերպություններից մեկը, լինի միջազգայնորեն հայտնի հայկական առաջատար ընկերություն: Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 53898