Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ին Cascade People & Business-ի եւ HR ասոցիացիայի կազմակերպած Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը High Performance անվանակարգում մրցանակ է շնորհվել: Ընկերությունը մրցանակը ստացել է «ՓոՇտից Փոստ» նախագծի համար, որտեղ ներկայացրել է բարեփոխումների ծրագրի իրականացման ճանապարհին թիմը պրոֆեսիոնալ աշխատակիցներով համալրելու գործընթացը եւ այդ ճանապարհին հանդիպած խնդիրների լուծման փաթեթը:ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տնօրեն Լիդիա Ղազարյանի հետ Banks.am-ը զրուցել է ընկերության ստացած մրցանակի, կադրային փոփոխությունների, նոր աշխատակիցների ներգրավման ու ադապտացման եւ ընկերության տրանսֆորմացիոն փուլի մասին:Մրցանակը ՀայՓոստն առաջին անգամ էր մասնակցում այս մրցանակաբաշխությանը, որտեղ մրցանակ ստացավ High Performance անվանակարգում: Մրցույթին մենք 15 րոպե ունեինք «ՓոՇտից փոստ» նախագիծը ներկայացնելու եւ 5 րոպե՝ հարցերին պատասխանելու համար: Լիդիա Ղազարյանը՝ մրցանակաբաշխության ժամանակ Նախագծում պատմում էինք ընկերությունում նախկինում եղած տեսանելի եւ թաքնված խնդիրների մասին, օրինակ՝ սպասարկման ցածր մակարդակը, ծրագրային լուծումների բացթողումները, վաճառքի հետ կապված հարցերը, աշխատակիցների անհրաժեշտ գիտելիքների պակասը եւ աշխատանքային առողջ միջավայրը: Այնուհետեւ ներկայացվել են նշված խնդիրների լուծման փաթեթը եւ արդեն ունեցած արդյունքը՝ կադրային համալրման փուլերի փոփոխությունը, աշխատակիցների համար մշակած թրեյնինգները, նրանց կատարողականի գնահատումը, բոնուսային համակարգի ստեղծումը, ծրագրային համակարգի ճիշտ աշխատանքը եւ հաճախորդների հետ հետադարձ կապի արդյունավետության բարձրացումը: Մրցանակը շնորհվել է քվեարկության արդյունքում, որը գնահատում էր ե՛ւ գաղափարը, ե՛ւ իրականացումը, ե՛ւ արդյունքը:Աշխատակիցների ադապտացման ծրագիրըՀայՓոստի բարեփոխումների ծրագրի իրականացման շուրջ մեկուկես տարվա ընթացքում փոխել ենք աշխատակիցների համալրման գործընթացը, մշակել գործիքներ՝ փոստային բաժանմունքների համար ընտրված թեկնածուների խմբային հարցազրույցների համար: Հիմա հարցազրույցներ ենք անցկացնում ոչ թե թեկնածուների հետ անհատապես, այլ հրավիրում ենք 5-15 հոգի, որոնցից ընտրում ենք ամենահամապատասխան թեկնածուներին: Սա համալրման գործընթացի առաջին փուլն է:Երկրորդ փուլով խմբային հարցազրույցների արդյունքում ընտրված թեկնածուները մասնակցում են երկշաբաթյա դասընթացների եւ փորձաշրջանի, որոնց ընթացքում ուսումնասիրում են մեր ծրագիրը, պրոդուկտներն ու ծառայությունները: Երկու շաբաթ անց ստացած գիտելիքների հիման վրա թեստ են հանձնում եւ 60% շեմը հաղթահարածները հրավիրվում են աշխատանքի: Այսինքն՝ այդ փուլում սպասարկման ոլորտի համար մաքսիմալ համապատասխան թեկնածուների ենք ընտրում, որոնք գրեթե 60-70%-ով պատրաստված գալիս են աշխատանքի: Ներդրել ենք նաեւ աշխատակիցների ադապտացման ծրագիր, որի շրջանակում յուրաքանչյուր նոր աշխատակից աշխատանքի ընդունվելուց նամակ է ստանում, որով մենք ողջունում ենք նրա մուտքը ընկերություն, ներկայացնում մեր ներքին կանոնակարգը, այն ուսումնասիրելու հղումները եւ աշխատանքային գրաֆիկը: Տվյալ աշխատակցի ղեկավարն էլ ստանում է գործողությունների պլան, թե ինչ պետք է անի այդ ընթացքում՝ նոր աշխատակցին որոշ գործառույթներ փոխանցելու եւ նրա կատարողականի պլանը ստեղծելու ուղղությամբ:Վարչական, ադմինիստրատիվ աշխատակիցների համար ներդրել ենք տարեկան կատարողականի գնահատման համակարգը, որի հիման վրա էլ նրանք ստանում են իրենց պարգեւավճարները: Աշխատակիցների ուսուցումըՄեկ տարուց ավելի է, ինչ ստեղծվել է ՀայՓոստի ուսուցման եւ զարգացման բաժինը՝ գրեթե զրոյական վիճակից, որտեղ հաճախորդների սպասարկման ստորաբաժանումների աշխատակիցների համար թրեյնինգներ են ստեղծվում եւ անցկացվում: Բաժանմունքների նոր աշխատակիցների համար կազմակերպում ենք հաճախորդամետ սպասարկման եւ վաճառքի հմտությունների դասընթացներ, որի ընթացքում նրանք ծանոթանում են ընկերության սպասարկման ստանդարտներին, հաճախորդի պահանջները բացահայտելու եւ ճիշտ առաջարկ ներկայացնելու հմտություններին: Լիդիա Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բաժանմունքների ավագների եւ մենեջերների համար էլ անցկացնում ենք կառավարման բազային հմտությունների զարգացման ծրագիրը, որն օգնում է ավելի արդյունավետ կազմակերպել բաժանմունքի աշխատանքը:Բնականաբար, որտեղ կա սպասարկում, այնտեղ ե՛ւ սթրես, ե՛ւ կոնֆլիկտային հարցեր են լինում, դրանից ելնելով էլ մշակվել են սթրեսի, կոնֆլիկտների կառավարում թեմաներով թրեյնինգներ: Բացի կորպորատիվ դասընթացավարներից, ընտրել ենք նաեւ ֆունկցիոնալներին, որոնք ծանոթ են ստորաբաժանման բոլոր նրբություններին եւ լսարանի հետ կարողանում են խոսել նույն լեզվով:Ներկայում պլանավորում ենք անցկացնել նաեւ ներքին աշխատակիցների գոհունակության հարցումը, որի արդյունքում կհասկանանք, թե մեզ մոտ ինչն է դրված արդյունավետ ինչն է թույլ, որի վրա պետք է աշխատել եւ մշակել գործողությունների պլան:Շուտով ներդրվելու է նաեւ մենթորության ծրագիրը, որի միջոցով մարզերի ավագները կկարողանան տեղում ուսուցում անցկացնել՝ մենտորության ոճով: Այս ամենը դեռ սկիզբն է, հետագայում ե՛ւ տնօրենների մակարդակով, ե՛ւ միջին ղեկավարների մակարդակով նախատեսվում են նոր ծրագրեր:Կապը բուհերի հետՀայՓոստը շարունակում է ամրապնդել համագործակցությունը բուհերի կարիերայի կենտրոնների հետ, որն ավելի տեսանելի է դառնում կնքված հուշագրերի միջոցով: Քանի որ մենք ակտիվ տրանսֆորմացման փուլում ենք եւ մեր էկոհամակարգին ոչ բոլորն են ծանոթ, հուշագրերը հնարավորություն են տալիս հետագայում հանդիպել ուսանողներին, ներկայացնել մեր ռազմավարությունը, իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ այն, որ մեզ մոտ ցանկացած ուսանող կարող է իր տեղը գտնել եւ կարիերայի սկիզբը հիմնել: Այս հանդիպումները մեզ էլ հնարավորություն են տալիս լավագույն ուսանողներին դիտարկել եւ հնարավորություն տալ աշխատել՝ ընտրելով մեր ընկերությունը: Լիդիա Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ուսանողները նաեւ հնարավորություն ունեն մեզ մոտ ուսումնական փորձառություն ձեռք բերել: Որպես օրինակ կարող եմ նշել արդյունավետ համագործակցությունը Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների հետ: ՀայՓոստի միկրոաշխարհըՄենք միկրոաշխարհ ենք, որտեղ կան փոքր-փոքր քաղաքներ՝ կոմերցիոն, սպասարկման, ֆինանսական, կադրային կամ այլ ուղղվածություն ունեցող, եւ ՀայՓոստ եկող յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն ունի գտնել իրենը: Իսկ մեր այն աշխատակիցները, որոնք ըստ մեր դիտարկման, կարող են իրենց ստորաբաժանումը փոխելով ավելի արդյունավետ աշխատել՝ հնարավորություն ունեն հանգիստ դիմել եւ թափուր հաստիք լինելու դեպքում՝ տեղափոխվել այլ բաժին:Այն պատկերացումները, թե ՀայՓոստը հին է, ոչ մի ավտոմատացում եւ թվայնացում չկա, պետք է փոխել: Մեզ մոտ հետաքրքիր է, եւ եթե մարդը ակտիվ է, սիրում է գործել եւ տեսնել արդյունքները, ապա իրեն սպասում ենք ՀայՓոստում:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 50330