ՀայՓոստ՝ արագացված եւ մատչելի առաքումներից մինչեւ փոստփոխանակման թվայնացում

12.05.2022 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Վերջին տարիներին Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, որոնք ոչ միայն կոտրում են փոստային ծառայության մասին հանրության կարծրացած պատկերացումները, այլեւ առաջարկում նոր որակ ինչպես ներհանրապետական, այնպես էլ միջազգային առաքումներում:

Ծառայությունների արագության եւ որակի ապահովման ուղղությամբ կատարված քայլերի ու առաջիկա ծրագրերի մասին Banks.am-ը զրուցել է ՀայՓոստի փոստային բիզնեսի տնօրեն Ինգա Հովսեփյանի հետ:

ՀայՓոստն էլ առաջվանը չէ

Երբ երկու տարի առաջ նոր էի ընդունվում ՀայՓոստ, ինքս էլ լիարժեք չէի պատկերացնում՝ ինչ է այն իրենից ներկայացնում: Հանրության շրջանում ՀայՓոստը, հաճախ, ընկալվում էր որպես լոկ թոշակ բաժանող հաստատություն: Մեր առաջնահերթ խնդիրներից էր կոտրել այս կարծրատիպն ու ներկայացնել ՀայՓոստն այնպիսին, ինչպիսին այն իրականում կա՝ դինամիկ զարգացող մեծ համակարգ, որը փոստային անխափան առաքումներ է կատարում շուրջ 190 երկիր՝ միջինում 7-10 օր ժամկետում:

Մարդիկ, փորձելով մեր առաքման ծառայությունը, հաճախ զարմանում են, թե ինչպես շատ սեղմ ժամկետում տեղ հասավ իրենց առաքանին: Մենք ձգտում ենք վերջնական սպառողին ցույց տալ, որ մատուցում ենք որակյալ ծառայություններ, ոչնչով չենք զիջում շուկայի գործընկերներին ու առաջակում ենք ամենամատչելի գինը: Որոշ գործընկերների համեմատ մեր ծառայությունը 2-3 անգամ ավելի մատչելի է, մինչդեռ բեռներն առաքվում են միեւնույն ավիաուղիներով:

Առաքման շղթայի վերահսկում

Առաքումն արագ եւ ապահով իրականացնելու համար ձեռնարկել ենք մի շարք անհրաժեշտ քայլեր: Նախ եւ առաջ, ուսումնասիրել ենք փոստփոխանակման ամբողջ շղթան եւ հասկացել՝ որտեղ են լինում ամենամեծ ուշացումները, նույնականացրել կոնկրետ խնդիրներն ու անցել դրանց լուծմանը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից ՀայՓոստի բոլոր կետերում ներդրվել է նոր համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել փոստփոխանակման ամբողջ գործընթացը՝ սկսած առաքանու մուտքագրումից մինչեւ վերջնական հանձնումը: Այսինքն՝ շղթայի յուրաքանչյուր փուլը՝ հաճախորդը հանձնում է գրասենյակ, գրասենյակը հանձնում է վարորդին, վարորդը հանձնում է փոստփոխանակում եւ այլն, համակարգում ֆիքսվում է: Սա մեզ թույլ է տալիս հետեւել եւ հասկանալ, թե վրիպումը որ փուլում է եղել, ըստ այդմ էլ արագ արձագանքել եւ շտկել այն:

Մեր վարորդները առաքանիները հանձնելիս և ընդունելիս ֆիքսում են դրանց բեռնային համարները հատուկ հավելվածի միջոցով, որի շնորհիվ էլ մեզ մոտ երեւում է առաքանու ամբողջ պատմությունը: Հաճախորդները եւս կարող են հետեւել իրենց առաքանուն՝ մեր կայքի համապատասխան դաշտում մուտքագրելով իրենց բեռի կոդը:



Փոխադրումների որակի բարելավման խթանիչնեից է համարվում նաև ապահով փոխադրումը, որը երաշխավորելու համար փոստփոխանակումը իրականացվում է հատուկ արկղերի միջոցով՝ նախկին պարկերի փոխարեն:



Օրական հսկայական քանակի առաքանիներ ենք ուղարկում, եւ բնական է, որ խնդիրներ լինում են  թե´ մեր մեղքով, թե´ հաճախորդների: Այստեղ ավելի կարեւոր են առաջ եկած խնդիրներին արագ արձագանքն ու հետագա բարելավումները՝ մշտապես առաջնային պահելով հաճախորդների հետ հետադարձ կապը, ինչն էլ անում ենք ներդրված նոր համակարգի շնորհիվ: Մեր ծառայություններից օգտվող յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն է ստանում գնահատելու մեր սպասարկման որակը՝ իրեն ուղարկված SMS հաղորդագրությանը պատասխանելու միջոցով: Այս գնահատականները պարբերաբար վերլուծվում են եւ օգտագործվում համակարգի հետագա բարեփոխումներում:

Առաքումը Երեւանում՝ 1 օրում

Այս տարվա մայիսից մեր հաճախորդները Երեւանում առաքանին կարող են ստանալ նույն օրը, եթե այն մոտեցրել են ՀայՓոստի բաժանմունք մինչեւ 12:00-ն: Այս արագությանը հասել ենք փոստային փոխանակումը օրը երեք անգամ դարձնելու շնորհիվ՝ նախկին մեկ անգամի փոխարեն: Մեր կայքում տեղադրված է նաեւ նույն օրը փոստից առաքման ժամանակացույցը, քաղաքացին կարող է նայել եւ հասկանալ, թե երբ մոտենա բաժանմունք՝ առաքանին ստանալու:

Մարզերում փոստփոխանակումն ավելի արագ դարձնելու ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ: Այժմ տեսակավորման կենտրոններ կան բոլոր մարզկենտրոններում:



Մեր ծառայություններից օգտվող յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն է ստանում գնահատելու մեր սպասարկման որակը՝ իրեն ուղարկված SMS հաղորդագրությանը պատասխանելու միջոցով: Այս գնահատականները պարբերաբար վերլուծվում են եւ օգտագործվում համակարգի հետագա բարեփոխումներում:

Առցանց առեւտուր՝ առանց քաշի համար վճարի

21-րդ դարում փոստային ծառայության զարգացման հիմնական ուղղվածություններից մեկը e-commerce-ը՝ էլեկտրոնային առքուվաճառքն է: ՀայՓոստը շարունակում է համագործակցել մի շարք հայտնի առցանց խանութների հետ՝ ապահովելով դրանց ապրանքների առաքումը դեպի Հայաստան: ASOS-ից եւ Joom-ից գնումներ կատարելով՝ կարելի է նշել Հայաստանի հասցե եւ որեւէ գումար չվճարել ապրանքի քաշի համար: 20 օրվա ընթացքում առաքանին կհասնի հաճախորդին՝ ՀայՓոստի առաքմամբ: Բացի այդ, ինքս նկատել եմ, որ օրինակ ASOS-ի կայքի հայաստանյան տարբերակում միեւնույն ապրանքների գներն առավել մատչելի են: Սա, հավանաբար, իրենց գնագոյացման քաղաքականությունից է բխում, եւ մեր հաճախորդների համար առավել հարմարավետ է:

Նման առցանց հարթակների հետ համագործակցությունների ուղղությամբ ամենօրյա աշխատանքները շարունակվում են, որպեսզի դրանց թիվը շարունակի աճել:

Իրավահավաստի փոստ

Աշխարհը շարունակում է սրընթաց գնալ դեպի թվայնացում: ՀայՓոստն այս տարի կգործարկի նոր ծառայություն՝ իրավահավաստի փոստ:

Հավելվածը գրված է blockchain տեխնոլոգիայի հիմքով, ինչը կանխում է համակարգում որևէ փոփոխության կատարումը, տեղեկատվության հեռացումը կամ 3-րդ կողմի ներխուժումը:



Նամակների փոստփոխանակումը հիմնականում կատարվում է պետական մարմինների, ֆինանսական և այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց միջեւ: Այս գործընթացը թվայնացնելու համար ՀՀ քաղաքացիները կունենան իրենց էլեկտրոնային փոստարկղը, որի վրա կստանան պետական մարմինների կամ այլ կառույցների կողմից ուղարկվող իրենց հասցեագրված նամակները: Կլինի հատուկ բջջային հավելված, որը ներբեռնելով քաղաքացիները կկարողանան օգտվել այս ծառայությունից: Հավելվածը այլ հնարավորություններ եւս կտա, օրինակ՝ պատվիրել ծանրոցի առաքում իրենց տուն՝ ՀայՓոստի բաժանմունք այցելելու փոխարեն:

Շարունակական բարեփոխումներ

Շատ շուտով ՀայՓոստում նամակների հանձնումը եւս դառնալու է էլեկտրոնային: Մեր փոստատարներն իրենց հետ ունենալու են պլանշետներին կից էլեկտրոնային գրիչներ, որոնց միջոցով նամակ ստանալիս հաճախորդը այլեւս ստիպված չի լինի լրացնել թղթային ձեւաթուղթը, այլ այդ գրիչով միանգամից կստորագրի դրա պատրաստի էլեկտրոնային ձեւը:

Այժմ ՀայՓոստը մատուցում է նաեւ լոգիստիկ ծառայություններ: Ընկերությունները կարող են պայմանագիր կնքել մեզ հետ, որպեսզի մենք հաճախորդներին հասցնենք իրենց առաքանիները: Առաջիկայում կգործարկվի նաեւ բեռնափոխադրման ծառայությունը, որով պատվիրատու ընկերությունների համար մեծ քանակի բեռի փոխադրում կիրականացնենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

ՀայՓոստում կատարվող բարեփոխումների հետ նկատում ենք հաճախորդների գոհունակության աճ, սակայն դեռեւս մեծ աշխատանք կա տանելու հանրային տեղեկացվածության բարձրացման եւ վստահության ձեռքբերման ուղղությամբ:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 64185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW