Կրթությունն՝ աշխարհը փոխելու զենք. Շեֆիլդի Executive MBA-ի շրջանավարտները դիպլոմներ ստացան

12.03.2022 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Շեֆիլդի համալսարանի համաեվրոպական Executive MBA  հայ շրջանավարտների արդեն երրորդ խումբը ստացել է ավարտական դիպլոմները: Ուսումնառության տարիները բարդ էին՝ պատերազմ, համավարակ, բայց ինչպես իրենք են նշում՝ կրթությունը բարդությունները հաղթահարելու կարեւորագույն ճանապարհն է:

CITY քոլեջը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2012 թվականից՝ առաջարկելով կրթաթոշակներ Սալոնիկում բակալավրի եւ մագիստրատուրայի համար: 2016 թվականից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021 թվականից Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը վերափոխվել է համաեվրոպական Executive MBA ծրագրի՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։


Այս  տարիների ընթացքում Executive MBA ծրագրում կրթություն է ստացել մոտ 100 շրջանավարտ: Բազմաթիվ ոլորտների առաջատար մասնագետները սովորել են նոր հմտություններ, որոնք կնպաստեն ինչպես իրենց մասնագիտական աճին, այնպես էլ՝ ոլորտի զարգացմանը:

Banks.am-ը ներկա է եղել դիպլոմների հանձնման արարողությանն ու առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Բոլոր լեզուներով խոսող ղեկավարներն ու գործունեության տասնամյակը

«Executive MBA ծրագիրը պատրաստում է ղեկավարներ, որոնք ցանկացած մասնագետի հետ կարող են խոսել իր լեզվով», - ասել է համաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը:

Նրա խոսքով՝ այս տարի շրջանավարտների թիվը նախորդների համեմատ փոքր է՝ ծրագրի երրորդ տարվա խումբը 10 ուսանողից է բաղկացած.

Լիլիթ Շահզադեյանը

«Շրջանավարտները տարբեր ոլորտներից են՝ բժիշկներ, դասախոսներ, իրավաբաններ, բանկային համակարգի աշխատողներ: Ունենք դեպք, երբ հումանիտար կրթությամբ ուսանողը Executive MBA-ն ավարտելուց հետո դարձել է ֆինանսների գծով մասնագետ: Այս ծրագրի պարագայում ստացած նախկին կրթությունը կարեւոր չէ, որովհետեւ սա ղեկավարների համար նախատեսված բիզնես կրթություն է, որն օգնում է ղեկավարին ֆինանսիստի հետ խոսել ֆինանսների լեզվով, մարքեթինգի մասնագետի հետ՝ մարքեթինգի»:

Հիշեցնելով, որ այս տարի տոնում են Հայաստանում գործունեության տասնամյակը, Լիլիթ Շահզադեյանը ներկայացնում է անցած ճանապարհը.


«Մեր գործունեությունը Հայաստանում սկսել ենք 2012թ.-ին: Այն ժամանակ հայաստանյան դիմորդներին կրթաթոշակներ էինք տրամադրում Հունաստանում գտնվող Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ CITY քոլեջի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերում սովորելու համար: Նրանք գնում էին Հունաստան՝ Սալոնիկ քաղաք, եւ այնտեղ՝ Միջերկրական ծովի ափին, ստանում իրենց բրիտանական կրթությունը: Հետագայում իրականացնում էինք թրեյնինգ-սեմինարներ տարբեր կազմակերպությունների համար: Դրանց ընթացքում հասկացանք, որ Հայաստանում կա MBA ծրագրի պահանջարկ: 2016թ.-ին Երեւանում բացվեց Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Հայաստանում, իսկ 2021թ.-ին այն ընդլայնվեց եւ այսուհետ առաջարկում ենք բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA դիպլոմ մեկ ծրագրում»:

Ուժեղ համայնք, ուժեղ անհատականություններ

«Մենք արեցինք դա», - ասում է համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին՝ շնորհավորելով շրջանավարտներին:

Լեսլի Սզամոզին

«Ճգնաժամը, որի միջով այսօր անցնում ենք, ավելի է ամրապնդում կրթության կարեւորությունը: Դուք առաջընթացի հույսն եք: Միայն կրթության միջոցով է հնարավոր ապագա կառուցել ու դուք, որպես MBA շրջանավարտներ, պատմական այս բարդ ժամանակաշրջանում ճրագի նման օգնում եք, որ առաջ գնանք», - ասում է պրոֆեսոր Սզամոզին:

Նա շնորհակալություն է հայտնել շրջանավարտների ընտանիքների անդամներին, գործընկերներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել, օգնել են այս բարդ ճանապարհին:

«Շատերը չեն պատկերացնում՝ որքան ժամանակ ու ջանք է պահանջվում MBA ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար: Այդ ողջ ընթացքում ձեր տներում, աշխատավայրերում մարդիկ էինք, որոնք աջակցում, օգնում էին ձեզ», - ասել է Լեսլի Սզամոզին:

Նա կարեւորել է համայնքը, որը ձեւավորում են ծրագրի շրջանավարտները.

«Երբ առաջին անգամ եկաք մեզ մոտ, անհատականություններ էիք: Լսարանում դուք ձեւավորվեցիք որպես խումբ, որպես համայնք, եւ մենք ավելի ուժեղ ենք որպես համայնք, խումբ, որից հետո միայն՝ որպես ուժեղ անհատներ»:

Լեսլի Սզամոզին

Լեսլի Սզամոզին անդրադարձել է այսօր աշխարհում ստեղծված բարդ իրադրությանը՝ նշելով, որ միշտ որոշակի թեթեւությամբ է փորձել նայել տարբեր իրավիճակների, բայց այժմ իրոք յուրահատուկ պատմական պահ է.

«Վերջին 30 տարիների ընթացքում մենք կրթում ենք MBA ուսանողների եւ շրջանավարտներ ունենք Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում: Նրանք մեր համայնքի մասն են ու այսօր անցնում են շատ բարդությունների միջով, այնպես, ինչպես դուք անցաք վերջին 4 տարիների ընթացքում: Աղոթում ենք բոլոր տեղահանված մարդկանց համար ու հույս ունենք, որ նրանք կվերադառնան իրենց հայրենիք»:

Վիկտոր Քլարկը

Միջոցառմանը ներկա Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Վիկտոր Քլարկը եւս շնորհավորել է շրջանավարտներին ու նշել, որ բրիտանական որակյալ կրթություն ստանալով՝ վերջիններս կարող են լուրջ ներդրում ունենալ տարբեր ոլորտների զարգացման մեջ.

Վիկտոր Քլարկը եւ Լեսլի Սզամոզին

«Ըստ վիճակագրության՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կանանց երկու երրորդը սովորել է Միացյալ Թագավորության համալսարաններում: Սա այն ներդրումն է, որ կարող են կատարել մեր ուսանողները»:

Կրթությունն աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է

Շրջանավարտ Սոնա Պիծակյանը նշել է՝ անցած ճանապարհը բարդ էր, բայց բացահայտումներով լի.

«Մենք բացահայտեցինք ովքեր ենք ու ով ենք ցանկանում լինել»:

Անդրադառնալով այսօր աշխարհում կատարվող իրադարձություններին՝ Սոնան մեջբերել է Նելսոն Մանդելայի խոսքերը.

«Կրթությունն ամենահզոր զենքն է, որով կարող ենք փոխել աշխարհը»:

Սոնա Պիծակյանը

Շրջանավարտներից Գայանե Գասպարյանը կիսվել է իր փորձառությամբ ու նշել՝ չնայած բանկային համակարգում աշխատանքի 17 տարվա փորձ ուներ, բայց կրթական այս ծրագրի շնորհիվ ձեռք է բերել բազմաթիվ կարեւոր հմտություններ, որոնք կիրառում է ամեն օր.

Գայանե Գասպարյանը

«Այս կրթական ֆորմատը շատ մեծ առավելություն է տալիս հատկապես կանանց, որոնք կարողանում են համատեղելով աշխատանքն ու ընտանիքը՝ ստանալ որակյալ կրթություն: Շատ եմ կարեւորում բրիտանական կրթական համակարգի ուսանող լինելը, քանի որ կարծում եմ՝ այստեղի կրթական ստանդարտներն աշխարհում լավագույններից են»:

Համաեւրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համար զանգահարեք CITY քոլեջի երեւանյան գրասենյակ` 093 909 349 հեռախոսահամարով։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 
Դիտում՝ 14352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai