Էնթոնի Իսահակյան. Մեզ մոտ գալիս են գերազանցություն եւ բարձրակարգ սպասարկման համար

02.03.2022 | 23:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Armenia Properties-ը Երեւանում գտնվող անշարժ գույքի ընկերություն է, որն առաջարկում է բարձրորակ անշարժ գույք եւ ներդրողներին հրավիրում է Հայաստան։

Ընկերությունը հիմնադրել է Էնթոնի Իսահակյանը՝ 2018 թվականին։ Մինչ Հայաստան տեղափոխվելը գործարարն ապրել է Լիբանանում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում՝ հիմնականում զբաղվելով անշարժ գույքի եւ զբոսաշրջային բիզնեսով։
 
Ինչո՞ւ է նա տեղափոխվել Հայաստան, ինչո՞ւ է այստեղ անշարժ գույքի բիզնեսով զբաղվում, ի՞նչն է նրան գրավում։ Այս հարցերը Banks.am-ը քննարկել է գործարարի հետ՝ նրա երեւանյան գրասենյակում։

«Վիտրուվյան մարդ»-ը պատին

«Սիրում եմ մարդկանց, որոնք հետքն են թողնում պատմության մեջ»:

Դռնից ներս մտնելուն պես, Էնթոնի Իսահակյանի աշխատասենյակի աջ պատին նկատում ենք Դա Վինչիի ստեղծագործությունը։ Էնթոնին էլ նկատում է մեր հայացքը։

«Ես սիրում եմ Դա Վինչիին, սիրում եմ խելացի մարդկանց, որոնք ցանկանում են որեւէ կարեւոր բան փոխել այս աշխարհում։ Եթե պետք է փորձեմ հետք թողնել պատմության մեջ, կուզում անել դա լավագույն տարբերակով։ Բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի մարդիկ հիշեն եւ իմ մասին խոսեն միայն լավը խոսեն։

Ես վստահ եմ, որ ինձ հիշելու են որպես լավ հայրենակից, որը բազմաթիվ լավ գործեր է արել իր երկրի, հայրենիքի եւ ընտանիքի համար։ Սա նույնպես պատմություն կերտելու տարբերակ է»։

Տեղափոխվելու որոշումը

«Նախ եւ առաջ՝ արյան կանչն էր, երկրորդն ու ոչ պակաս կարեւորը՝ Հայաստանն ավելի լավ վայր դարձնելու, տնտեսությունը զարգացնելու ցանկությունը»։

Գործարարն այն կարծիքին է, որ յուրաքանչյուր երկիր ունի դրական եւ բացասական կողմեր, բայց Հայաստանում գերիշխում է դրականը։ Պնդում է, որ չի զղջում Հայաստան տեղափոխվելու որոշման համար, թեեւ մեր երկիրն ու այն վայրերը, որտեղ նախկինում է ապրել, արմատապես տարբերվում են։

«Հայերը շատ բանի միջով են անցել, ինչի արդյունքում նրանց մտածելակերպը շատ տարբեր է։ Բայց ամեն օր ես հիանում եմ այստեղ ապրող երիտասարդ սերնդով, որը խելացի է, կիրթ է եւ փոփոխություններ անելու պատրաստակամություն ունի։

Հայաստանի բացասական կողմերը բացահայտում ես, երբ որոշում ես այստեղ բիզնեսով զբաղվել։ Բայց ես փորձում եմ յուրաքանչյուր վատ իրավիճակում լավ բանի վրա կենտրոնանալ՝ դա օգնում է հաղթահարել ցանկացած խնդիր։

Էնթոնի Իսահակյանը


Հայաստանում ապրող մարդիկ, մի կողմից, շատ լավն են, ընկերասեր եւ օգնության հասնող, իսկ մյուս կողմից՝ չես խուսափում թերություններ բացահայտել, երբ բիզնեսով ես զբաղվում։ Մարդիկ այստեղ սովոր չեն սպասարկման լավ որակին, թեեւ վերջին շրջանում որոշ փոփոխություններ նկատվում են։

Հայաստանում ընկերություն հիմնելու պատճառներից մեկն այն էր, որ ուզում ենք բարձրորակ ծառայություն մատուցել ոչ միայն Երեւանում, այլեւ այլ քաղաքներում եւ բնակավայրերում»։

Էնթոնի Իսահակյանը ԱՄԷ-ում ապրել է ավելի քան 14 տարի, մեծ փորձ կուտակել, որն ուզում է կիրառել Հայաստանում։ Պնդում է, որ իրականում Հայաստան տեղափոխվելը ոչ միայն բարդ էր իր համար, այլեւ մարտահրավերային: Գործարարի արմատների միայն կեսն է հայկական է՝ մայրն է հայ, ինքն էլ հայերեն չի խոսում, միայն հասկանում է։

Բիզնեսով զբաղվելու դժվարությունները

«Առաջին դժվարությունը լեզվական խոչընդոտն էր, երկրորդը՝ մարդիկ, որոնք համոզում էին, որ պետք չէ այստեղ բիզնեսով զբաղվել»։

Էնթոնին ասում է, որ ոչ մեկ ի վիճակի չէր նրան հետ կանգնեցնել Հայաստան տեղափոխվելու որոշումից։ Պնդում է, որ թեեւ ինքը հայ է, մարդիկ նրան այլ կերպ են ընկալում, հատկապես՝ անշարժ գույքի շուկայում։

Էնթոնի Իսահակյանը

 
«Սա զգայուն շուկա է, դժվար շուկա է, պետք է գիտելիք եւ փորձ ունենալ։

Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, եւ մեր ոլորտի ամենադժվարին ու խնդրահարույց հարցը թղթային քարտեզների փոփոխությունն է արբանյակայինի։ Նախկինում գեոդեզիան ձեռքով էր արվում, մեր օրերում՝ միջազգային գեոդեզիական համակարգի ստանդարտներով, եւ այստեղ էլ սկսվում է թյուրիմացությունների շղթան, որը շատ է հատկապես մարզերում»։

Հիմնելով Armenian Properties-ը

«Ընկերությունը ստեղծվել է 2018 թվականին, փշոտ ու դժվարին ճանապարհ էր, բայց մենք հաղթահարեցինք։ Հիմա արդեն մի քանի բիզնես ունենք եւ ավելին ենք անելու»։

- Ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանի անշարժ գույքի շուկան։

- Իմ նպատակը վերեւ բարձրանալն է, փոքր շուկաներն ու փոքր ծրագրերն ինձ համար չեն։ Ես միշտ պետք է ավելին անեմ, դա պետք է ինտրիգային լինի։

Վստահ եմ՝ եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է ընտրես ինչ-որ եզակի, մարտահրավերային մի բան, այնպիսի բան, որը կամ ոչ մեկ չի կարող անել, կամ դժվար կարողանա իրականացնել։ Երբ եկա Հայաստան եւ ծանոթացա անշարժ գույքի շուկայի հետ, նկատեցի, որ այստեղ արաբների համար մեծ բաց կա։ Մեծ ներդրողները զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, նոր մեկնարկ են փնտրում։ Ես հասկացա, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել շատ մարդկանց եւ ներդրողների համար»։

Էնթոնի Իսահակյանը


Էնթոնի Իսահակյանն ասում է, որ իրենց հաճախորդների 99% -ը Պարսից ծոցի տարածաշրջանից են եւ Հայաստանով հետաքրքրվում են մի քանի պատճառով։

«Նախ եւ առաջ Հայաստանի հրաշալի բնությունը, երկրորդը՝ տարածությունն է, ընդամենը 2-3 ժամ է պահանջվում Հայաստան հասնելու համար։ Հյուրընկալությունն է այստեղ լավը, իսկ գները՝ համեմատաբար մատչելի։ Բայց հիմնական պատճառը բնությունն է ու կյանքի որակը։ Մենք զարգացող երկիր ենք՝ լի նոր հնարավորություններով եւ հենց այդ պատճառով էլ մեծ մասը Հայաստանը նախընտրում է այլ երկրներին»։

Ընկերության հաճախորդները

«Armenian Properties-ը պարզապես անուն չէ, բրենդ է։ Մեր հաճախորդները յուրահատուկ են։ Մեզ մոտ գալիս են գերազանցության եւ բարձր որակի համար»։

Ըստ Էնթոնի Իսահակյանի, ընկերության հաճախորդները բաժանվում են երեք խմբի՝ անձնական նպատակային ներդրումներ անողներ, բիզնես հնարավորություններ փնտրողներ եւ «լուռ ներդրողներ»։

«Անձնական ներդրումներ փնտրող հաճախորդները սովորաբար հողատարածքներ են փնտրում, հիմնականում գետերի, Սեւանա լճի, անտառների հարեւանությամբ՝ ամառային հանգստի համար նախատեսված գեղեցիկ եւ ժամանակակից տուն կառուցելու նպատակով։ ԱՄԷ-ում ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչեւ 50C, իսկ Հայաստանում պարզապես դրախտ է։

Երկրորդ տեսակը բիզնեսում նոր հնարավորություններ փնտրող ներդրողներն են, որոնք գնում են հողատարածք՝ գյուղատնտեսական ներդրումների, ռեստորան, հյուրանոց կամ բնակելի համալիր կառուցելու համար։

Երրորդ խումբն այն ներդրողներն են, որոնք գնում են, որպեսզի հետագայում վերավաճառեն այն։

Էնթոնի Իսահակյանը


Ներդրողները Հայաստան են գալիս՝ բարենպաստ ներդրումային միջավայրի շնորհիվ։ Մեծ առավելություն է նաեւ Հայաստանի եւ ԱՄԷ-ի կառավարությունների լավ հարաբերությունները»։

Էնթոնի Իսահակյանը մանրամասնում է, որ Հայաստանում բարձրակարգ հողատարածքներ գտնելը հեշտ չէ՝ հողերը պրեմիում դասի են համարվում ըստ դիրքի, մոտակա ենթակառուցվածքների, տեսարանի, ձեւի, թաղամասի, Երեւանից հեռավորության։

«Երբ ունես հիանալի տեսարան, մաքուր միջավայր, լավ բնություն, մոտակայքում գետ՝ սա այն է, ինչ մենք անվանում ենք պրեմիում հող, եւ սա այն է, ինչ մենք չենք կարող գտնել ամեն օր, քանի որ այդպիսի հողերը Հայաստանում մեծ պահանջարկ ունեն»։

Թիմը

«Մերն ընտանեկան բիզնես է եւ նրանք, ովքեր աշխատում են մեզ հետ, կարծես մեր ընտանիքի անդամը լինեն»։

Armenian Properties ընկերության թիմի առանցքում գործարարի կինն է։ Էնթոնին ասում է, որ այն ամենը, ինչ նրանք այսօր ունեն, հենց նրա ջանքերի շնորհիվ է:

«Մենք նման ենք «Ին եւ յանին», որոնք լրացնում են միմյանց: Ինչ էլ պատահի, նա միշտ դրական է տրամադրված է եւ այդ դրական էներգիան փոխանցում է նաեւ ինձ։

Էնթոնի Իսահակյանը


Մենք սիրով ենք ստեղծել մեր բիզնեսը, եւ ուրախ ենք, որ աշխատում ենք այս ոլորտում։ Ով էլ գա մեր գրասենյակ, պետք է զգա, որ գալիս է իր տուն, որտեղ կարող է ջերմություն եւ հարգանք զգալ։

Մենք սիրում ենք բարձրակարգ ծառայություն մատուցել, հպարտ հայ լինել եւ ցանկացած ջանք կգործադրենք՝ Հայաստանն աշխարհում որպես ազնիվ, ջերմ եւ հյուրընկալ երկիր ճանաչելի դարձնելու համար»։

Լուսին Մկրտչյան
Դիտում՝ 60911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW