Նարեկ Բեգլարյան. տարբեր ոլորտներում հաղթանակներով փորձենք ոգեւորել զինվորին

31.01.2022 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#ԱրարատԲանկ #Նարեկ Բեգլարյան #«Ոտքի կանգնելու կամքը»
Անկախության տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը՝ հայոց բանակը, արդեն 30 տարեկան է։ ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանի հետ խոսել ենք հետպատերազմյան շրջանում բանակում ստեղծված խնդիրների, դրանք հաղթահարելու ուղիների եւ կրկին ոտքի կանգնելու բանաձեւերի մասին։

- Պարոն Բեգլարյան, 44-օրյա պատերազմում պարտությունն ու հետպատերազմյան քաոսն ամենաշատն անդրադառնում են Զինված ուժերի վրա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի ամեն հայ մարդ իր տեղում՝ իրավիճակը դեպի լավը փոխելու համար։

- Այս իրավիճակում ամենաառաջին հերթին մեզնից յուրաքանչյուրը պետք է շարունակի ապրել, արարել Հայաստանում, պետք է փորձի ոտքի կանգնել հենց մեր հայրենիքում։ Այսքան կորուստներից հետո պետք է շատ զավակներ ունենանք, հատկապես՝ տղա երեխա։

Նաեւ պետք է բոլորս ինքնաանդրադարձ կատարենք, տեսնենք՝ ամենքս ինչ սխալներ գործեցինք այս պատերազմի ժամանակ եւ փորձենք, այդ սխալները շտկելով, առաջ գնալ։ Մարդ որքան էլ ընկնում է, պիտի փորձի ոտքի կանգնել։ Գարեգին Նժդեհի այս խոսքը պատահական չէ. «Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»։ Իրար ձեռք մեկնելով փորձենք գնալ առաջ՝ մտածելով ապագայի մասին, իսկ պետության ապագան եւ մեր անվտանգության ամենակարեւոր բաղադրիչը բանակի ամրացումն է։ Ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում. «Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդ ընթացքում հասկացա, որ նախ եւ առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք։ Այդ իրավունքը նվաճում են զենքով»։

- 2000-ականների սկզբին Դուք ծառայել եք հայոց բանակում, ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կան երեկվա եւ այսօրվա Զինված ուժերի միջեւ եւ հատկապես ի՞նչը կուզեիք, որ փոխված լիներ։

- Իմ ծառայության տարիներին բանակում արդեն փոխվել էին որոշ բաներ, որովհետեւ եթե ավելի հետ գնանք, բանակում, կարելի է ասել, գաղութային վիճակ էր։ Կարծում եմ՝ հիմա ավելի հեշտ է թե՛ սնունդի, թե՛ կարգապահության առումով։ Այսօր պետք է մտածել ինչպես սպառազինությունը թարմացնելու, արդիականացնելու, այնպես էլ զինվորի մարտական ոգին էլ ավելի բարձրացնելու մասին։
 
Տարբեր ոլորտներում փոքրիկ հաղթանակներով պիտի փորձենք ոգեւորություն առաջացնել զինվորների մոտ, ցույց տանք, որ մեր ժողովրդի համախմբումը կարող է կրկին հաղթանակներ բերել։

Նարեկ Բեգլարյանը


- Պարոն Բեգլարյան, տարիների ընթացքում Ձեր ընկերությունները  քայլեր ձեռնարկե՞լ են բանակի հզորացմանը նպաստելու համար։

- Տարբեր տարիներին՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւ հետո, մեր ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով հանուն բանակի, սակայն ձեռնպահ կմնամ եւ կոնկրետ թվեր չեմ նշի, որովհետեւ բարեգործության մասին չեն բարձրաձայնում, այն լուռ են անում։

Պարզապես կնշեմ, որ թե՛ մեր ընկերությունների, թե՛ մեր ընտանիքի կողմից եղել են նյութական եւ ոչ նյութական աջակցություններ (սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային լուսավորության սարքեր, դեղորայք, սնունդ, վառելիք եւ այլն)։

Պատերազմի ընթացքում եւ հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել ենք նաեւ ապաստարաններ։

-Տեղյակ ենք, որ ԱրարատԲանկը ֆինանսավորել է «Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմը, որի պրեմիերան հենց հունվարի 28-ին էր։ Ինչո՞ւ հենց այդ ֆիլմը։

- Պատերազմից հետո մեր հասարակությունը շատ թեւաթափ եղած եւ հուսահատ վիճակում էր: Մտածում էինք՝ ինչ կարելի էր անել մարդկանց օգնելու, թեւեր տալու համար, իսկ այս Ֆիլմն անցյալում մեր հաղթանակների, նաեւ մեր սխալների մասին է, թե ինչպես ենք տարբեր ժամանակներում ընկել, հետո կազմակերպվել, համախմբվել ու ոտքի կանգնել։ Մեր ժողովուրդը նեղ վիճակում կարողանում է  համախմբվել, ու հենց թեւ ու թիկունք ենք լինում իրար, կարողանում ենք հաղթել։ Այս ֆիլմն իսկական դասագիրք է, նաեւ ոգեւորող, ոտքի կանգնելու ուղիները հուշող, այն բացի դպրոցներից կարելի է նաեւ զորամասերում ցուցադրել, որ հույս տա եւ  ոգեւորություն առաջացնի հայ զինվորի մոտ։ Նա կտեսնի, որ ավելի վատ ու անելանելի վիճակներում էլ ենք հայտնվել, բայց կրկին ոտքի ենք կանգնել, կրկին հաղթանակներ գրանցել։



Մենք ընտրյալ ազգ ենք՝ քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ։ Պիտի կարողանանք մեր սխալները տեսնել եւ ընդունել, քրիստոնեաբար ապրել, ու Աստված կրկին դեպի մեզ կդառնա, հաղթանակներ կպարգեւի մեզ։ Մենք հիմա շատ ենք մեր ակունքներից, մեր հավատքից հեռացել, քրիստոնեությունը դարձել է կարծես մշակութային բաղադրիչ միայն։
Ի վերջո, պատահական չէ, որ Նոյն իր տապանով հենց Արարատ լեռան վրա է ապաստանել, որ կյանքը կրկին վերընձյուղվել է Արարատի փեշերից։ Կարծում եմ, որ եթե վերադառնանք մեր ակունքներին, ապրենք քրիստոնեավայել, հաջողությունները կրկին կուղեկցեն մեզ։

Նարեկ Բեգլարյանը զրույցն ավարտեց Գարեգին Նժդեհի խոսքով՝ նշելով, որ կցանկանար, որ մեր օրերում ամեն մարդ ապրեր այս կարգախոսով ու այս տրամադրվածությամբ՝ արժանի մնալով հայրենիքի զավակ կոչմանը․

«Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:

Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:

Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրեւ գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրեւ միջոց»:
Դիտում՝ 36331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW