Mex Acme-ի պորտֆոլիոն. Գործարքի վերլուծությունից մինչեւ հաշվետվության փաթեթ

20.12.2021 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող Mex Acme ընկերությունը արդեն մեկ տարի է նաեւ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների պահանջների համապատասխան վերահսկվող գործարքների փաստաթղթավորման ծառայություններ է մատուցում:

Mex Acme ընկերությունում գործող տրանսֆերային գնագոյացման ծառայությունների նախագծի համահիմնադիրներ Արեւիկ Բայրամյանը եւ Հայկ Ավագյանը Banks.am-ի հետ զրույցում պարզաբանել են տրանսֆերային գնագոյագման կարգավորումների էությունը, ինչպես նաեւ մանրամասներ ներկայացրել վերահսկվող գործարքների փաստաթղթավորման ծառայությունների մատուցման եւ այս թեմայով առաջիկայում սպասվող «Տրանսֆերային գնագոյացումը ՀՀ-ում» վեբինարի մասին:

Մասնագիտական փորձի վրա հիմնված ընկերությունը

Արեւիկ ԲայրամյանMex Acme ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին՝ հաշվապահության ոլորտում իմ աշխատանքային փորձի հիման վրա: Մինչեւ 2020 թվականը ընկերությունը միայն հաշվապահական ծառայություններ է մատուցել։  Նախորդ տարվանից՝ ՀՀ հարկային օրենսգրքում տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորող փոփոխություններից հետո, Mex Acme-ն սկսել է նաեւ վերահսկվող գործարքների փաստաթղթավորման ծառայություններ մատուցել տրանսֆերային գնագոյագման կարգավորումների պահանջներին համապատասխան։ Դրանք մշակել է Organisation for Economic Co-operation and Development (OECD) միջազգային կազմակերպությունը, ինչը նաեւ ընդունվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից եւ ամրագրվել ՀՀ հարկային օրենսգրքում:

Հայկ Ավագյան. Տրանսֆերային գնագոյացման ոլորտում իմ հարուստ աշխատանքային փորձը ձեռք եմ բերել Նիդեռլանդներում: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1999 թվականին Ռոթերդամում որպես Ernst&Young ընկերության Տրանսֆերային գնագոյացման խմբի սկսնակ աշխատակից: Ուսումս ավարտելուց հետո շարունակել եմ աշխատանքս Ernst&Young ընկերությունում որպես վերլուծաբան: Ավագ վերլուծաբանի պաշտոնում առաջադրվելուց հետո ղեկավարել եմ համաշխարհային եւ համաեվրոպական տրանսֆերային գնագոյացման մի շարք ուսումնասիրություններ մինչեւ 2004 թվականի հոկտեմբերը: 2004-2007թթ. ընկած ժամանակահատվածում Rabobank International-ում աշխատել եմ որպես գլոբալ տրանսֆերային գնագոյացման համակարգող:

Մասնագիտական կարիերայիս ընթացքում մասնակցել եմ տրանսֆերային գնագոյացման նախագծերի բոլոր փուլերին՝ համեմատական հետազոտությունների իրականացում, օգտագործելով ընկերությունների հայտնի տվյալների բազաների մեծամասնությունը, ոլորտային վերլուծություն, ֆունկցիոնալ վերլուծություն, ներառյալ հարցազրույցները հաճախորդների հետ, տնտեսական վերլուծություն եւ հաշվետվությունների կազմում: Մասնագիտացել եմ, մասնավորապես դեղագործության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ֆինանսների ոլորտում՝ հատկապես ֆակտորինգային ծառայությունների եւ միջանցիկ կազմակերպությունների փաստաթղթավորման ուսումնասիրության ոլորտում: Մաս եմ կազմել Ernst&Young ընկերության այն թիմին, որը հրատարակել է հետեւյալ գրքույկները.

«Որտե՞ղ են ֆինանսական ծառայությունները հատվում տրանսֆերային գնագոյացման հետ»

«Ինչպե՞ս խուսափել տհաճություններից՝ Տրանսֆերային գնագոյացումը եւ ֆինանսական ծառայությունները, հատոր 1» եւ «Տրանսֆերային գնագոյացումը  ֆինանասական ընկերությունների համար՝ համաշխարհային առեւտուր, Տրանսֆերային գնագոյացման լուծումներ էլեկտրոնային բանկինգի համար, Խնդիրներ, հատոր 2»:

Օրենսդրական փոփոխություններից հետո, երբ տրանսֆերային գնագոյացման ծառայությունների մատուցման շուկան սկսեց ձեւավորվել Հայաստանում, Արեւիկի հետ հասկացանք, որ ոլորտում ունեցած մեր փորձը թույլ է տալիս, որ Mex Acme-ում  եւս ընկերությունների համար տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման ծառայություններ մատուցվեն ընդունված կարգավորումների համապատասխան։ Մենք կարեւորում ենք այդ ամենի՝ սեղմ ժամկետներում եւ ավելի հասանելի գին/որակ հարաբերակցությամբ իրականացումը։

Արփի Ջիլավյանը զրուցում է Արեւիկ Բայրամյանի եւ Հայկ Ավագյանի հետ


Ընդհանրապես, նման հաշվետվության փաթեթը ընկերությունները ինքնուրույն պատրաստելիս կարող են առնչվել բարդությունների հետ, քանի որ վերահսկվող գործարքները պետք է համեմատել չվերահսկվող գործարքների հետ, իսկ դրա համար անհրաժեշտ է տվյալների բազա, որի հասանելիությունը ֆինանսապես թանկ է: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ են ոլորտային խորացված գիտելիքներ:

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների էությունը

Արեւիկ Բայրամյան. Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները վերաբերում են փոխկապակցված ընկերություններին եւ դրանց միջեւ իրականացված վերահսկվող գործարքներին: Հարկային տեսչությունները, հարկերը թաքցնելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով, պարտադրել են ընկերություններին հիմնավորել փոխկապակցված կողմերի միջեւ վերահսկվող գործարքների գների արդարացի որոշումը:

Հայկ Ավագյանը


Այսինքն, այն, որ ամեն ընկերություն իր հետ փոխկապակցված ընկերության հետ համագործակցում է արդար (պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համապատասխան) որոշված գների հիման վրա: Ընկերությունը պետք է հիմնավորի, որ իր հետ փոխկապակցված կազմակերպության հետ գործարքի գինը որոշվել է այնպես, ինչպես որ կորոշվեր երկու անկախ ընկերությունների միջեւ:

Այս կարգավորումները վերաբերվում են այն փոխկապակցված ընկերություններին, որոնք իրականացրել են վերահսկվող գործարքներ: Նշենք, որ ընկերությունները համարվում փոխկապակցված.

•    եթե մի կազմակերպությունը հանդիսանում է մյուսի 20% եւ ավել բաժնետեր
•    եթե մի քանի կազմակերպությունների ղեկավարը նույնն է,
•    եթե ընկերության եկամտի/ծախսի 80 եւ ավելի տոկոսը ստացվում է մեկ ընկերությունից: Այս պարբերությանը պետք է ուշադրություն դարձնեն բրենդների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանում, համաշխարհային խմբերի դուստր ընկերությունները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները,
•    եթե ընկերությունը վերցրել կամ տվել է փոխառություն, որի գումարը ավելի մեծ է քան 01.01.2020թ. դրությամբ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51%-ը,
•    եթե ընկերությունները կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50%-ից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.
•    եթե հարկ վճարողները կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով փոխառուն մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է փոխատուի գույքը, եւ այդ գույքի արժեքը գերազանցում է փոխառուի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51%-ը: Սույն կետը կիրառվում է նաեւ գույքի վարձակալության եւ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի դեպքում:

Վերահսկվող գործարքները

Հայկ Ավագյան. Վերահսկվող են այն գործարքները, որոնք իրականացվել են փոխկապակցված կազմակերպությունների միջեւ:



ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, փոխկապակցված ընկերությունների միջեւ իրականացված գործարքը վերահսկվող է, եթե այդ ընկերություններից որեւէ մեկը.

•    ունի շահութահարկի արտոնություն (օրինակ ՏՏ ընկերություն է), քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին տրամադրվում է պետական աջակցություն՝ 100% ազատում շահութահարկից եւ ԱԱՀ-ից, իսկ եկամտային հարկը աշխատավարձից հաշվարկվում է 10%, ինչը հարկերը կանխամտածված թաքցնելու ռիսկ է պարունակում,
•    ԱԱՀ-ի գծով արտոնություն, օրինակ՝ ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում պետք է ուշադիր լինել, քանի որ ԱԱՀ-ից ազատված բոլոր տեսակի գործարքներ իրականացնողները համարվում են արտոնություն ստացած ընկերություններ,
•    ռոյալթի վճարող է` հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչ:

Վերահսկվող համարվում է նաեւ այն գործարքը, որն իրականացվել է հայկական ընկերությունների եւ օֆշորային երկրներում գրանցված ընկերությունների միջեւ` անկախ փոխկապակցվածության հանգամանքից: Եթե ընկերությունները փոխկապակցված են եւ իրականացրել են վերահսկվող գործարքներ, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցել է 200 մլն դրամը, ապա մինչեւ հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը հարկային մարմիններին պետք է ներկայացնեն սահմանված ձեւի ծանուցում:

Հայկ Ավագյանը


Հարկային տեսչությունը՝ ուսումնասիրելով ծանուցումը, կարող է 30-օրյա ժամկետում պահանջել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների պահանջներին համապատասխանող փաստաթղթերի փաթեթ, որն իր մեջ ներառում է.

•    Գործարքի նկարագրություն,
•    Իրականացված ֆունկցիաների վերլուծություն,
•    Կրված ռիսկերի վերլուծություն,
•    Օգտագործված ակտիվների վերլուծություն,
•    Տնտեսական վերլուծություն, որը կպարունակի համապատասխան ֆինանսական ցուցանիշների arm’s length տիրույթ:

Mex Acme-ում մատուցվող ծառայությունները

Արեւիկ Բայրամյան. Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների պահանջներին համապատասխանող փաստաթղթերի փաթեթը Mex Acme-ն մատուցում է «Ինտերֆաքս» խմբի «Աստրա» նախագծի միջոցով: Այն ընկերություններին թույլ է տալիս մատչելի եւ արագ ձեւով ստանալ պահանջվող հաշվետվությունների փաթեթը: «Աստրա»-ն ավտոմատ կերպով կիրառում է բոլոր ալգորիթմերը, որոնք համապատասխանում են Հայաստանի հարկային օրենսդրությանը եւ OECD պահանջներին։ Այն փնտրում է ու գտնում նմանատիպ կազմակերպություններ, հաշվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթը, կիրառում է համապատասխան գնագոյացման մեթոդաբանությունը եւ վերջում կազմում բուն հաշվետվությունը:


Քանի որ Հայաստանում դեռեւս չունենք կազմակերպությունների տվյալների բազայի հասանելիություն, ուստի «Աստրա»-ի միջոցով ընկերությունները կարող են օգտվել ռուսաստանյան, եվրոպական եւ ամերիկյան տվյալներից։

Հայկ Ավագյան. Մեր գործընկերների՝ «Ինտերֆաքս» խմբի հետ մշակել ենք ճկուն գնային սանդղակ, որպեսզի ծառայությունը լինի հասանելի թե այն կազմակերպությունների համար, որոնք կցանկանան իրենք իրենց համար պատրաստել այդ հաշվետվությունը, թե հաշվապահական եւ աուդիտորական կազմակերպությունների համար, որոնք այս ծառայությունը կմատուցեն իրենց հաճախորդներին:

Եվ վերջում՝ վեբինարի մասին

«Ինտերֆաքս» խմբի ուսումնական կենտրոնը Mex Acme ընկերության հետ համատեղ 2021թ. դեկտեմբերի 22-ին կազմակերպում է անվճար վեբինար՝ «Տրանսֆերային գնագոյացումը ՀՀ-ում» թեմայով. հարկային ռիսկերի եւ տրանսֆերային գնագոյացման մասնագետների, հաշվապահների, աուդիտորների, հարկային իրավաբանների եւ շուկայի այլ հետաքրքրված մասնակիցների համար:

Վեբինարի ընթացքում կքննարկվեն տրանսֆերային գնագոյացման կանոնները ՀՀ-ում, տրանսֆերային գնագոյացման հիմնական հասկացությունները, վերահսկվող գործարքների հիմնավորման մեթոդաբանությունը, կներկայացվի տրանսֆերային գնագոյացման hաշվետվությունների պատրաստման գործիք «Աստրա»-ն:
Միջոցառման փորձագետներ կլինեն Mex Acme ընկերության տրանսֆերային գնագոյացման նախագծի համահիմնադիրներ Արեւիկ Բայրամյանը եւ Հայկ Ավագյանը, «Ինտերֆաքս» խմբի ֆինանսական եւ տնտեսագիտական տեղեկատվության ծառայության բիզնեսի զարգացման տնօրեն Արտյոմ Պերեգուդովը, «Աստրա» նախագծի զարգացման ստորաբաժանման ղեկավար Ելենա Բոնդարենկոն:

Վեբինարի մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել փորձագետներին, իսկ ավարտին՝ ստանալ գործնական խորհուրդներ տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով.

https://event.interfax.ru/meetings/1182:4a85ba63
 
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Mex Acme ընկերություն՝ (374) 77 755-442:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 22117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW