2021թ․ նոյեմբերի 26-ին Հայաստանի եւ ԱՄԷ-ում գրանցված Մասդար ընկերության միջեւ ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ «Այգ-1» անվանմամբ ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է Մասդար ընկերությանը, 15%-ը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (այսուհետ՝ ԱՆԻՖ)։ Banks.am-ը դիմել է ԱՆԻՖ-ին՝ խնդրելով ներկայացնել ծրագրի մանրամասները։1․ Տարածքի ընտրությունը174 մլն ԱՄՆ դոլար արժեքով «Այգ-1» ծրագիրն իրականացվելու է Արագածոտնի մարզի Դաշտադեմ եւ Թալին համայնքներում։Արեւային կայանի կառուցման համար անհրաժեշտ են որոշակի նախապայմաններ, մեկը, օրինակ՝ տարածքում արեւային ճառագայթման բարձր մակարդակը։ Այս եւ այլ տեխնիկական չափորոշիչների համադրությամբ ընտրվել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ եւ Թալին համայնքների տարածքը, սակայն կայանը կառուցվելու է ոչ թե այդ համայնքներում, այլ դրանց պատկանող հողատարածքում։ Որպես բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական լավագույն չափանիշներին հետեւող ընկերություն, Մասդարը կարեւորում է նաեւ համայնքների սոցիալական կյանքի զարգացումը։ «Այգ-1» ծրագրի շրջանակներում ընկերությունը՝ Դաշտադեմ եւ Թալին համայնքների հետ կնքած նվիրաբերության պայմանագրի համաձայն, արդեն իսկ իրականացվել է 320 000 000 դրամի չափով համայնքային զարգացման վճարում։ Այս նվիրաբերությունը Մասդար ընկերության՝ կայանի ներդրումային ծրագրի փաթեթով ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է։ Գումարն ամբողջությամբ ուղղվելու է պայմանագրով սահմանված համայնքներում՝ տնտեսական եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Այն կատարվելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշներով։2․ ԱՆԻՖԻ պարտավորությունըԱՆԻՖ-ը պարտավորվում է ապահովել ծրագրերի կայուն, դրական սոցիալական ազդեցությունը: Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին եւ Դավիթ Փափազյանը Լուսանկարը՝ Մասդար Սոցիալական ներդրումային ծրագրերի նպատակներից մեկը հարակից համայնքներում լրացուցիչ սոցիալական եւ տնտեսական արժեք ստեղծելն է: Ընկերության հետ համատեղ իրականացվելու է ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) նախագիծ՝ համաձայն Հայաստանի օրենսդրության պահանջների եւ Մասդարի կողմից ստանձնած լավագույն միջազգային փորձի: Շինարարական աշխատանքները իրականացվելու են առավելագույն պատասխանատվությամբ եւ հնարավորության դեպքում նաեւ տեղական աշխատուժի ներգրավմամբ։3․ ՍպառումըՍակագինը, որն առաջարկել է Մասդարը, բավական ցածր է եւ շահավետ Հայաստանի քաղաքացիների համար։ Արեւային կայանների սպառողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը՝ նախապես հաստատված սակագնով։ Այն Մասդարից ձեռք կբերի արտադրված էլեկտրաէներգիան՝ համապատասխան կառույցի միջոցով բաշխելով բնակչությանը։ Ծրագրի կարեւորագույն նպատակներից մեկը մաքուր էներգիայի ենթակառուցվածքների զարգացման խթանումն է Հայաստանում: Այն կնպաստի արդյունաբերության զարգացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր եւ ներդրողների ուշադրությունը կգրավի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա: Ծրագիրը վերահաստատում է նաեւ կառավարության հանձնառությունը՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը։ Դրա համաձայն նախատեսվում է կառուցել մինչեւ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ներառյալ ինքնավարները։ Նպատակը՝ մինչեւ 2030թ․արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ առնվազն 15 տոկոսի հասցնելն է։Նոր կայանը կունենա նաեւ էլեկտրականությունը պահեստավորելու մարտկոցներ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մեկնարկից 1,5 տարի անց։ Նոր արեւային կայանի կառուցմանը կմասնակցեն Մասդարի լավագույն մասնագետները։ 4․ Ինչո՞ւ հենց ՄասդարըՄրցույթում հաղթել է ամենացածր սակագին առաջարկած ընկերությունը։Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր միջազգային մրցույթ՝ ընկերություններին առաջարկելով հայտեր ներկայացնել։ Առաջին փուլին մասնակցել է երեք ընկերություն՝ Մասդարը, Գազպրոմը եւ Հիդրո Չայնա կորպորացիան։ 2021թվ հուլիսին Մասդարը ընտրվել է որպես 200 ՄՎտ հզորությամբ արեւային ծրագրի մրցույթի հաղթող՝ 0,0290 ԱՄՆ դոլար/կՎտժ վերջնական սակագնով: Մրցույթում հաղթած ընկերությունը՝ Մասդարը (կամ Abu Dhabi Future Energy Company) զբաղվում է վերականգնվող էներգիայի, կայուն քաղաքային զարգացման եւ մաքուր տեխնոլոգիաների առեւտրայնացմամբ եւ տեղակայմամբ՝ գլոբալ կայունության մարտահրավերները լուծելու համար: Մասդարը ներկա է ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսպանիայում, Սերբիայում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում:5․ ԸնթացքըԱյս պահին կայանի համար նախատեսված տարածքում ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Կայանի կառուցումը նախատեսված է 2023 թվականի 4-րդ եռամսյակում։ Մինչ այդ փուլը իրականացվելու են միջազգային ստանդարտներին համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ՝ ֆինանսավորում, կառուցում, տնօրինում եւ շահագործում փուլերով: Ներկա փուլում, ԱՆԻՖ-ի թիմի ներգրավվածությամբ, իրականացվում են հետեւյալ աշխատանքները.- տարածքի գեոդեզիական աշխատանքներ՝ թվային մոդելի եւ նախագծման համար անհրաժեշտ տոպոգրաֆիկ քարտեզների ստեղծում, որը հնարավորություն կտա ստանալ ֆոտովոլտային պանելների առավելագույն ճշգրիտ տեղադիրքը,- ինժեներա-երկրաբանական աշխատանքներ, որոնք հորատման եւ այլ ուսումնասիրությունների միջոցով հնարավորություն կտան հասկանալ տարածքի ինժեներա-երկրաբանական կառուցվածքը, գրունտների ջերմահաղորդականությունը եւ էլեկտրական դիմադրությունը: Դրանք խիստ անհրաժեշտ են էներգետիկ կորուստների եւ էլեկտրաէներգիայի արտադրանքի հնարավորինս ճշգրիտ կանխատեսման տեսանկյունից,- էլեկտրահաղորդման ցանցի միացման ուսումնասիրություն, որը ենթադրում է «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» ՓԲԸ-ի հետ համատեղ էլեկտրահաղորդման ցանցի վրա ազդեցությունների ուսումնասիրություն, ցանցին միացման տեխնիկական լուծումների նախնական նախագծում, նախնական տեխնիկական պայմանների ստացում եւ արեւային կայանի մոդելավորում առկա էլեկտրաէներգետիկական համակարգի մեջ, անհրաժեշտ բոլոր տեխնիկական ուսումնասիրություններով,- շրջակա միջավայրի ազդեցությունների գնահատում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր ՇՄԱԳ ենթակա ծրագրի ուսումնասիրություն եւ սոցիալական եւ բնապահպանական ազդեցության գնահատում: Այս գործընթացը հնարավորություն կտա առավելագույնս ճշգրիտ գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, ինչպես նաեւ հնարավորինս բացառել ռիսկերը,- միջազգային լավագույն փորձի կիրառմամբ ուսումնասիրվում են նաեւ տարածքի պատմամշակութային կոթողները, ինչպես առկա քարտեզներով, այնպես էլ լրացուցիչ ուսումնասիրությունների կիրառման միջոցով, քանի որ ոչ բոլոր տեղադիրքերն են քարտեզագրված: - տարածքում տեղադրվելու է նոր մետեորոլեգիական կայան, որը հնարավորություն կտա իրականացնել արեւային կայանի տեղակայման վայրի արեւային եւ այլ կլիմայական հարաչափերի մանրակրկիտ հավաքագրում եւ վերլուծություն։ 6․ Նոր արեւային քարտեզ Նախատեսվում է նորովի գնահատել տեղանքի էներգետիկ ռեսուրսը՝ արեւային ճառագայթման ինտենսիվությունը։ Հայաստանի «արեւային քարտեզներ»-ը կազմվել է մի քանի անգամ, վերջինը՝ 2015-2016 թթ., բայց Մասդարը ցանկացել է սեփական մանրամասն ուսումնասիրությունը կատարել տվյալ տեղանքում։ Այնտեղ չափվելու է նաեւ արեւային եւ ամպամած օրերի քանակը (ինչից նույնպես, կախված է կայանի արտադրողականությունը)։7․ Ծրագրի ավարտից հետոԾրագրի ժամկետի ավարտից հետո ներդրող կողմը կապահովի ֆոտովոլտային պանելների տեխնիկական փորձաքննության իրականացումը։Նպատակը դրանց հետագա շահագործման հնարավորությունը պարզելն է։ Փորձաքննության հիման վրա օգտագործման ոչ պիտանի ճանաչված ֆոտովոլտային պանելները ներդրողի կողմից պետք է անհապաղ վնասազերծվեն եւ վերամշակվեն՝ այդ պահին վերամշակման հայտնի ամենաարդյունավետ եղանակով, որպեսզի վնաս չպատճառվի շրջակա միջավայրին, անձանց կյանքին, առողջությանը, գույքին եւ չառաջանան թափոններ։ Ներկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առայժմ ֆոտովոլտային պանելների ոչ պիտանի զանգվածի ամենատարածված մեխանիզմը վերամշակումն է: Վերամշակման են ենթարկվում պանելի հիմնական կոմպոնենտները` ապակին, ալյումինը եւ պղինձը, իսկ մնացած բաղադրիչները, որոնք էական մաս չեն կազմում, ժամանակի ընթացքում կորցնելով իրենց վնասակար ազդեցությունը, ենթակա են դառնում վերամշակման ընդհանուր պայմաններով:Ֆոտովոլտային պանելների պիտանելիության ժամկետը գնահատվում է 25-30 տարի։8․ Նոր առաջարկ կլինիՄասդար ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն անդրադառնալով «Այգ-2» նոր ծրագրին՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանին եւ տնօրեն Դավիթ Փափազյանին հայտնել են, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությանն են ներկայացնելու 201 մեգավատ հզորությամբ արեւային նոր կայան կառուցելու մասին առաջարկ։ Դավիթ Փափազյանը, Տիգրան Ավինյանը եև Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին Լուսանկարը՝ Մասդար Պատրաստեց Լուսին Մկրտչյանը Tweet Դիտում՝ 14499