EyeTracker ամենատես ակնոց. նորարար մոտեցում՝ տնտեսության զարգացմանը

07.09.2021 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Առավոտյան երգ եք լսել, որը ձեզ դուր չի եկել, բայց ամբողջ օրը չեք կարողանում այն մտքից հանել: Խանութում նախապես պլանավորած հացից բացի մի զամբյուղ գնումներ եք կատարել, որովհետեւ մինչեւ հացի բաժին հասնելն ապրանքներն «այնքան հարմար էին հայտնվում» ձեր ճանապարհին: Որեւէ տեսանյութ տհաճ ու անիմաստ եք համարում, բայց էլի ու էլի դիտում եք այն:

Նկարագրված իրավիճակներում ձեր վարքագիծը բացատրություն ունի. դեպքերի մեծ մասում դրա համար պատասխանատու է  ենթագիտակցությունը, ենթագիտակցության հետ «փոքրիկ խաղի» համար՝ նեյրոմարքեթինգը:



Նեյրոմարքեթինգը մարքեթինգային կոնտենտ ստեղծելու հինգերորդ սերնդի գործիք է: Ավելի պարզ՝ որեւէ ծառայություն, ապրանք, կամ տեսահոլովակ ստեղծելուց առաջ նեյրոմարքեթինգի մասնագետները հետազոտություն են անցկացնում՝ հասկանալու այս կամ այն ազդակին ինչպես է արձագանքում մեր ուղեղը, ավելի կոնկրետ՝ ենթագիտակցությունը: Նեյրոմարքեթինգի «աշխատանքի դաշտը» մարդու ենթագիտակցությունն է. սա էլ բացատրություն՝ ինչու ենք մենք գիտակցում, որ այս կամ այն իրը մեզ պետք չէ, կամ իրական արժեքից թանկ է, բայց գնում ենք այն:

Հավանաբար, նեյրոմարքեթինգի մասնագետները նախապես պարզել են, որ դրա գույնը, ձեւը, խանութում գտնվելու տեղը կամ որեւէ այլ հատկանիշ ազդելու է մեզ վրա ենթագիտակցորեն, իսկ գիտակցությունն այս դեպքում, ինչպես ասում են, անզոր է:

Հայաստանում նեյրոմարքեթինգով զբաղվող առաջին ընկերությունը 2016թ.-ին հիմնադրված NeuroHub բիզնես ակադեմիան է: NeuroHub-ը նեյրոմարքեթինգային համապարփակ ծառայություններ (հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ) ունեցող միակ ընկերությունն է նաեւ տարածաշրջանում:



Այսուհետ ընկերության լաբորատորիան EU4Business նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար»  (ITTD) ծրագրի ֆինանսական աջակցությամբ ամբողջացել է. ձեռք է բերվել նեյրոմարքեթինգային ուսումնասիրություններ իրականացնելու լավագույն սարքավորումներից մեկը՝ EyeTracker ակնոցը, որի Demo Day-ի ընթացքում Banks.am-ը զրուցել է NeuroHub-ի հիմնադիր ղեկավար Անի Կյուրեղյանի եւ ITTD ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանի հետ:

Նեյրոմարքեթինգը թույլ է տալիս խնայել մեծ գումար

Նեյրոմարքեթինգի շնորհիվ հնարավոր է ստեղծել մարքեթինգ, որի արդյունավետությունը հեշտ է չափել ու դա կարելի է անել նախապես՝ մինչեւ ապրանքը կամ ծառայությունը շուկա բաց թողնելը, ասում է NeuroHub-ի հիմնադիր Անի Կյուրեղյանը:

Անի Կյուրեղյանը


«Մարքեթինգային դասական գործիքակազմը մարքեթինգային արշավի արդյունավետությունը կարող է չափել շուկային այն հասանելի դարձնելուց հետո միայն՝ ըստ սպառողների արձագանքի: Նեյրոմարքեթինգը մարդկանց արձագանքը չափում է նախօրոք՝ կատարելով հետազոտություն: Սա բիզնեսին մեծ ռեսուրսներ խնայելու հնարավորություն է տալիս: Եթե խանութում պետք է տեղադրվի որեւէ գովազդային պաստառ, մարքեթինգային դասական գործիքների դեպքում, հաճախ, հիմնվում են մարքեթոլոգի անձնական հեղինակության վրա. մարքեթոլոգն ասում է՝ այսինչ տեղն ամենատեսանելին է, հետեւաբար գովազդը պետք է հենց այդտեղ փակցնել: Այնինչ նեյրոմարքեթինգը հաճախորդին տալիս է շատ շոշափելի տվյալներ՝ հետազոտության ընթացքում մասնակիցների 80 տոկոսը խանութ մտնելիս, գուցե, հայացք է գցել այդ «ամենատեսանելի» տեղին, սակայն չի էլ ֆիքսել փակցված պաստառը, փոխարենը՝ նկատել է շարքից շարք անցնելու հատվածում փակցվածը, հետեւաբար՝ ձեր գովազդը փակցրեք հենց այդտեղ: Նեյրոմարքեթինգը խնայում է անարդյունավետ մարքեթինգի վրա ծախսվելիք գումարները»:

Ակնոց, որից ոչինչ չես թաքցնի

«EyeTracker-ը Հայաստանում առաջինն է ու մենք նման տեխնոլոգիաներ կիրառելու առումով միակ լիցենզավորված ընկերությունն ենք: Գործիքը Հայաստան է հասել EU4Business նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ֆինանսական աջակցությամբ՝ դրամաշնորհային ծրագրի միջոցով: EyeTraker-ը հետազոտական շղթայի շատ կարեւոր մաս է ու դրա ձեռքբերմամբ մեր լաբորատորիան ամբողջանում է:  



Սովորական ակնոցի տեսք ունեցող սարքավորումը փոխանցում է հետազոտվողի վարքագծի մասին գրեթե ամբողջ ինֆորմացիան՝ հետեւելով աչքի բիբի տեղաշարժին ու ուղեղի արձագանքին: EyeTracker-ը ֆիքսում է՝ առաջնային ինչին նայեց հետազոտվողը, նայեց ու տեսա՞վ, թե պարզապես հպանցիկ անցավ, տպավորե՞ց նրան տեսածը, կհիշի՞ այն:

Անի Կյուրեղյանը


Սարքն այնպիսի տեղեկատվություն է հավաքում մարքեթինգային կրիչի վերաբերյալ մարդու արձագանքի մասին, որ հնարավոր է դառնում մինչեւ շուկա բաց թողնելը մարքեթինգային կրիչը մշակել՝ ազատելով ավելորդ հատկանիշներից, որոնք մարդիկ, միեւնույն է, չեն նկատելու ու ընդգծելով հատկանիշները, որոնք հետազոտողների մեծ մասը նկատեց ու հիշեց»:

Ենթագիտակցությամբ բոլորս նման ենք

NeuroHub-ի հիմնադիրն ասում է՝ նեյրոմարքեթինգն, ի տարբերություն մարքեթինգային դասական տեխնոլոգիաների, ունի եւս մեկ կարեւոր հատկանիշ. թույլ է տալիս զգալիորեն կրճատել հետազոտվողների թիվն ու ընդլայնել մարքեթինգի թիրախը: Բոլորիս ենթագիտակցությունն իրար նման է աշխատում, ու ենթագիտակցորեն մարդիկ նույն պահանջներն ունեն:

«Նեյրոմարքեթինգն անտեսում է հատկանիշները, որոնք թիրախավորում է դասական մարքեթինգը՝ սեռ, տարիք, սոցիալական դիրք, ֆինանսական հնարավորություններ եւ այլն: Կարեւոր չէ նաեւ ազգային պատկանելիությունը:



Լավ օրինակ է սպիտակ զգեստը՝ անկախ ազգային ավանդույթներից, մարդու կրթությունից ու այլ հատկանիշներից, մոլորակի բնակչության մեծ մասի համար այն մաքրության, անկեղծության, հանդարտության ասոցիացիա է առաջացնում: Սա մարդու ենթագիտակցության մեջ է: Այսպիսով` հնարավոր է ապրանքը շուկա հանել փաթեթավորմամբ, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի եւ՛ հայի, եւ՛ գերմանացու համար՝ ընդլայնելով սպառողների թիվը: Նեյրոմարքեթինգի ու նեյրոտեխնոլոգիաների կիրառումն այն մասին է, որ բիզնեսը պետք է լայն մտածի:



Իսկ հետազոտվողների թվի հետ կապված՝ պարզ հետազոտությունների համար ճշգրիտ տվյալներ կարելի է ստանալ ուսումնասիրելով ընդամենը 10 մարդու վարքագիծ: Ավելի բարդ հետազոտությունների դեպքում անհրաժեշտ կլինի մոտ 150 հետազոտվող, ոչ ավելի»:

Նորարար մոտեցումը կօգնի տեղափոխվել զարգացման ավելի բարձր մակարդակ

Համավարակի պայմաններում Հայաստանի տնտեսական վիճակը թեթեւացնելու համար պետք էր քայլեր անել, ասում է EU4Business նախաձեռնության “ITTD” ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանը:

Մարիամ Բաբայանը

 
«Որոշեցինք, որ տնտեսությունը վերականգնող գործիք կարող է լինել նորարարությունը, եւ մեր դրամաշնորհային ծրագիրն ուղղված էր տնտեսությունը զարգացնելու նորարար գաղափարներին: EyeTracker-ի ձեռքբերումից բացի, նմանատիպ նորարար եւս 15 ծրագրի ենք աջակցել՝ 150 հազար եվրո ընդհանուր գումարով: Կարող եմ վստահ ասել՝ մեկը մեկից լավ ծրագրեր են:

Մարիամ Բաբայանը եւ Անի Կյուրեղյանը


Այս ընթացքում հասկացանք՝ Հայաստանում զարգացումները շատ արագ են կատարվում, նորարար մոտեցումները շատ արագ են ներդրվում տնտեսության մեջ, եւ եթե կարողանանք աջակցել այդ նորարարություններին, մեր տնտեսությունը տեղում չի դոփի ու կտեղափոխվի զարգացման ավելի բարձր մակարդակ»:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 22785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW