Անժելա Բարսեղյան. Առեւտրի ֆինանսավորման ոլորտում Արմսվիսբանկի ձեռքբերումները շարունակական են

09.08.2021 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արմսվիսբանկ #Անժելա Բարսեղյան #առեւտրի ֆինանսավորում
Արմսվիսբանկի Կորպորատիվ ծառայությունների վարչության պետ Անժելա Բարսեղյանի անդրադարձը ՎԶԵԲ-ի կողմից շնորհված մրցանակին եւ առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառմանը։

- Տիկին Բարսեղյան, այս տարի Արմսվիսբանկը արժանացավ Most Active Issuing Bank մրցանակին: Խնդրում եմ մանրամասնեք՝ ինչի՞ մասին է վկայում ՎԶԵԲ-ի կողմից տրված այս մրցանակը։

- Այս տարի ՎԶԵԲ-ի 30-րդ տարեկան ժողովի շրջանակում տեղի ունեցավ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) վիրտուալ տեղեկատվական նստաշրջանը, որի ընթացքում մրցանակներ շնորհվեցին ՎԶԵԲ-ի գործընկեր բանկերին, որոնք առավել ակտիվ են գործել նախորդ տարվա ընթացքում։ Արմսվիսբանկը Հայաստանում այդ մրցանակին արժանացած միակ բանկն է։ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի հիմնական նպատակը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրներում միջազգային առեւտրի ֆինանսավորման աջակցումը եւ զարգացումն է։ Բանկն այս ծրագրին միացել է դեռեւս 2010 թվականին։ Մրցանակներն այս ոլորտում արտացոլում են Առեւտրի ֆինանսավորման ծրագրի խորությունն ու ընդգրկունությունը։ Այս ծրագրի շնորհիվ նաեւ բանկը կարողացավ շարունակել աջակցել իր հաճախորդներին եւ պահպանել միջազգային առեւտրի ֆինանսավորման մակարդակը կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում։

- Որքանով տեղյակ ենք, բանկն այս մրցանակին արժանանում է արդեն 3-րդ անգամ։

- Այո, իրավացի եք։ Ավելին, բանկն այս մրցանակին արժանանում է երրորդ տարին անընդմեջ։ ՎԶԵԲ-ը բանկի ռազմավարական գործընկերն է արդեն շուրջ 10 տարի, եւ 3-րդ անգամ անընդմեջ մրցանակի շնորհումն ակնհայտորեն վկայում է ՎԶԵԲ-ի հետ առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

- Հաշվի առնելով բանկի գրանցած հաջողություններն այս ոլորտում, կարելի՞ է ենթադրել, որ առեւտրի ֆինանսավորման գործիքների գծով պահանջարկը շուկայում ավելացել է։ Ինչո՞վ է պայմանավորված այդ պրոդուկտների նկատմամբ հետաքրքրության աճը։

- Առեւտրի ֆինանսավորման գործիքների գծով պահանջարկի ավելացումը դինամիկ գործընթաց է, սակայն կան գործոններ, որոնք հատկապես ազդում են այդ գործընթացի վրա։ Տվյալ դեպքում, առաջին հերթին, ճգնաժամային իրավիճակներում գործարքներին բնորոշ ռիսկերի սրվելու հանգամանքն է։ Մեծ դեր է խաղում նաեւ հաճախորդների շրջանում իրազեկվածության մակարդակը, որի ուղղությամբ բանկն ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Առաջին հերթին, հաճախորդների համար առեւտրի ֆինանսավորման պրոդուկտների վերաբերյալ պարբերաբար սեմինարներ են կազմակերպվում, բացի այդ, ինչն ավելի կարեւոր է, բանկը հաճախորդի ֆինանսական խնդիրները լուծելիս չի առաջնորդվում պարզապես ավանդական վարկավորմամբ, այլ առաջարկում է առեւտրի ֆինանսավորման ամենահամապատասխան գործիքը, որը թույլ կտա առավելագույնս ծածկել գործարքում առկա ռիսկերը։ Արդյունքում, մեր բանկի օրինակով կարող եմ ասել, որ 2020 թվականին առեւտրի ֆինանսավորման գործարքների ծավալը 2018-ի համեմատ ավելացել է մոտ 2․5 անգամ՝ կազմելով շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների քանակն ավելացել է մոտ 40%-ով։

- Իսկ ի՞նչ ռիսկեր են ծածկում առեւտրի ֆինանսավորման գործիքները։

- Գործարքների ռիսկերի ճիշտ կառավարումը ցանկացած բիզնեսի հաջողության գրավականներից է, անկախ նրանից՝ փոխհարաբերությունները ձեւավորված են տեղական, թե արտերկրում գտնվող գործընկերների հետ։ Միջազգային առեւտրի դեպքում այդ ռիսկերը զգալիորեն աճում են՝ պայմանավորված բիզնեսի մշակութային, օրենսդրական եւ արժութային տարբերություններով։ Արտահանող ընկերությունների մոտ հիմնական ռիսկը արտահանված ապրանքի/ծառայության դիմաց գնորդի կողմից չվճարումն է։ Ներմուծող ընկերությունները հաճախ բախվում են մատակարարի կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման խնդիրների, օրինակ՝ ապրանքի մատակարարման ժամկետի խախտման գծով։ Միջազգային առեւտրի ֆինանսավորման պրոդուկտները կոչված են վերը թվարկված ռիսկերը ծածկելու եւ գործընկերների միջեւ համագործակցությունն ավելի հարմարավետ դարձնելու։

- Առեւտրի ֆինանսավորման ոլորտում հաջողության հասնելու համար բանկին անհրաժեշտ է ձեւավորել հարաբերություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ: Ինչպե՞ս եք Դուք լուծում այդ խնդիրը:

- Արմսվիսբանկը իր գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է առեւտրի ֆինանսավորման գործիքների ներդրումն ու զարգացումը՝ սերտորեն համագործակցելով ինչպես արտասահմանյան բանկերի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։

2008 թվականից բանկն անդամակցել է Ֆակտորինգային միջազգային ասոցիացիային (FCI) եւ առ այսօր հանդիսանում է միակ անդամը Հայաստանում։ Բացի ՎԶԵԲ-ից, 2014 թվականից առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի գործընկերն է հանդիսանում նաեւ մեկ այլ միջազգային ֆինանսական կազմակերպություն՝  Ասիական զարգացման բանկը։  Ավելին, 2014 թվականից բանկը սկսեց համագործակցել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) հետ։ Ընդ որում,  համագործակցությունը ՀԱԱԳ-ի հետ սկսվել է դեռեւս վերջինիս կողմից ապահովագրական պրոդուկտների մշակման եւ ներդրման փուլում։ Արդյունքում, 2015 թվականին ՀԱԱԳ-ի կողմից թողարկված վկայագրի հիման վրա առաջին  արտահանման գործարքը ֆինանսավորվել է բանկի կողմից եւ առ այսօր բանկը հանդիսանում է ՀԱԱԳ-ի ամենաակտիվ գործընկերը։

- Որո՞նք են հաճախորդների շրջանում առեւտրի ֆինանսավորման մեծ պահանջարկ վայելող պրոդուկտները։

- Ներկայումս բանկն առաջարկում է միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան առեւտրի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմ՝ ակրեդիտիվ, բանկային երաշխիք, միջազգային ֆակտորինգ, արտահանման խթանմանն ուղղված տարբեր վարկատեսակներ։ Բացի թվարկած գործիքներից, ելնելով հաճախորդի եւ վերջինիս գործընկերոջ միջեւ կնքված մատակարարման պայմանագրի առանձնահատկություններից, բանկն իր հաճախորդներին հաճախ առաջարկում է համակցված պրոդուկտներ՝ փորձելով համապատասխանեցնել ֆինանսական գործիքները նրանց պահանջներին:

Ֆինանսավորման առավել ընդունելի տարբերակը գտնելու նպատակով երբեմն հաճախորդի հետ աշխատանքը սկսվում է նույնիսկ իր գործընկերոջ հետ բանակցությունների փուլից, երբ ներկայացվում են մեր մասնագետների կողմից նախապես մշակված ֆինանսավորման սխեմաները, քննարկվում նաեւ գործընկերոջ բանկի ներկայացուցիչների հետ։
 
- Թվարկված պրոդուկտներից կա՞ որեւէ մեկը, որն առանձնանում է պայմանների առավել գրավչությամբ։

- Թվարկված բոլոր պրոդուկտները տրամադրվում են շուկայում ձեւավորված սակագներով, երբեմն նույնիսկ ավելի լավ պայմաններով։ Սակայն կա մի կարեւոր հանգամանք, որ կցանկանայի շեշտադրել․ բանկի համար միշտ առաջնային եւ կարեւորագույն ուղղություն է համարվել արտահանման խթանումը, հետեւաբար, տնտեսական ակտիվությանը նպաստելու նպատակով արտահանման խթանմանն ուղղված ֆինանսավորումներն իրականացվում են առանց գրավի, եւ, որպես կանոն, հիմնականում մյուս պրոդուկտների համեմատ ավելի գրավիչ պայմաններով:  

- Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները ՀՀ-ում առեւտրի ֆինանսավորման ոլորտի  առաջիկա զարգացումների վերաբերյալ եւ ո՞րն է Ձեր ուղերձը հաճախորդներին։

- Չնայած համավարակով եւ ռազմական գործողություններով պայմանավորված որոշակի տնտեսական լարվածությանը՝ միեւնույն է, մեր կանխատեսումները լավատեսական են։ Հաշվի առնելով բարդություններով լի 2020-ին բանկի կողմից գրանցած հաջողությունները՝ վստահ ենք, որ տնտեսության վերականգնման եւ աճի ներկայիս միտումները միանշանակ ուղեկցվելու են առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառման ընդլայնմամբ։

Հետեւաբար, տնտեսվարող սուբյեկտներին՝ հատկապես արտադրող եւ արտահանող ընկերություններին կոչ ենք անում չանտեսել միջազգային առեւտրին բնորոշ ռիսկերը եւ դիմել բանկ միջազգային առեւտրի ֆինանսավորման պրոդուկտներից օգտվելու նպատակով։  Մենք մեր պրոֆեսիոնալ թիմով պատրաստ ենք տրամադրել լավագույն ֆինանսական լուծումները մեր հաճախորդներին։
Դիտում՝ 48049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW