Արա Մակարյան. «Կանաչ» ֆինանսավորման միջազգային փորձի կիրառումը կխթանի ՀՀ-ում ոլորտի զարգացումը

15.07.2021 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արմսվիսբանկ #Արա Մակարյան
«Արմսվիսբանկ» ՓԲԸ վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Արա Մակարյանի հարցազրույցը Banks.am-ին
 
- Պարոն Մակարյան, 2020 թվականին մեկնարկեց Կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Scaling up green finance practices in Armenia ծրագիրը, որի իրականացնողը Հայաստանում Արմսվիսբանկն է: Խնդրում ենք մանրամասնեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը:

- Scaling up green finance practices in Armenia ծրագիրը Հայաստանում իրականացվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (Green Climate Fund) ֆինանսավորմամբ եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ: Այս ծրագրի իրականացնողը Հայաստանում Արմսվիսբանկն է: Կանաչ կլիմայի հիմնադրամը աշխարհի ամենախոշոր կլիմայական ֆոնդն է, որն իր ռեսուրսներն ուղղում է գլոբալ տաքացման զսպմանը եւ հարմարվողականության ծրագրերի իրականացմանը: Scaling up green finance practices in Armenia ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում «Կանաչ» ֆինանսավորման փորձի բարձրացումն է՝ միջազգային լավագույն փորձի տեղայնացման եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Ֆինանսաբանկային համակարգի կարողությունների եւ փորձի բարձրացման, անհրաժեշտ գործիքակազմի եւ խրախուսող միջոցների կիրառման արդյունքում նպատակ է դրվում խթանել «Կանաչ» ներդրումները: Ներկայացված արդյունքներին հասնելու համար տեղական եւ միջազգային մրցույթների միջոցով ներգրավվում են հեղինակավոր փորձագետներ, մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք իրականացնում են համապատասխան հետազոտություններ, վերլուծություններ եւ արդյունքները ներկայացում այս ծրագրի շահառուներին: Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից նմանատիպ ծրագրերը շարունակական են:

- Ովքե՞ր են այս ծրագրի հավանական շահառուները եւ ի՞նչ հնարավորություններ այն կստեղծի վերջիններիս համար:

- Ինչպես արդեն նշեցի, այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում «Կանաչ» ֆինանսավորման փորձի բարձրացումն է, ինչի շնորհիվ էլ ավելի կխթանվեն ներդրումները «Կանաչ» ոլորտներում, իսկ որպես վերջնական ակնկալվող արդյունք՝ որոշակի կզսպվի գլոբալ տաքացումը եւ կմեղմվի վերջինիս հետեւանքները:

Այս ծրագրի կառավարման Խորհրդում բարձր մակարդակով մասնակցում են ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից եւ ՀՀ Կենտրոնական բանկից: Նշեմ  նաեւ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային հավատարմագրված մարմինն է Հայաստանում: Այս ծրագրի ուղղակի շահառուներն են ՀՀ կառավարությունն` ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Կենտրոնական Բանկը, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մասնավոր հատվածի բոլոր այն անձինք, որոնց գործունեությունն առնչվում է «Կանաչ» ներդրումների ոլորտի հետ: Շահառուների համար ակնկալվող դրական արդյունքներից են «Կանաչ» ֆինանսավորման ոլորտում փորձի բարձրացումը եւ գործիքակազմի ընդլայնումը, ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, միջազգային կառույցներում գլոբալ տաքացման զսպմանը եւ վերջինիս հետեւանքների մեղմմանը ուղղված քայլերի իրականացման պետության ստանձած պարտավորությունների կատարումը,  ոլորտը համակարգող օրենսդրական դաշտի բարելավումը եւ այլն:

Բացի նշվածներից, այս ծրագրի իրականացման արդյունքում ներդրումային տեսանկյունից ավելի գրավիչ կդառնան այն ծրագրերը, որոնք մինչ այդ կենսունակ չէին համարվում  համապատասխան վարկային գործիքակազմի, մատչելի ռեսուրսի, փորձի  բացակայության պատճառով:

- Ի՞նչ արդյունքներ է տվել այս ծրագիրը վերջին մեկ տարվա ընթացքում:

- Ծրագիրը մեկնարկել է  2020թ. մայիսին եւ նախատեսված է ավարտել 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղական փորձագետների եւ բրիտանական հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվել է ՀՀ-ում «Կանաչ» ֆինանսավորման ոլորտի առկա իրավիճակի ուսումնասիրություն, եւ ներկայացվել են ներկայումս տվյալ ոլորտում առաջատար դիրք ունեցող ֆինանսական կառույցները, առկա մարդկային ներուժը, առաջարկվող վարկատեսակները, բացահայտվել են մասնավոր հատվածի կողմից «Կանաչ» ներդրումներ կատարելու հիմնական շարժառիթները եւ այլն:



Հաջորդ փուլով բրիտանական Globalfields ընկերության կողմից կատարվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն եւ ներկայացվել առաջատար երկրների փորձը, ինչպես նաեւ ՀՀ-ում այդ փորձի տեղայնացման ուղիները եւ հնարավորությունները: Կատարված աշխատանքների արդյունքները հաշվետվությունների եւ զեկույցների տեսքով ներկայացվել են ծրագրի շահառուներին: Կարեւոր է նշել, որ նույն միջոցառման շրջանակում ՀՀ ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպվել է 30-ժամյա առցանց դասընթաց, որի ընթացքում Green Climate Fund-ի, ֆրանսիական Agence Française de Développement-ի, UNEP-ի, IPC-ի եւ մի քանի այլ հեղինակավոր կառույցների ոլորտի պատասխանատուներն իրենց լավագույն փորձն են ներկայացրել մասնակիցներին:



- Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այս ծրագրի շրջանակում:

- Այժմ միջազգային խոշոր աուդիտորական ընկերություններից մեկի տեղական եւ շվեյցարական գրասենյակների կողմից ուսումնասիրվում է այս ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը՝ խոչընդոտները բացահայտելու եւ ներդրումները խրախուսող մեխանիզմներ առաջարկելու նպատակով: Զուգահեռաբար տեղական մասնագիտացված կազմակերպության եւ բրիտանական DDA Intenrational consulting ընկերության կողմից ընթանում են բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի զսպման եւ միջազգային պահանջներին համապատասխան մեթոդաբանական ուղեցույցների կազմման աշխատանքները, որոնք պետք է ներկայացվեն շահառուներին եւ կիրառվի ֆինանսաբանկային կառույցների կողմից:

Բացի վերոնշյալներից նախատեսվում է նաեւ մասնավոր հատվածում համապատասխան «Կանաչ» ներդրումային ծրագրերի բացահայտում եւ ներկայացում Կանաչ կլիմայի հիմնադրամին՝ որպես ազգային ծրագրերի բաղկացուցիչ մասեր:

Կանաչ կլիմայի հիմնադրամին են ներկայացվել նաեւ մի քանի այլ միջոցառումների իրականացման առաջարկներ, որոնց հաստատման դեպքում շահառուները հավելյալ կտեղեկացվեն այդ մասին:

- Որքանո՞վ է «Կանաչ» ֆինանսավորման ուղղությունը կարեւոր Արմսվիսբանկի համար:

- «Կանաչ» ֆինանսավորումն Արմսվիսբանկի ռազմավարական ուղղություններից է: Բանկն այս ոլորտում  ֆինանսավորում սկսել է իրականացնել իր գործունեության առաջին տարիներից եւ տարեցտարի ընդլայնել է թեˈ իրականացվող ծրագրերի մասշտաբները, եւ թեˈ ուղղությունները: Հատկապես զգալի ծավալներ ունեն եւ թիրախային են համարվում ներդրումները էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի ոլորտներում:

Վերջին տարիներին ակտիվացել է նաեւ ֆինանսավորումը ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերում: «Կանաչ» ծրագրերը, հատկապես վերականգնվող էներգիայի ոլորտում  իրականացվող ֆինանսավորումները, ապահովում են կայուն եւ երկարաժամկետ վարկային պորտֆել, հետեւաբար, այս ուղղությունը կարեւոր է ինչպես կայուն վարկային պորտֆելի ձեւավորման, այնպես էլ շրջակա միջավայրի եւ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից:

Վերջին 12 ամիսների ընթացքում շուրջ 25,000,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է  ուղղվել վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորմանը: Նշեմ, որ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն բանկի կողմից ֆինանսավորված մոտ 45ՄՎտ ընդհանուր հզորությամբ արդյունաբերական նշանակության արեւային ՖՎ էլեկտրակայաններ:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունի Արմսվիսբանկը «Կանաչ» ներդրումների համար եւ ի՞նչ կարող  են  ակնկալել ներդրողներն առաջիկայում

- Բանկը երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցություն է ձեւավորել մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ, որոնց հետ իրականացնում է տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված վարկային ծրագրեր: Միջազգային կառույցների հետ թիրախային ուղղվածությամբ ծրագրերի իրականացումը շատ է կարեւորվում բանկի կողմից եւ այդ ծրագրերի շրջանակը յուրաքանչյուր տարի ընդլայնվում է:

Պայմանագրերի կնքման փուլում են գտնվում, ընդհանուր առմամբ 8,000,000 ԱՄՆ դոլար ծավալով երկու նոր վարկային ծրագրեր, որոնք կուղղվեն արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետ ներդրումների ֆինասավորմանը: Էթիկայի կանոններից ելնելով այս ծրագրերին առավել մանրամասն անդրադարձ կկատարվի պայմանագրերը կնքելուց հետո: Երկու ծրագրերով էլ ներդրողներին է առաջարկվում  միջնաժամկետ եւ երկարաժամկետ ֆինանսավորում ՀՀ դրամով, ինչպես նաեւ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Այս ծրագրերը առանձնահատուկ  են նրանով, որ ներդրողները նշված վարկային  ծրագրերի շրջանակում «Կանաչ» ներդրումներ իրականացնելու եւ ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում ստանում են վարկային ներդրման առանց ԱԱՀ արժեքի 15%-ից մինչեւ 20%-ի չափով դրամաշնորհ:

Առաջիկա ամսում նախատեսում ենք կնքել եւս մի քանի վարկային ծրագրերի պայմանագրեր` շուրջ 12,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, որոնք կուղղվեն ՓՄՁ ներդրումների ֆինանսավորմանը:

Բացի նշվածներից, ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ այլ միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ինչի արդյունքներով, հուսով եմ, առաջիկայում առիթ կունենանք կիսվել:
Դիտում՝ 40354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW