“Հաճախորդներին կառաջարկենք բազմակողմանի բանկային ծառայություններ”

16.05.2008 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերի հարցազրույցը## ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Վերջին շրջանում Հայաստանում շատ են խոսում տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ստեղծելու մասին: Սակայն առ այսօր չկա հստակ պատկերացում այն մասին, թե ինչպե՞ս է գործելու այդ կենտրոնն ու ի՞նչ նպատակներ է հետապնդելու: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին:

- Անկեղծ ասած, ես չեմ լսել, որ այդ թեման ակտիվորեն քննարկվի: Կարծում եմ, դա բավականին բարդ հայեցակարգ է, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր օրենքներն ու իր օրենսդիր մարմինը: Միեւնույն ժամանակ, պետք է ընդունեք այն փաստը, որ Հայաստանում առկա է ամուր բանկային ոլորտ, որը լավ է կարգավորվում Կենտրոնական բանկի կողմից:

Սահմանների բացումը կնպաստի այդ նպատակին, սակայն Հայաստանը պետք է նաեւ տարածաշրջանում լավագույնը դառնա օրենքի գերակայության ապահովման եւ սեփականության իրավունքը հարգելու առումով: Եթե Հայաստանը կարողանա ԱՊՀ տարածքում առավելության հասնել իրավական եւ սեփականության իրավունքները հարգելու տեսանկյուններից, դա արժեքավոր հնարավորություն կլինի:

- Հայաստանը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Կարծո՞ւմ եք, իմաստ ունի խոսել տարածաշրջանային կենտրոնի մասին այն դեպքում, եթե երկիրը հարաբերություններ չունի իր չորս հարեւաններից երկուսի հետ:

- Դա կախված է նրանից, ինչպես եք բնորոշում “տարածաշրջանային” հասկացությունը: Եթե խոսում ենք հիմնականում Վրաստանի եւ Հայաստանի մասին, ապա դա հնարավոր է: Ավելի դժվար է պատկերացնել Ռուսաստանի մասնակցությունը, քանի որ նրա տնտեսությունն անհամեմատ ավելի մեծ է: Սակայն դա չի նշանակում, որ փոքրածավալ տնտեսությունները չեն կարող ֆինանսական կենտրոններ դառնալ: Հոնկոնգը շատ փոքր տարածք է, սակայն դարձել է Չինաստանի եւ Հեռավոր Արեւելքի ֆինանսական կենտրոնը: Դա հնարավոր եղավ աշխատասիրության, լավ կրթության (Հայաստանում երկուսն էլ առկա են), օրենքները հարգելու եւ դրանք կիրառելու շնորհիվ` հատկապես սեփականության իրավունքի հարցում: Կան նաեւ այլ օժանդակ գործոններ, օրինակ ընդհանուր լեզու, ինչպիսին ռուսերենն է, որն այստեղ դասավանդվում է դպրոցներում: Սակայն, անկեղծ ասած, տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ստեղծելու ձգտումը ես չեմ դիտարկում որպես առաջիկա նպատակ:

- Որքա՞նով իրական է Հայաստանում լայնածավալ ներդրումային ծրագրերի իրագործման համար “Էյչ-Էս-Բի-Սի” բանկային խմբի ֆինանսական միջոցների ներգրավման հեռանկարը:

- Մեր մոտեցումներում մենք պահպանողական բանկ ենք, քանի որ ցավալի դասեր ենք քաղել մեր 143-ամյա պատմության ընթացքում: Որպես Խումբ, մեր մոտեցումն է` լինել ուժեղ կապիտալիզացված բանկ: Մենք ձգտում ենք սկզբից ավելացնել ավանդների ծավալը եւ հետո վարկավորել, քան ներգրավել խոշոր ներդրումներ այլ վայրերից, որտեղ առկա են բազմաթիվ հավելյալ ռիսկեր, մասնավորապես` տարադրամների փոխարժեքների ռիսկը: Այսպիսով, հենց մենք աճենք, դրան զուգահեռ մեր կապիտալը կխոշորանա, ավանդային բազան կմեծանա, ըստ այդմ ավելի խոշոր ծրագրեր կիրականացնենք:

Կարծում եմ, ապագայում մենք կդառնանք սինդիկացված վարկերի աճի ականատեսներ, երբ բանկերը համախմբում են իրենց ջանքերը խոշոր վարկ տրամադրելու համար: Այդ երեւույթը լայն տարածում ունի Արեւմուտքում, քանի որ այնտեղ կան բազմաթիվ նախագծեր , որոնք չափազանց խոշոր են առանձին բանկերի համար: Այստեղ այսպիսի շուկա դեռ չկա, բանկերը նախընտրում են կառչել իրենց հաճախորդներից: Սակայն պետք է ընդունել, որ մի բանկ չի կարող ամեն ինչ անել մի հաճախորդի համար, որի պահանջները շատ բարձր են: Կարծում եմ, այդ ուղղությունը եւ կզարգանա:

- Մեկ տարի առաջ այս պաշտոնում ձեզ նախորդող Էնթոնի Թերները հայտարարել էր, որ բանկը նախատեսում է լրացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման “բաց թողնված” հատվածը: Հաջողվե՞լ է լուծել այդ խնդիրը:

- Կասկածից վեր է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) մեզ համար ունեն աճող կարեւորոթյուն: Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից անցկացված զարգացող շուկաների ուսումնասիրություններում ընդգծվում է ՓՄՁ-ի կարեւորությունը` որպես շուկաների շարժիչ մեխանիզմ; Այդ ոլորտը հաճախ հանդիսանում է խոշորագույն գործատուներից մեկը, կարծում եմ դա նաեւ կարելի է վերագրել Հայաստանին:

Անցած տարի մեր համախառն վարկային փաթեթն աճել է 70-80տոկոսով, եւ նրա կառուցվածքում զգալիորեն աճել է ՓՄՁ ներկայացնող փոխառուների մասնաբաժինը: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես եք դասակարգում փոքր եւ միջին ձեռնարկությունները` աշխատակիցների քանակո՞վ, թե` միջոցների շրջանառությամբ: Եթե փոքր եւ միջին ձեռնարկություններ համարել նրանց, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում ԱՄՆ 5 մլն դոլարը, ապա կան շատ այդպիսի ընկերություններ, որոնց մենք վարկեր ենք տրամդրել: Մենք, անկասկած շահագրգռված ենք ավելացնել նման հաճախորդների թիվը, քանի որ նրանք որոշիչ դեր են խաղում տնտեսության մեջ:

- Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում աճում է հիփոթեքի պահանջարկը: Ձեր բանկն ուն՞ի հիփոթեքային վարկավորման հատուկ ռազմավարություն:

- Մենք առաջարկում ենք մինչեւ 15 տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր: Հուսով եմ, որ մենք կերկարացնենք այդ ժամկետը մինչեւ 20 տարի` անշարժ գույքի գներն այնքան են աճել, որ մեր հաճախորդներից շատերն չեն կարող իրենց թույլ տալ հիփոթեքային վարկ վերցնել: Սակայն եթե մենք նրանց թույլ տանք վարկ վերցնել ավելի քան 20 տարի ժամկետով, ավելի շատ մարդիկ կկարողանան իրականացնել ընտանիքի համար սեփական բնակարան ձեռք բերելու երազանքը:

Մենք նաեւ առաջարկում ենք բնակարանների վերանորոգման եւ շինարարության վարկեր, նախատեսում ենք ներմուծել մի քանի նոր ծառայություններ եւս` մասնավորապես, վերաֆինանսավորել այլ բանկերի հիփոթեկային վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են, քան մերը: Մենք հաճախորդներին կառաջարկենք օգտվել ավելի շահավետ տոկոսադրույքից, քան իրենց առաջարկում են այլ բանկերում: Ամենայն հավանականությամբ, մենք այդ ծառայությունը կանվանենք վերաֆինանսավորում: Ներկայումս այն դեռեւս գտնվում է քննարկման եւ ծրագրավորման փուլում:

Մեկ այլ ծառայություն, որն ուսումնասիրում ենք ներկայումս. փոխառություն գույքի գրավադրմամբ: Հաճախորդը դիմում է բանկին եւ ասում. “Ես ունեմ սեփականություն, դասական հիփոթեքի կարիք չունեմ, սակայն ցանկանում եմ հարմար տոկոսադրույքով 5 տարով վարկ վերցնել, քանի որ բանկին ապահով գրավ եմ տրամադրում”:

- Մենք գիտենք, որ ձեր բանկն ունի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում ստեղծվելիք կենսաթոշակային հիմնադրամների կառավարման ծրագիր:

- Մենք առայժմ հետաքրքրությամբ սպասում ենք համապատասխան օրենսդրության ընդունմանը, որը կարծում եմ տեղի կունենա տարեվերջին: Կենսաթոշակները Հայաստանի համար շատ կարեոր են, նրանց դերը շատ ավելի կարեւոր է, քան շատերը կարծում են: Հայաստանի անկախացումից հետո մարդիկ օգտվում են վաստակելու ու ծախսելու հնարավորությունից: Ես շատ զարմացած եմ, թե որքան են տղամարդիկ Հայաստանում ծախսում ավտոմեքենաների վրա: Նրանցից շատերը թերեւս չեն մտածում ապագայի մասին երկարաժամկետ հեռանկարում: Արեւմուտքում, որպես կանոն, մարդիկ ավելի քիչ են հույսը դնում իրենց ընտանիքի վրա եւ ավելի շատ` իրենց խնայողությունների: Մենք կարող ենք բանավիճել` թե արդյոք դա ճիշտ է, թե` սխալ, եւ ես գիտեմ, որ ընտանեկան կապերը Հայաստանում շատ ամուր են, ինչը շատ կարեւոր եւ դրական է, սակայն երբ մենք ծրագրում ենք կենսաթոշակը, պետք է մտածել 30-40 առաջ: Խելամիտ կլինի, եւ իշխանությունները դա գիտակցում են, եթե մարդիկ իրենց ծերության ապահովման հույսը չդնեն բացառապես ընտանիքի վրա: Տվյալ պահին իրական են սեփականությունն ու բանկային ավանդները: Մենք կցանկանայինք ներմուծել նոր խնայողական ծառայություններ: Ցավոք, օրենսդրությունը այս առումով որոշ դժվարություններ ստեղծում է, սակայն ես վստահ եմ, որ կառավարությունը դրան ուշադրություն կդարձնի` խրախուսելով մարդկանց մտածել խնայողություններ անելու մասին: Օրինակ` իմ երկրում կառավարությունը հարկային արտոնություններ է ապահովում կենսաթոշակային խնայողությունների համար: Եթե դուք համաձայնում եք կանոնավոր խնայողություններ անել եւ ձեռք չտալ այդ գումարներին, քանի դեռ չի լրացել ձեր 65 տարին, ապա այդ գումարները հարկման ենթակա չեն: Ամեն դեպքում, մինչև օրենսդրական փոփոխությունների ընդունումը, մենք կփորձենք որոշ խնայողական ծառայություններ վսկսել:

- Ունե՞ք ծրագրեր Հայաստանի կապիտալի շուկայի հետ կապված` NASDAQ OMX-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերելուց հետո:

- Այս փուլում մենք թերեւս պարտատոմսեր թողարկողի դերրում հանդես գանք:

OMX-ի եւ NASDAQ-ի կողմից Armex-ի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերումը շատ դրական իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար: Գիտեմ, որ նրանք շատ կարեւոր նախաձեռնություններ ունեն ընկերությունների բորսա դուրս գալը խրախուսելու եւ սեփական աճի համար գումարներ ներգրավելու ուղղված: Ես դա դիտարկում եմ որպես բնական զարգացում: Ոմանք ասում են, որ դա բանկային շուկայի համար մրցակցություն է, սակայն ես այդ կարծիքին չեմ: Դա ընդհանուր` ավելի մեծ շուկայի մի մասն է` որքան մեծ է շուկան, այնքան ավելի մեծ է յուրաքանչյուրի բաժինը: Եվ նույնիսկ եթե որևէ մեկին բաժին ընկնի համեմատաբար փոքր մաս, եթե շուկան մեծ է, ապա շուկայի յուրաքանչյուր մասնակից, ինչպես նաեւ երկիրը կբարգավաճի ապահով ու բավարարված կլինեն, ինչպես նաև երկիրը:

- Վերջին շրջանում հայկական բանկերը սկսել են հատուկ ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը` ինտերնետային եւ բջջային բանկային ծառայության տարրերին: Ինչպիսի՞ն են ձեր ծրագրերն այդ ուղղությամբ:

- Այս ուղղությամբ լուրջ զարգացումներ են սպասվում: Տարեվերջին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը նախատեսում է մեր անհատ հաճախորդներին առաջարկել ինտերնետային բանկային ծառայություն: Մեր առավելություններից մեկն այն է, որ այդ համակարգը կիրառում ենք այլ երկրներում, ուստի պետք է պարզապես այն հարմարեցնել հայկական շուկային: Մեր իրավաբանական անձ հաճախորդներն արդեն օգտվում են ինտերնետային բանկային ծառայություններից, նրանք կարող են ստուգել իրենց հաշիվների մնացորդները, փոխանցումներ կատարել, և ապահովված են անվտանգության վստահելի համակարգի միջոցով: Անհատ հաճախորդների համար բանկային ինտերնետային ծառայությունները նույնպես կունենան անվտանգության վստահելի համակարգ, կարծում եմ` դա շատ կարեւոր է:

Մենք նաեւ ծրագրում ենք ներդնել հեռախոսային բանկային ծառայություններ: Բանկային ծառայությունների մատուցման տարբեր եղանակներ` սա այն է, ինչ այսօր ցանկանում են հաճախորդները: Երբեմն հաճախորդը ցանկանում է գալ բանկ եւ անձամբ հանդիպել բանկի աշխատակցի հետ: Դրա համար մենք ավելի շատ մասնաճյուղեր ենք բացում. երեք նոր մասնաճյուղեր բացեցինք նախորդ տարի եւ եւս երեքը կբացվեն այս տարվա ընթացքում: Երբեմն հաճախորդները ցանկանում են օգտվել բանկոմատից, եւ մենք առաջարկում ենք ամենալայն ցանցը Երեւանում: Այլ դեպքերում հաճախորդը ցանկանում է հանդիպել բանկի աշխատակցի հետ, սակայն նրան հարմար չէ գնալ բանկ: Այսպիսով, մենք մեր հաճախորդներին տալիս ենք ծառայություններից օգտվելու տարբեր միջոցների, եղանակների ընտրության հնարավորություն:

Մեր հաջողված ծառայություններից մեկը “Ստատուս” ծառայությունն է, որը մշակված է այն հաճախորդների համար, որոնք մեր բանկից փոխառել են ավելի քան ԱՄՆ200 000 դոլար, կամ ներդրել են 35 մլն դրամ գերազանցող ավանդ: Մենք նրանց առաջարկում ենք VIP- “Ստատուս” սպասարկում: Մեր գլխավոր գրասենյակի նախասրահում կա առանձին տարածք, որտեղ սպասարկվում են այդ հաճախորդները: Նրանց մշտապես սպասարկում է միևնույն մարդը, ով քաջատեղյակ է և հասկանում է հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները, կարող է խորհուրդներ տալ, դառնալ ֆինանսական գործընկեր եւ օգնել հաճախորդին: Այս մոտեցումը խիստ տարբեր է նրանից, երբ դուք կարող եք մեր բանկային սրահ մտնել և ամեն անգամ ձեզ սպասարկեն բանկի տարբեր աշխատակիցներ, Ստատուսի դեպքում ձեզ ճանաչում են, գիտեն ձեր ֆինանսական կարիքների ու պահանջների մասին և հատուկ, առանձնացված տարածքում ձեզ առաջարկում են այնպիսի տոկոսադրույքներ, պայամմեր, որոնք ընդգծում են տվյալ հաճախորդի արժեքը մեզ համար: Այս ծառայությունը բավական լավ է զարգանում և ունի աճելու մեծ ներուժ:

- Հայաստանի բանկային ոլորտի զարգացման մեջ կ՞ան որեւէ յուրահատուկ միտումներ: Ի՞նչպես եք գնահատում մրցակցությունը հայկական շուկայում: Որքան արդարացի է այն, և ինչպես կարող է բանկերին խթանել նոր ծառայություններ ներմուծելու հարցում:

- Ներկայումս մրցակցությունը բավականին ուժեղ է: Եթե չհաշվենք վարկային կազմակերպություններին, ապա Հայաստանում գործում է 22 բանկ: Բացի այդ, Կենտրոնական բանկն արտոնագրեր է տալիս նոր բանկերի: Կարծում եմ, որ 22 բանկն արդեն շատ է Հայաստանի պես տնտեսության համար, նույնիսկ եթե այն շատ արագ է աճում: Հետագայում ես տեսնում եմ բանկերի համախմբման պոտենցիալ: Դա տեղի է ունեցել բազմաթիվ երկրներում: Հարցը այն է , թե ի՞նչը կհանդիսանա այդ գործընթացների դրդապատճառը: Չգիտեմ, թե ինչպիսի՞ն է ԿԲ ռազմավարությունն այս հարցում, սակայն կարծում եմ, որ այն կլուծվի շուկայական եղանակով, եւ դա ճիշտ մոտեցում է: Այլ երկրներում ականատես եմ եղել համախմբման հակվածության` որին դրդապատճառն են եղել ծագած խնդիրները. որոշ բանկեր ծանր իրավիճակի մեջ են հայտնվում, և հզորները, խոշորների կլանում են դրանք: Ես դա համարում եմ հետագայում համախմբման ամենահավանական դրդապատճառը:

Անհավատալի է հայկական տնտեսության եւ բանկային համակարգի այն առաջընթացը, որը գրանցվել է այն 12 տարիների ընթացքում, որի ընթացքում պատիվ ենք ունեցել աշխատել այստեղ: Կենտրոնական բանկը լավ աշխատանք է տարել, ինչը ոչ միշտ է դյուրին եղել:

Օրենսդրությունը ոչ ճշգրիտ, անզգույշ ներդրման դեպքում կարող է սահմանափակել տնտեսությունը, ինչը վտանգավոր է: Ահա մի քանի հիմնավորումներ. Քաղաքացիական Օրենսգրքում ասվում է, որ ֆիզիկական անձինք ցանկացած պահի կարող են ետ վերցնել իրենց ժամկետային ավանդները: Հասկանում եմ, թե ինչո՞ւ է կառավարությունն այսպիսի օրենք ընդունել, սակայն, իմ կարծիքով, դա լավ չէ բանկային ոլորտի համար: Այդ օրենքը նպաստում է անկայունությանը, քանի որ եթե հանկարծ լուրեր տարածվեն, որ որևէ բանկ խնդիրներ ունի` հայտնվել է դժվար իրավիճակում, ապա մարդիկ կշտապեն այդ բանկ իրենց գումարները ետ ստանալու: Այդպես բանկերը շատ արագ կարող են սնանկանալ: Այդ օրենքը մեզ թույլ չի տալիս ներմուծել որոշակի ծառայություններ: Օրինակ, մենք կցանկանայինք ներմուծել կապիտալով ապահովված ավանդներ հինգ տարվա երաշխիքով, սակայն չենք կարող դա անել օրենսդրության սահմանափակումների պատճառով:

Օրենքը, որ սահմանափակում է առավելագույն տոկոսադրույքը մինչև 22% նույնպես լավ չէ Հայաստանի համար: Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ շատ մարդիկ, հատկապես անապահով ու առավել ռիսկային համարվողները, օրինակ` մարզերում կամ շրջաններում ապրողները, ուղղակի չեն կարող վարկավորվել: Բանկերի համար շահավետ չէ 22% տոկոսադրույքով վարկեր առաջարկել, ուստի նման մարդիկ ընդհանրապես վարկ չեն կարող ստանալ: Կամ էլ, մարդիկ կդիմեն վարկավորման ոչ պաշտոնական, չգրանցված աղբյուրներին, որոնք չեն վերահսկվում: Ավելի ճիշտ կլլիներ նման վարկերը ունենալ և պահել բանկային ոլորտի շրջանակներում և ինչպես հարկն է կարգավորվել եւ վերահսկվել դրանք: Այսպիսով, չնայած բանկային շուկայի մասին իմ ընդհանուր դրական կարծիքին, կան բաներ, որոնք կարելի է շտկել, փոխել:

- Վերջին հարցը վերաբերվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Հայաստանի տնտեսությունը համեմատաբար փոքր է և ոչ այդքան սերտորեն կապված համաշխարհային տնտեսության հետ: Կարո՞ղ է արդյոք այն խնդիրներ ստեղծել հայկական տնտեսության զարգացման համար:

- Քանի որ Հայաստանը ցածր ելակետ ունեցող զարգացող շուկա է, և դա վերաբերվում է նաև բոլոր ԱՊՀ երկրներին, ապա դեռևս բազմաթիվ փուլեր կան որով պետք է անցնենք: Կա աճելու մեծ հնարավորություն` առանց անհանգստանալու, թե ի՞նչ է կատարվում աշխարհում: Ռուսաստանը մեր խոշորագույն արտահանող-ներմուծող գործընկերն է. եթե Արեւմուտքի խնդիրները ցնցեն ռուսական տնտեսությունը, դա կարող է դառնալ ամենամեծ ռիսկը: Սակայն Ռուսաստանը շատ արագ է աճում, եւ ներկայումս ես որեւէ սպառնալիքներ չեմ տեսնում: Այնպես որ, ես այնքան էլ անհանգստացած չեմ այն մասին, թե ի՞նչ է կատարվում աշխարհում: Մենք ուրիշ խնդիրներ ունենք, որոնք անհրաժեշտ է լուծել այստեղ` Հայաստանում, եւ դրանք շատ ավելի հրատապ են, քան արեւմտյան շուկաների մասին անհանգստությունները: Հայաստանը բարեբախտաբար նրանցից կախված չէ: Հնարավոր են միայն որոշակի ոչ էական ազդեցություններ:

Դիտում՝ 10095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW