Վադիմ Հարությունյան. Telcell-ն առաջարկում է հաճախորդների հոսքը ավելացնող բիզնես լուծումներ
22.01.2021 | 15:32
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /





Banks.am-ը «Թել-Սել» ընկերության Վաճառքի եւ շուկայի զարգացման բաժնի ղեկավար Վադիմ Հարությունյանի հետ զրուցել է QR կոդի միջոցով անկանխիկ գործարքների կարեւորության եւ ընկերության առաջարկած լուծումների մասին:
- Ինչպե՞ս կարող է բիզնեսը գրավել Telcell-ի օգտատերերի մեծ բանակին:
- 2020թ. սկզբին մենք գործարկեցինք B2B լուծումներ, որոնք նպատակ ունեն բիզնեսին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներ ընդունել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի մեծաթիվ օգտատերերից:
Այդ նկատառումով մեր գործընկերներին պայմանականորեն բաժանեցինք 3 խմբի՝ խոշոր բիզնես, էլեկտրոնային առեւտուր, փոքր բիզնես:
Յուրաքանչյուր խմբի համար մենք ստեղծեցինք լուծումներ՝ առավելագույնս հաշվի առնելով բիզնեսի սեփականատերերի, կառավարիչների, աշխատակիցների ու նաեւ հաճախորդների շահերը: Բոլոր լուծումների հիմքում ընկած է կիրառման դյուրինությունը. գրանցումից մինչեւ գործարկում տեւում է ոչ ավելի, քան 72 ժամ, իսկ հաճախորդների համար վճարումը՝ վայրկյաններ:
Telcell բրենդը ծանոթ է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակչի, չասենք, որ տերմինալ երեւույթը նույնացվում է Telcell-ի հետ:
2019թ. գործարկված Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակից այսօր օգտվում է ավելի քան 200 000 մարդ, եւ հենց նրանք կարող են դառնալ մեր գործընկեր բիզնեսների հաճախորդներ:
- Ինչպե՞ս է ազդել համաճարակը ձեր ու այլ բիզնեսների փոխհարաբերության վրա:
- Համաճարակը սկսվելուն պես օգտատերերը սկսեցին մեծ ուշադրություն դարձնել անվտանգությանը:
Telcell Business-ի տրամադրած անվտանգ բիզնես լուծումները մեր գործընկերներին թույլ տվեցին ամենակարճ ժամկետներում կազմակերպել QR կոդով անկանխիկ ու արագ վճարումների ընդունում՝ ի բավարարում հաճախորդների պահանջների:
Դրան նպաստեց նաեւ 2020թ. ապրիլի 1-ից ընկերության մեկնարկած՝ մանրածախ առեւտրի օբյեկտները անհպում վճարման հատուկ սկաներներով զինելու ծրագիրը:
- Քանի՞ բիզնես է ներկայում օգտվում Telcell Business հավելվածից:
- Ներկայում ունենք ավելի քան 1500 գործընկեր բիզնեսներ, որոնց թիվն ամեն օր աճում է:
Մեր գործընկերները Telcell Business-ով հեշտությամբ վերահսկում են վճարումները եւ ցանկացած պահի կարող են իրենց հաշվեկշռից գումար փոխանցել բիզնեսի իրավաբանական հաշվեհամարին:
Շատ բիզնեսներ, օրինակ, նախընտրում են կուտակել գումարը, ապա միանգամից խոշոր գումար փոխանցել իրենց իրավաբանական հաշվեհամարին:
- Խոսենք նաեւ Scan and Pay տեխնոլոգիայի մասին, որը եւս QR կոդի միջոցով է իրագործվում:
- Scan and Pay-ը ինտեգրվում է սոֆթերին, HoReCa (հյուրանոց ու հանրային սնունդ) հատվածում այն շատ նպատակահարմար է կիրառել. այս տարբերակով վճարումը տեւում է վայրկյաններ (ընդամենը պետք է սկանավորել Telcell Wallet-ի QR կոդը եւ հաստատել վճարումը), ինչը բիզնեսին ազատում է դրամարկղում ավելորդ հերթերից, կանխիկ գումարին առնչվելուց, հաճախորդի համար էլ ստեղծում է նոր հարմարություն:
Այս պահին Scan and Pay-ը ինտեգրված է SAS, Arev, Skyurik ու Nor Zovq սուպերմարքեթներում, վաճառքի ու սպասարկման բազմաթիվ կետերում, եւ այս ցանկն օրեցօր ընդլայնվում է:
- Ձեր դիտարկմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում որքանո՞վ է աճել բիզնեսի վստահությունը օնլայն ծառայությունների նկատմամբ, եւ հատկապես ի՞նչն է նրանց մտահոգում:
- Գործարարները լիովին տեղեկացված չեն տեխնոլոգիայից, որոշ մասն էլ չի վստահում առցանց համակարգերին: Սակայն պետք է նշեմ, որ Telcell համակարգով կատարվող ցանկացած գործարք մենք վերահսկում ենք Ա կետից մինչեւ Ֆ կետ:
Օպերատիվ արձագանքում ենք մեր հաճախորդների ցանկացած հարցի, որը շատ արագ լուծում է գտնում: Մեր գլխավոր նպատակն է նպաստել, որ նման համակարգերը հեշտացնեն թե՛ բիզնեսի, թե՛ օգտատիրոջ կյանքը ու խնայեն այդքան թանկ ժամանակը:
Ինչպես ցանկացած նորամուծություն, մեր B2B լուծումները եւս ադապտացման փուլ անցան, եւ այսօր արդեն կարող ենք արձանագրել վստահության աստիճանական ամրապնդում, ինչի վկայությունը մեր գործընկեր բիզնեսների թվի կայուն աճն է:
- Ի՞նչ տեղ է զբաղեցնում BON մարքեթը B2B լուծումների շարքում:
BON մարքեթը ստեղծվել է Telcell-ի գործընկերների համար, որից ակտիվ օգտվում են Telcell Wallet-ի օգտատերերը: Բիզնեսի համար սա ճանաչելիության բարձրացման լավ հնարավորություն է:
Բավական է բիզնեսն իր ապրանքները կամ հատուկ առաջարկները ներկայացնի Telcell Wallet-ի BON մարքեթում, եւ մենք ապահովում ենք համապատասխան տեսանելիություն:
- 2021թ. Telcell-ը անհպում վճարումների զարգացման ի՞նչ ծրագրեր ունի:
- Համաշխարհային գլոբալ միտումը շարունակում են մնալ QR կոդով վճարումները, որոնք մենք արդեն հաջողությամբ կիրառում ենք:
Նախատեսում ենք ընդլայնել մեր գործընկերային ցանցը եւ մեծացնել Telcell Wallet-ով անկանխիկ գործարքների հաճախականությունը:
Telcell-ը միշտ բիզնեսի կողքին է, եւ առաջիկայում եւս ծրագրում ենք զարգացնել B2B մեր գործիքներն ու հանդես գալ նոր առաջարկներով՝ ի նպաստ բիզնեսների բարգավաճման եւ մեր հաճախորդների հարմարավետության ու ապահովության:
Վադիմ Հարությունյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: