Ստեղծված իրավիճակում կենսական նշանակություն ունի երկրի ֆինանսաբանկային համակարգի անխափան աշխատանքը: Ներկա պայմաններում հայաստանյան բանկերի, բանկ-հաճախորդ եւ բանկ-պետություն օղակների գործունեության մասին զրուցել ենք ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանի հետ: - Ռազմական դրության պայմաններում ինչպե՞ս է գործում ՀՀ բանկային համակարգը՝ մասնավորապես ԱրարատԲանկը:- Հայաստանյան բանկային համակարգը կուռ եւ կայացած կառույց է: ՀՀ օրենսդրությունը՝ ներառյալ Կենտրոնական բանկի իրավական ակտերը մշակված են՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր դեպքերը, ռիսկերն ու իրավիճակները: Այդ պատճառով մեր բանկային համակարգը բավականին ճկուն եւ դիմացկուն է ցանկացած ցնցման ժամանակ: Առեւտրային բանկերի շահառուներին առավել առարկայական աջակցություն ցուցաբերելու նպատակով բանկային համակարգում որոշակի կարգավորումներ են գործի դրվել: Մասնավորապես, համաձայն Հայաստանի բանկերի միության հայտարարության՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի եւ չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տվյալ ժամանակահատվածի համար տույժեր եւ տուգանքներ եւս չեն կիրառվի։ Սա հենց մարդակենտրոն գործելաոճն է, որով առաջնորդվում են բանկերը: Նշեմ, որ նաեւ ՀՀ առեւտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բանկերին առանց հարկային հետեւանքներ կրելու վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ եւ ընդգրկուն։ Բնական է, որ այսպիսի դժվարին ու լարված իրավիճակում մեր հաճախորդներն ու շահառուները կարող են լինել հուզված, շփոթված, չկողմնորոշվել ավանդների եւ վարկերի հետ կապված գործարքների, ճիշտ եւ խելամիտ որոշումների կայացման հարցում: Եղել են հաճախորդներ, ովքեր այս իրավիճակներում տագնապային վարքագիծ են դրսեւորել եւ կասկածի տակ դրել ֆինանսաբանկային համակարգի կայունությունը: ԱրարատԲանկն ու ՀՀ առեւտրային բանկերը ամբողջությամբ կատարել եւ շարունակում են կատարել պարտավորությունները հաճախորդների եւ ավանդատուների նկատմամբ: Մենք շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը՝ պահպանելով փոխվստահության ջերմ մթնոլորտն ու անհատական մոտեցում ցուցաբերելով մեր յուրաքանչյուր հաճախորդին:- Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է աշխատում բանկի թիմը: - Հատկապես նման դեպքերում շատ կարեւոր է, թե ինչպես է մոբիլիզացվում եւ ինչ մոտեցմամբ ու սկզբունքներով է աշխատում թիմը: Բանկի մթնոլորտը, աշխատակիցների տրամադրվածությունն ու նրանց վարքագիծը մեծ ազդեցություն ունեն հաճախորդների եւ բանկի գործունեության վրա: Այսպիսի իրավիճակներում արդյունավետ աշխատելու միակ ձեւն ինքնակազմակերպվելն է, յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում, շարունակի իր աշխատանքը կատարել է´լ ավելի լավ, է´լ ավելի նվիրված եւ լինի է´լ ավելի զգոն ու պատասխանատու: Այս սկզբունքը պահպանվել է ՀՀ Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ամենօրյա, ամենժամյա համատեղ աշխատանքի շնորհիվ։ Հպարտությամբ ասեմ, որ մեր թիմի պատասխանատվության եւ համախմբվածության ապացույցը մենք տեսանք պատերազմը սկսվելու հենց առաջին օրվանից: Արցախին ու զինվորին օգնելու ցանկացած նախաձեռնության մեր թիմն արձագանքում է միանգամից եւ միասնաբար որոշում կայացնում իրենց թեկուզ փոքր, բայց շատ կարեւոր ներդրումն ունենալ Արցախին ու Բանակին օգնելու գործում՝ սկսած արյուն հանձնելուց մինչեւ Արցախից ժամանած ընտանիքներին ու երեխաներին աջակցելը: Չնայած, որ ԱրարատԲանկի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել էր 40 մլն դրամ, այժմ էլ մեր թիմն Արցախին ու Բանակին պարբերական օժանդակությունն ապահովելու նպատակով միաձայն որոշել է, որ առաջիկա կես տարվա ընթացքում յուրաքանչյուրիս աշխատավարձից ամեն ամիս 1% փոխանցվելու է հիմնադրամին: - Այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր եւ հնարավորություններ եք տեսնում: - Այսօր յուրաքանչյուրիս պարտքն է լինել կայուն ու հաստատակամ, բոլորս պետք է ապրենք, մտածենք ու գործենք միասնության գաղափարախոսության շրջանակում, քանի որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է միայն միասնական ջանքերի եւ համախմբվածության շնորհիվ:Հենց այսօր է մեր առաջնահերթությունները, մեր սկզբունքներն ու արժեքները վերաիմաստավորելու ժամանակը: Յուրաքանչյուրիցս է կախված հզոր երկիր, հզոր բանակ եւ ամուր տնտեսություն կառուցելը: Միասնությունը հենց սա է, եւ մենք փորձությունները հաղթահարելու ենք այդ միասնության շնորհիվ: Մենք մեր արժեքներով, մեր գործելաոճով ու սկզբունքներով պետք է փորձենք արժանի լինել մեր հերոս զինվորների սխրանքներին, ազնիվ ու նվիրված աշխատանքով շենացնենք, հզորացնենք մեր երկիրը: Մենք փյունիկի պես վերածնվելու եւ մեր ապագան նորովի կերտելու ենք միասին: Tweet Դիտում՝ 36181