«ՖԻՆՔԱ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Վարդան Գեւորգյանի հարցազրույցը Banks.am-ին- Պարոն Գեւորգյան, Դուք միացաք «ՖԻՆՔԱ»-ին ճգնաժամային իրավիճակում. ինչպե՞ս եք գնահատում ընկերության աշխատանքն այս պայմաններում եւ, առհասարակ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է ֆինանսական կազմակերպությունների դերը նման իրավիճակներում:- Անշուշտ, բավականին բարդ եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջան է. համավարակի արդյունքում առաջացած խոչընդոտներին ավելացավ նաեւ պատերազմական դրությունը: Եթե առաջին դեպքում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ էր աշխատանքի կազմակերպման ոճի փոփոխություն՝ առաջնորդվելով որոշակի հրահանգներով եւ սահմանափակումներով, ապա երկրորդ դեպքում իրավիճակն այլ է. չկան կանոններ եւ դրա հետ մեկտեղ հանրության շրջանում ձեւավորվել է նուրբ էմոցիոնալ ֆոն, որը հատկապես ֆինանսական ոլորտի կազմակերպությունները պարտավոր են հաշվի առնել` իրենց գործունեությունը վարելիս: Այս իրավիճակում ֆինանսական կառույցների դերն առավել կարեւոր է տնտեսության գործունեությունը շարունակական պահելու հարցում: Առհասարակ, ֆինանսական ծառայությունների կարիքն ամենաշատը զգացվում է ճգնաժամի ընթացքում ու դրան հաջորդող ժամանակաշրջանում, քանի որ մարդկանց գումար է հարկավոր՝ իրենց կյանքը եւ բիզնեսը վերականգնելու համար: «ՖԻՆՔԱ»-ն, որպես միջազգային ցանցի անդամ կազմակերպություն, հիմնական գործունեությանը զուգահեռ ամեն տարի սահմանում է կոնկրետ եւ չափելի սոցիալական թիրախներ, ուստի «ՖԻՆՔԱ»-ի համար սոցիալական ազդեցությունը բիզնեսի առաքելության մաս է կազմում: Հենց նմանատիպ իրավիճակներում է, որ սոցիալական գործունեությունը առավելապես մղվում է առաջին պլան:- Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում «ՖԻՆՔԱ»-ն տնտեսության գործունեությունը շարունակական պահելու ուղղությամբ:- Մեր կազմակերպության հաճախորդների ցանկում գերակշռում են փոքր եւ միջին բիզնեսները, կին տնտեսվարողները, անհատ ձեռնարկատերերը եւ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատները, ովքեր տնտեսական ցնցումների հանդեպ ամենախոցելի խմբին են պատկանում եւ ներկայումս իրենց բնականոն կյանքը վերականգնելու համար մեր օգնության կարիքն ունեն: Այսուհանդերձ, այս խմբերին պատկանող տնտեսվարողները տնտեսության շարժիչ ուժն են հանդիսանում եւ կարեւոր դեր ունեն երկիրը ֆինանսապես առողջ եւ բիզնես գործընթացները շարունակական պահելու գործում: Քիչ առաջ նշեցի նաեւ, որ ամեն տարի սահմանում ենք սոցիալական թիրախներ, այդ թիրախներից մեկն էլ մեր ծառայությունները կին վարկառուների համար ավելի հասանելի դարձնելն է: Այսօր տնտեսությունն ամուր պահելու գործը կին տնտեսվարողներին է վստահված, ստեղծված իրավիճակում նրանց դերը բիզնեսի զարգացման հարցում անհամեմատելիորեն մեծացել է: Մեր հաճախորդների 1/3-ից ավելին կանայք են եւ մենք կարեւորում ենք նրանց հետ համագործակցությունը: «ՖԻՆՔԱ»-ի առաքելությունը կայանում է նրանում, որ մենք մատուցում ենք նորարարական եւ օգտակար ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին եւ համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում։ Ուստի, մենք քայլեր ենք ձեռնարկում զուտ վարկ տրամադրող կառույցից վերածվելու հաճախորդի ռազմավարական գործընկերոջ, ով գյուղատնտեսությամբ եւ բիզնեսով զբաղվող անձանց կտրամադրի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջական փաթեթ: Վարկավորումն այդ փաթեթի ընդամենը մեկ բաղադրիչը կլինի՝ ի հավելումն բիզնես դասընթացների, կարողությունների զարգացման, ռազմավարական խորհրդատվության եւ այլ ծառայությունների: Որպես սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, մեզ համար խիստ կարեւոր է, թե մեր հաճախորդներին տրամադրած ֆինանսավորումն ինչ ազդեցություն է ունենում նրանց կյանքի եւ բիզնեսի վրա, եւ կարծում ենք, որ կարող ենք մեծացնել այդ ազդեցությունը՝ օգնելով նրանց առավել արդյունավետ կերպով օգտագործել ֆինանսավորումը:- Դուք նշեցիք տնտեսության գործունեությունը շարունակական պահելու կարեւորության մասին, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ձեր բիզնեսի շարունակականությունը պահելու ուղղությամբ:- Ակտիվորեն աշխատում ենք մեր ծառայությունների արդիականացման ուղղությամբ, որպեսզի դրանք առավելագույնս համապատասխանեն հաճախորդների ներկա կարիքներին: Սա առաջին հերթին վերաբերում է մեր վարկատեսակներին, որոնք այժմ վերանայվում են հօգուտ հաճախորդների: Մյուս հիմնական առաջնահերթությունը լիարժեք թվային փոխակերպումն է, այսինքն՝ գրեթե բոլոր ծառայությունների թվայնացումն ու գործընթացների ավտոմատացումը: Սա իր հերթին առաջ է քաշում վարկավորման գործընթացների ու թղթաբանության օպտիմալացում, ինչպես նաեւ իր հետ բերելու է անհրաժեշտություն՝ կրճատելու կամ միավորելու որոշ մասնաճյուղեր, վերանայելու հաստիքացանկը եւ աշխատանքային պարտականությունների բաշխումը: Վերջին մի քանի տարին ընկերությունն աշխատել է այս ուղղությամբ եւ արդեն գալիք տարվա ընթացքում շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն հաճախորդների համար: Թվային լուծումները թույլ են տալիս իրականացնել աշխատանքն ու մատուցել ծառայություններն անհամեմատ արագ եւ արդյունավետ: Հետաքրքիր է, որ համավարակը կտրուկ բարձրացրեց թվայնացման պահանջը՝ թվային փոխակերպումը պարզապես միտումից վերածելով կարեւորագույն առաջնահերթության: Երկար ժամանակ աշխատելով թվայնացման ուղղությամբ, մենք այնուամենայնիվ մտավախություն ենք ունեցել, որ մեր սպասելիքները կարող են չարդարանալ, քանի որ մեր թիրախային հաճախորդը թվային տեխնոլոգիաների հարցում դեռ բավականաչափ հմուտ չէ: Սակայն համավարակից բխող սահմանափակումների եւ անվտանգության նկատառումների արդյունքում հասարակության նույնիսկ ամենաավանդական զանգվածը ստիպված անցավ թվային ծառայություններին եւ նույնիսկ սկսեց պահանջել դրանք: Արդյունքում, կարծում ենք, որ այսօր մեր հաճախորդներն ավելի պատրաստ են եւ նույնիսկ սպասում են մեր թվային փոխակերպմանը: - «ՖԻՆՔԱ»-ն երկար տարիներ է, ինչ հայկական միկրոֆինանսավորման ոլորտի առաջատարներից է. ո՞րն է ձեր կարծիքով «ՖԻՆՔԱ»-ի հաջողության բանալին:- Իր գործունեության ողջ ընթացքում «ՖԻՆՔԱ»-ի բոլոր մոտեցումները, ծրագրերն ու նախագծերը կառուցվել են հաճախորդի շահն ամենից բարձր դասելու սկզբունքով: Հաճախորդակենտրոն գործընթացների, հաճախորդների փորձառությունը կարեւորելու եւ նրանց հանդեպ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ այժմ մենք ունենք ամուր ու վստահելի հարաբերություններ մեր հաճախորդների հետ: Ի վերջո, լինելով միջազգային «ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս» ցանցի մաս, մենք հնարավորություն ունենք օգտվելու լավագույն միջազգային փորձից եւ ցանցի ողջ փորձագիտական ներուժից:- Եթե հակիրճ ներկայացնեք «ՖԻՆՔԱ»-ի եկող տարվա ծրագրերը, ապա ինչպիսի՞ն են դրանք:- 2021 թվականի մեր ծրագրերը, որոնց հիմնական թիրախները գծագրվել են դեռեւս նախորդ տարիներին «ՖԻՆՔԱ» միջազգային ցանցի կողմից սկսված գործընթացներով, բավական հավակնոտ են, չնայած մենք քաջ գիտակցում ենք, որ համավարակն ու հետպատերազմական իրողությունը փոխել են իրականությունը: Ամեն դեպքում, մենք չենք դանդաղեցնում մեր քայլերը՝ գնալու դեպի թվայնացում, եւ ողջ ներուժը կենտրոնացրել ենք՝ մեր հաճախորդներին առաջարկելու առավել նորարարական տեխնոլոգիական լուծումներ: Այս ամենին զուգահեռ՝ «ՖԻՆՔԱ» -ն շարունակելու է բարելավել իր առաջարկները, որպեսզի հաճախորդներին մատուցվող ծառայությունները առավելագույնս ծառայեն նրանց կարիքներին եւ մրցակցային լինեն շուկայում: Ուզում եմ հուսալ, որ եկող տարվա ընթացքում բոլորս կհամախմբենք մեր ջանքերն ու գիտելիքները եւ մեզնից հասնող հնարավորն ու անհնարինը կանենք մեր երկիրը ոտքի կանգնեցնելու եւ հզորացնելու համար: Tweet Դիտում՝ 39325