Բանկերը պետք է զգոն լինեն նոր հաճախորդներ ներգրավելու հարցում

26.03.2008 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Նոր բանկերի մուտքը կաշխուժացնի ՀՀ ֆինանսական համակարգը

Շուտով Հայաստանի բանկային համակարգ մուտք կգործեն մի քանի խոշոր միջազգային կառույցներ։ Հայաստանի ֆինանսական շուկան կհամալրվի նոր առեւտրային բանկերով։ Լիցենզավորման փուլն արդեն անցել է «Պրոկրեդիտ» բանկը՝ (հիմնականում գերմանական կապիտալով) եւ այն արդեն մեր երկրում սկսել է իր գործունեությունը։ ԿԲ մամլո ծառայությունից տեղեկացրեցին, որ «Փոստ» բանկի (հոլանդական կապիտալով) հետ հարաբերությունները գտնվում են բանակցային վերջին փուլերում։ Նշենք, որ ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի կապիտալում ձեռք է բերել մասնակցություն, ռուսական «Գազպրոմբանկը» ձեռք է բերել «Առէքսիմբանկի» բաժնետոմսերի 80 տոկոսը, իսկ լիբանանյան «Բիբլոս» բանկը՝ «ԻԹԲ» միջազգային առեւտրային բանկ» ՓԲԸ-ի կապիտալում։

Այս գործընթացը ինչքանո՞վ կանդրադառնա մեր տնտեսության վրա եւ ի՞նչ փոփոխություններ կկրի ֆինանսական համակարգը։ Միանշանակ պետք է ենթադրել, որ տեղի կունենան մի շարք դրական տեղաշարժեր։ Նախ, ակնկալվում է ֆինանսական ռեսուրսների ներհոսք, ինչը կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազեցմանն ու երկարաժամկետ տրամադրմանը։ Կստեղծվի մրցակցություն բանկերի միջեւ, նույնիսկ չի բացառվում դրանց հետագա միաձուլումը։

Թե ստեղծված մրցակցային դաշտում ինչպիսի՞ ռազմավարություն կմշակեն առեւ-տրային բանկերը կամ, առհասարակ, միջազգային բանկերի մուտքը ի՞նչ դրական ներգործություն կունենա մեր ֆինանսական համակարգի վրա, ԿԲ–ի մամլո ծառայությունից հայտնեցին, որ դրանց արդյունքում կաճեն բանկային ակտիվների (ՀՆԱ–վարկեր) ՀՆԱ ցուցանիշները, այսինքն՝ կբարձրանա ֆինանսական միջնորդության մակարդակը։ «Այդ բանկերը լինելու են ունիվերսալ բանկեր, այսինքն՝ մասնագիտացված չեն լինելու որոշակի գործառնությունների բնագավառում, ուստի կարող ենք ասել, որ նրանց մուտքը բազմազանություն կմտցնի ՀՀ բանկային համակարգում մատուցվող ծառայությունների ողջ շրջանակում»,–հայտնեցին ԿԲ–ից։

Նոր բանկերի՝ ֆինանսական շուկա ներթափանցումը բնականաբար կհանգեցնի մրցակցության ուժեղացմանը, ինչն, անշուշտ, կխթանի ֆինանսական համակարգի դինամիկ զարգացումը։ Ուստի ԿԲ–ի աշխատակիցների դիրքորոշմամբ, յուրաքանչյուր բանկ մշտապես պետք է զգոն լինի իր հաճախորդներին պահպանելու եւ նոր հաճախորդներ ներգրավելու հարցում, իսկ դրա համար յուրաքանչյուրը պետք է շարունակ կատարելագործի իր կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ՝ ընդլայնի առաջարկվող ծառայությունների տեսականին, մանավանդ այն պարագայում, երբ շուկայում հայտնվում են պոտենցիալ մրցակիցներ։

Թե ստեղծված մրցակցային դաշտում ինչպիսի՞ ռազմավարություն կմշակեն առեւ-տրային բանկերը կամ ինչքանո՞վ է հավանական դրանց մի քանիսի հետագա միաձուլումը, ԿԲ ի կանխորոշմամբ, ՀՀ ֆինանսական շուկայում ձեւ-ավորված մրցակցային միջավայրին դիմակայելու համար, բանկերը, հավանաբար իրենց ռազմավարական ծրագրերում կնախատեսեն հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացում եւ կադրերի մասնագիտական պատրաստվածություն։ Ըստ կանխատեսումների, նրանք կընդլայնեն մատուցվող ծառայությունների տեսականին, կկիրառեն սակագնային ճկուն համակարգ, ինչպես նաեւ միջոցառումներ կձեռնարկեն կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

«Հետզհետե ուժեղացող մրցակցային դաշտում շատ հնարավոր է, որ որոշ բանկեր նպատակահարմար համարեն միավորել իրենց հնարավորությունները՝ ավելի որակյալ ու պահանջարկ վայելող գործառնություններ առաջարկելով իրենց հաճախորդներին։ Ուստի չի բացառվում, որ բանկային համակարգում ի հայտ գան միաձուլման կամ կլանման երեւույթներ»,–հայտնեցին ԿԲ–ի մամլո ծառայությունից։

Ենթադրվում է, որ միջազգային բանկերը, որպես մրցակցային գործոն, կապահովեն նաեւ կադրային պատրաստվածության առավել պատշաճ մակարդակ։ ԿԲ–ից հայտնեցին, որ բանկերը նախատեսում են իրենց աշխատատեղերը համալրել հիմնականում տեղի մասնագետներով՝ հատկապես շեշտը դնելով երիտասարդ կադրերի հավաքագրման ու վերապատրաստման վրա, ինչը, ըստ ԿԲ–ի, իսկապես ողջունելի եւ առաջադիմական քայլ է։ Քանի որ այս բանկերը միջազգային ճանաչում ունեցող ֆինանսավարկային կառույցներ են, ապա նրանց ներթափանցումը հայկական բանկային համակարգ կնշանավորվի առաջավոր տեխնոլոգ˕U֕Ŗˠներդրմամբ, մասնավորապես կադրերի կառավարման, նոր ծառայությունների մատուցման եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտում՝ 5040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW