ACSES. Որքանո՞վ են ստույգ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները

18.06.2020 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ACSES #տնտեսական աճ
ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնը Banks.am-ին է տրամադրել իր կողմից հեղինակած հոդվածը, որը հրապարակվում է կայքում բացառիկ իրավունքով:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները եւ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) Հայաստանի տնտեսական աճին վերաբերող իրենց կանխատեսումներում հիմնականում ավելի զուսպ են (կոնսերվատիվ՝ այսինքն, փաստացին ավելի մեծ է լինում, քան նրանց կանխատեսումներն են), այդուհանդերձ, իրականությանը առավել մոտ են լինում Համաշխարհային բանկի եւ ՀՀ ԿԲ-ի կանխատեսումները:

Տնտեսական աճի (ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխության) վերաբերյալ կանխատեսումները գտնվում են հասարակության եւ մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում, սակայն, որպես կանոն, կախված կանխատեսողից դրանք էականորեն տարբերվում են։ ACSES վերլուծական կենտրոնը ուսումնասիրել է 2010-2019թթ-ի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխության վերաբերյալ չորս հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները՝ պարզելու համար, թե որքանով են դրանք ստույգ գտնվում եւ որ կազմակերպությունն է ավելի դիպուկ կանխատեսում Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշը: Դիտարկված չորս կազմակերպություններն են՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, Համաշխարհային բանկը եւ ՀՀ կենտրոնական բանկը: Որպես տվյալ տարվա համար կանխատեսվող արժեք ընտրվել են կազմակերպությունների կողմից կանխատեսվող տարվա առաջին եռամսյակում իրականացված կանխատեսումը (դիտարկվել են հետեւյալ հրապարակումները՝ ԱՄՀ-ի «World economic outlook», ՀԲ-ի «Global economic prospects», ԱԶԲ-ի «Asian development outlook» զեկույցները, ՀՀ ԿԲ-ի «Գնաճի հաշվետվությունները»):


Կանխատեսումների ճշգրտությունը ստուգելու համար ընտրվել են հետեւյալ երկու եղանակը՝ կանխատեսման միջին շեղում (forecast average bias) եւ միջին բացարձակ շեղում (mean absolute error): Կանխատեսման միջին շեղումը դիտարկվող ժամանակահատվածի համար տվյալ ցուցանիշի փաստացի եւ կանխատեսված արժեքների տարբերությունների թվաբանական միջինն է: Այս մեթոդը հաշվի է առնում՝ կանխատեսողը թերագնահատել, թե գերագնահատել է ցուցանիշի արժեքի փոփոխությունը: Եթե շեղումը դրական նշանով է, նշանակում է՝ փաստացի արժեքն ավելի բարձր էր, քան կանխատեսվում էր եւ կանխատեսողը թերագնահատել է դիտարկվող ցուցանիշի արժեքի փոփոխությունը: Եթե շեղումը բացասական նշանով է, ուրեմն փաստացի արժեքն ավելի ցածր էր, քան կանխատեսվում էր եւ կանխատեսողը գերագնահատել է դիտարկվող ցուցանիշի արժեքի փոփոխությունը: Միջին բացարձակ շեղումը դիտարկվող ժամանակահատվածի կտրվածքով տվյալ ցուցանիշի բոլոր փաստացի եւ կանխատեսված արժեքների տարբերությունների բացարձակ արժեքների թվաբանական միջինն է։ Այսինքն, այս մեթոդը հաշվի չի առնում կանխատեսողը թերագնահատում, թե գերագնահատում է ցուցանիշի արժեքի փոփոխությունը, այստեղ ուշադրության կենտրոնում  կանխատեսման սխալի չափն է:



Ինչպես երեւում է աղյուսակից՝ վերջին տաս տարիների ընթացքում բոլոր կազմակերպություններն իրենց կանխատեսումների մեջ հիմնականում թերագնահատել են Հայաստանի տնտեսական աճը: Միայն 2013, 2014 եւ 2016  թվականներին էր Հայաստանի տնտեսական աճն ավելի փոքր, քան կանխատեսվում էր դիտարկվող բոլոր կազմակերպությունների  կողմից: Թեեւ մյուսներից փոքր տարբերությամբ, բայց առավել ստույգ են եղել Համաշխարհային բանկի եւ ՀՀ ԿԲ կանխատեսումները։


Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի այս տարվա հունիսի կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխությունը 2020թ-ին կլինի -2.8% (այսինքն 2.8% անկում կլինի), ինչը 7.9%-ային կետով ավելի ցածր է, քան հունվարին հրապարակած կանխատեսումը։ Իսկ ՀՀ կենտրոնական բանկը առաջին եռամսյակի «Գնաճի հաշվետվությունում» 2020թ-ի համար կանխատեսել էր 0.7% ՀՆԱ-ի իրական ծավալի աճ, սակայն օրերս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ 2020թ-ին սպասվում է զգալի տնտեսական անկում։

ACSES-ը (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոն է, որի նպատակն է նպաստել արդյունավետ հանրային քաղաքականության մշակմանը, սոցիալ- տնտեսական ուսումնասիրությունների իրականացմանը եւ շահառուների կարողությունների զարգացմանը։

Հոդվածում տեղ գտած մտքերը պատկանում են ACSES վերլուծական կենտրոնին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետների հետ:
Դիտում՝ 5321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW