Balchug Capital ներդրումներ կառավարող ընկերության երեւանյան գրասենյակի ղեկավար Վաչիկ Գեւորգյանի հարցազրույցը Banks.am-ին - Օրերս հայտնի դարձավ, որ Balchug Capital-ը գրասենյակ է բացել Երեւանում։ Ներկայացրեք, խնդրում եմ, ընկերության հակիրճ պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները։- Balchug Capital-ը հիմնադրվել է 2010թ.-ին Մոսկվայում: Ընկերությունը մասնագիտացած է գլոբալ իրադարձությունների վրա հիմնված (event-driven) եւ իրական արժեքի հայտնաբերմանն ուղղված (value) ներդրումներում՝ որպես հիմնական ուղղվածություն ունենալով ռուսաստանյան եւ այլ զարգացող շուկաները: Ընկերության ներդրումային ռազմավարության հիմնասյունը թերագնահատված արժեթղթերի իրական՝ ֆունդամենտալ արժեքի հայտնաբերումն է։ Նմանատիպ արժեթղթերը կարող են վերագնահատվել շուկայի կողմից որոշակի կոնկրետ իրադարձությունների տեղի ունենալու պարագայում: Այս գործում Balchug Capital-ի հաջողությունը գլխավորապես հիմնված է կոնկրետ շուկաներում բարձրակարգ հետազոտությունների իրականացման կարողության եւ փորձի վրա: Արդյունքում, ընկերության կողմից կիրառվող՝ արժեթղթերի սեղմ շրջանակի վրա կենտրոնացված ռազմավարությունը ներդրողներին տալիս է մի շարք հնարավորություններ, որոնք անհասանելի կլինեին ներդրումների պասիվ կառավարման դեպքում:- Ընկերության ղեկավար Դավիթ Ամարյանը Հայաստան գալու կապակցությամբ նշել էր իր հայկական արմատներն ու շահագրգռվածությունը հայրենիքի տնտեսական զարգացման առումով։ Այնուամենայնիվ, համաձայնվեք, բիզնեսն ունի իր պարզ տրամաբանությունը՝ շահույթ ապահովելը։ Այս առումով, որն է Հայաստան գալու բիզնես մոտիվացիան եւ գործունեության թիրախները մեր շուկայում։ - Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի կապիտալի շուկան դառնա շատ ավելի իրացվելի եւ ներդնելի (investible): Ցավոք սրտի, այսօր այդպես չէ, հատկապես, եթե խոսքը բաժնետոմսերի շուկայի մասին է: Այդուհանդերձ, մենք լիահույս ենք, որ երկրում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը զգալիորեն ավելի շատ օտարերկրյա ներդրումներ կներգրավի, իսկ տնտեսությունը կայուն աճ կգրանցի շատ ավելի արագ տեմպերով: Իր հերթին, Balchug Capital-ը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին եւ ավելի մեծ դերակատարում ունենալ Հայաստանի կապիտալի շուկայում՝ նոր հնարավորությունների ի հայտ գալուն զուգընթաց:Ներկայումս Balchug-ի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի մարդկային կապիտալը: Մենք հավատում ենք, որ երկիրն ունի բազմաթիվ վառ անհատներ, որոնք ի վիճակի են լրացուցիչ արժեք ստեղծել մեր կազմակերպության համար, եւ Երեւանի գրասենյակի առաջնային նպատակը տարբեր զարգացող եւ զարգացած շուկաներում ֆոնդի ներդրումների իրականացման համար հետազոտական հիմքի ապահովումն է: - Balchug Capital-ը մուտք է գործում հայաստանյան շուկա ճգնաժամային փուլում։ Սա հատուկ մարտավարությո՞ւն է։ - Պետք է նշեմ, որ Balchug Capital-ը հայաստանյան շուկա մուտք է գործել մինչեւ այս ճգնաժամային փուլը։ Բացի այդ, COVID-19-ը մենք դիտարկում ենք որպես ժամանակավոր դժվարություն, որը չի ազդում Հայաստանում մեր հետագա նպատակների վրա, քանի որ դրանք առավել երկարաժամկետ են։ - Ներդրումների ապահովումը հայաստանյան տնտեսության թիվ մեկ խնդիրն է։ Բնականաբար, դրանց ներգրավման համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր։ Balchug Capital-ն ունի՞ իր գաղափարները դրա բարելավման ուղղությամբ եւ մտադի՞ր է արդյոք այս հարցում առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը։- Balchug-ի ներկայիս ենթակառուցվածքը մեր բաժնետերերի եւ ներդրողների համար ապահովում է բացարձակ ապահովություն: Այն ստեղծված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան՝ բարձրակարգ գործընկերների ներգրավմամբ, որոնք ապահովում են բոլոր անհրաժեշտ երաշխիքները: Կարծում ենք, որ ներդրումների ներգրավման տեսանկյունից շատ կարեւոր է Հայաստանում ապահովության նմանատիպ չափանիշների կիրառումը եւ նախատեսում ենք դրանք քննարկել տարբեր իրավասու մարմինների, այդ թվում՝ կառավարության եւ կենտրոնական բանկի հետ, ինչպես նաեւ հնարավորինս աջակցել այդ գործընթացում:- Որքանով տեղյակ եմ՝ Դավիթ Ամարյանը նախկինում աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում։ Այսօր այդ ընկերության նախկին աշխատակիցներից ոմանք լուրջ քայլեր են անում միջազգային ֆինանսական աշխարհում։ Կարծես թե, սա եւս գործուն խաղաքարտ է եղած կապերն օգտագործելու եւ Հայաստան ներդրումներ բերելու համար։- Այո, ճիշտ եք, Դավիթն աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում: Բացի «Տրոյկա Դիալոգ»-ը, նա աշխատել է նաեւ «Սիթիգրուպ»-ում (Citigroup, Մոսկվա), «Ալյանս Բերնշտեյն»-ում (Alliance Bernstein, Նյու Յորք), իսկ վերջին 10 տարիներին զբաղվել է հեջ ֆոնդի կառավարմամբ: Այս հարուստ փորձը, բնականաբար, շատ կարեւոր է եւ ամբողջությամբ կներդրվի Հայաստանը տնտեսապես ավելի գրավիչ դարձնելու մեր ջանքերում, ինչպես նաեւ այն ուղերձի տարածման համար, որ Հայաստանը բաց է բիզնեսի եւ օտարերկրյա ներդրումների համար: Մենք այստեղ ենք երկարաժամկետ հեռանկարով եւ հավատում ենք, որ դեռեւս Հայաստանում մեր հաջող ճանապարհի ամենասկզբում ենք:- Որո՞նք են լինելու Ձեր գործառույթները գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ - Կառանձնացնեի այս պաշտոնում իմ աշխատանքի հետեւյալ առաջնահերթությունները․ ա) ստեղծել ամուր հետազոտական կարողությունների ներուժ եւ հեջ ֆոնդին տրամադրել վերլուծական աջակցություն, բ) համագործակցել տեղական եւ միջազգային ինստիտուցիոնալ կառույցների հետ, անհրաժեշտության դեպքում՝ վերջիններիս խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրել Հայաստանի կապիտալի շուկան ավելի իրացվելի եւ ներդնելի, իսկ Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար առավել գրավիչ դարձնելու գործում: - 2009թ. Դուք դարձաք Banks.am-ի կողմից կազմակերպած՝«Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողը: Այս հանգամանքը որեւիցե դեր խաղա՞ց Ձեր մասնագիտական կարիերան կառուցելու առումով: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն են այսօր Ձեր պատկերացումները ճգնաժամը հաղթահարելու հարցում: - Banks.am-ի մրցույթում հաղթելն ինձ շատ օգնեց հետագայում մասնագիտական գիտելիքներս զարգացնելու համար անհրաժեշտ ինքնավստահություն եւ ոգեւորություն ձեռք բերելու հարցում։ Բացի այդ, մրցույթում հաղթելու փաստը շատ դրական կերպով է ընդունվել բոլոր այն գործատուների մոտ, որոնց հետ երբեւէ առիթ եմ ունեցել աշխատել։ Ինչ վերաբերում է ներկա կորոնավիրուսային ճգնաժամի տնտեսական հետեւանքների հաղթահարմանը, ապա կարծում եմ՝ Հայաստանն առավելապես պետք է կենտրոնանա երկրում նորաստեղծական ներդրումների ներգրավման առումով բարենպաստ միջավայրի ձեւավորման, այդ թվում՝ հարկային ճկուն համակարգի ձեւավորման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա։ Հաշվի առնելով մեր երկրի ներքին շուկայի փոքր չափերը եւ աշխարհագրական դիրքը՝ մեր տնտեսության համար այլ տարբերակ չկա, քան զարգացնել բարձր ավելացված արժեք ստեղծող տնտեսության արտահանելի հատվածը։ Վաչիկ Գեւորգյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 20267