Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը կազմակերպել էին “Մեդիամաքս” գործակալությունն ու Banks.am պորտալը` ՀՀ Կառավարության եւ Կենտրոնական բանկի օժանդակությամբ: Հաղթողներին պարգեւատրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Առաջին տեղը (150 հազար դրամ մրցանակ) զբաղեցրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վաչիկ Գևորգյանը: Երկրորդ տեղը (100 հազար դրամ մրցանակ) զբաղեցրել է Արցախի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Սամվել Լազարյանը: Երրորդ տեղը (75 հազար դրամ մրցանակ) զբաղեցրել է ՀՊՏՀ երրորդ կուրսի ուսանող Միքայել Չարչյանը: Լավագույն աշխատանքների հեղինակների համար հատուկ մրցանակներ էին սահմանվել մրցույթի գործընկերների` Telcell վճարային համակարգի, “Գրանթ Թորնթոն Ամիօ” աուդիտորական-խորհրդատվական ընկերության, “Լիկվոր” դեղագործական ընկերության եւ “Արմենբրոկ” ներդրումային ընկերության կողմից: Telcell վճարային համակարգի տնօրեն Արամ Ազատյանը 50 հազար դրամ է հանձնել ՀՊՏՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, չորրորդ տեղը զբաղեցրած Վահե Դավթյանին: “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի փոխտնօրեն եւ բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը 2-ամսյա աշխատանքային ստաժավորման հավաստագրեր է հանձնել ՀՊՏՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհիներ Անահիտ Խաչատրյանին եւ Թամարա Հովհաննիսյանին: “Լիկվոր” դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը 50 հազար դրամ մրցանակ է հանձնել ՀՊՏՀ երրորդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Ղլիջյանին: “Արմենբրոկ” ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը բոլոր 11 լավագույն աշխատանքների հեղինակներին հանձնել է “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ` ՀՀ-ում առաջին IPO-ի 10-ական բաժնետոմսեր: 11 լավագույն աշխատանքների հեղինակներին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանձնել է ԿԲ-ի հուշադրամներ: Tweet Դիտում՝ 15200