Ռազմիկ Խաչատուրյան. Lite-Group-ը հիբրիդային լուծումներ է առաջարկում բանկերին

21.05.2020 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Ռազմիկ Խաչատուրյան #Lite-Group
Lite-Group ընկերությունը կազմակերպություններին առաջարկում է ավտոմատացման լուծումներ, որոնք նպաստում են բիզնես գործընթացների զարգացմանն ու կատարելագործմանը`  խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ:

Առաջարկած տեխնոլոգիական լուծումների եւ ընկերության ծրագրերի մասին զրուցել ենք Lite-Group ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Խաչատուրյանի հետ:

- Ձեր ընկերությունը ներկայացնում է երկու պրոդուկտ՝ նախատեսված ապահովագրական ընկերությունների եւ բանկային ոլորտի համար: Որո՞նք են այդ պրոդուկտները:

- Արդեն տեւական ժամանակ է աշխատում ենք, եւ թիմի անդամների մեծ մասը ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ:

Ապահովագրական ընկերություններին առաջարկում ենք LiteInsurance համալիր ավտոմատացված համակարգը, որը ներդրված է ՀՀ գրեթե բոլոր ապահովագրական ընկերություններում, ինչպես նաեւ վրացական դեռեւս երեք ընկերություններում։

Բանկերին առաջարկում ենք LiteBanking համակարգը, որն այս պահին արդեն ներդրված է եւ ակտիվորեն կիրառվում է Հայաստանի երկու բանկերում:

LiteInsurance-ը ապահովագրական գործունեության համալիր ավտոմատացման   համակարգ է (core system), որն ապահովում է ապահովագրական ընկերությունների բիզնես պրոցեսների համալիր ավտոմատացումը, կազմակերպության մրցունակության բարձրացումը, ժամանակի էական նվազեցումը, հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինչպես նաեւ արդյունավետ վաճառքների իրականացումը։

Առավելություններից կնշեմ այն, որ ֆինանսական եւ հաշվապահական հաշվառումը իրականացվում է մեկ համակարգում՝ ավտոմատ:

LiteBanking-ը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ծրագրային լուծում է, որը կիրառվում է թե՛ մոբայլ բենքինգի, թե՛ ինտերնետ բենքինգի ավտոմատացման նպատակով, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական հաճախորդների համար։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս յուրաքանչյուր բանկի համար ցուցաբերել անհատական մոտեցում՝ կախված բանկի պահանջներից ու կարիքներից:

- Ինչպես գիտենք, ԱՊՊԱ պայմանագրերի կնքման համար ստեղծվել է մեկ միասնական համակարգ, արդյո՞ք դա չի ազդել LiteInsurance համակարգի զարգացման վրա:

- Ոչ, քանի որ, ինչպես նշեցիք, այդ համակարգը ստեղծված է հենց ԱՊՊԱ պայմանագրերի կնքման համար, այնինչ LiteInsurance համակարգը նախատեսված է թե՛ ԱՊՊԱ, թե՛ այլ ապահովագրության դասերով կնքված պայմանագրերի հաշվառման եւ սպասարկման համար։

- Ո՞րն է LiteBanking տեխնոլոգիայի յուրահատկությունը եւ ինչո՞վ է այն տարբերվում մրցակից լուծումներից:  

- Նշեմ, որ մենք ներկայացնում ենք օpen source տեխնոլոգիա, այսինքն, հաճախորդ կազմակերպությանը ոչ թե ստատիկ լուծում ենք առաջարկում, այլ հնարավորություն ենք տալիս, որ հետագայում ինքն էլ կարողանա փոփոխություններ կատարել համակարգում: Այսօր ֆինանսական շուկայում բոլորը ցանկանում են յուրահատուկ լուծումներ մշակել, իսկ մեր առաջարկը նպաստում է դրան, քանի որ թույլ է տալիս, որ հաճախորդը հետագայում ծրագրավորման ընկերությունից կախում չունենա:

Սովորաբար, երբ մոբայլ բենքինգի համար որեւէ հավելված պետք է ստեղծվի, անհրաժեշտություն է առաջանում iOS եւ Android տարբերակներ մշակելու համար առանձին թիմեր ունենալ: Իսկ եթե պատվիրատուն ցանկանում է, որպեսզի մոբայլ բենքինգը հասանելի լինի նաեւ web տարբերակով, անհրաժեշտություն է ստեղծվում ծրագրավորողների եւս մեկ թիմ ունենալ:

Փոխարենը մենք մտածեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս վերոնշյալ երեք հարթակների փոխարեն ամբողջ պրոցեսը կազմակերպել մեկ հիբրիդային հարթակում, ինչը նվազեցնում է եւ՛ համակարգի ինքնարժեքը, եւ՛ հետագա սպասարկման վրա ծախսվող ռեսուրսները, եւ՛, ամենակարեւորը, էապես նվազեցնում է հետագայում համակարգում փոփոխություններ ու ավելացումներ կատարելու ժամանակահատվածը:

Սա կարեւոր է, քանի որ բանկերը շատ արագ են զարգանում, դրանք անընդհատ կարիք ունեն նոր գործառույթներ ավելացնել իրենց մոբայլ եւ ինտերնետ բենքինգներում, հետեւաբար ավելի ձեռնտու է փոփոխություններն իրականացնել մեկ տեղում, ինչի արդյունքում խնայվում են ժամանակային, մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ:

Իհարկե, ֆինանսական ընկերություններին ծրագրային լուծում առաջարկող այլ ընկերություններ էլ կան եւ դրանցից մի քանիսի աշխատանքն անձամբ ես շատ բարձր եմ գնահատում: Սակայն հանդիպել ենք նաեւ անառողջ մրցակցության դեպքերի: Օրինակ, եղել է դեպք, երբ մեր open source տեխնոլոգիան այլ բանկի ներկայացվել է որպես իրենց մշակած լուծում: Բայց համոզված եմ, որ նման ռազմավարությունը չի կարող երկար կյանք ունենալ, քանի որ մեր երկիրը փոքր է եւ ոլորտի գրեթե բոլոր մասնագետները միմյանց ճանաչում են:

-Հաճախորդներ ունեք ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում: Ի՞նչ հաջողություններ կան միջազգային շուկայում:

- Ներկա փուլում աշխատում ենք Վրաստանի ապահովագրական շուկայի հետ: Արդեն 3 ընկերության հետ ենք համագործակցում: Կորոնավիրուսի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս պահին չենք կարողանում նոր պայմանագրեր կնքել, սակայն բանակցությունները շարունակվում են պոտենցիալ հաճախորդների հետ:

Առաջիկայում ցանկանում ենք ընդլայնվել նաեւ այլ շուկաներում, սակայն այս պահին շատ փակագծեր բացել չեմ կարող: Եթե մի քանի ամիս առաջ կարելի էր կանխատեսել, թե որոնք են լինելու մեր հաջորդ թիրախային շուկաները, ապա այսօր հնարավոր չէ հստակ ասել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Մինչ համավարակն ունեինք մի քանի տարվա հստակ ռազմավարություն՝ մանրամասն քայլերով, իսկ այսօր ստիպված այդ ռազմավարությունը հարմարեցնում ենք այս նոր իրավիճակին:

- Վերջին երկու ամիսներին բազմաթիվ ընկերություններ անցել են աշխատանքի հեռավար ռեժիմի: Ինչպե՞ս է Ձեր ընկերությունը կազմակերպում աշխատանքի գործընթացը:

- Այս շրջանում ապահովագրական եւ բանկային ոլորտներում լուրջ փոփոխություններ են ընթանում, քանի որ կտրուկ աճել են առցանց գործիքների օգտագործման ծավալները: Այդ պատճառով մեր թիմի աշխատանքը ճգնաժամային այս իրավիճակում կրկնապատկվել է:

Աշխատում ենք տանից, խնդիրներ չկան, ունենք համակարգեր, որոնցով հետեւում ենք պրոցեսի արդյունավետ իրականացմանը: Հաճախորդների հետ հիմնական աշխատանքն ընթանում է ժամային պլանավորմամբ. ընդունում ենք տեխնիկական առաջադրանքներ, գնահատում ենք դրանք, ֆիքսում, թե ինչ քայլեր է պետք անել, իրականացնում ենք այդ քայլերը եւ հաշվետվություն ներկայացնում հաճախորդին: Գործը բնականոն ռեժիմով գնում է առաջ:

- Այսօր ստեղծված իրավիճակում, իհարկե, բարդ է կանխատեսումներ անել, սակայն, այնուամենայնիվ, ապագայում ինչպիսի՞ զարգացումներ եք ակնկալում ֆինանսական շուկայում:  

- Իհարկե, մեծ է ցանկությունը, որ այս ճգնաժամն առավելագույնս շուտ ավարտվի, սակայն նաեւ գիտակցում եմ, որ հնարավոր է երկարի: Շատ ոլորտներ արդեն սկսել են օնլայն ծառայություններ մատուցել՝ շատ ավելի մեծ ծավալով, քան մինչեւ օրս: Ծառայությունների մատուցման տեմպն իսկապես կարագանա, եւ, արդյունքում, ֆինանսական ծառայությունների շուկան գլոբալ փոփոխությունների կենթարկվի: Մարդիկ ստիպված կլինեն օգտվել ֆինանսական առցանց գործիքներից, ինչն, իհարկե, դրական ազդեցություն կթողնի:  

Ռազմիկ Խաչատուրյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Դիտում՝ 8644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW