Ի՞նչ էր տեղի ունեցել նոյեմբերի 23-25-ին երեվանի փոխանակման կետերում

11.03.2008 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Կենտրոնական բանկը որոշ պարզաբանումներ է ներկայացնում

Անցյալ տարվանոյեմբերի 23-25-ը Երեւանի արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքի կտրուկ անկում, որի առնչությամբ մինչ նախագահական ընտրությունները Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ դրա պատճառների վերաբերյալ իրենց ստուգումների արդյունքների մասին կհրապարակվի ընտրություններից հետո: Այդ օրերին տեղի ունեցածի առնչությամբ ԿԲ մամուլի ծառայությունը որոշ տեղեկություններ է հրապարակել, որոնք, սակայն, առաջ անցնելով նշենք, որ սպառիչ չեն եւ հարցեր են առաջացնում: Ինչեւէ:

Նոյեմբերի 23-25-ն ընկած ոչ աշխատանքային օրերին տեղի ունեցածն, ըստ ԿԲ-ի, արդյունք էր շուկայում գործող որոշ բանկերի, փոխանակման կետերի սպեկուլյատիվ բնույթի վարքագծի, ինչպես նաեւ մի քանի գործարար անձանց կողմից արտարժույթի խոշորածավալ կանխիկ գործարքների: Այս առումով առանձնացվում է «Պրոմեթեյ բանկը», որը սահմանել էր դոլարի առքի ամենացածր փոխարժեքը՝ իջեցնելով մինչեւ 280 դրամ: Հիշյալ բանկի մասնաճյուղը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում ցածր փոխարժեքով իրականացնելով արտարժույթի առք, նպաստել է նույն պողոտայի վրա (մոտ 100 մ հեռավորության վրա) գործող «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղում քաղաքացիների հերթերի կուտակմանը, որն էլ իր հերթին զերծ չի մնացել ցածր փոխարժեքով դոլարի առքից եկամուտ հավաքագրելուց՝ սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 291 դրամ փոխարժեք: Նույն փողոցի վրա, մի քիչ ավելի հեռու (մեկ խաչմերուկ) «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը», սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 300 դրամ փոխարժեք, ավելի մեծ հերթեր է կուտակել իր մոտ:

Այս փաստի կապակցությամբ, ԿԲ-ն, ի թիվս այլ անհրաժեշտ միջոցառումների, ստուգումներ է իրականացրել «Պրոմեթեյ բանկում» եւ հայտնաբերել արտարժույթի առք ու վաճառքին վերաբերող ոլորտը կարգավորող ակտերի կատարման խախտումներ: Բանկի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, այդ թվում՝ ժամանակավորապես դադարեցվել է արտարժույթի առք ու վաճառքի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնաճյուղերից մեկի գործունեությունը: Բանկին հանձնարարական է տրվել արտարժութային փոխարկումները որպես բանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը որդեգրելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն իրականացնել, հանգեցնելով բանկի ընդհանուր եկամուտներում արտարժութային փոխարկումներից ստացվող եկամուտների տեսակարար կշռի նվազմանը:

Բացի վերոնշյալից, արձանագրվել են որոշ բանկերի («Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Արարատ բանկ» ԲԲԸ) եւ ֆիզիկական անձ հաճախորդների, որոնք միմյանց հետ փոխկապակցված անձինք էին, միջեւ դոլարով իրականացված մասնատված կանխիկ գործառնություններ: Նշված անձանց մի մասը շուկայում ճանաչված են որպես նախկին փոխանակման կետերի աշխատակիցներ: Նշված անձանց վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը ԿԲ-ն ներկայացրել է իրավապահ մարմիններին:

ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ 2007-ի նոյեմբերի 19-23-ը բանկային համակարգում արձանագրվել են ԱՄՆ դոլարով խոշոր գումարների կանխիկացման դեպքեր` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար գումարի հետագա «ճակատագիրը» ԿԲ տրամադրության տակ առկա տեղեկատվության շրջանակներում հնարավոր չէ բնորոշել:

«Յունիբանկում» եւ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանում» սպասարկվող խոշոր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաեւ նույն բանկերի հաճախորդ ֆիզիկական անձանց կողմից կատարվել են դոլարով կանխիկ մուտքերի եւ ելքերի խոշոր գործառնություններ, որոնք մշտական բնույթ են ունեցել: Դրանք, ըստ ԿԲ կատարած վերլուծության արդյունքների, մեծ հավանականությամբ սպասարկում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ստվերային շրջանառությունը: Այդ նյութերը ներկայացվել են հարկային պետական ծառայությանը:

Դիտարկվող ժամանակահատվածում գործող փոխանակման կետերից դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել են «Արմենիա հյուրանոցային համալիրը», առքի փոխարժեք՝ 274 դրամ, «Կերամիկա» ՍՊԸ՝ 275 դրամ, «ՓԻ ԷՍ ԱՌ» ՍՊԸ («Անի հյուրանոց»)՝ 275 դրամ, «Վալլետա» ՍՊԸ-ն՝ 276 դրամ: Այս եւ մի շարք այլ փոխանակման կետերում ԿԲ համապատասխան վարչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, որոնց համար տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են 50000 դրամից մինչեւ 750000 դրամ տուգանքներ, իսկ 7 փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի արտոնագրերն ուժը կորցրած ճանաչելու ընթացքում են:

Դիտում՝ 5427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW