GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխղեկավար Անդրո Բուտխուզիի հարցազրույցը Banks.am-ին- Մեկ տարուց ավել GEFF ծրագիրը գործում է Հայաստանում: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն GEFF-ի գործունեությանը, կարո՞ղ եք հակիրճ ներկայացնել ծրագիրը եւ դրա նպատակները:- GEFF-ը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրն է (Green Economy Financing Facility, հակիրճ՝ GEFF), որը տրամադրում է ֆինանսավորում, խորհրդատվություն, որոշ դեպքերում նաեւ վարկառուներին պարգեւատրում՝ դարձնելով բիզնեսներն առավել մրցունակ՝ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու եւ էներգաարդյունավետ գործելաոճ որդեգրելու միջոցով: GEFF-ը Հայաստանում կյանքի է կոչվում Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), Կլիմայի ներդրումային ֆոնդերի (CIF), «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ: Ներկայումս ծրագիրն աջակցում է Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման գործընթացում՝ տրամադրելով 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում չորս տեղական ֆինանսական կազմակերպությունների միջոցով, որոնք են՝ Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, ԱԳԲԱ Լիզինգը եւ Ինեկոբանկը: - GEFF ծրագիրը գործում է աշխարհի 26 երկրներում, ներառյալ Հայաստանում: Ո՞րն է մեր երկրի առանձնահատկությունը եւ ինչու՞ է այն ընտրվել որպես GEFF ծրագրի իրականացման երկիր:- Ներկայումս համաշխարհային միտումներն ուղղված են երկարաժամկետ կայուն տնտեսություններ կառուցելուն, ինչը շահավետ է ոչ միայն բիզնեսի սեփականատերերին ու բաժնետերերին, այլ նաեւ բոլոր շահառու կողմերին: Հայաստանի համար կենսական նշանակություն ունի կայունության լավագույն փորձի ներդրումը` երկրի տնտեսական մրցունակությունը բարձրացնելու, արտաքին էներգակիրներից կախվածությունը կրճատելու եւ շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման համար մենք մեծ ներուժ ենք տեսնում․ այնպիսի տնտեսության, որը կապահովի կայուն զարգացում բնապահպանական ռիսկերի եւ ռեսուրսների սակավության պայմաններում՝ չվնասելով շրջակա միջավայրը: Հայաստանի կառավարությունը մեծ հետաքրքրություն ունի կայուն տնտեսության կայացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, ինչի մասին են վկայում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունները: - Ի՞նչ կարող եք ասել՝ կանաչ տնտեսություն ունենալու հարցում հայաստանյան բիզնեսների փորձի մասին: - Անկասկած, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում նկատվում են էներգաարդյունավետ ներդրումների եւ վերականգնվող էներգիայի կիրառման աճող միտումներ: Տեսնում ենք, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ բիզնեսները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում էներգիայի եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:Ցավոք, երկրում դեռեւս գերակշռում է ոչ արդյունավետ, միջին որակի եւ երկրորդական շուկայից գնվող սարքավորումների ու մեքենաների ձեռքբերման պրակտիկան, քանի որ տեղական շատ բիզնեսներ դեռեւս իրազեկված չեն, թե ինչպիսի առավելություններ ունեն կանաչ ներդրումները: Բայց փորձը ցույց է տալիս, որ գործարարներն արագ ընկալում են էներգաարդյունավետ ներդրումների արդյունքում ստացվող ծախսերի կրճատման երկարաժամկետ օգուտները: Նաեւ պետք է հաշվի առնել, որ այդ ներդրումներն ունեն փոխկապակցված այլ առավելություններ, որոնք կարող են լինել բազմաթիվ` կախված գործունեության տեսակից ու կոնկրետ ներդրումից։ Արտադրողներն, օրինակ, կարող են ստանալ այնպիսի առավելություններ, ինչպիսիք են ապրանքի որակի բարելավումը, արտադրողականության եւ արտադրանքի տեսականու աճի հնարավորությունները, ինչպես նաեւ արտադրության հուսալիություն, գործառնական ծախսերի կրճատում, աշխատանքի արդյունավետության ու աշխատանքային պայմանների բարելավում: Ծառայությունների մատուցման ոլորտում լրացուցիչ առավելություններ կարող են հանդիսանալ ծառայությունների մատուցման պայմանների եւ ծառայության որակի բարելավումը, ինչն իր հերթին անպատճառ կբարձրացնի հաճախորդի գոհունակության աստիճանը։ Անկախ գործունեության տեսակից, բիզնեսները մեծ օգուտներ են ստանում` կատարելով կանաչ եւ կայուն ներդրումներ: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այդ ներդրումների հնարավորությունները եւ լրացուցիչ օգուտները տարբեր ոլորտներում կարող են տարբեր լինել: Շատ բիզնես սեփականատերեր դեռեւս կարճաժամկետ նպատակներ են հետապնդում, այդ իսկ պատճառով, կարեւոր ենք համարում նրանց ուշադրությունը հրավիրել կանաչ ներդրումների երկարաժամկետ օգուտների վրա: Այդ նպատակով, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունից բացի, GEFF-ը տրամադրում է նաեւ լրացուցիչ ներդրումային պարգեւատրում այնպիսի ներդրումների համար, ինչպիսիք են արեւային ջրատաքացուցիչների համակարգերը եւ արեւային ֆոտովոլտային կայանները:- Ինչպե՞ս է GEFF ծրագիրը նախատեսում արձագանքել այդ մարտահրավերներին եւ որ՞ն է Ձեր դերը՝ որպես ծրագրի խորհրդատու:- GEFF-ն այդ մարտահրավերներին արձագանքում է` աշխատելով տարբեր թիրախային խմբերի հետ, որոնք են`• Գործընկեր ֆինանսական կազմակերպությունները (ԳՖԿ-ներ), որպես կայուն ներդրումների իրականացման տեղական ֆինանսավորողներ• Տեղական բիզնեսները, որպես կանաչ ներդրումներ իրականացնողներ • Կանաչ մատակարարները, որպես բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների վաճառողներ:ՎԶԵԲ-ը տրամադրում է վարկային գիծ, իսկ GEFF-ի լոկալ խորհրդատուներն աջակցում են տեղական բանկերին եւ ներդրողներին՝ թիրախավորված կանաչ ներդրումներ իրականացնելու հարցում: ԳՖԿ-ներին տրամադրվող մեր ծառայությունները ներառում են կանաչ վարկավորման ռազմավարության, գործառույթների, մինչեւ անգամ ձեւաթղթերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն: Այլ կերպ ասած, այն ամենն ինչ օգնում է ԳՖԿ-ներին համակարգված ձեւով տրամադրել կանաչ վարկեր, ինչպես նաեւ ձեռք բերել փորձ՝ ապագայում եւս կայուն գործառույթներ իրականացնելու համար: Մենք բանկերին աջակցում ենք նաեւ թիրախավորված կանաչ մարքեթինգային գործողություններ իրականացնելու հարցում, օրինակ, տեղական մատակարարների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման, ոլորտային կամ փորձագիտական համագործակցության հաստատման հարցերում:Առավել կարեւոր գործողություններից կարող ենք նշել բանկերի աշխատակիցների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացները, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն երկրի երկարաժամկետ զարգացման հարցում:Ինչպես նշեցի, տեղական բիզնեսների համար օգուտները բազմաթիվ են, քանի որ մենք օգնում ենք նրանց դառնալ ավելի մրցունակ` բացահայտելով եւ ընտրելով առավել խոստումնալից ներդրումների տեսակները: Մեր տեխնիկական փորձագետների թիմը այցելում է հաճախորդի գործունեության վայր` բիզնեսի կարիքներն ուսումնասիրելու եւ անվճար թիրախավորված խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Մենք նաեւ օգնում ենք բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ վաճառող տեղական մատակարարներին իրենց ապրանքատեսակները Տեխնոլոգիաների ցանկում գրանցելիս` վաճառքներն ավելացնելու եւ ավելի մրցունակ լինելու նպատակով: Տեխնոլոգիաների ցանկը՝ դա GEFF ծրագրի կողմից ընդունելի կանաչ սարքավորումների եւ նյութերի առցանց հարթակ է, որտեղ արդեն իսկ գրանցված է շուրջ 160 տեղական մատակարար եւ շուրջ 1,800 միավոր ապրանք: Այս առցանց կատալոգը կանաչ ներդրումներն ավելի հասանելի է դարձնում բիզնեսների համար, քանի որ թույլ է տալիս որոնել, համեմատել եւ ընտրել իրենց բիզնեսին համապատասխանող տեխնոլոգիան: Իսկ բանկերը կարողանում են սեղմ ժամկետներում վարկի տրամադրման մասին որոշում կայացնել` այդ կատալոգից արտահանելով համապատասխան ապրանքների վկայագրերը, որոնք անհրաժեշտ են կանաչ վարկերը տրամադրելու եւ դրանք GEFF ծրագրի ներքո դասակարգելու նպատակով: - Ինչո՞վ է տարբերվում GEFF ծրագիրը այլ կանաչ նախաձեռնություններից/ծրագրերից:- Հայաստանում, բացի GEFF ծրագրից, կան նաեւ այլ կանաչ ֆինանսավորման նախաձեռնություններ։ Նման ծրագրերն այնպես են կազմակերպում իրենց գործունեությունը, որպեսզի բացառեն միմյանց հետ համընկնումը: Օրինակ, GEFF-ը Հայաստանում ծրագիրը միակն է, որը որոշակի ներդրումների համար տրամադրում է պարգեւատրում: Այն նաեւ ունի բազմաթիվ ստանդարտացված եւ նախապես հաստատված տեխնոլոգիաների ցանկ, որոնք ներկայացված են առցանց հարթակում` Տեխնոլոգիաների ցանկում: GEFF ծրագրի մեծագույն առավելություններից է նաեւ ծրագրի տեղական փորձագետներից կազմված թիմը, որոնց աշխատանքներն ուղղված են երեք հիմնական ուղղություններով` բանկային գործ եւ ֆինանսներ, տեխնոլոգիաներ եւ տեխնիկական աջակցություն, մարքեթինգ: Այս մոտեցումն օգնում է մեզ արձագանքել ինչպես բանկերի, այնպես էլ բիզնեսների կարիքներին եւ պահանջներին, ինչպես նաեւ տրամադրել խիստ անհատականացված աջակցություն: Իսկ կոնկրետ ներդրումային նախագծի պահանջներից ելնելով, կարող ենք ներգրավել նաեւ լրացուցիչ միջազգային փորձագետներ:- Որո՞նք են GEFF ծրագրի ընթացիկ արդյունքները, եւ արդյո՞ք դրանք համապատասխանում են Ձեր ակնկալիքներին: - GEFF ծրագրի մեկնարկը հայտարարվել էր 2018 թվականի վերջին: Մինչ օրս մենք հաջողությամբ ֆինանսավորել ենք ավելի քան 160 կանաչ նախագծեր, որոնք իրականացվել են առեւտրային ընկերությունների կողմից եւ հանգեցրել են շրջակա միջավայրի վրա զգալի դրական ազդեցության: Ընդհանուր առմամբ, 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումների արդյունքում, հնարավոր է եղել խնայել տարեկան ավելի քան 68 ԳՎտ էներգիա եւ կրճատել տարեկան 16 հազար տոննա CO2 արտանետում: Այս արդյունքները, էներգիայի խնայողության առումով` չորս անգամ, իսկ CO2 արտանետումների կրճատման առումով` երկու անգամ ավել են մեր կանխատեսումներից:Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել մեր չորս գործընկեր ֆինանսական կազմակերպություններում ինստիտուցիոնալ մակարդակով կանաչ ֆինանսավորման ներդրման ու աշխատակիցների վերապատրաստման շնորհիվ: Մոտ 165 բանկային աշխատակիցների համար անցկացված դասընթացներից ու վեբինարներից բացի, անցկացվել են նաեւ մասնագիտացված աշխատաժողովներ ավելի քան 150 պոտենցիալ հաճախորդների եւ շուրջ 70 մատակարարների համար: Ավելին, ինչպես վերը նշվեց, ներդրում կատարելով բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներում եւ կիրառելով էներգաարդյունավետության բարձրացման փորձը, հայկական բիզնեսները դառնում են առավել մրցունակ: - Արդյո՞ք կարծում եք, որ GEFF ծրագրի նախանշված նպատակները կիրականացվեն եւ Հայաստանում կանաչ ֆինանսավորումը շարունակական բնույթ կկրի:- Միջազգային ծրագրերը, ինչպիսին է GEFF-ը, կարեւոր դեր են խաղում կանաչ ֆինանսավորման մեկնարկի եւ իրականացման համար: Այդուհանդերձ, դրանք միայն դիտարկվում են որպես ֆինանսական մեխանիզմների կայացման մեկնարկային քայլ:ՎԶԵԲ-ը, որպես խոշոր դոնոր, որն ունի ֆինանսական միջամտությունների հարուստ պատմություն, խրախուսում է բիզնեսին կիրառել ժամանակակից կայուն փորձը եւ անցում կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Այդ միջամտություններից է նաեւ Հայաստանի Կառավարության հետ մշտական համագործակցությունը` օրենսդրության տեսանկյունից: Բացի ՎԶԵԲ-ից, կան նաեւ այլ միջազգային կառույցներ, որոնք աշխատում են Հայաստանում տնտեսական միջավայրի եւ օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ:Ֆինանսների տրամադրման եւ թիրախավորված տեխնիկական աջակցության միջոցով, GEFF ծրագիրը մասնավորապես նպաստում է հայկական ֆինանսական կազմակերպությունների եւ տեղական բիզնեսների գործունեության կայացմանը: Վերը նկարագրված դրական փոփոխությունները փաստում են, որ Հայաստանում կայուն կանաչ ֆինանսավորման զարգացման գործընթացը ճիշտ ուղու վրա է եւ իրավիճակային կանխատեսումները միայն դրական են:- Ինչպե՞ս է կորոնավիրուսի համաճարակը ազդում GEFF ծրագրի գործունեության վրա: - Կորոնավիրուսի համաճարակը աննախադեպ մարտահրավեր է Հայաստանի համար, որի տնտեսությունն ու ֆինանսական շուկան ներկայումս գտնվում են դրա ֆինանսական ազդեցության ներքո: Չնայած այդ հանգամանքին, գրեթե բոլոր բանկային ծառայությունները գործում են, նույնիսկ որոշ տեսակի բիզնեսների եւ տնտեսական ոլորտների համար իրականացվում է վարկավորում: Ֆինանսական կազմակերպություններն արդեն սկսել են հարմարվել աշխատանքային նոր պայմաններին եւ կիրառում են տեխնոլոգիաներ՝ իրենց գործառույթները եւ հաճախորդների հետ շփվումները անխափան պահելու համար: Այս ճգնաժամն, անշուշտ, կարագացնի ֆինանսական ոլորտի անցումը դեպի թվայնացում:Չնայած ճգնաժամի պայմաններում բանկերն ունեն փոքր-ինչ այլ առաջնահերթություններ, քան կանաչ ֆինանսավորումն է, այնուամենայնիվ GEFF ծրագրի մասնակից ԳՖԿ-ները շարունակում են իրենց կանաչ վարկավորման գործառույթները: Բացի այդ, երկրում հայտարարված արգելափակման ընթացքում, GEFF-ի թիմը շարունակել է իր աշխատանքները հեռավար վեբինարների անցկացման եւ վարկային հայտերի դիտարկման միջոցով: Ընդհանուր առմամբ, մեր գործունեության հիմնական մասը մեծ ազդեցության չի ենթարկվել, քանի որ GEFF-ի թիմին հաջողվել է իր ծրագրային գործառույթներն իրականացնել առցանց անհատական հանդիպումների միջոցով: Իհարկե, իրավիճակը կարող է փոխվել՝ կորոնավիրուսի տարածման հետագա զարգացումներից ելնելով: Ուստի, մենք ուշադիր հետեւում ենք շուկայի զարգացումներին եւ սերտ կապի մեջ ենք բոլոր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաեւ շուկայի այլ դերակատարների հետ, ինչպիսիք են մատակարարները, պոտենցիալ ներդրողները եւ ասոցիացիաները:- GEFF ծրագիրը ՎԶԵԲ-ի անբաժանելի մասն է: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել COVID ‐ 19 համաճարակի դեմ ուղղված ՎԶԵԲ-ի արձագանքման միջոցառումների մասին:- ՎԶԵԲ-ն իր գործունեության 38 զարգացող երկրների համար ընդլայնել է ֆինանսավորման ծավալները՝ ճգնաժամի հասցրած վնասների դիմակայմանն աջակցելու նպատակով: Որպես ճգնաժամի նախնական արձագանքման միջոցառում, Բանկը հայտարարել է իր «Սոլիդարության փաթեթ»-ի մասին, որի առանցքային լուծումը «Ճգնաժամին դիմակայելու ծրագիրն» է․ այս ծրագրով ֆինանսավորում է տրամադրվում գործող հաճախորդների կարճաժամկետ իրացվելիության եւ շրջանառու միջոցների կարիքների բավարարման նպատակով:Այժմ ՎԶԵԲ-ը պատրաստ է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել 2020-2021թթ․ ժամանակահատվածում: Աջակցության տրամադրման գործընթացում, Բանկը շարունակելու է իր սերտ համագործակցությունն այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, ներառյալ տեղական մակարդակում` ըստ անհրաժեշտության տնտեսություններին եւ հաճախորդներին արդյունավետ եւ համակարգված արձագանք ապահովելու նպատակով: Ավելացված աջակցության հետ մեկտեղ, ՎԶԵԲ-ը սովորականից ավելի մեծ ուշադրություն է դարձնելու օրենսդրական բարեփոխումներին ուղղված աջակցությանը` համաճարակի կարճաժամկետ ու երկարաժամկետ հետեւանքներին արձագանքելու նպատակով: Tweet Դիտում՝ 17290