Սամվել Գեւորգյան. Բիզնեսի աճը սկսվում է հիմքից

09.04.2020 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Սամվել Գեւորգյան #BSC
Ինչպիսի՞ն կլինի 2020-ը հայկական բիզնեսի համար, ի՞նչ մարտահրավերների է առերեսվելու բիզնեսը եւ ի՞նչ հնարավորություններ են ի հայտ գալու նրա համար, ի՞նչ նորություններ են լինելու Սամվել Գեւորգյանի կողմից՝ ուղղված բիզնեսներ հիմնադրած եւ կառավարող անձանց:

Այս ամենի մասին Գայանե Ավդալյանը զրուցել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ, բիզնեսի կառավարման փորձագետ-խորհրդատու Սամվել Գեւորգյանի հետ:

Հարցազրույցը բացառիկ սկզբունքով հրապարակվում է Banks.am-ում:

- 2020-ի հենց մեկնարկից սկսեցիք ակտիվ գործունեություն ծավալել, հատկապես Ձեր սոցիալական ցանցերի էջերի միջոցով՝ կոչ անելով աշխատել, գործել, ձգտել միշտ առաջ։ Թիրախում հիմնականում ձեռնարկատերերն են: Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված։

- Ի սկզբանե նշեմ, որ ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության 5%-ն է, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հայաստանում էլ է այդպես, եթե հիմք ընդունենք գրանցված կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների թիվը: Սակայն, հիմա միտումները փոխվել են դեպի այս թվի մեծացման, քանի որ սեփական բիզնես ունենալու հնարավորությունները մեծացել են: Տեխնոլոգիական զարգացումը նորանոր հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում նորամուծությունների եւ կիրառության առումով:

Մյուս կողմից էլ՝ ձեռնարկությունների հիմնադիրները մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա՝ սեփական բիզնես սկսելու որոշմամբ. պատասխանատվություն իրենց ներկայի ու ապագայի, ընտանիքների, աշխատակիցների, ներդրողների նկատմամբ: Այս պատասխանատվության հոգեբանական եւ ֆիզիկական ծանրությունն այնքան մեծ է, որ նրանք պետք է պատրաստ լինեն այն բաշխել բոլորի միջեւ: Իսկ դա բավական մարտահրավերներ է պարունակում:

- Հատկապես ի՞նչ մարտահրավերների մասին է խոսքը:

- Առաջին հերթին, որոշում կայացնելը, որ բիզնեսի սեփականատերը պետք է այլեւս զբաղվի միայն ռազմավարական հարցերով՝ իրեն ազատելով օպերացիոն, առօրյա հոգսերից, որոնք խժռում են ժամանակի եւ էներգիայի մեծ մասը:

Երկրորդ՝ կառուցվի համակարգ, որտեղ բոլորն ունեն իրենց դերն ու պատասխանատվության աստիճանը՝ ստացված արդյունքի առումով:

Երրորդ, պետք է ստեղծվեն վերահսկման այնպիսի մեխանիզմներ, որ առաջացած խնդիրները արագ հայտնաբերվեն, լուծվեն եւ շարունակեն զարգացումը:

Այսպիսի որոշումներ կայացնելը եւ կյանքի կոչելը մեծ ջանքեր եւ կամք է պահանջում:


- Այդպիսի որոշումները դառնում են ակտուալ, քանի որ տարին բիզնեսի համար նոր միջավայր է բերում, երբ հին մեթոդներով աշխատելը ռիսկային է, իսկ նորարարությունները բավականին դժվարությամբ են ընդունվում: Բնականաբար, փոխվում են նաեւ բիզնեսի կարիքները: Ինչպե՞ս պատրաստվել խոչընդոտների հետ առերեսմանը եւ հաղթահարել նոր մարտահրավերները։ Բիզնեսի կարիքների բավարարման ինչպիսի՞ գործիքներ կիրառելի կլինեն այս տարում։ Ի վերջո, ո՞րն է բիզնես աճի սահմանումը՝ վաճառքի աճ, ձեռնարկության ընդլայնում, ապրանքատեսակների կամ ծառայությունների վաճառքների կրկնապատկում:

- Գանք վերջից: Ինչ որ դուք թվարկում եք, արդյունքներն են, հետեւանքները: Պետք է հիմքերից սկսել:

Բիզնես աճը հավակնոտ ռազմավարության առկայությունն է, հզոր աշխատակազմը, որ պետք է իրականացի ռազմավարական ծրագիրը, եւ արդյունավետ բիզնես պրոցեսների առկայությունը, որն ուղղակիորեն փոխկապակցված է ռազմավարության հետ եւ որով ուղղորդվում են աշխատակիցները: Որպես արդյունք՝ կունենանք բիզնեսի ընդլայնում, նոր շուկաներ եւ, իհարկե, շահույթի աճ:

Այստեղից էլ բխում են բիզնեսի կարիքները. ունենալ պատրաստված, կրթված, մոտիվացված եւ նպատակասլաց աշխատակիցներ, ճիշտ գնահատել արտաքին միջավայրի ռիսկերն ու հնարավորությունները, ունենալ ապագայի տեսլական, սահմանել ընկերության առաքելությունը: Սա այլեւս կարիք է, որը պետք է բավարարվի: Այլապես բիզնեսը արագ կկորցնի մրցունակությունն ու դուրս կմղվի շուկայից:

Մասլոուի դասական բուրգը՝ անհատների կարիքների վերաբերյալ, ուղղակիորեն կարելի է կիրառել նաեւ բիզնեսների վրա: Բուրգի ներքեւում գտնվող բիզնեսը զուտ պահպանում է իր գոյությունը, իսկ ավելի վերեւում գտնվողները՝ զարգանում: Որքան վերեւ ենք բարձրանում, այնքան աճում են բիզնեսի նորարարության եւ ստեղծագործականության հնարավորությունները: Ժամանակակից բիզնես աշխարհում դա արդեն ոչ թե առավելություն է, այլ անհրաժեշտություն:

Սակայն, կա մեկ շատ կարեւոր հանգամանք: Այս ամենով անցնելու համար առաջինը պետք է բիզնեսի սեփականատերն ու բարձր ղեկավարությունը պատրաստ լինեն: Բուրգի աստիճաններով քայլ առ քայլ բարձրանալու, ամեն մի մակարդակին պատրաստ լինելու նպատակով է, որ ես, շատ ձեռնարկատերերի հետ աշխատելով որպես բիզնես քոուչ, բացահայտել եմ այն ահռելի ներուժը, որ ունեն նրանք եւ այդ էներգիան ուղղորդել ենք բիզնեսի հետագա զարգացմանը:

- 2020-ի մեկնարկին մեծ պատասխանատվությամբ եք պատրաստվել։ Սրա մասին վկայում է այն նորությունը, որի փակագծերը բացելու ենք հիմա։ Խոսքը սեփական կայք թողարկելու մասին է: Ինչո՞ւ առաջացավ նման տիրույթ ունենալու կարիքը։

- Այս տարի նորությունները սովորականից շատ են լինելու: Պատճառն այն է, որ փոփոխություններն ավելի արագ են տեղի ունենում: Մի կողմից՝ արագորեն փոփոխվում են մարդկանց ճաշակները, նախընտրությունները, օգտագործվող հարթակները, ընտրության հնարավորությունները: Մյուս կողմից էլ՝ անհատական մոտեցման պահանջ կա: Ըստ այդմ, այս տարի ունենալու եմ մի քանի հարթակ, որոնք հնարավորություն կստեղծեն հաճախորդների համար ընտրել այն տարբերակը, որն ավելի հոգեհարազատ է իրենց ոճին ու իրենց մոտեցմանը:

Առաջին նորությունը սեփական կայքն է՝ samvelgevorgyan.com, որտեղ ներկայացված կլինեն բիզնեսի կառավարման՝ իմ կողմից առաջարկվող խորհրդատվական լուծումները, դասընթացները, բիզնեսի վերաբերյալ գրքերը:

Վեբկայքում կունենանք նաեւ բլոգ, որտեղ կլինեն պատմություններ, վերլուծություններ, բիզնեսի վարման ժամանակակից գործիքներ։ Ավելին, կայքն ունենալու է տեսադարան՝ իմ գործունեության արխիվացված կադրերով, ինչպես նաեւ ուսուցողական եւ մոտիվացիոն անընդհատ թարմացվող տեսանյութերով:


- Ո՞ւմ համար է նախատեսված կայքը եւ ի՞նչ խնդիրներ է այն լուծելու։ Նաեւ, բիզնեսի տեսանկյունից Ձեզ համար կարեւո՞ր պայման է ճանաչել Ձեր կայքի լսարանը եւ ուղիղ կապի մեջ մտնել նրանց հետ։

- Այո՛, իհարկե: Բիզնեսի սեփականատերերը, ձեռնարկությունների բարձր ղեկավարությունները եւ կարեւորագույն օղակների մենեջերներն այն հիմնական թիրախն են, որոնց հետ միշտ աշխատել եմ, այս կայքում տրամադրելու եմ հատուկ նրանց համար նախատեսված բովանդակություն:

Քանի որ ձեռնարկությունների զարգացմամբ եւ աճով շահագրգռված են առաջին հերթին հենց բիզնեսի հիմնադիրները, նրանց համար են նախատեսված կայքում ռազմավարական, բիզնեսի խնդիրների ախտորոշման եւ պլանավորման, վաճառքների համակարգի ներդրման եւ հետագա աճի եւ այլ օգտակար գործիքներ, որոնք կօգնեն բիզնեսը բարձրացնել մի քանի մակարդակ բարձր դիրքերի:

Երկրորդ՝ բիզնեսի զարգացումն ու աճը հնարավոր է միայն որակյալ, նվիրված, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմի միջոցով: Ես առաջարկելու եմ անձնակազմի բազմակողմանի առաջընթացի այնպիսի գործիքակազմ, որոնց միջոցով բիզնեսի սեփականատերերն ու տնօրեններն ավելի բարձր արդյունավետություն կարողանան ակնկալել աշխատակիցներից: Ավելին, ես ունեմ լուծումներ, թե աշխատավարձի եւ պարգեւավճարների ինչպիսի համակարգեր ներդրվեն՝ կախված ընկերության ոլորտից եւ չափից, որպեսզի կտրուկ նվազի աշխատակիցների արտահոսքը, ավելանան նրանց մասնագիտական կարողությունները եւ ամբողջը ներդրվի ընկերության երկարատեւ զարգացման գործում:

Երրորդ՝ մասնավոր հատվածի համար օգտակար խորհուրդներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում բիզնես սկսելու, հնարավորությունների եւ ռիսկերի, բիզնեսների շահութաբերության մասին: Ավելին, վերջին 25 տարվա ընթացքում, լինելով Հայաստանի բոլոր մարզերի 915 համայնքներում, բիզնես գաղափարների վերաբերյալ բավականին մեծ ծավալների տվյալներ եմ հավաքագրել այս կամ այն մարզում եւ համայնքում շահութաբեր գործ սկսելու առումով: Միայն «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հոդվածաշարում, որը թողարկել եմ MediamaxBanks.am կայքում, կան տասնյակ հետաքրքիր առաջարկներ:


Կայքում նախատեսված է նաեւ լսարանի հետ ուղիղ կապի գործիք՝ ընդհուպ հանդիպման օրվա եւ ժամի գրանցում: Ձեռներեցները գնահատում են իրենց ժամանակը եւ զանգահարելուց, էլեկտրոնային նամակ գրելուց զատ, ժամանակ խնայող ավելի արդյունավետ գործիքներ կան:

- Խոսում եք նոր հնարավորությունների մասին ։ Ձեր կանխատեսմամբ՝ ինչպիսի՞ տարի է լինելու 2020 -ը։

- Գաղտնիք չէ, որ մենք ապրում եմ բավականին հետաքրքիր, անընդհատ փոփոխվող, մեծ մարտահրավերներ պարունակող ժամանակաշրջանում: Հայկական բիզնեսը նոր շունչ է ստանում: Նոր գաղափարների գեներացման արագացող ընթացքը, նոր բիզնեսների ի հայտ գալը, ուսուցողական եւ խորհրդատվական նոր մոտեցումները մրցակցային լայն հնարավորություններ են տալիս արագ կողմնորոշվելու եւ լուծումներ գտնելու համար:


Ընդհանուր առմամբ, 2020-ը լինելու է փոփոխությունների տարի: Փոփոխվելու են հայկական բիզնեսի մոտեցումները եւ, կարելի է ասել նաեւ գաղափարախոսությունը մի շանի ուղղություններով եւ մակարդակներում՝ առաջին հերթին բիզնեսի կառավարման նկատմամբ: Ավելի ու ավելի է մեծանալու մարքեթինգի դերը, ոչ միայն պլանավորման, այլեւ իրավիճակային, արագ լուծումներ գտնելու տեսանկյունից: Կլինեն ավելի հաջողված այլ բիզնեսներ, որոնք կներգրավեն իրենց աշխատակիցներին բիզնեսի կառավարման, նոր գաղափարների գեներացման եւ իրագործման մակարդակներում: Սեփականատերերը կսկսեն զբաղվել ավելի քիչ օպերացիոն եւ ավելի շատ ռազմավարական գործընթացներով:

Երկրորդ ուղղությունը, որը կենթարկվի լուրջ փոփոխությունների, ներդրումներ ներգրավելու, ներդրողների հետ աշխատանքի փիլիսոփայությունն է: Ցանկությունների մակարդակից անցում կկատարվի ավելի պրագմատիկ մոտեցումների՝ հստակ հասկանալով ներդրողի ակնկալիքները, ներդրողի հետ աշխատանքի նրբությունները եւ սպասվելիք արդյունքները:

Երրորդ ուղղությունը, որտեղ ես դրական փոփոխություններ եմ կանխատեսում, արտահանման նկատմամբ մոտեցումներն են, երբ այն ոչ թե կլինի մեկանգամյա գործողություն, այլ հիմնավոր, պլանավորված, հստակ գործիքակազմով կառավարման համակարգ:

Կշահեն այն ընկերությունները, որոնք կարողանան արագ արձագանքել այս փոփոխություններին:

Այսպիսով, այս տարի մեծ ակնկալիքներ կան հայկական բիզնեսից ներդրումների ներգրավման, արտահանման ծավալների մեծացման եւ որպես հետեւանք՝ նորանոր հայկական բիզնեսների՝ համաշխարհային բիզնես համայնքի առաջատարների ցանկում հայտնվելու առումով:
Դիտում՝ 10673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW