Քենեթ Ռոգոֆ․ ինչպիսի՞ն կլինի Covid-19-ի առաջացրած ռեցեսիան

08.04.2020 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Քենեթ Ռոգոֆ #Covid-19
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ԱՄՀ նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածից, որը գրվել է Project Syndicate-ի համար:

Ամեն նոր օր 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ավելի ու ավելի է նմանվում ներկայիս տնտեսական աղետի նախնական փորձին։ Ըստ երեւույթին՝ գլոբալ ՀՆԱ-ի մեկնարկած արագ փլուզումը արդեն կարող է մրցակցել կամ նույնիսկ գերազանցել ցանկացած ռեցեսիաներ, որոնք տեղի էին ունենում վերջին 150 տարիների ընթացքում:

Չնայած հարվածները մեղմացնելու նպատակով կենտրոնական բանկերի եւ հարկաբյուջետային մարմինների հսկայական ջանքերին, զարգացած երկրներում ֆինանսական ակտիվների շուկաները փլուզվեցին, եւ կապիտալը հսկայական արագությամբ փախչում է զարգացող երկրներից: Խորը տնտեսական անկումը եւ ֆինանսական ճգնաժամն անխուսափելի են: Այժմ հիմնական հարցը հետեւյալն է. որքա՞ն ուժեղ կլինի այս ռեցեսիան եւ որքա՞ն այն կտեւի:

Քանի դեռ մենք չգիտենք, թե որքան արագ եւ համոզիչ կերպով կլուծվի համաճարակի խնդիրը, տնտեսագետները դժվար թե կարողանան կանխատեսել այս ճգնաժամի խաղավարտը: Կորոնավիրուսի շուրջ գիտական անորոշության մակարդակը շատ բարձր է, ինչպես նաեւ բարձր է սոցիալ-տնտեսական անորոշությունը մարդկանց եւ իշխանությունների պահվածքի վերաբերյալ՝ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին։

Աշխարհը բախվել է այլմոլորակայինների ներխուժման նման մի բանի: Մենք գիտենք, որ մարդկային վճռականությունն ու ստեղծարարությունը կհաղթեն: Բայց ի՞նչ գնով: Այս հոդվածը գրելու պահին շուկաները զգուշավոր հույս էին ցուցաբերում, որ տնտեսական վերականգնումը արագ կլինի. հնարավոր է, այն կսկսվի այս տարվա չորրորդ եռամսյակում:

Բայց որքանո՞վ են արդարացված նման տեսակետները: Զբաղվածությունը Չինաստանում մասամբ վերականգնվել է, բայց բացարձակապես անհայտ է, թե երբ կմոտենա այն մակարդակին, որը կար Covid-19-ի համաճարակից առաջ: Եվ եթե նույնիսկ չինական արդյունաբերությունն ամբողջությամբ վերականգնվի, ապա ո՞վ է գնելու իրենց արտադրած բոլոր ապրանքներն այնպիսի իրավիճակում, երբ մնացած համաշխարհային տնտեսությունը խորտակվում է: ԱՄՆ-ում տնտեսական ներուժի 70% կամ 80%-ի մակարդակին վերադարձը հեռավոր երազ է թվում:

Ամերիկան ամբողջովին տապալել է համաճարակի զսպման աշխատանքները՝ ունենալով ամենաառաջատար առողջապահական համակարգը աշխարհում, եւ, հետեւաբար, ամերիկացիների համար շատ դժվար կլինի վերադառնալ տնտեսական կանոնավորությանը՝ նախքան լայնորեն հասանելի պատվաստանյութի հայտնվելը։ Իսկ դա կարող է տեղի ունենալ մեկ տարի անց կամ նույնիսկ ավելի ուշ:

Մինչ այժմ շուկաները գոհ են ամերիկյան լայնածավալ խթանման ծրագրերից, որոնք անհրաժեշտ էին շարքային աշխատողներին պաշտպանելու եւ շուկայի փլուզումը կանխելու համար: Բայց պարզ է, որ դեռ շատ անելիքներ կան։

Եթե սա շարքային ֆինանսական խուճապ լիներ, ապա պահանջարկի պետական խթանման լայնածավալ միջոցները բավարար կլինեին խնդիրների մեծ մասը լուծելու համար: Բայց աշխարհը ամենալուրջ համաճարակի մեջ է՝ 1918-1920 թվականներին իսպանական գրիպի բռնկումից ի վեր:

Քանի դեռ պանդեմիկ ճգնաժամն ավարտված չէ, տնտեսական իրավիճակը չափազանց մռայլ պատկեր կունենա: Եվ նույնիսկ տնտեսությունը վերագործարկելուց հետո բիզնեսին եւ պարտքի շուկաներին հասցված վնասը ունենալու է հարատեւ հետեւանքներ, հատկապես եթե հիշենք, որ պարտքային պարտավորությունների գլոբալ ծավալը հասել է պատմականորեն ռեկորդային մակարդակի:

Այո, կառավարությունները եւ կենտրոնական բանկերը անմիջապես շտապեցին աջակցել ֆինանսական ոլորտի շատ հատվածներին, եւ նրանք ունեն բավարար ուժ՝ անհրաժեշտության դեպքում շատ ավելին անելու համար: Բայց խնդիրն այն է, որ մենք բախվել ենք ցնցումների հետ ոչ միայն պահանջարկի, այլեւ առաջարկի առումով: Պահանջարկի օժանդակող միջոցները կարող են աջակցել վարակվածների թվի աճող կորագծի հարթեցմանն՝ օգնելով մարդկանց մնալ տանը։ Բայց սահմաններ կան տնտեսական տեսանկյունից, երբ, ասենք, աշխատուժի 20-30%-ը առաջիկա երկու տարիների զգալի մասի ընթացքում կլինի ինքնամեկուսացման մեջ:

Դեռ չեմ շոշափել այն խորքային քաղաքական անորոշության թեման, որը կարող է հրահրել գլոբալ ռեցեսիան: 2008-ի ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց քաղաքական խորքային կաթվածի եւ պոպուլիստական առաջնորդների մեծ «բերքի»: Մենք կարող ենք ակնկալել, որ Covid-19-ի ճգնաժամը կհանգեցնի նույնիսկ ավելի ծայրահեղ քաղաքական ձախողման: ԱՄՆ-ի առողջապահական համակարգի արձագանքը համաճարակին աղետալի էր, ինչը պայմանավորված էր անգործության ու անփութության համադրությամբ իշխանության տարբեր մակարդակներում՝ ներառյալ ամենաբարձրը:

Իհարկե, կարող ենք  պատկերացնել ավելի լավատեսական սցենարներ: Զանգվածային թեստավորում անցկացնելուց հետո մենք կկարողանայինք որոշել, թե ով է հիվանդ, ով՝ առողջ եւ ով արդեն ձեռք է բերել իմունիտետ, ու հետեւաբար՝ կարող է վերադառնալ աշխատանքի: Նման գիտելիքն անգին կլիներ: Բայց տարբեր մակարդակներում ոչ պատշաճ կառավարման եւ սխալ առաջնահերթությունների պատճառով, որոնք առաջ էին բերվում երկար տարիների ընթացքում, ԱՄՆ-ն այժմ անզոր է այդպիսի թեստավորումներ իրականացնելու համար:

Նույնիսկ առանց պատվաստանյութի տնտեսությունը կարող էր համեմատաբար արագ վերադառնալ կանոնավորությանը, եթե մոտ ապագայում արդյունավետ բուժում գտնվի: Բայց առանց զանգվածային թեստավորման եւ հստակ հասկանալու, թե կոնկրետ ինչն է համարվելու «նորմա» մի քանի տարի անց, դժվար կլինի համոզել բիզնեսին՝ սկսել ներդրումներ կատարել եւ աշխատակիցներ վարձել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ակնկալվում է հարկերի բարձրացում, երբ այս ամենն ավարտվի:

Copyright: Project Syndicate, 2020.
www.project-syndicate.org
Դիտում՝ 13763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai