Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար Կառավարությունը մարտի 26-ի նիստում հաստատել է տնտեսվարողներին աջակցելու միջոցառումների շարք, որի վերաբերյալ Ռեստորանների հայկական միությունը հայտնել է իր բացասական դիրքորոշումը: Հանրային սննդի ոլորտի ճգնաժամի եւ դրա հնարավոր բացասական հետեւանքների մասին Banks.am-ը զրուցել է միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանի հետ։- Մարտի 24-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվել է ռեստորանների եւ սրճարանների գործունեությունը, բայց փաստացի, դրանցից շատերն ավելի վաղ էին դադարել գործել։ Ստեղծված պայմաններում ի՞նչ կանխատեսում կարող եք անել առաջիկա ամիսների համար եւ արդյոք սպասվու՞մ են զանգվածային կրճատումներ:- Ավելորդ է ասել, որ ռեստորանային բիզնեսը ահռելի վնասներ արդեն կրել է, ու եթե պետական աջակցությունն ուշանա, վստահաբար ոլորտում կլինեն գործարարներ, որոնք ընդհանրապես կդադարեցնեն գործունեությունը՝ լրացուցիչ սոցիալական բեռ իրենց վրա չվերցնելու համար: Ընդ որում՝ առաջինը կտուժեն փոքր ու միջին ընկերությունները. նրանք հիմա պայքարում են «շնչահեղձ չլինելու համար»: Կարծում եմ՝ պետությունն այս ռիսկերը պետք է հաշվի առնի ու վերանայի որոշումը: Գործունեությունը դադարեցրած բիզնեսը հետո դժվար է լինելու վերականգնել, էլ ավելի դժվար է լինելու հոգալ գործազուրկ դարձած մեր համաքաղաքացիների սոցիալական խնդիրները: Բիզնես սկսելը տարիների ջանք ու պատմություն է, իսկ քանդելը՝ օրերի հարց:Հանրային սննդի ոլորտի կայացումը տասնամյակից ավել է տեւել։ Սա այն ոլորտն է, որն այսօր տասնյակ հազարավոր միջին եւ բարձր վարձատրվող աշխատատեղեր է ապահովում երկրում, ընդ որում՝ այն հիմնական զբաղվածություն է ապահովում նաեւ սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչների համար (մասնագիտական կրթություն չպահանջող հաստիքներում՝ մաքրուհի, սպասք լվացող, բանվոր եւ այլն): Բացի այդ, ռեստորանային բիզնեսն ու հյուրընկալության ոլորտն առհասարակ կարեւոր դեր են խաղում տարածաշրջանային եւ համայնքային տնտեսության զարգացման մեջ: Մարզերի՝ հատկապես տուրիստական հետաքրքրություն ներկայացնող քաղաքների կոլորիտային ռեստորանները միջազգային ու տեղացի այցելուների են ձգում դեպի իրենց, քանի որ առաջարկում են տեղական յուրահատուկ սնունդ, հայկական խոհանոց ու ջերմ վերաբերմունք: Նման հաստատություններն իրենց հերթին աշխատատեղեր են ստեղծում տեղի բնակիչների համար: Ուստի այն ռիսկը, որ որոշ ռեստորատորներ ընդհանրապես կդադարեցնեն իրենց գործունեությունը մարզերում, կբերի գործազրկության ցուցանիշի աճի հատկապես մարզերում: - Ոլորտը ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ քննարկե՞լ եք կառավարության ներկայացուցիչների հետ։- Եղել են հանդիպումներ պետական պատկան մարմինների եւ կառավարության ներկայացուցիչների հետ՝ մեր կողմից լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու համար: Ակնկալում էինք մեր ձայնը լսելի դարձնել, քանի որ նման իրադարձությունների ժամանակ համբերությունը եւ լավատեսությունը, ցավոք, չեն կարող լուծել խնդիրները: Բայց Կառավարության կողմից հրապարակված «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ներկայումս ճգնաժամի մեջ գտնվող հանրային սննդի եւ սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ հետեւյալ պատճառներով. Փակված եւ չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը եւ ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել: Կառավարությունն առաջարկում է վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված եւ շահույթ չունեցող բիզնեսը հետագայում եւս կատարելու իր պարտավորությունները: 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչեւ 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա:- Տեսնու՞մ եք արդյոք միտում, որ կառավարության կողմից առաջարկվող փաթեթներն առավելապես սպասարկում են բանկերի շահերը։ - Նման մտահոգություն, իհարկե, կա, քանի որ մեր օրերում բանկերը որպես ֆինանսական համակարգի ամենախոշոր կազմակերպություններ կոչված են կարեւոր դերակատարություն ստանձնելու ազգային տնտեսության զարգացման գործում, ուստի պետությունը մշտապես սերտ համագործակցում է այդ կառույցների հետ: Բայց անհերքելի է, որ հյուրընկալության ոլորտն էլ իր հերթին դարձել է Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնող բիզնես բնագավառ: Բացի այդ, հանրային սննդի ոլորտն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն մի շարք հարակից ոլորտների վրա՝ գինեգործություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ուստի ռեստորատորների ճգնաժամն այս ոլորտները եւս չի կարող շրջանցել:- Ի՞նչ է առաջարկում Ռեստորանների հայկական միությունը ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ - Ոլորտը եւ հարակից սպասարկման ծառայությունները ստեղծված ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար որպես հնարավոր լուծումներ մենք առաջարկում ենք. 1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա եւ երկրորդ եռամսյակի շրջհարկի եւ եկամտահարկի վճարումը։2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի եւ երկրորդ եռամսյակի ընթացքում։3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը (աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարումը. աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):Եվս մեկ անգամ կոչ ենք անում Կառավարությանը դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովելու ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը։ Tweet Դիտում՝ 9967