2020թ. հունվարին գործարկվել է Relevant ընկերությունը, որը զբաղվում է բարձր եւ միջին օղակի ղեկավարների որոնմամբ ու խորհրդատվության տրամադրմամբ, օգնում գտնել համապատասխան մասնագետների: Ընկերության հիմնադիր Սեւադա Բաղդյանը Banks.am-ին պատմել է Relevant-ի ծառայությունների եւ այն առավելությունների մասին, որ կարող են ստանալ պատվիրատուները: - Պրն Բաղդյան, Դուք հայկական շուկայում առանձնացող բիզնեսներից մեկի՝ Menu.am-ի համահիմնադիրն եք, վերջերս էլ ազդարարեցիք նոր ընկերության՝ Relevant-ի ստեղծման մասին: Հիմնվելով Ձեր փորձի վրա՝ ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան գործարար մթնոլորտը բիզնեսի հիմնադրման ու առաջխաղացման տեսանկյունից: - Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար գործարար մթնոլորտը կգնահատեմ բավական բարձր։ Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատ գործարար ընկերներիս, որոնց հետ պարբերաբար քննարկում ենք մեր երկրում առկա բիզնես հնարավորությունները։ Իսկ ահա առաջխաղացման տեսանկյունից ունենք մի փոքր խնդիր՝ շուկայի փոքր լինելը, սակայն գործարարները չպետք է սահմանափակվեն տեղական շուկայով, պետական սահմանները բիզնեսի համար սահմաններ չպետք է լինեն։ Պետք է դուրս գալ միջազգային ասպարեզ։ 2012 թվականին, երբ հիմնադրեցինք Menu.am-ը, հստակ գիտեինք՝ հայկական շուկայով չենք սահմանափակվելու, ու 7 տարի հետո ընկերությունն արդեն շուկայի առաջատարն է Վրաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում, իսկ ընդհանուր պատվերների քանակով առաջին տեղում է նախկին ԱՊՀ երկրների շարքում, եթե չենք հաշվում ռուսաստանյան շուկան։Նույնը կարող եմ ասել Relevant-ի մասին։ Վստահ եմ՝ կարճ ժամանակում ընկերության համար հայկական շուկան դառնալու է փոքր եւ կարիք է լինելու գործունեություն ծավալելու նաեւ այլ երկրներում։- Կխնդրեմ ընթերցողի համար պարզ ներկայացնել՝ ինչպե՞ս է աշխատում բարձր օղակի ղեկավարների որոնման եւ խորհրդատվական Relevant ընկերությունը, ինչպե՞ս է տեղի ունենում headhunting-ը՝ «ուղեղների որսը»:- Relevant ընկերությունն օգնում է գործատուներին գտնել բարձր եւ միջին օղակի ղեկավարներ, որոնք ունակ են զարգացնելու գործատուի բիզնեսը եւ հասցնելու նոր բարձունքների։ Ամբողջ աշխարհում այս ծառայությունը բավական զարգացած է, եւ բիզնեսները բարձր օղակի ղեկավար փնտրելիս շատ հաճախ են օգտվում միջնորդ ընկերություններից։ Սակայն մենք որոշեցինք, որ Հայաստանում բարձր օղակի ղեկավարներից բացի, կիրականացնենք միջին օղակի ղեկավարների որոնում։Relevant-ը տարբեր ընկերությունների համար մատուցում է երկու հիմնական ծառայություն՝ executive search (բարձր օղակի ղեկավարների որոնում) եւ headhunting (ուղեղների որս)։ Սեւադա Բաղդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս երկու ծառայությունը բավական տարբեր են։ Executive search-ի դեպքում որոնման աշխատանքից առաջ, գործատուն նախ մանրամասն ներկայացնում է, թե ինչ մասնագետ է ցանկանում գտնել իր համար: Դա վերաբերում է ինչպես մասնագիտական փորձառությանը, այնպես էլ մարդկային հատկանիշներին եւ խառնվածքին, որոնք նույնպես շատ կարեւոր են։ Քիչ չեն լինում դեպքեր, երբ որակյալ մասնագետը որեւէ ընկերությունում չի կարողանում լիարժեք դրսեւորել իրեն, քանի որ իր եւ թիմակիցների խառնվածքներն անհամատեղելի են։ Այս փուլում, եթե գործատուն ցանկանում է, մենք կարող ենք տրամադրել խորհրդատվություն եւ միասին հասկանալ՝ ինչ մասնագետ է պետք գտնել։ Դրանից հետո մենք սկսում ենք որոնումը։ Ակտիվ աշխատանք որոնող անձիք մեր թիրախը չեն: Մենք գործատուի համար թեկնածու ենք գտնում այն մասնագետներից, որոնք նոր աշխատանք չեն փնտրում, նաեւ գոհ են իրենց ներկայիս աշխատանքից, սակայն մեզ հետ շփվելուց հետո պարզվում է՝ դեմ չեն դիտարկել նոր հնարավորություններ։Ինչ վերաբերում է headhunting-ին, ապա գործատուն հստակ նշում է, թե որ մասնագետին է ցանկանում աշխատանքի առաջարկ անել, եւ այս դեպքում մենք գործատուի անունից սկսում ենք բանակցել թեկնածուի հետ։- Ընդհանուր առմամբ, որքանո՞վ է հայաստանյան բիզնես ոլորտը պատրաստ՝ ընդունելու Relevant-ին:- Հայկական ընկերությունները սովորաբար եղել են ինքնամփոփ, փորձել են սեփական խնդիրներն ինքնուրույն լուծել եւ հազվադեպ են դիմել մասնագիտացված ընկերությունների, սակայն նկատելի է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում այս գործընթացն աշխուժացել է։ Արդեն շատ են հանդիպում ընկերություններ, որոնք կենտրոնացած են իրենց բիզնեսի զարգացման վրա, իսկ բիզնեսին սպասարկող հարակից ծառայությունները՝ մարքեթինգը, ՏՏ կառավարումը, հաշվապահությունը, իրավաբանական հարցերը, պատվիրակում են մասնագիտացված ընկերությունների։ Սա գրագետ մոտեցում է, երբ դու զբաղվում ես քո հիմնական գործով, իսկ կողմնակի գլխացավանքը տալիս ես outsource մասնագիտացված ընկերություններին, այն է՝ արտապատվիրակում ես։Նույնը կարող եմ ասել մեր ոլորտի մասին: Շատ քիչ են ընկերությունները, որոնք իրենց մարդկային ռեսուրսների ստորաբաժանումներում ունեն այնպիսի մասնագետ, որը կարող է պրոֆեսիոնալ եւ արդյունավետ կերպով իրականացնել executive search կամ headhunting։ Հետեւաբար, կասկած չունեմ, որ կարճ ժամանակում այս ոլորտը նույնպես կկայանա, եւ ընկերություններն ավելի հաճախ բարձր եւ միջին օղակի ղեկավարների որոնումը կվստահեն մասնագիտացված ընկերություններին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս - Ո՞վ է վճարում Relevant-ի ծառայության համար:- Ծառայությունների համար վճարում է գործատուն, մասնագետի համար նախատեսված վճար չկա։ Գործատուի կողմից Relevant-ին վճարվող գումարի չափը կախված է փնտրվող մասնագետի փորձառությունից։ Վճարումները կատարվում են միայն կատարված աշխատանքի համար՝ փուլ առ փուլ:- Շատ ընկերություններ սովորաբար headhunting-ը սեփական ուժերով են իրականացնում: Ի՞նչ առավելություններ ունի ընկերությունների համար թոփ մենեջերների որոնումը Relevant-ի միջոցով: - Իհարկե, սեփական ուժերով դա հնարավոր է իրականացնել, սակայն այդ դեպքում կան մի քանի խնդրահարույց կետեր, որոնք պետք է հաշվի առնել։ Օրինակ՝ սեփական ուժերով որոնում իրականացնելու դեպքում սովորաբար որոնման հորիզոնը սահմանափակվում է ծանոթներով եւ Linkedin-ով։Նաեւ կա բիզնես էթիկայի հարց. ռիսկային է անձամբ դիմել այլ ընկերությունում քեզ դուր եկած աշխատակցին, քանի որ մրցակից ընկերության՝ այդ մասին տեղեկանալու դեպքում հնարավոր է հարաբերությունների վատացում, ինչը ցանկալի չէ՝ հատկապես երբ գործում եք նույն ոլորտում։Թեկնածուն ոչ միշտ է պատրաստ առաջարկին դրական պատասխան տալ, քանի որ հստակ չգիտի՝ վերջնական աշխատանքի կանցնի, թե ոչ: Հնարավոր է, որ ներկայիս աշխատավայրում իմանան այդ մասին, քանի որ իրեն դիմել է այլ ընկերության որեւէ աշխատակից, որը գաղտնապահության առումով վստահելի չէ: Լինում են նաեւ այսպիսի դեպքեր, երբ ընկերությունը զարգանում է 10 տարի անփոփոխ տնօրենի հետ, եւ գալիս է մի պահ, որ պարզվում է՝ ներկայիս տնօրենն իր հմտություններով պատրաստ չէ ընկերությունը հասցնելու նոր բարձունքների: Հաջորդ մակարդակին հասնելու համար պետք է թարմ ուժ, իսկ բիզնեսի սեփականատերը վստահ չէ, որ կարող է գտնել համապատասխան տնօրենի: Եթե այսպիսի որոնումը վստահվի տվյալ ընկերությունում աշխատող անձի, ապա տեղեկատվության արտահոսքի հավանականությունը շատ մեծ է։ Կա ռիսկ, որ նոր ղեկավար արագ չգտնելու դեպքում, սեփականատերը կկորցնի հին տնօրենին կամ, առնվազն, նա այլեւս նվիրված չի աշխատի։ Մինչդեռ Relevant-ին դիմելու դեպքում ամեն բան կարվի գաղտնի եւ բիզնեսի համար անվնաս։ - Ինչպե՞ս եք ապահովում գործարքների ու տվյալների գաղտնիությունը: - Մեր գործում գաղտնիությունը եւ վստահությունն ամենակարեւորն են։ Թեկնածուներ փնտրելիս մենք թեկնածուի համար չենք բացահայտում գործատուի անվանումն այնքան ժամանակ, քանի դեռ հանդիպումների ընթացքում չենք համոզվել, որ թեկնածուն համապատասխանում է գործատուի պահանջներին եւ հետաքրքրված է այդ առաջարկով։ Նույնը վերաբերում է նաեւ թեկնածուի անձի բացահայտմանը գործատուի համար։ Քանի դեռ վստահ չենք, որ թեկնածուն համապատասխանում է պահանջներին, եւ թեկնածուն էլ իր հերթին չի տվել իրեն գործատուին ներկայացնելու համաձայնությունը, ապա գործատուի համար թեկնածուի անձը մնում է գաղտնի։ Այս սկզբունքից մենք շեղվում ենք միայն կողմերի հետ նախապես համաձայնություն ունենալու դեպքում։- Իսկ որո՞նք ենք պատվիրատու ընկերությանը վստահեցնելու երաշխիքները, որ գտել եք անհրաժեշտ մասնագետին կամ մասնագետների թիմը:- Մասնագետի հմտություններն ու կարողությունները ստուգելու համար մենք օգտագործում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդաբանություն։ Անհարժեշտության դեպքում գործատուի հետ կարող ենք համատեղ ընտրել ստուգման մեթոդը։ Կցանկանայի նաեւ նշել, որ մենք ներկայացնում ենք մեկից ավելի թեկնածուներ, որոնցից վերջնական ընտրությունը կատարում է հենց գործատուն։ Եթե ընտրված թեկնածուն իր նախաձեռնությամբ հետագայում լքում է աշխատանքը, ապա Relevant-ի թիմն անվճար գտնում է նրան փոխարինողի։ Երաշխիքային ժամանակը, սովորաբար, մինչեւ մեկ տարի է։ Սեւադա Բաղդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս - Կառավարության հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ եք:- Եթե կառավարության պատասխանատուները ցանկանան օգտվել Relevant-ի ծառայություններից, միայն ուրախ կլինեմ գտնել համապատասխան մասնագետների, իսկ մի հարցով ինքս եմ նախաձեռնել իշխանության ներկայացուցչի հետ քննարկում, եւ հույս ունեմ, որ ամեն բան հաջող կընթանա։ Ցանկանում եմ, որ մեր ընկերությունն օգնի Սփյուռքում բնակվող եւ հայրենադարձության մասին գոնե երբեմն մտածող բարձր եւ միջին օղակի մասնագետներին գտնելու իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք հայրենիքում։ Վստահ եմ՝ սփյուռքահայ մասնագետների փորձը կօգնի հայ գործարարներին նոր դիտանկյունից նայել սեփական բիզնեսին։ Իհարկե, նման դեպքում գործատուն նախապես պետք է ցանկանա, որ իր համար թեկնածու փնտրենք նաեւ Սփյուռքում:- Առաջիկայում Relevant-ը կդառնա բարձր օղակի ղեկավարների որոնման եւ առաջնորդների խորհրդատվության միջազգային ասոցիացիայի՝ Association of Executive Search and Leadership Consultants-ի անդամ: Ի՞նչ առավելություններ կտա այս անդամակցությունը: - Գործընթացը ժամանակատար է եւ դժվար, բայց մեծ կարեւորություն եմ տալիս AESC-ի անդամակցությանը։ Կարելի է ասել, որ այնտեղ է կուտակված համաշխարհային փորձը, քանի որ դրան անդամակցում են executive search-ով զբաղվող բոլոր խոշոր միջազգային ընկերությունները։ Անդամակցությունը հնարավորություն կտա ներսից ծանոթանալու համաշխարհային փորձին, ինչն էլ նոր որակ կբերի հայաստանյան շուկային։Սեւադա Բաղդյանի հետ զրուցել է Գայանե ԵնոքյանըԼուսանկարները՝ հեղինակի Tweet Դիտում՝ 27667