Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովի հարցազրույցը Banks.am կայքին- Պարոն Սուվորով, Ձեր ղեկավարած Միջպետական բանկը փետրվարի սկզբին Հայաստանում անցկացրեց մասշտաբային միջոցառում՝ միջազգային ֆորում՝ նվիրված ազգային արժույթներով գործարքների զարգացմանը: Ո՞րն էր այդ միջոցառման նպատակը: Ինչո՞ւ է ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրներում ազգային արժույթներով գործարքների ավելացման խնդիր դրվում:- Ապրանքների եւ ծառայությունների շրջանառության հետ կապված վճարումների արժութային կառուցվածքում վերջին տարիներին գերակշռում է ռուսական ռուբլին: Սակայն այն հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի՝ այլ երկրների հետ երկկողմ հաշվարկներում, իսկ առանց Ռուսաստանի մասնակցության հաշվարկներում մինչեւ այժմ գերակշռում է ԱՄՆ դոլարը: Ազգային արժույթներով գործարքների զարգացումը հնարավորություն կտա՝ - կրճատել հաշվարկներում ԱՄՆ դոլարի մասնաբաժինը, որի շրջանառությունը որեւէ կերպ չի վերահսկվում մեր երկրներում: Միջազգային հաշվարկների համար դոլարը դարձել է բավական անհարմար արժույթ,- էժանացնել միջազգային հաշվարկները, որոնք կարող են իրականացվել ուղղակիորեն մասնակից երկրների միջեւ՝ շրջանցելով երրորդ երկրները,- պաշտպանել արտահանողներին եւ ներկրողներին երրորդ երկրների արժույթների փոխարժեքների տատանումներից: Միաժամանակ, կարող է թվալ, որ որեւէ բան չի խանգարում բոլոր ազգային արժույթները փոխադարձ ապրանքաշրջանառության հաշվարկներում օգտագործելուն: Գործնականում ազգային արժույթների միջազգային օգտագործումը պահանջում է մի շարք պայմանների կատարում: Դրանց թվում են՝ - արտաքին առեւտրային պայմանագրի մասնակիցների համար արժութային ռիսկերի եւ դրանց հեջավորման ծախսերի ցածր մակարդակը,- փոխարկման ոչ մեծ ծախսերը, օրինակ, ազգային արժույթների լիկվիդային շուկայի եւ ուղղակի գնանշման առկայության հաշվին,- ստացվող ազգային արժույթի ներդրման հնարավորություն՝ ազգային արժույթով նոմինացված բարձր իրացվելի եւ ցածր ռիսկային ֆինանսական գործիքներում:Ազգային արժույթների տեսանկյունից, հաշվի առնելով վերջին տարիներին դրանց բարձր անկայունությունը եւ շուկայի որոշակի սահմանափակությունը, այս պայմանները լիովին չեն կատարվում, ինչը չի նպաստում դրանց նկատմամբ վստահությանը:Օրինակ բերեմ: Հայաստանցի ներկրողը վճարում է ռուսաստանցի արտահանողին դրամով: Ռուսաստանցի արտահանողին դա հարմար չէ, քանի որ նա չի կարողանա գտնել հետագա կիրառություն այդ արժույթին ո՛չ Ռուսաստանում, ո՛չ ուրիշ պետությունում, բացառությամբ՝ Հայաստանի: Արդյունքում, ռուսաստանյան ընկերությունը ստիպված է օպերատիվ փոխարկել դրամը ռուբլու կամ դոլարի՝ այդ պատճառով կրելով կորուստներ: Ուստի, այդ ընկերությանն ավելի ձեռնտու է վճարումներ իրականացնել միանգամից դոլարով, այլ ոչ թե ազգային արժույթով: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկներում ազգային արժույթները սկսում են լայնորեն կիրառվել այն ժամանակ, երբ երկրների մեջ ձեւավորվում են կայուն տնտեսական կապեր եւ լուծված է մակրոտնտեսական կայունության ապահովման հարցը: Այդ իսկ պատճառով մեր ֆորումի նպատակն էր ակտիվ քննարկումներ ծավալել իշխանության մարմինների, ինտեգրացիոն ինստիտուտների, բանկերի, բորսաների եւ ձեռնարկությունների ներկայացուցիչների միջեւ՝ ազգային արժույթներով գործարքների զարգացման ուղղությամբ կոնկրետ լուծումներ որոնելու համար: Ես ուրախ եմ, որ ֆորումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի գործարար շրջաններում: 07.02.2020 | 16:57 Երեւանում անցկացվել է ԵԱՏՄ ազգային արժույթներին նվիրված ֆորում - Ի՞նչ մեթոդներով կարելի է խթանել ազգային արժույթների օգտագործումը:- Փորձագետներն առաջարկում են տարբեր մեխանիզմներ՝ ԱՊՀ երկրների բանկերի միջեւ թղթակցային հարաբերությունների զարգացում, արժութային ռիսկերի ապահովագրման եւ վարկավորման գործիքների ստեղծում, բորսաներում ազգային արժույթների զույգերով առեւտրի կազմակերպում եւ այլն:Կարծում եմ՝ ազգային արժույթների օգտագործման ընդլայնման խնդիրը մեծամասամբ վերաբերում է պետական հետաքրքրությունների ոլորտին, բայց իրականում չի լուծվում ներկա դրությամբ: ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրները պետք է վարեն նպատակաուղղված քաղաքականություն ազգային արժույթների աջակցման համար, մասնավորապես՝ խթանեն արտաքին առեւտրային պայմանագրերի կնքումն ազգային արժույթներով, որպեսզի արտադրողներն ու արտաքին առեւտրային գործունեության մասնակիցները զգան գործարքներից ստացված օգուտը:Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել ԱՊՀ երկրների փոխադարձ առեւտուրը, այդ թվում՝ ազգային արժույթներով առեւտրային ֆինանսավորման գործիքների օգնությամբ: Արտահանողների եւ ներկրողների համար բարենպաստ պայմանների ստեղծումը կծառայի արտաքին առեւտրային պայմանագրերում ազգային արժույթների օգտագործման գործընթացի ակտիվացմանը: Հաշվարկներում ազգային արժույթների սահմանափակ օգտագործումը միաժամանակ հանդիսանում է փոխադարձ առեւտրի զարգացման զսպող գործոններից մեկը: Դրա պատճառներն են՝ ֆինանսական շուկաների ոչ բավարար զարգացած լինելը, արժույթների անկայունության բարձր աստիճանը, լիկվիդայնության պակասը եւ կորուստները փոխանակման գործարքների ժամանակ՝ կապված ազգային արժույթների փոխարժեքների ուղղակի գնանշման բացակայության հետ, ինչպես նաեւ հեջավորման հնարավորության բացակայությունը: - Ի՞նչ դեր է խաղում Միջպետական բանկն ազգային արժույթներով հաշվարկների զարգացման գործում:- Միջպետական բանկը հետեւողականորեն վարում է ազգային արժույթներով ծառայությունների խթանման քաղաքականություն:Բանկը դարձավ ԱՊՀ պետությունների ստեղծած առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունը, որի առջեւ կոնկրետ նպատակ էր դրված՝ զարգացնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները: Այս ասպարեզում մենք աշխատում ենք բավական վաղուց: Բանկը գոյություն ունի 1993-ից, իսկ ազգային արժույթներով միջազգային հաշվարկների համար մեր մեխանիզմը (վճարահաշվարկային համակարգը)՝ հիմնված կենտրոնական բանկերում ուղղակի թղթակցային հաշիվների օգտագործման եւ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության վճարային համակարգեր մուտք գործելու հնարավորության վրա, գործում է ավելի քան 15 տարի:Միջպետական բանկը բանկային ծառայություններ է մատուցում կենտրոնական (ազգային) բանկերին, ԱՊՀ եւ ԵԱՏՄ ինտեգրացիոն մարմիններին, արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին եւ կազմակերպություններին: Միջպետական բանկն իրականացնում է նաեւ ոչ առեւտրային վճարումներ դրամական փոխանցումների համակարգերի համար, տրամադրում ԱՊՀ շրջանակում կնքված միջպետական նպատակային ծրագրերի հաշվարկային սպասարկման ծառայություններ: Միջպետական բանկն իրականացնում է հաշվարկային եւ փոխանակման գործարքներ ԱՊՀ երկրներից իր հաճախորդների եւ թղթակիցների համար՝ հայկական դրամով, բելառուսական ռուբլիով, ղազախական տենգեով, ղրղզական սոմով, մոլդովական լեյով, ռուսական ռուբլիով, տաջիկական սոմոնիով, վրացական լարիով եւ այլ արժույթներով: Նախատեսվում է ուզբեկական սումով թղթակցային հաշիվների բացումը:Բանկն իրականացնում է ազգային արժույթների փոխանակման գործարքներ ԱՊՀ միջբանկային եւ բորսայական շուկաներում: Միջպետական բանկն այն ինստիտուտների շարքում է, որոնք զբաղվում էին ԱՊՀ Ինտեգրված արժութային շուկայի զարգացմամբ. ազգային արժույթների զույգերով առաջին գործարքները Մոսկվայի բորսայում իրականացվել են մեր մասնակցությամբ: Այսօր Միջպետական բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի, Բելառուսական արժութային ֆոնդային բորսայի, Ղազախական ֆոնդային բորսայի եւ Մոսկվայի բորսայի արժութային սեկցիաների մասնակից է: Միջպետական բանկի հնարավորությունները բարձր են գնահատում մեր կոնտրագենտները՝ կենտրոնական բանկերը, արտաքին տնտեսական գործունեության մասնակից միջազգային կազմակերպություններն ու ընկերությունները: Միջպետական բանկին շնորհվել է Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության ВВ վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ: Միջպետական բանկի գործունեությունը ստացել է այդ գործակալության բարձր գնահատականը, որն ընդգծել է բանկի եզակի բիզնես մոդելը՝ որպես ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում գործող բազմակողմ հաշվարկային ինստիտուտի:Բանկը գործում է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի հետ պայմանագրերի հիման վրա:Մեր ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում գործում է 1997-ից: Բանկի ներկայացուցչություններն աշխատում են նաեւ Բելառուսի Հանրապետությունում եւ Ղրղըզստանի Հանրապետությունում, նախատեսում ենք ներկայացուցչության բացումը Ղազախստանի Հանրապետությունում: Ներկա փուլում Միջպետական բանկի գործունեության նպատակ է հանդիսանում ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների տնտեսական ինտեգրման եւ ազգային տնտեսությունների աճի աջակցությունը՝ միջպետական նշանակություն ունեցող նախագծերում մասնակցության եւ ազգային արժույթներով գործարքների զարգացման միջոցով: - Հաշվարկներից եւ փոխանակումներից բացի՝ ազգային արժույթներով գործարքների զարգացման աջակցության այլ ի՞նչ գործիքներ կարող է առաջարկել Միջպետական բանկը: - Ներկայում մենք աշխատում ենք ազգային արժույթներով փոխադարձ առեւտրի զարգացման նպատակով ֆոնդի ստեղծման ուղղությամբ:Ֆոնդի ձեւով մենք առաջարկում ենք ստեղծել փոխադարձ առեւտրի զարգացման գործիք, որը կօգտագործի ազգային արժույթները: Մեր կարծիքով՝ ֆոնդի միջոցներից ֆինանսավորման տրամադրումը կնպաստի մասնակիցների կողմից գործարքների ծավալների ավելացմանը եւ ազգային արժույթների շուկայում լրացուցիչ իրացվելիություն կապահովի: Միաժամանակ, կզարգանա ազգային արժույթներով փոխանակման գործարքների ուղղությունը:Նաեւ կարելի է խոսել ազգային ֆինանսական շուկաների զարգացման մասին, քանի որ ազատ միջոցները կտեղաբաշխվեն ազգային արժույթներով ֆինանսական գործիքներում:Մենք բաց ենք համագործակցության համար եւ պատրաստ ենք զարգացնել այդ ուղղությունները: Tweet Դիտում՝ 42167