Քրիստինե Ղալեչյան. Հետհայացք Շեֆիլդի Executive MBA ծրագրին

11.02.2020 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Քրիստինե Ղալեչյան #Շեֆիլդի համալսարան
Ղեկավարների համար նախատեսված Շեֆիլդի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագիրն (Executive MBA) առանձնանում է հետազոտություն իրականացնելու ճկուն մոդելով՝ հնարավորություն տալով ղեկավարներին համատեղելու աշխատանքն ուսման հետ:

Ուսումնառության շնորհիվ ստացած նոր հմտությունների եւ կարիերային աճի մասին Banks.am-ին պատմել է համալսարանի ուսանող, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը:

Executive MBA-ը՝ բացառիկ հնարավորություն

Մեծացել եմ իրավաբանների ընտանիքում ու չեմ մտածել որեւէ այլ մասնագիտություն ընտրելու մասին: Կարծես ինքնին կանխորոշված էր ընտրությունս, ու որոշեցի հետեւել ընտանիքիս ավանդույթներին: Աշխատեցի իրավունքի տարբեր բնագավառներում եւ ժամանակի ընթացքում ձեռք բերեցի բազմապրոֆիլ իրավաբանի կարողություններ:

Կարիերային նոր մարտահրավերները ձեւավորեցին այլ գիտելիքներ եւ որակներ ձեռք բերելու պահանջ: Ուզում էի հասկանալ՝ առհասարակ աշխարհում ինչ կարողությունների կարիք կա, ինչ ուղղությամբ են զարգանում աշխատանքային հմտությունների միջազգային պահանջները, եւ արդյոք մենք մեր մտածողությամբ ու հնարավորություններով համահունչ ենք այդ միտումներին:  

Քրիստինե Ղալեչյանը

Սկսեցի փնտրել նոր տեսակի կրթություն ստանալու այնպիսի հնարավորություն, որը համահունչ կլիներ իմ աշխատանքին եւ կենցաղին: Այս առումով մեծ պարգեւ էր այն ձեւաչափը, որ առաջարկում էր Շեֆիլդի համալսարանի MBA Executive ծրագիրը: Կարծում եմ, այն գերազանց եւ բացառիկ հնարավորություն է միջին տարիքի պրոֆեսիոնալների համար՝ համատեղելու կրթությունն ու աշխատանքային խիստ ծանրաբեռնվածությանը:

Աշխարհայացքի փոփոխություն

Շեֆիլդի համալսարանում ուսումնառության մեկնարկին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում» աշխատում էի որպես իրավաբան: Պատասխանատու էի իրավական աշխատանքի մասով, ու թեեւ ունեի նաեւ որոշակի կազմակերպչական գործառույթ, սակայն այն չէր ենթադրում լայնածավալ պատասխանատվության:  

Ուսումնառության մեկնարկի հետ իմ կյանքում սկսվեցին արմատական փոփոխություններ, որոնցից առաջինը, որ տվեց ինձ համալսարանը, աշխարհայացքի փոփոխությունն էր:

Իրավաբանների աշխարհայացքն առանձնահատուկ է: Նրանք անում են այն, ինչ իրենցից ակնկալում են, եւ այնքան էլ պատասխանատու չեն զգում վերջնաարդյունքի համար: Աշխարհայացքային փոփոխություններն ինձ սովորեցրին տեղի ունեցող գործընթացներին բոլորովին այլ տեսանկյունից նայել, որ թույլ կտար տեսնել ամբողջական պատկերն ու ձգտել հաջող վերջնաարդյունքի: Ընդ որում, դա անել թիմային ռեսուրսների մոբլիզացման, ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման միջոցով:

Կարիերային աճ՝ ուսմանը զուգահեռ

Ուսումնառության տարիներին դարձա կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, մեկ տարուց ավելի է կատարում եմ տնօրենի պարտականությունները:  

Համալսարանի տված մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող գիտելիքն էր, որ ինձանում ձեւավորեց ղեկավար եւ պատասխանատու անձ լինելու կարողություններ:

Ուսումնառության ընթացքում ճգնաժամային կառավարման հմտությունները դարձան ավելի առարկայական եւ արդեն աշխատանքային գործընթացում գրքային իրականությունից դարձան առօրյայի պարտադիր բաղադրիչ:

Նախքան ծրագրում ուսանելը, չունեի բավարար ֆինանսական գիտելիքներ, որոնք մինչեւ այժմ էլ շարունակում եմ լրացնել: Երբեմն մտածում եմ, որ կուզենայի նորից անցնեի ուսումնառության գործընթացի միջով, որովհետեւ կարծում եմ, որ այժմ, երբ ստացած գիտելիքն ամեն օր կոփվում է աշխատանքային մարտահրավերներում, կարող էի ավելի լավ ուսանող լինել:

Ուսում, աշխատանք եւ ընտանիք

Ուսումնառության ընթացքում հղկվեց իմ՝ ժամանակի կառավարման հմտությունը,  որովհետեւ ստիպված էի ավելի ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել: Թեեւ սկզբում որոշակի դժվարություններ կային, սակայն ժամանակի արդյունավետ օգտագործումը, թերեւս, այն առաջին փորձություններից մեկն էր, որին ինձ պատրաստեց Շեֆիլդի համալսարանը:  

Երկու տղաներս սովոր էին, որ հանգստյան օրերին մայրիկն իրենցն է, սակայն հետագայում հարմարվեցին զբաղվածությանս եւ իրենք էլ սկսեցին ինձ խրախուսել: Երեխաների դաստիարակության լավագույն ձեւը նրանց համար օրինակ լինելն է, եւ կարծում եմ՝ իմ կրթությունը հենց այդ օրինակն էր, որ պետք է մոտիվացներ երեխաներիս իրենց ուսման հարցում:

Քրիստինե Ղալեչյանը

Խիստ զբաղվածության պատճառով մագիստրոսական թեզս դեռեւս չեմ ավարտել: Դա պարզապես առաջադրանք չէ, որ պետք է հանձնել համալսարանն ավարտելու համար: Իմ թեզով փորձելու եմ օգտակար լինել նաեւ իմ կազմակերպությանն ու կառավարությանը:

Ուսումնասիրում եմ պետության-մասնավոր հատվածի համագործակցության ձեւաչափին առնչվող հիմնախնդիրներն ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական առումով, ու տեղայնացնում այն ենթակառուցվածքային ծրագրերում:

Կարողությունների անընդհատ զարգացում

Շեֆիլդի համալսարանն ինձ մոտ ձեւավորեց ամենակարեւորը՝ շարունակական կրթության պահանջմունքը: Ամեն ինչ դինամիկ զարգանում է, եւ հնարավոր չէ մի քանի տարի ուսանելով կրթության գործընթացն ավարտված համարել: Համալսարանն իմ առջեւ բացեց կրթության այն պատուհանը, որ մղում է անդադար ինքնազարգացման:

Կրթության գործընթացն ինձ համար շարունակվում է մինչ օրս: Ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ արդեն իսկ սերտած, քննություն հանձնած շատ առարկաների, որովհետեւ դրանցից ես մշտապես ստանում եմ շարունակական գիտելիքներ: Թիմի հետ աշխատանքում եւս շեշտադրում եմ կարողությունների հզորացումը:

Կարեւոր է նաեւ համալսարանի տված շփման նոր տեսակը, երբ գործ ես ունենում տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ ու նոր կապեր ստեղծում: Այդ միջավայրն ու ծանոթությունները եւս մեծ ձեռքբերում եմ համարում:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 10106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai