«Թեյնիկ»-ը, որում եռում է վանաձորցիների ժամանցը

30.01.2020 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Թեյնիկ #Ավիկ Եգանյան #Դավիթ Ղազարյան
Հայրենի Վանաձորում հետաքրքիր եւ այլընտրանքային զբաղմունք ունենալու ձգտումով ընկերներ Ավիկ Եգանյանն ու Դավիթ Ղազարյանը 2017-ի ամռանը քաղաքում հիմնում են «Թեյնիկ» հակասրճարանը (անտիկաֆե, anti-café), որը կարճ ժամանակում սիրվում եւ ընդունվում է վանաձորցիների կողմից։

Հոբբի > բիզնես

Ավիկ Եգանյանի խոսքով՝ «Թեյնիկ»-ն ավելի շատ հոբբի է, քան բիզնես, որովհետեւ մեծ եկամուտներ չկան։ Առաջիկայում, սակայն, մտածում են մի քանի նորամուծություն անել, որպեսզի փոքր ինչ հեշտ լինի ստեղծածը պահպանելը։

«Բանակում ծառայելուց հետո ես ու ընկերս տարբեր գործերով էինք զբաղվում ու երբ ժամը վեցին գործն ավարտում էինք, մտածում էինք՝ ի՞նչ անել։ Փողոցը հետաքրքիր չէր մեզ համար ու հասկացանք, որ ինքներս պետք է ստեղծենք մի բան, որից նաեւ ուրիշները կօգտվեն։ Արտասահմանում տեսել էի հակասրճարանի ֆորմատն ու շատ հավանել։ Բայց պետք էր հասկանալ՝ Վանաձորին դա պե՞տք է։ Երկար քննարկեցինք, հասկացանք մեր անելիքները, ուսումնասիրեցինք թիրախային խումբն ու վերջապես հասանք այն մտքին, որ որքան էլ դժվար լինի, մեկ է՝ պետք է փորձել»,- «Թեյնիկ»-ի հիմնադրման նախապատմությունն է ներկայացնում տնտեսագետ Ավիկ Եգանյանը։

Դավիթ Ղազարյանն ու Ավիկ Եգանյանը

Համապատասխան տարածք գտնելուց հետո սկսում են նորոգել ու հարմարացնել այն իրենց գաղափարին։ Երկու ամիս անց բացվում է «Թեյնիկ»-ն ու միանգամից դառնում երիտասարդների սիրելի վայրերից մեկը։

Ավիկը պատմում է, որ մեկուկես տարի աշխատելուց հետո տարածքի հետ կապված խնդիրներ են առաջացել ու ստիպված են եղել փակել սրճարանը։ Այդ ընթացքում ընկերը՝ Դավիթը, ուրիշ գործ է հիմնել, իսկ Ավիկը, երկամսյա դադարից հետո, արդեն այլ վայրում վերաբացել է «Թեյնիկ»-ը՝ այս անգամ արդեն ընկերուհու՝ Գոհար Թադեւոսյանի օգնությամբ։

«2019-ի փետրվարին տեղափոխվեցինք։ Կրկին նորոգման ու կահավորման աշխատանքներ, ամեն ինչ կարծես զրոյից սկսեցինք։ Ճիշտ է, Ֆեյսբուքի միջոցով մեզ շատերը գիտեին, բայց ահագին աշխատանք էր պետք անել՝ նոր տեղում վերսկսելու համար։ Հետաքրքիրն այն է, որ մեր ձեռքով ենք անում ամեն ինչ, ու այդպես ավելի հետաքրքիր ու ջերմ է լինում»,- ասում է Ավիկ Եգանյանը։


Ի՞նչ կա «Թեյնիկ»-ում

Թեյ, սուրճ, քաղցրավենիք, ինտելեկտուալ խաղեր, երաժշտական գործիքներ ու գրադարան. սա է այն ամենը, ինչ հակասրճարանն առաջարկում է այցելուին։

Պարբերաբար նաեւ միջոցառումներ են կազմակերպում՝ սկսած խմբային խաղերից մինչեւ կինոդիտումներ, ցուցահանդեսներ, գրական ու երաժշտական երեկոներ, սեմինարներ, սիրված տոներ եւ այլն։ Ջերմ մթնոլորտն էլ տրամադրում է, որպեսզի մարդիկ շփվեն ու ճանաչեն միմյանց։ «Թեյնիկ»-ի անձնակազմին հենց դա է ոգեւորում, որ շատերն իրենց միջոցով «գտնում» են իրար։


Ովքե՞ր են այցելուները

«Մեր հակասրճարանը շատ մեծ մասսայականություն չի վայելում, ու չենք կարող ասել, որ ամբողջ քաղաքն այստեղ է գալիս։ Ի վերջո, մարդիկ տարբեր հետաքրքրություններ ունեն։ Բայց նրանք, ում հետաքրքրել է մեր գաղափարը, հիմնադրման օրվանից մինչ օրս մեր այցելուն են։ Հենց սրանով ենք որոշում, որ մեր գոյությունն արդարացված է։ Ու այս ձեւաչափը մի լավ հատկություն ունի. եթե մարդիկ մեկ-երկու անգամ գալիս են, արդեն մտերմանում, դառնում են մեր ընկերը, բարեկամը։ Ու հաճախ գալիս են պարզապես մեզ հետ շփվելու։ Նաեւ այդպես ենք տարբերվում այլ սրճարաններից»,- «Թեյնիկ»-ի առավելություններն է ներկայացնում Ավիկը։

Ավիկ Եգանյանը

Ձեւաչափի մասին

Հակասրճարանում վճարում ես ոչ թե մատուցվող ապրանքի ու ծառայության, այլ անցկացվող ժամանակի համար։

Թայմ-կաֆե ձեւաչափի առաջացման պատմություններից մեկն էլ հետեւյալն է. ԱՄՆ-ում, երբ մարդիկ սկսել են հաճախ այցելել սիրելի արվեստագետների արվեստանոցներ ու ժամանակ անցկացնել՝ նրանց հետ զրուցելով, վերջիններս հասկացել են, որ պարզապես ժամանակ են կորցնում։ Ու սկսել են երկրպագուներից գումար վերցնել՝ իրենց հետ անցկացրած ժամանակի համար։ Այս գաղափարն էլ հենց անտիկաֆեների ստեղծման հիմքն է դարձել։


Ժամանակի գինը

«Թեյնիկ»-ի այցելուն առաջին մեկ ժամվա համար վճարում է 500 դրամ, այնուհետեւ յուրաքանչյուր հաջորդ ժամի համար՝ 300 դրամ։ Միայն ժամանակի համար վճարելով՝ կարողանում է սուրճ, թեյ եւ քաղցրավենիք պատվիրել։

«Քաղցրավենիքի տեսականին ամեն օր տարբեր է լինում, որը հյուրասիրում ենք բոլորին։ Նաեւ թույլատրում ենք իրենց հետ բերեն ամեն ինչ, բացի ալկոհոլից։ Երբեմն միայն, երբ ծննդյան օր են նշում, թողնում ենք սիմվոլիկ մեկ բաժակ գինի։ Մնացած բոլոր դեպքերում ալկոհոլն ու ծխախոտը մեզ մոտ արգելված են։ Իսկ ձմռան ամիսներին մարդիկ հիմնականում գալիս են պլեճ ուտելու։

Ինձ հաճախ են հարցնում, թե ներքնահարկը ջեռուցելու համար ինչո՞ւ այլ տարբերակ չեմ մտածում։ Բայց փայտով ջեռուցումն ու վառարանի վրա պլեճը մեր առանձնահատկություններից է»,- ասում է «Թեյնիկ»-ի հիմնադիրը:


Ցուցահանդեսներ, գրական ու երաժշտական երեկոներ կազմակերպելու դեպքում արվեստագետից գումար չեն վերցնում։ Հաճախ երաժիշտներին իրենք են վճարում՝ «Թեյնիկ»-ում ելույթ ունենալու համար։ Իսկ միջոցառմանը մասնակցել ցանկացողներն արդեն վճարում են։

Միջոցառումների համար ֆիքսված գին կա՝ 800 դրամ՝ անկախ ժամերի քանակից։ Նույն արժեքն է գործում նաեւ խմբային խաղերի դեպքում։ Օրինակ, «Մաֆիա» խաղալիս, 5-6 ժամ նստելով, մասնակիցը կրկին 800 դրամ է վճարում։ Նույնը ցուցահանդեսների դեպքում է։ Թեեւ, եթե չկա ուղեկցող ելույթ կամ արարողություն, եւ այցելուն պարզապես գալիս է նկարներ դիտելու, ապա 500 դրամ է վճարում։

Վանաձորի ստեղծագործողներին աջակցելու նպատակով «Թեյնիկ»-ում նրանց աշխատանքներն են ցուցադրում ու վաճառում։ Ասում են՝ հիմնական գնորդը զբոսաշրջիկներն են, որովհետեւ տեղացիների համար «ձեռքի աշխատանք» գնելը դեռ թանկ հաճույք է, թեեւ հետաքրքրությունը մեծ է։


Ի՞նչ կա անելու

«Թեյնիկ»-ի եռահարկ շենքի բացօթյա մասն ամռանն արդեն կգործի։ Հաճախորդների ցանկությունն է, որ սիրելի վայրը նաեւ բացօթյա տարածք ունենա։

Մենյուի մեջ փոփոխություններ կարվեն, որովհետեւ աղցանների ու խմորեղենի պահանջարկ կա։ Պարզապես պետք է առանցքից չշեղվել ու անել այնպես, որ կոնկրետ ուտելու համար վճարելու պարագայում ժամավճար չգործի։

Նախատեսում են նաեւ թեյերի տեսականի ունենալ ոչ միայն հյուրասիրելու, այլեւ վաճառելու նպատակով։


Ինչո՞ւ «Թեյնիկ»

«Թեյնիկ»-ը բացելիս Ավիկն ու Դավիթն իրենց առաջ հստակ պայման են դրել՝ սրճարանը պետք է հայերեն անվանում ունենա, նաեւ՝ ջերմություն հաղորդի։ «Թեյնիկ» կամ «Անձրեւանոց». վերջինը, իհարկե, անձրեւներով հարուստ Վանաձորն էր խորհրդանշելու։ Սակայն «անձրեւանոց»-ն ավելի երկար էր, բացի այդ մտավախություն կար, որ շատ արագ այն ռուսերեն տարբերակով «զոնտիկ» կդառնա։ Արդյունքում, ընտրվում է «Թեյնիկ» տարբերակը։

Թագուհի Ամիրխանյանը

Սրճարանի աշխատակից Թագուհի Ամիրխանյանն էլ փորձում է այլ տեսանկյունից իմաստավորել այս անունը. նա ընդգծում է՝ այստեղի միջավայրը միշտ եռում է։

Իսկ Ավիկը հիշում է՝ նախկին «Թեյնիկ»-ում բարեմաղթանքների պատ են ունեցել, որտեղ այցելուները գրառումներ են արել։ Դրանցից մեկը միշտ են հիշում՝ «Թեյնիկի տակը միշտ վառ կպահեք»։ Ու հիմա փորձում են այնպես անել, որ «թեյնիկը միշտ եռա»։


Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ «Թեյնիկ»-ի արխիվից
Դիտում՝ 8132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW