Առաջին ձեռքից. 2019-ը զբոսաշրջության համար

24.12.2019 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Զբոսաշրջության կոմիտե #Սուսաննա Սաֆարյան
2019-ի ավարտին Banks.am-ն ամփոփում է Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք տարվա ընթացքում ունեցել են ակնհայտ ձեռքբերումներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացնում է անցնող տարվա հաջողություններն ու առաջիկա անելիքները զբոսաշրջության ոլորտում:

Ցուցանիշների բարելավում

Մեր ոլորտի տեսանկյունից տարին կարող ենք գնահատել դրական՝ ե՛ւ զբոսաշրջային ցուցանիշերի բարելավման, ե՛ւ երկրի ներսում կատարվող ոլորտային բարեփոխումների համատեքստում:

Ըստ «Ճանապարհորդության եւ զբոսաշրջության մրցունակության մասին» 2019թ. զեկույցի՝ զբոսաշրջության մրցունակությամբ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 5 կետով՝ դառնալով 79-րդը 140 երկրների շարքում։


Ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 3 135 506, որը 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 14.8% աճ է ապահովում։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 459 152՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.4%-ով:


90% ճշգրտություն զբոսաշրջային տվյալներում

Ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հիմնված է սահմանը հատող անձանց քաղաքացիության վրա, այսինքն՝ ցուցանիշը չի ներառում հայկական անձնագրերով սահմանահատումները, նաեւ հաշվի է առնվում նախկինում իրականացված համապատասխան հետազոտությունը:

Այժմ իրականացնում ենք նոր հետազոտություն Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում, որի ավարտին կունենանք զբոսաշրջային տվյալների հաշվարկման նոր բանաձեւեր:

Նաեւ փոփոխությունների է ենթարկվում ՍԷԿՏ համակարգը, որին կցված հավելվածը թույլ կտա ստանալ նաեւ քաղաքացու անձնագրից բխող տվյալներ: Նման երկկողմանի փոփոխությունների շնորհիվ կունենանք առնվազն 90% ճշգրտությամբ թվային վիճակագրություն:


Տարվա ձեռքբերումները

Տարվա կարեւոր ձեռքբերումներից է Զբոսաշրջության տասնամյա ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակումը, որը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը եւ հետագա տարիներին կլինի զբոսաշրջության զարգացման մեր ուղեցույցը:


2019-ի ընթացքում մշակել ենք նաեւ «Զբոսաշրջության մասին» օրենքը, որի շրջանակում հստակեցվել են մի շարք զբոսաշրջային տերմիններ: Նախագիծը հանրությանը կներկայացվի 2020-ի սկզբին:


Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով Զբոսաշրջության կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչներ եւ հայտնի բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից, մասնավորապես՝ Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Իսրայել, ԱՄՆ, Լեհաստան:


Ապահովվել է Հայաստանի ներկայությունը 4 միջազգային ցուցահանդեսների՝ Գերմանիայում, Փարիզում, Սինգապուրում, Լոնդոնում։

Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվել է «Վարչապետն է քո զբոսավարը» մարքեթինգային արշավը, որը լայնորեն լուսաբանվել է ե՛ւ տեղական, ե՛ւ ընտրված երկրների լրատվամիջոցների կողմից:


Տարին նշանավորվել է նաեւ Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի վերակազմավորումով, որը զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հիմնական ռեսուրսն է:

Ծրագրի միջոցներով բարեկարգվել են եւ կշարունակվեն բարեկարգվել մի շարք կարեւոր զբոսաշրջային այցելավայրեր: Բարեկարգված վայրերի թվում են Գառնու քարերի սիմֆոնիան, Գյումրիի Կումայրի թաղամասի մի հատվածը, Տաթեւի եւ Ստեփանավանի Ճանապարհները, այս պահին բարեկարգվում է Խոր Վիրապի շրջակայքը: Բարեկարգվող զբոսաշրջային այցելավայրի թվում կլինեն Դվինի հնագիտական արգելավայրը, Գորիսի քաղաքի պատմական փողոցները եւ Հին Գորիս քարանձավային քաղաքը:
 


Կարեւոր ձեռքբերում կարելի է համարել նաեւ լայնածավալ ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգումը, որն արդեն իսկ դրականորեն է անդրադառնում երկրի զբոսաշրջային վարկանիշի վրա:

2020-ի առաջնային ծրագրերը

Կարծում եմ՝ հասցրել ենք իրականացնել այն բոլոր կարեւոր գործողությունները, որ նախատեսված էին 2019-ի համար: Այնուամենայնիվ, զբոսաշրջության կայուն եւ արդյունավետ զարգացման համար անելիքներ դեռեւս շատ կան:


Տարվա ընթացքում ստացել ենք ոլորտի բարելավման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ հարթակներում: Բոլոր խնդիրները, որոնք այս ընթացքում բարձրաձայնվել են, կարեւորվել են Զբոսաշրջության կոմիտեի կողմից եւ աստիճանաբար կստանան առանձին կամ համակարգային լուծումներ:

2020-ի առաջնային ծրագրերի թվում են «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի շրջանառումն եւ ընդունումը, վիճակագրության բարելավումը, երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված թվային եւ արտացանցային ընդլայնված մարքեթինգային արշավների իրականացումն ընտրված թիրախային շուկաներում, ինչպես նաեւ զբոսաշրջային վայրերի շրջակայքի եւ երկրորդային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված «Տեղական տնտեսություն եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շարունակական իրականացումը: 

Պատրաստեց Գայանե Ենոքյանը
Դիտում՝ 8730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW